ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

«Մի երկրում պատերազմ է, ու երեխաներ են սպանվում, իսկ հարևան պատի հետևում երեխան լաց է լինում նոր Այֆոնի համար»

«Մի երկրում պատերազմ է, ու երեխաներ են սպանվում, իսկ հարևան պատի հետևում երեխան լաց է լինում նոր Այֆոնի համար»
19.10.2013 | 17:08

Հեղինակ-կատարող ԼԻԼԻԹ ԲԼԵՅԱՆԸ ներկայանում է իր նոր, «Corazón como prisión» («Սիրտն ինչպես բանտ») երգով: Նրա առաջին ձայնասկավառակը կոչվում է «Ուրիշ քաղաքում»: Հեղինակային երգի սիրահարներին ծանոթ է «Տրամադրություն», «Ուրիշ քաղաքում», «Հին հետքերով», «Քաղաքից քաղաք» և այլ երգերով:

-Լիլիթ, հեղինակային երգի սիրահարները հնարավորություն ունեն լսելու «Corazón como prisión» երգը, որը տեղ է գտնելու ձեր 2-րդ ալբոմում: Ե՞րբ կլինի ալբոմը, ինչպե՞ս է վերնագրվելու և ի՞նչ երգեր է ներառելու:

- Նոր ալբոմի շնորհանդեսը նախատեսել եմ նոյեմբերի երկրորդ կեսին, վերնագրել եմ երգերից մեկի անվանմամբ՝ «Paciencia» («Համբերություն»): Ալբոմում կլինի 12 նոր երգ, նախորդ ալբոմից ներառել եմ ևս մեկ երգ՝ վերաձայնագրված տարբերակով: Երգերը հիմնականում իսպաներեն են, երկու երգ՝ անգլերեն, կա նաև «Ծննդյան գիշեր» երգի հայերեն տարբերակը:

-Ի՞նչ նախապատմություն ունի «Corazón como prisión»-ը:

-«Corazón como prisión»-ի կրկներգն այսպես է թարգմանվում․ Սիրտն ինչպես բանտ, կամ՝ ինչպես մի Նոյան տապան, որտեղ պահվում է այն լավագույնը, որ ձեռք եմ բերել կյանքում՝ փրկված ամենօրյա կյանքի ջրհեղեղից: Կյանքում ամենակարևոր բաները, համոզված եմ, տեղի են ունենում մեր ներսում: Աշխարհի` ամենագլխավոր իրադարձություններն ամեն օր տեղի են ունենում միլիոնավոր մարդկանց ներսում՝ գլխում, սրտում: Մենք ամեն օր մեծանում ենք, փոխվում, սովորում, դառնում ավելի լավը, դառնում ավելի «մենք»: Ցանկացած իրադարձություն, որ կատարվում է արտաքին աշխարհում, կարևոր է այնքանով, որքանով այն արտացոլվում է մեր ներսում: Հակառակ դեպքում` մենք պարզապես չենք հասկանա, չենք ընկալի, թե ինչ կատարվեց: Ու ամենակարևոր ձեռքբերումները՝ նույնպես: Ամենակարևոր ձեռքբերումները այն զգացողություններն են, որ ապրում ենք կյանքի կարևոր պահերին: Կյանքը, աշխարհը, ցանկացած երևույթ մեզ հասնում է մեր զգացողությունների միջոցով: Մենք զգում ենք այդ իրադարձությունը և դրանցից ամենակարևորը պահում ենք մեր ներսում: Ես ընդհանրապես հակված եմ ցանկացած երևույթ, այդ թվում՝ աստվածաշնչային ավանդություններն ու պատումները, մեկնաբանել մեկ մարդու տեսանկյունից: Եվ Նոյան Տապանի առասպելն այդ շարքում բացառություն չէ: Մարդու սիրտը՝ մեր ներսի այդ պահոցը, ես պատկերացնում եմ այդպիսի մի Տապանի պես, որտեղ մենք պահում ենք ամենօրյա իրադարձությունների հեղեղից փրկած, գուրգուրած, մեզ սիրելի ու մեզ համար անփոխարինելի դարձած զգացողությունները, մարդկանց, հիշողությունները և այլն: Դա մի տապան է, որը չի վախենում ոչ մի ջրհեղեղից, այն ամենակարևոր գանձարանը, որը պետք է ամեն օր հարստացնել ու անվերջ խնամել:
-Երգը ներկայացնում եք տեսահոլովակի միջոցով…
-Ես ցանկանում էի, պարզապես, այդպիսի մի սիրուն երեկո կազմակերպել մի քանի ընկերների համար, մի քանի երգ ներկայացնել ու ձայնագրել այդ ամենը համացանցային պարզ հոլովակի համար: Հատկապես որ, այդ օրերին Երևանում էր իմ լավ գործընկեր` կիթառահար Տիգրան Տեր-Ստեփանյանը: Բայց, քանի որ իմ մյուս լավ գործընկեր, ռեժիսոր Վահե Հախվերդյանը սիրում է ամեն ինչ հիմնավոր անել, որոշեց արդյունքում ստանալ իսկական պրոֆեսիոնալ տեսահոլովակ: Այդպես էլ ստացվեց. պարզապես՝ կենդանի ձայնով, առանց ստուդիայում մշակելու: Ի դեպ, մի քանի օրից կտեղադրեմ նաև այս շարքի` երկրորդ նմանատիպ հոլովակը:

