ՀՀ մշակույթի նախարարությունը և «Կադանս» երաժշտական կենտրոնը կազմակերպում են Բորիս Էյֆմանի Սանկտ Պետերբուրգի բալետի պետական ակադեմիական թատրոնի ներկայացումը` «Մեղքից այն կողմ» խորագրով:
Ֆյոդոր Դոստոևսկու վեպի հիման վրա ստեղծված ներկայացումը (երաժշտությունը` Ռ. Վագների, Մ. Մուսորգսկու, Ս. Ռախմանինովի) կկայանա նոյեմբերի 16-ին, 17-ին՝ ժամը 19:00-ին, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:
ՌԴ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր, «Ոսկե դիմակ» և «Ոսկե լամպաշար» մրցանակների դափնեկիր, «Հայրենիքի հանդեպ ծառայությունների» չորրորդ, երրորդ և երկրորդ աստիճանների շքանշանակիր Բորիս Էյֆմանը մի քանի տասնամյակ վարում է ակտիվ ստեղծագործական գործունեություն. նա քառասունից ավելի բեմադրությունների հեղինակ է:
1977 թ. Բորիս Էյֆմանը ստեղծել է սեփական թատերախումբ` «Լենինգրադի նոր բալետը», որն այսօր հանդիսատեսին հայտնի է Բորիս Էյֆմանի Սանկտ Պետերբուրգի բալետի պետական ակադեմիական թատրոն անվանումով:
Թատերախմբի առաջին իսկ ներկայացումները («Երկու ձայն», «Բումերանգ») հաջողությամբ են ընդունվել հանդիսատեսի կողմից` քննադատներին ստիպելով խոսել ռուսական բալետային արվեստում նոր ուղղությունների մասին:
Այսօր Բորիս Էյֆմանի բալետի թատրոնը հայտնի է Հյուսիսային ու Հարավային Ամերիկայի, Եվրոպայի, Ասիայի, Ավստրալիայի պարարվեստի սիրահարներին՝ «Չայկովսկի», «Ես Դոն Կիխոտն եմ», «Կարմիր Ժիզել», «Ռուսական Համլետ», «Աննա Կարենինա», «Ճայ», «Օնեգին», «Ռոդեն», «Մեղքից այն կողմ» ներկայացումներով: