Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Քիր Սթարմերը, պաշտոնը ստանձնելուց հետո, առաջին հեռախոսազրույցն է ունեցել ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հետ և վստահեցրել ՈՒկրաինային իր աջակցության մասին: «Առաջնորդները վերահաստատել են ՈՒկրաինայի հանդեպ իրենց հավատարմության ուժը, իսկ վարչապետն ընդգծել է, որ Մեծ Բրիտանիայի աջակցությունն Ուկրաինային անսասան է»,- ասվում է Սթարմերի գրասենյակի հայտարարության մեջ։               
 

ԱՅԴՊԻՍԻ ԲԱՆԵՐ

ԱՅԴՊԻՍԻ ԲԱՆԵՐ
07.05.2010 | 00:00

Վրեժ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
ՊԱՏՄՎԱԾՔ
Ֆրանսիացի-սասունցի քուրդն ու սասունցի-հայաստանցի հայը հանդիպեցին Փարիզում՝ ճիշտ այն օրը, երբ արգենտինացի Մեսին իսպանական «Բարսելոնի» կազմում չորս անզուգական գոլ խփեց անգլիական «Արսենալին»: Հանդիպումը (հայի և քրդի) նախատեսված չէր: Աշխարհը մանրամասնորեն պատրաստվում էր մեկ այլ հանդիպման: Երկրորդ հանդիպման ընթացքում Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման և աշխարհի թիվ մեկ ահաբեկիչ Բեն Լադենը Մեսիի յուրաքանչյուր գոլից հետո միաժամանակ ներդաշնակորեն վեր էին թռչելու և իրենց հիացմունքն արտահայտելու ամեն մեկն իր լեզվով և շարժուձևերով: Չի բացառվում, որ նույն լեզվով և նույն կերպ: Այդ պահերին մեկմեկու թիրախ այդ երկու մահկանացուները չեն ուզենա գիտակցել, որ որսադաշտի վերածված երկրագնդի վրա և նրանից անդին կան հույզեր, որոնց մեջ կարող են հաշտ ու խաղաղ տեղավորվել մեր ճանաչողության հորիզոնների մեջ պարփակված տիեզերքի հոգու, մտքի և լույսի արարիչները՝ Քրիստոսը, Մուհամեդն ու Բուդդան և նրանց երկրպագող բոլոր անցավորները:
Եթե սասունցի-ֆրանսիացի քուրդը կամ սասունցի-հայաստանցի հայը նույն հույզի մեջ մտած լինեին և ուզեին Բարաք Օբամային կամ Բեն Լադենին բացատրել, որ Մեսիի գոլերից հետո նրանք նմանվում են իրար, կարժանանային նույն բախտին, ինչին արժանացավ լուսահոգի նախապապս, որը համարձակվեց սուլթան Աբդուլ Համիդին կարճ բարևել. «Ողջո՜ւյն, Աբդուլ»: Հազար ներողություն Մեսիին, որ երկու մարդ (քուրդ և հայ) Փարիզում իրենց հայրենիքը ճշգրտելու տվայտանքներին տրվեց հենց այն պահին, երբ ամբողջ աշխարհը ձեռքերն օդ պարզած ճչում էր. «Գոո՜լ»: Հազար ներողություն իմ դիվանագետ որդուն, որը նեղսրտած դուրս եկավ աշխարհի հույզից, որպեսզի իր քմահաճ հորն ու ինչ-որ մի քրդի որպես թարգման ծառայի:
