ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն իրազեկել է, որ Պուտինն առայժմ կոնկրետ պլաններ չունի Թրամփի հետ շփումների առնչությամբ։ ՌԴ նախագահը հրապարակավ շնորհավորել է Թրամփին հաղթանակի առիթով այն օրը, երբ, WP տվյալներով, տեղի են ունեցել նրանց հեռախոսային բանակցությունները։ Պուտինը մեկ անգամ ևս ընդգծել է, որ հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն Կիևի կողմից իրողություններն ընդունելու պայմանով, այն է՝ Ռուսաստանի կողմից ՈՒկրաինայի տարածքի 20 տոկոսի զավթմամբ։               
 

ՃԱԿԱՏԱԳՐՈՎ ՎԵՐԱՊԱՀՎԱԾ Է ԱՆՑՆԵԼԻՔ ԼՈՒՐՋ ՃԱՆԱՊԱՐՀ

ՃԱԿԱՏԱԳՐՈՎ ՎԵՐԱՊԱՀՎԱԾ Է ԱՆՑՆԵԼԻՔ ԼՈՒՐՋ ՃԱՆԱՊԱՐՀ
14.05.2010 | 00:00

Եվրոպայի ծանրամարտի մեծահասակների այս տարվա առաջնությունն իսկապես բացառիկ եղավ տղամարդկանց Հայաստանի հավաքականի համար: Մեր ընտրանին, ունենալով պատվիրակների ավելի փոքր թվակազմ, իրեն գերազանց դրսևորեց ուժեղագույնների մրցակցությունում` միանգամայն արժանիորեն ճանաչվելով մայրցամաքի թիվ մեկ թիմ: Պակաս հաջողակ չեղավ և մեր կանանց հավաքականը. արժանի դիմակայություն ցույց տալով մրցակիցներին` այն նույնպես վերադարձավ մեդալների պատկառելի ավարով: Մեր հավաքականների ելույթին «Իրավունքը de facto»-ն իր էջերում հանգամանալից անդրադարձել է և, բազմահազար մարզասերների ցանկությանն ընդառաջ, սկսում է շարք` փորձելով հնարավորինս ամբողջական ներկայացնել հավաքականների կազմում հանդես եկած մարզիկ-մարզուհիների ոչ միայն անցած մարզական ուղին, այլև ներկայացնել նրանց որպես քաղաքացի ու անհատականություն:
Ընդամենը 17 տարեկան Սմբատ Մարգարյանն արդեն տիտղոսավոր մարզիկ է` 2010-ի Եվրոպայի մեծահասակների առաջնության արծաթե մեդալակիր երկամարտում և չեմպիոն` հրում վարժությունում, «Լոնդոն-2012»-ի Հայաստանի ծանրամարտի հավաքականի հույսերից մեկը:
Նրա առաջին ծանոթությունը ծանրաձողի հետ եղել է 6 տարեկանում, սակայն հրապուրանքը կարճ տևեց: Մարզաձևով լրջորեն զբաղվելու համար պահանջվեց «հասունության» ևս 3 տարի, ու այստեղից էլ սկսվեց ամեն ինչ: Տասներեք տարեկան էր, երբ մասնակցեց Հայաստանի պատանիների առաջնությանը, իսկ մեկ տարի անց արդեն երկիր էր ներկայացնում միջազգային մրցաբեմում: Իտալիայում անցկացված Եվրոպայի պատանեկան առաջնությունում (մինչև 17 տարեկան ծանրորդներ) նորամուտը հաջող էր: ՈՒ թեպետ ամենակրտսեր մասնակիցն էր, վերադարձավ արծաթե մեդալով` մայրցամաքի փոխչեմպիոնի կարգավիճակով: Մեկ տարի անց ամեն ինչ նույնությամբ կրկնվեց` միայն մեկ տարբերությամբ. այս անգամ առաջնությունը Ֆրանսիայում էր:
Տասնհինգ տարեկանում Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն. սա, կարծես, այնքան էլ քիչ չէ: Ես ոչ այնքան փաստում եմ իրողությունը, որքան ասելիքս ուղղում Սմբատի տարեկիցներին ու նրան հասակակից երեխաներ ունեցող ծնողներին. հասուն լինելու համար պարտադիր չէ լինել 20-25 տարեկան ու ավելի մեծ. հասուն կարելի է լինել և շատ ավելի վաղ հասակում, ընդ որում, այնքան հասուն, որ կարողանաս ոչ միայն ծնողիդ հոգսը թեթևացնել (իսկ Սմբատը նաև այդպիսին է), այլև երկիր ներկայացնել:
Իր 16-ը Սմբատը դիմավորեց, ժողովրդի լեզվով ասած, «ջանի եկած»: Մրցումային նրա քաշն արդեն դարձել էր 56 կիլոգրամ, և հենց այս քաշային կարգում էլ Հայաստանը ներկայացրեց Թաիլանդում անցկացված աշխարհի առաջին պատանեկան առաջնությունում: Իտալիայի ու Ֆրանսիայի պես Թաիլանդն էլ նրա համար արծաթազօծ եղավ, և այստեղ բանը միայն ասիացի մարզիկների հզոր դիմակայությունը չէր, ովքեր անտարակուսելիորեն հաջողել են ոչ միայն մարզման մեթոդիկայում։ Սակայն եկեք հիշենք Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Աշոտ Մխիթարյանի` մի առիթով դիպուկ ասված խոսքը և շարժվենք այդ հոգեբանությամբ. «Մենք պետք է գտնենք հաղթելու մեր ձևը»: Իսկ հաղթելու մեր ձևն ամենաստուգվածն է ու ամենավստահելին` լինել մրցակցից ուժեղ ու ամեն կարգի պատահականություններից հեռու մնալ:
Աշխարհի պատանեկան առաջնությունից զատ, 2009-ին Սմբատ Մարգարյանն ունեցավ ևս երեք փորձաքննություն` Եվրոպայի երիտասարդական (մինչև 20 տարեկաններ, Շվեդիա), պատանեկան (Իսրայել), երիտասարդական (մինչև 23 տարեկաններ, Լեհաստան) առաջնություններ, և բոլոր երեքից էլ վերադարձավ չեմպիոնի տիտղոսը նվաճած: Այստեղ ընդգծենք ուշադրության արժանի երեք հանգամանք. առաջին` բոլոր չորս մրցաշարերում էլ մեր պատանյակը ցույց տվեց 235-240 կիլոգրամների միջակայքում գտնվող արդյունք, ինչը լիուլի էր հաղթող ճանաչվելու համար, երկրորդ` ելույթներում եղավ հաճելիորեն հուսալի, և երրորդ` չորս առաջնությունից երկուսում հաղթեց իր տարիքն անհամեմատ գերազանցող մարզիկների հետ մրցակցությունում (այստեղ «յոլա» գնանք առանց մեկնաբանությունների, քանզի փաստն ինքնին խոսուն է):
Պատանի ծանրամարտիկի մեջ, անշուշտ, այս իրողությունները և իր համար տեսանելի ուրիշ բաներ նկատեց մեծահասակների հավաքականի գլխավոր մարզիչ Աշոտ Մխիթարյանը` հրավիրելով նրան երկրի գլխավոր հավաքական: Մեծահասակների Եվրոպայի այս տարվա առաջնության տաք հետքերով Սմբատի ելույթի մասին մենք գրել ենք, նշել, որ երկամարտի 255 կգ արդյունքով մեր պատանին հռչակվեց մայրցամաքի փոխչեմպիոն, որ հրում վարժությունում նրա սանձահարած 146 կիլոգրամը մայրցամաքի երիտասարդական, իսկ երկամարտի արդյունքը պատանեկան ռեկորդներ են, որ եթե անկողմնակալ մրցակցություն լիներ, չէր հաշվվի հրում վարժությունում բելառուս Վիտալի Դերբենյովի բարձրացրած 138 կիլոգրամը, ու մեր տղան կհռչակվեր մայրցամաքի չեմպիոն և այլն, և այլն: Սակայն, ինչպես ասում են, հետին թվով սուր ճոճելն անիմաստ զբաղմունք է, շատ ավելի կարևոր է, որ մեր պատանին Մինսկում ևս մեկ առարկայական դաս ստացավ, և այդ դասն ասում է` հաղթելու համար մրցակցից պիտի մի գլուխ բարձր լինել: Իսկ որ մեր պատանին մրցակիցներից ուշիմ աշակերտ է, շատ ավելի լավ գիտեն Երևանի թիվ 181 դպրոցում (տնօրեն` Արամ Սաֆարյան), որտեղ ոչ միայն օրինականորեն հպարտանում են իրենց սանով, այլև հնարավորինս ներողամտորեն են վերաբերվում ուսումնամարզական ու մրցումային փուլերի պատճառով դասերից երբեմն-երբեմն բացակայող իրենց աշակերտին: Սա այն դեպքն է, երբ բացակայությունն իրոք հարգելի է, որովհետև բացակայողը ոչ թե անիմաստ պատի տակ է կանգնում կամ թրև գալիս փողոցում, այլ սպորտի պատմություն է կերտում, երկրի դրոշ է բարձրացնել տալիս: Ի՞նչը կարող է վեր լինել սրանից:
Սմբատ Մարգարյանը կայացած երիտասարդ է, և կրկնակի ուրախալի է այսպես արտահայտվելը մեկի մասին, որն ընդամենը 17 տարեկան է: Այս պատանու մեջ նախանձելի լրջություն կա, իսկ եթե սրան ավելացնեմ նաև մարդու կերպարի համար այնպիսի արժեքավոր բնութագրական, ինչպիսին համեստությունն է, թերևս, առավել ամբողջական կլինեմ ասելիքիս մեջ: Անկեղծ ասած` վերջին հատկանիշն ավելի ուրախացրեց ինձ, որովհետև մարդուն կործանման տանող ամենակարճ ճանապարհը մեծամտությունն է: Փառք Աստծո, որ սա մեր պատանյակի համար յուրացրած դաս է, իսկ որ անձիս համար հաճելի անակնկալ էր, կինո և երաժշտություն սիրելուց զատ, նաև գիրք կարդալ սիրելու մասին իմանալը, նրա համար ուրախությունս դարձավ առավել:
Թերևս այսքանը Սմբատ Մարգարյանի մասին, ում ճակատագրով վերապահված է անցնելիք լուրջ ճանապարհ:
Թող որ այն կանաչ ու անխոչընդոտ լինի, և Աստված պահապան նրան:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2355

Մեկնաբանություններ