-Մենահամերգի կարո՞ղ ենք սպասել:

-Շնորհանդեսին կներկայացնեմ մի քանի երգ: Քանի որ երկու սկավառակների արդյունքում ունեմ բավարար երգացանկ, կարող եմ արդեն մտածել մենահամերգի մասին: Կան նաև բազմաթիվ երգեր, այդ թվում՝ հայերեն, որ չհասցրեցի ձայնագրել, բայց էլի սիրելի են ինձ: Գուցե դրանցից մի քանիսն էլ համերգային տարբերակով ներկայացնեմ: Ես շատ եմ ուզում: Պատրաստվել է պետք, իհարկե:

-Հեռուստաեթերում հնչո՞ւմ են ձեր երգերը:

-Գիտեմ, որ ռադիոեթերում են պարբերաբար պտտվում, ուրախ եմ, որ ռադիոկայանները սեփական նախաձեռնությամբ կամ լսողների ցանկությամբ ընտրում ու հեռարձակում են: Հեռուստաեթերում եղել է առայժմ միայն «Ծննդյան գիշերը», դե, տեսահոլովակներ որպես այդպիսին մինչ այս պահը չունեի:

-Կա՞ն նոր երգեր, որ դեռ չեն հասել ունկնդրին:

-Երկրորդ սկավառակի երգերը մեծ մասամբ նոր են: Կան մի քանիսը, որ նախապես տեղադրել եմ համացանցում, բայց հիմնական երգերը լսել են միայն ամենամոտ ընկերներս:
-Ամենափխրուն երազների մասին երգերում բարձրաձայնո՞ւմ եք:

-Իհարկե, հենց նրանց մասին են միշտ երգերը: Ի դեպ, օտար լեզվով ավելի հեշտ է, որոշ տաբուներ դուրս են գալիս։
-Լիլիթ, հաճախ եք օտար քաղաքների մասին գրում, Երևանն ի՞նչ տեղ ունի այդ քաղաքների բովում:

-Երևանն այն քաղաքն է, ուր միշտ վերադառնում եմ: Չնայած, կան նաև այլ քաղաքներ, որոնք արդեն հարազատ են, ու չեմ կարողանում դրանք օտար անվանել:

-Ի՞նչն է ձեզ տխրեցնում:
- Ոչինչ ինձ չի տխրեցնում: Ես մի օր նստեցի ու բացատրեցի ինքս ինձ, որ տխրելն անիմաստ է: Ես հաճախ զարմանում եմ, հաճախ` նյարդայնանում, այդ ամենը ժամանակավոր է: Հաճախ անզորությունից հուսահատվում եմ: Դրանք ժամանակավոր բաներ են: Ինչպե՞ս տխրես էս անհասկանալի կյանքում, երբ մի երկրում պատերազմ է, ու երեխաներ են սպանվում, իսկ հարևան պատի հետևում երեխան լաց է լինում նոր Այֆոնի համար: Տխրելն անիմաստ է, պետք է լուսավոր մի կետ գտնես, պահես ներսումդ, դրանից ջերմություն ստանաս, դրանով ապրես: Ու երգեր գրես, որ կլուսավորեն քո, գուցե՝ նաև ուրիշների կյանքը:

-Ասում են, կյանքը, որքան էլ ապրես, 50 տարի թե 70, մեկ ակնթարթի խորհուրդ ունի: Իսկ ե՞րգը:

-Չգիտեմ, հուսով եմ, դեռ կեսն էլ չեմ ապրել, ու կեսն էլ չեմ գրել գրվելիք երգերի:

-Ինչ կասեք վերջում` ընթերցողին, ունկնդրին, աշխարհին, թեկուզ ինքներդ ձեզ:

-Կուզեի, որ ավելի ուշադիր լինեինք ինքներս մեր հանդեպ, մեր մտքերի, ցանկությունների: Կուզեի՝ բոլորս ինչ-որ ցանկություններ ունենայինք, ինչ-որ կարևոր խնդիրներ դնեինք ինքներս մեր առջև: Հավատացեք, որ երբ այդպիսի խնդիր, ցանկություն, երազանք ես ունենում ու գնում ես դրա իրականացման ճանապարհով, շատ լուսավոր ու հետաքրքիր է դառնում կյանքը: Ասում են՝ կյանքի իմաստը կյանքին իմաստ տալն է: Կուզեի, որ ամեն մեկս ինչ-որ սեփական իմաստ տար մեր այս ընդհանուր կյանքին:


Ճեպազրույցը` Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Տեսանյութ

Corazón como prisión - Lilit Bleyan (live sound)
Դիտվել է՝ 4907

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