Փարիզի Շանզ-Էլիզե փողոցի բոլոր սրճարաններն էլ հոյակապ են: Հենց միայն այն բանի համար, որ գտնվում են այդ փողոցում: Հետագայում իմ չտես գրող ընկերներին պատմելու եմ աշխարհի գայթակղությունը կլանող այդ փողոցի մասին, և նրանք քահ-քահ ծիծաղելու են: Նրանցից ամենաառաջադեմն ու ամենաժլատն ասելու է. «Ախպեր, էս մեր ընկերը խելքը թռցրել ա, էդքան փող ծախսեց, գնաց Փարիզ, որ քուրդ տեսնի: Արի, քեզ մեր հարևան Ալիխանե Մամեի մոտ տանեմ, ձրի: Մի բան էլ ինքը պատիվ կտա»: Ես ձգտելու եմ նրան՝ ամենաառաջադեմին ու ամենաժլատին բացատրել, որ հարցը փողի ու քրդի մեջ չէ, այլ այն անսահման սիրո, որով նա սիրում էր իմ հայրենիքը: Իզուր էլ կաշվից դուրս եմ գալու, մեկ է, նա ինձ չի հասկանալու և Մեսիի գոլերը ինչ-որ մի քրդի հանգույն շրջանցելու իմ արարքը որակելու է որպես գեղցիություն: Կամ էլ իմ սրածայր բեղերի ծագումնաբանության շուրջ հեռագնա դատողություններ է անելու. «Ախպեր, չլինի՞ արյունդ քաշեց»:
Աստված իմ չտես գրող ընկերների հետ։ Ավելի լավ է դառնամ Փարիզին և այն սրճարանին, որի պատերը զարդարված էին իմ հոգին կեղեքող պատկերներով, որոնք ինձ նույնքան արյունակից էին, որքան իմ դիվանագետ որդին և նրա երկու զավակները, որոնց անվանակոչության պատիվը ինձ վերապահեցին: Ելումուտ անող ֆրանսիացիք և այլազգիները դիտում էին սրճարանի չորս պատերին տարածված անծանոթ լեռները, մարգագետինները, ոչխարների հոտերն ուղեկցող մեծագլուխ, կտրած ականջներով գամփռներին և պատերի երկայնքով մեկ ձգվող, այծենակաճերի մեջ հպարտորեն հանդերձավորված մեծ մահակներով հովիվներին: Պատկերները ներկայացված էին շռայլորեն, թանձր և աչք ծակող գույներով: Առանձնապես աչքի էին զարնում մեկմեկու շալակած լեռները շուլալող ամպերի քուլաները: Հիշեցի սասունցի պապիս ոգևորությունը, որով իր երկիրն էր ներկայացնում. «Բարձրանում ես ամենաբարձր լեռան կատարը, մեկ էլ մի քար վերևից ընկնում է գլխիդ»: Դիմեցի դիվանագետ որդուս.
-Գրազ կգամ, Սասնա բնաշխարհն է: Հավանաբար, սրճարանատերն էլ քուրդ է:
-Ամբողջ աշխարհն աչքիդ Սասուն է երևում,- ասաց որդիս,- լեռը լեռ է, ոչխարը՝ ոչխար:
-Զգում եմ,- ասացի,- իմ հայրենիքն է:
-Գարեջուրդ խմիր,- ասաց դիվանագետ որդիս,- խմիր և այսօրվա ֆուտբոլային ներկայացման մասին մտածիր: Մեսին գոլ է խփելու:
Այն, որ Մեսին գոլ է խփելու, կասկած չէր հարուցում: Ինձ վրդովեցնում էր որդուս անտարբեր վերաբերմունքը իմ հայրենիքի պատկերների նկատմամբ:
-Գիտեմ,- ասացի,- որ Մեսին գոլ է խփելու: Բայց դա ամենևին էլ չի բացառում, որ պատերին իմ հայրենիքի պատկերներն են:
-Թող այդպես լինի,- ասաց դիվանագետ որդիս,- մի պատմվածք կգրես, կանցնի:
Հենց պատմվածքի մասին հեգնում են, կամակոր եմ դառնում: Երկու ոտքս դրեցի մի կոշիկի մեջ և ասացի.
-Մինչև սրճարանատիրոջ հետ չճշտեմ, այստեղից գնացողը չեմ:
Որդիս բնավորությունս լավ գիտեր, քմծիծաղով ասաց.
-Ոնց կուզես:
Կանչեց մատուցող տղային և ինչ-որ բան ասաց նրան: Մատուցողն ասաց.
-S’il Vous plait.
Մինչ Փարիզ ընկնելն ու մատուցողի «S’il Vous plait»-ն լսելը ես մի կոպիտ սխալ էի թույլ տվել. Երևանից իմ բացակայությունն արդարացնելու համար երկվորյակ թոռներիս ասել էի, որ Մարութա սար եմ գնում: «Այնտեղից,- ասել էի,- գալու եմ Վանա լիճ: Վանա լճից տառեխ եմ որսալու. մեկը Տիգրանի համար, որ ուտի ու շուտ մեծանա, մյուսը Դավթի համար, որ ուտի ու շուտ մեծանա»: Նրանք լավ գիտեն, որ իրենց պապը սուտասան է, բայց հավատում են ինձ: Հենց սկսում եմ փչել, Տիգրանն ասում է. «Գրիչը պապի ձեռքին է», Դավիթն ասում է. «Պապին հեծավ իր ձին»: Երկվորյակ թոռներիցս մեկը վանեցի է, մյուսը՝ սասունցի: Այն օրը, երբ Տիգրանն իրեն վանեցի է հռչակում, Դավիթը նախընտրում է Սասունը: Պարզից էլ պարզ է, որ ես իմ սրածայր բեղերը բաժանում էի ճիշտ երկու մասի: Բեղերիս մի ծայրը Տիգրանի սեփականությունն էր, մյուսը՝ Դավթի: Մի ծայրը սլաքով ցույց էր տալիս Վանը, մյուսը՝ Սասունը: Ես, բնականաբար, Սասնա խրոխտ լեռները թողած, հո Վանա լճի գովքը չէի՞ կապելու: Կանգնում էի Մարութա սարի գագաթին և այնտեղից քարեր նետելով պղտորում Վանա լճի անդորրը: Երկվորյակների տատը Վանա խանում-խաթուն կատվի պես փքվում էր, հոլիվուդյան դերասանուհիների արհամարհական կեցվածքով փաղաքուշ պոչը խաղացնում ու չանչում էր Մարութա սարի երեսին: Պատահում էր, որ Տիգրանն իրեն սասունցի էր հռչակում, և Դավիթը կամա-ակամա դառնում էր վանեցի: Ես, ինչպես և տատը, հասկանալի է, մեր համոզմունքը չէինք փոխում: Տատն ասում էր, որ սասունցին վանեցու գառնարածն է եղել: Ես խոժոռվում էի, բեղերս սղալում ու ասում. «Սասունցու փռշտոցից Վանա լիճը ալեկոծվում էր, իսկ վանեցին վախից տակն էր թրջում»: Տիգրանն ու Դավիթը, նայած թե այդ պահին ով էր սասունցի, ով՝ վանեցի, հարձակվում էին՝ մի եղբայրը իր բաժին բեղերի ծայրը ճանկելով քաշում էր դեպի Մարութա սար, մյուսը՝ Վանա լիճ: Երևանյան մեր տանն այդպես էինք ապրում. ով շուտ զարթնում, նա էլ շահում էր: Ես՝ տատին, տատը՝ ինձ, Տիգրանը՝ Դավթին, Դավիթը՝ Տիգրանին, տալիս-առնում էինք. «Սևանի» իշխանն ուտում, երևակայում էինք, թե Վանա տառեխ ենք ճաշակում: Երևանի օդը շնչում և տեսք էինք անում, թե Սասնա լեռների անապական օդն ենք վայելում: Արևը Մարութա սարի գագաթից, աչքերը ճպճպացնելով, իջնում լվացվում էր Վանա ջրերում: Տիգրանն ու Դավիթը աշխարհի մեջ իրենց հին ու նոր ծննդավայրերն էին տեղադրում: Հենց հրճվում էին՝ Վանա կատվի պոչն էին քաշում, հենց վշտանում էին, սասունցու բեղերը: Երկու եղբայր և երեք ծննդավայր. գրիչն էլ պապի ձեռքին. ուզի՝ կգրի, ուզի՝ ձին կթամբի: Ի՜նչ Փարիզ, ի՜նչ բան… ի՜նչ «S’il Vous plait»:
Քիչ անց մեզ մոտեցավ սրճարանատերը.
-Լսում եմ Ձեզ։
-Կարո՞ղ ենք զրուցել,- հարցրի։
Որդիս թարգմանեց, հետո ժամացույցին նայեց։
-Աչքիս վրա,- ասաց սրճարանատերը և, թաքուն հայացքով իմ սրածայր բեղերն ուսումնասիրելով՝ նստեց դիմացի աթոռին։
-Թո՞ւրք ես,- հարցրի միտումնավոր և սրճարանի պատերը ցույց տալով՝ ավելացրի,- քո երկի՞րն է։
-Ճիշտ հակառակը, քուրդ եմ և իմ երկիրն է,- ասաց և զգուշորեն հետաքրքրվեց,- հավանաբար թուրքե՞ր եք։
-Ճիշտ հակառակը,- նրա պես պատասխանեցի,- հայ ենք։
-Լսել եմ,- ասաց,- իմ երկրում ժամանակին հայեր են ապրել։
-Իմ երկրում էլ ժամանակին հայեր են ապրել,- ասացի խեթելով։
Որդիս հանդիմանանքով հայերեն ասաց. «Այ հեր, հեքիաթ մի պատմիր»։ Սրճարանատերը դիմեց որդուս։
-Քո հա՞յրն է։
-Այո՛,- ասաց որդիս,- իմ հայրն է։
Վերջին երկխոսությունն առանց թարգմանի էլ հասկացա։
-Ի՞նչ գործ ունես Փարիզում,- հարցրի նրան։
Քուրդ սրճարանատերը դառը ժպտաց։
-Էշին հարցնում են՝ էշ ախպեր, ո՞ւր ես գնում։ «Իմ էշ խելքն ասա»,- պատասխանում է նա։
Ես ծիծաղեցի, և քուրդը հասկացավ, որ անեկդոտի իմաստն ըմբռնել եմ։
-Սասունցի պապս ասում էր, որ Սասունը մի երկիր է, որի ամենաբարձր կատարն էլ բարձրանաս՝ մի քար վերևից ընկնում է գլխիդ,- ասացի։
Որդիս թարգմանեց։ Քուրդը մի պահ լռեց, հետո թաշկինակը հանեց ու սկսեց աչքերը սրբել։ Լաց լինող քուրդ առաջին անգամ էի տեսնում։
-Քո պապը իսկական սասունցի է եղել,- ասաց նա,- իսկական սասունցիներ քրդերի մեջ էլ քիչ են մնացել։
-Իսկ դո՞ւ,- հարցնում եմ քրդին,- դո՛ւ իսկակա՞ն սասունցի ես։
-Ոչ,- ասում է նա,- իսկական սասունցին նա է, ով ապրում է այդ հողի վրա։ Մեկ էլ նրանք, որ ննջում են այդ հողի մեջ... մեկ էլ նրանք, որ վերադառնում են այդ երկիր։
-Քուրդ եղբայր,- ասում եմ նրան,- քո ասելով՝ ես էլ սասունցի չեմ, որովհետև Սասունը չեմ տեսել։ Դուրս է գալիս, նա, ով Աստծուն չի տեսել, անաստվա՞ծ է...
Դիվանագետ որդիս արդեն նյարդայնանում է. «Հեր ջան, ի՞նչ ես ուզում էս խեղճ քրդից»։
Ի՞նչ եմ ուզում «էս խեղճ քրդից», «անխիղճ թուրքից», Օբամայից ու Պուտինից. ոչինչ էլ չեմ ուզում։ Ինքս ինձնից եմ ուզում։ ՈՒզում եմ, որ իմ դիվանագետ որդին փարիզյան սրճարանի պատերից հայացքը փախցնի ու հառի հեռուստացույցին, ուր արգենտինացի Մեսին իր հինգերորդ գոլն է մտմտում։ Կխփի կամ չի խփի։ Ուզում եմ, որ նա Օբամայի, Պուտինի և Բեն Լադենի հետ ներդաշնակ, ձեռքերը վեր պարզած բղավի «գոո՜լ» և վայելի Մեսիի պարգևած բերկրանքը։ Իսկ նա դիվանագիտորեն նեղսրտում է, ամաչում է իր հոր «արևելյան» հայրենասիրությունից, ամաչում է փարիզյան սրճարանի պատերին քսված չոբանի, կտրած ականջներով գամփռի և ոչխարների հոտին իր հարազատությունը խոստովանելուց։
Ֆրանսիացի քուրդը կամաց-կամաց վերածվում է իսկական քրդի։ Մի քիչ էլ որ հոգու լարերի հետ խաղամ, հեռուստացույցը կանջատի, և սրճարանը կլցնի քրդական «լո՜-լո՜»-ներով, Շանզ-Էլիզե փողոցով կհոսի Սասնա լեռների անապական օդը, ոչխարների բռբռոցն ու գառների մայունը կխտտեն ֆրանսիացիների ականջը, նույն ինքը՝ Պիկասոն, իր խորանարդիկների կախարդանքով կվրձնի Սասնա չոբանի պատկերը, որը կձգվի Վաշինգտոնից մինչև Տոկիո, Հեմինգուեյը իր «Տոն, որը միշտ քեզ հետ է» ստեղծագործությանը նոր ավիշ ու նոր գույն կներարկի։ Վանա խանում-խաթուն կատուն ճերմակ նրբագեղությամբ և արքայադստեր վայելչությամբ իր պոչով կփաղաքշի ինքն իրենից խրտնող մարդկության խղճմտանքը։ Սասունը, Փարիզն ու Վաշինգտոնը կլցվեն նույն հույզի մեջ։ Ֆրանսիացի-քուրդն ու հայաստանցի-հայը չեն վիճարկի իրենց հայրենիքի սեփականության իրավունքը, թուրք նախարարը ջեբկիրի չարախնդությամբ չի հրճվի՝ հայ նախարարի ազնիվ անճարակությունը որսալով։ Իսկ հիմա ի՞նչ. ես հարց եմ տալիս, քուրդը պատասխանում է, իսկ դիվանագետ որդիս նեղսրտելով թարգմանում է։ Եվ հենց այն պահին, երբ ես հայացքս սրճարանի պատերի կեղեքիչ պատկերներին հառած ասում եմ՝ իմ երկիրն է, իսկ քուրդը, զսպելով իր արևելյան բռնկուն բարկությունը, ասում է՝ ո՛չ, իմ երկիրն է, արգենտինացի Մեսին չի խփում իր հինգերորդ գոլը, վրիպում է, և Ամերիկայի պրեզիդենտն ու Բեն Լադենն իրենց հուսախաբությունը մարդկային նույն հույզի խողովակով արտաբերում են. «Արա՛, վա՜յ...»։
«Էս քուրդը, որ Սասունի իր տունը ծախեց, ագարակը ծախեց, ոչխարները ծախեց, կտրած ականջներով իր շներին ծախեց կամ ազատություն շնորհեց և այդ փողերով Փարիզում սրճարան գնեց,- մտածում եմ,- եթե ոչ այսօր, ապա վաղը իմ թշնամին է դառնալու։ Եվ ես իմ նոր թշնամուն մեղադրելու բարոյական իրավունք չեմ ունենալու, որովհետև նա գրեթե իմ չափ, կամ ինձնից առավել, սիրում է իմ հայրենիքը»։ Նա ասաց. «Երկիրը նրանն է, ով ապրում է այդ հողի վրա», հետո ասաց. «Նրանն է, ով ննջում է այդ հողի մեջ», հետո ասաց. «Նրանն է, ով վերադառնում է»։
-ՈՒրախ եմ, որ ծանոթացա Ձեզ հետ,- ասում եմ։
Որդիս, իմ խոսքի ավարտական երանգն ընկալելով, զվարթությամբ թարգմանեց։
-Հորդ ասա, որ մենք հին ծանոթներ ենք։
Որդիս խնդաց. «Հեր ջան, ասում է, որ դուք հի՛ն ծանոթներ եք»։
-Ասա, որ վաղ թե ուշ մենք հանդիպելու ենք։
Որդիս թարգմանեց. «Հայրս ասում է, որ վաղ թե ուշ հանդիպելու եք»։
Քուրդը ժպտաց, ձեռքերն ընչանցքերին տարավ ու հայացքով իմ սրածայր բեղերը գովեց։
-Հորդ ասա, որ ինքն իսկական սասունցի է։- Հետո փոշմանեց,- ասա, որ մենք` ինքը և ես, երբևէ իսկական սասունցիներ կդառնանք։
Որդիս նույն զվարթությամբ թարգմանեց. «Ասում է, որ ինքը և դու իսկական սասունցիներ կդառնաք»։
-Ասա նրան, որ հայրենիքը միայն այն հողը չէ, որ ոտքով կոխկրտում ես,- ասում եմ որդուս։
Որդիս հասկացնում է, որ չափն անցնում եմ, որ չգիտեմ, թե ում հետ ինչ խոսեմ։ Հասկացնում է, որ ծիծաղելի վիճակի մեջ եմ դնում թե՛ ինձ, թե՛ ֆրանսիացի քրդին։ Հետո ասում է, որ, ի տարբերություն մեզ, քրդերը մագաղաթներ չունեն, որ իրենց հայրենիքի սահմանները ճշտեն։ Նրանք արոտավայր են փնտրում, որ անունը Հայրենիք դնեն։ Եթե մեզնից Հայրենիք են խլել, նրանցից խլում են Հայրենիք ունենալու գաղափարը։ Հասկացնում է, որ «էս խեղճ քուրդը» իրավունք ունի իր Հայրենիքը, որ տվյալ դեպքում մեր Հայրենիքն է, փարիզյան սրճարանի պատերին ունենալու։ Շատ բան է ուզում ինձ հասկացնել դիվանագետ որդիս, բայց ես ունակ չեմ շատ բան հասկանալու։
-Ի՞նչ է ասում հայրդ,- հետաքրքրությամբ հարցնում է քուրդը՝ իմ բորբոքված հայերենը ուշադրությամբ լսելով։
Որդիս կմկմում է.
-Հայրս ասում է... հայրս ասում է, որ արդեն ուշ է։
-Ասա նրան, որ ուշն ու շուտը մեր ձեռքերում է,- ասաց քուրդը, քաղաքավարի բարձրացավ աթոռից, սեղմեց որդուս ձեռքը, ուսս գրկեց ու ինձ հասկանալի ֆրանսերենով ասաց.
-Merci beaucoup.
Այսքան բան: Քուրդը գնաց իր գործին, մենք էլ՝ դիվանագետ որդուս բնակարան։
Մեսին իր հինգերորդ գոլն այդպես էլ չխփեց։ Ամեն ինչ իր տեղն ընկավ։ Բարաք Օբաման հավանություն տվեց Բեն Լադենին որսալու ԿՀՎ-ի ներկայացրած հերթական գործողության ծրագրին։
Ֆուտբոլային հույզը, որով համակվել էր աշխարհը, մարեց։ Ինձ նման հայը Ֆրանսիայից տուն եկավ առանց Էյֆելյան աշտարակի բարձունքից Ֆրանսիան տնտղելու և առանց Լուվրի գլուխգործոցները տեսնելու։ Իմ Փարիզը սկսվեց և ավարտվեց քրդի սրճարանում։
Հենց Երևան հասնեմ, իմ չտես գրող ընկերներին ճիշտը կպատմեմ, իսկ թոռներիս՝ սուտը։ Գրիչը իմ ձեռքին է՝ ձիս կթամբեմ և որ կողմն ուզեմ, էն կողմն էլ կքշեմ։ Դիվանագետ որդուս կխնդրեմ, որ իմ և քրդի հանդիպման պատմությունը կասեցնի։ Տիգրան և Դավիթ թոռներիս համար փարիզյան նպարավաճառից երկու գեղեցկուհի ձուկ կգնեմ և որպես Վանա տառեխ կմատուցեմ նրանց։ Հավատացած եմ, որ թոռներս սուտն ավելի ախորժակով կծամեն, քան ճշմարտությունը։ Միայն տասը տարի անց, իմ յոթանասնամյակի առթիվ դիվանագետ որդուս կազմակերպած արարողության ժամանակ, լրագրողի հարցին, թե ո՛րն է ինձ համար աշխարհի ամենագեղեցիկ քաղաքը, կպատասխանեմ. «Փարիզը»։ «Ինչո՞ւ»,- կհարցնի լրագրողը։ «Այնտեղ ես տեսա Սասունը»,- կասեմ և լրագրողի ու դահլիճի շփոթմունքը անպատասխան չեմ թողնի։ Թոռներս, արդեն տասը տարով մեծացած, կմտածեն. «Գրիչը նորից պապի ձեռքին է»։
-Դա մի գեղեցիկ օր էր,- կասեմ,- Մեսին իր հինգերորդ գոլն էր մտմտում. եթե խփեր, Բարաք Օբաման Բեն Լադենին սրտաբաց զրույցի էր հրավիրելու, իսկ թուրք արտգործնախարարը հայ նախարարի ազնիվ անճարակությունը չէր ծաղրելու։ Իմ դիվանագետ որդին էլ (ինչպես հետո խոստովանեց) ֆրանսիացի քրդի և իմ խոսք ու զրույցն ըստ իր քիմքի չէր թարգմանելու։ Վանա խանում-խաթուն կատուն էլ, տիրոջը փոխելով, սովորական մկնագող չէր դառնա։ Այդպիսի բաներ լինում են աշխարհում. բարձրանում ես ամենաբարձր լեռան գագաթը, մեկ էլ վերևից մի քար է ընկնում գլխիդ։

Դիտվել է՝ 3406

Մեկնաբանություններ