ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Երկու ամիս բոլշևիկյան բանտում մաս 8-րդ

Երկու ամիս բոլշևիկյան բանտում մաս 8-րդ
18.10.2013 | 11:05

Բախշի ԻՇԽԱՆՅԱՆ


(սկիզբը` այստեղ)

Հունվարի 2-ն էր, երեկոյան ժամը 6-ը: Հանկարծ ներս մտան երեք հոգի` մի կոմիսար ու երկու ռուս զինվոր: «Հայտնում եմ ձեզ, որ չեկայի օրդերով դուք ձերբակալված եք»,- ասաց կոմիսարն ու սկսեց մանրազնին խուզարկել սենյակս: Իմ ու գործավարիս բոլոր առարկությունները, թե իմ հարցը պիտի վերանայվի կենտկոմում, թե ես այժմ հիվանդ եմ, ահա բժշկի վկայականը, թե տանտերը երաշխավորում է մինչև վաղը ինձ իր մոտ պահել և անձամբ հանձնել չեկային և այլն, ապարդյուն անցան, չեկայի հրամայազոր կարգադրությամբ պիտի ձերբակալվեի:
Ինձ տարան չեկա, հանգամանորեն խուզարկեցին և ամեն ինչ վերցրին: Մոտս ունեի հայկական դրամանիշներով 232000 ռուբլի և անդրկովկասյան բոներով 119000 ռուբլի. վերջինս նոր էի ստացել Թիֆլիսից` գրախանութներում վաճառված գրքերիցս: Չեկայում հայկական դրամը վերցրին, բայց չնկատեցին բոները, որոնք թաքցրել էի մեջքիս վրա, հագուստիս մեջ: Բանտում այդ գաղտնիքն էլ բացվեց` նույն երեկոյան խուզարկության ժամանակ վերցրին թաքցրած բոները, խոստանալով հաջորդ օրը ստացական տալ:
Այս անգամ ինձ տարան ուղիղ կենտրոնական բանտ կամ բերդ, որի ռեժիմի մասին մեզ սարսափելի բաներ էին պատմում զինվորական բանտում նստած ժամանակ: Բանտապետի օգնականը` Ռուբեն անունով մի բոլշևիկ, ինձ տեղավորեց մեծ բանտախցում, ուր արդեն նստած էին 23 հոգի (բոլորն էլ զանազան գործերով բռնված), խոստանալով հաջորդ օրը տեղափոխել ավելի վայելուչ խուց` մտավորականների մոտ:
Մի երկաթե դուռ բացեցին և ինձ ներս հրեցին:
Ամեն կողմից մոտեցան բանտարկյալները` իրենց նոր «ընկերոջ» ով լինելը իմանալու: Շատերը ճանաչում էին ինձ, բայց նրանցից ոչ ոք ինձ ծանոթ չէր: Նրանք բոլորն ազատության մեջ էին, երբ առաջին անգամ ինձ բռնել էին և այժմ էլ գիտեին, որ ազատվել էի, ուստի զարմացած հարցնում էին նոր բանտարկությանս պատճառների մասին:
Արդեն ժամը ութից անց էր: Խուցը բավական մութ էր, թեև լուսավորությունը էլեկտրական էր, բայց լամպն այնքան բարձր էր կախված և այնքան աղոտ էր լուսավորում, որ դահլիճի չափ մեծ խցի անկյուններում մարդ հազիվ կարողանար մի բան տեսնել: Սովորական հարցուփորձից և ամեն մեկն իր դարդուցավը մի քանի խոսքով պատմելուց հետո բոլորը քուն մտան: Բոլորը, բացի երկու հոգուց. մինչ մյուսները փռվել էին ցուրտ ու խոնավ գետնին` շատերը պատռտված լաթերի մեջ կոլոլված, այդ երկուսն իրենց տներից թախտեր էին բերել ու դրանց վրա էին քնում: Ես հետս ոչինչ չունեի, բացի իմ անբաժան հաստ վերարկուից: Թախտատերերից մեկն ինձ տրամադրեց իր լայն անկողնու մի անկյունը: Ես, իհարկե, ամբողջ գիշեր չքնեցի. նստում էի, քայլում, թեթևակի պառկում, նորից նստում` ինձ նետելով հազար ու մի խոհերի գիրկը:
«Այսպես, ուրեմն, ես նորից բոլշևիկյան բանտում եմ: ՈՒղիղ մեկ ամիս առաջ, դեկտեմբերի 2-ին, ինձ ձերբակալեցին. երկու շաբաթ բանտ նստեցի, երկու շաբաթ դրսում էի և այժմ նորից բանտ եմ նետվել: Ինչո՞ւ չվարվեցի մյուսների նման. Վահան Նավասարդյանը բանտից ազատվելուն պես թաքնվեց ու գաղտնի, այլոց հետ Երևանից հեռացավ Վրաստան: Ինչո՞ւ չօգտվեցի առիթից, չճողոպրեցի գազանների ձեռքից և երկրորդ անգամ զոհ գնացի իմ իդեալիզմին»,- հանդիմանում էի ինքս ինձ:
Բայց ի՞նչ էր նշանակում իմ այս նոր բանտարկությունը: Սենյակս խուզարկող կոմիսարն ասաց, որ հինգ օր անց հայ սպաների երկրորդ խումբն են ուղարկելու Բաքու և հավանաբար ինձ էլ այդ խմբի հետ կուղարկեն:
Եթե նախկին որոշումը մնացել էր անփոփոխ և ինձ աքսորելու էին Բաքու, հապա ինչո՞ւ բերեցին կենտրոնական բանտ, ուր սովորաբար բանտարկյալներին տեղավորում էին տևապես և անորոշ ժամանակով, ինչո՞ւ ինձ չպահեցին չեկայում` հինգ օր անց սպաների հետ Բաքու ուղարկելու համար: Անկարող էի որևէ բան հասկանալ, մինչև դրսի հավաստի աղբյուրներից ստույգ տեղեկություններ չստանայի: Ամենից առաջ ինձ պետք էր դրսի հետ կապ հաստատելու միջոց գտնել:
Միջանցքով գնում-գալիս և հաճախ մեր դռան առաջ կանգնում էր հսկիչը` մի հայ զինվոր: Հարցուփորձից երևաց, որ նա սուրմալեցի է` խմբապետ Դրոյի հայրենակիցն ու զինվորը, որը, որպես այդպիսին, իսկույն ևեթ վստահություն ներշնչեց: Չսխալվեցի, որովհետև նա շարունակ ցավակցում էր մեզ` բանտարկյալներիս, և նախատինքով արտահայտվում բոլշևիկների հասցեին: Առաջին հերթին նրան խնդրեցի, որ ծառայությունից հետո գնա իմ գործավարի տուն և ինձ համար անկողին ու թախտ բերի:
Ամբողջ գիշեր անհանգիստ էի: Քայլում էի, նստում, պառկում, նորից նստում, նորից քայլում և այդպես շարունակ. ձմեռվա երկարատև ու ցուրտ գիշերը մի կերպ լուսացրի:
Առավոտյան բանտարկյալները նորից խմբվեցին չորս կողմս, նորից հարցուփորձ սկսվեց. լուրը տարածվեց հարևան խցերում, և այնտեղից էլ մարդիկ եկան:
Հասկանում էի բանտարկյալների հոգեբանությունը. եթե նորեկը օրուգիշեր նրանց նորություններ պատմեր և նրանց բոլորին կամ ամեն մեկին առանձին հազար ու մի ենթադրություններ հայտներ նրանց վիճակի կամ գլխին գալիքի մասին, նրանք պատրաստ էին քար կտրած և անսպառ համբերությամբ լսել: Այդպիսիք են բանտարկված մարդիկ: Ճիշտ այնպես, ինչպես մեկը մի շատ կարևոր գործի համար օրեր ու ժամեր է հաշվում, թե երբ կստանա հեռագիր կամ նամակ, այնպես էլ աշխարհից կտրված, չորս պատերի մեջ գերված բանտարկյալը աչքը տնկած սպասում է, թե կգա՞ մեկը, որն իրեն մխիթարող, այս կամ այն նպաստավոր նշանակությունն ունեցող լուրը բերի: Քննիչն այսօ՞ր, թե՞ վաղը կգա, որ իրեն հարցաքննի ու համոզվի իր անմեղության մեջ և ազատելու ուրախ տեղեկություն հաղորդի:
Եվ ինչո՞ւ էին բանտարկել այդ խեղճերին:
Ահա մի շարք սպաներ, որոնց մեղադրում էին Դենիկինի զորքի մեջ գտնվելու համար:
-Մենք ի՞նչ մեղավոր ենք,- գանգատվում էր արմավիրցի մի հայ սպա,- որ լինելով Հյուսիսային Կովկասում, Դենիկինի հրամանով մեզ վերցրել են ռուսական զորամասերի մեջ: Դենիկինի փոխարեն բոլշևիկներն այնտեղ լինեին, կծառայեինք նրանց բանակում: Մի՞թե Դենիկինի զորքում լինել` նշանակում է հոգով ու գաղափարով Դենիկինին կողմնակից լինել: Որ մենք ներքուստ ոչ մի կապ ու հարաբերություն չենք ունեցել Դենիկինի գործի հետ, ապացույց է այն հանգամանքը, որ մենք` մի խումբ հայ սպաներ, պատեհ առիթից օգտվելով, այնտեղից թողել-փախել ենք, եկել ենք Հայաստան` մեր հայրենիքին ծառայելու: Մի՞թե այդ փաստը բավական չէ, որ մենք դենիկինցիներ չենք:
Ահա հինգ գյուղացիներ Երևանից ոչ հեռու, Փարաքար գյուղից, երկուսը` ուսուցիչ, մեկը` կոոպերատիվ գործիչ, մյուս երկուսն էլ` մասնավոր անձինք:
-Ախր, ի՞նչն է մեր մեղքը, որ շաբաթներով մեզ այստեղ փտեցնում են առանց հարցաքննության,- պատմում էին նրանք, մեկը մյուսին լրացնելով:- Երևակայեցեք, պարոն Իշխանյան, մեզ մեղադրում են այն բանում, որ երբ Երևանից լուր է հասնում Փարաքար, թե մեր նախկին իշխանությունը իր լիազորությունները զիջել է խորհրդային իշխանությանը և այսուհետև մեր երկրի տերերը լինելու են բոլշևիկները, իբր թե այդ ժամանակ հավաքված համագյուղացիներից մեկը` վարժապետ Գ-ն, բարձրաձայն ասում է. «Խե՜ղճ Հայաստան, նորից կորցրիր անկախությունդ, նորից քո տերերը օտարները դարձան», և իբր մենք արձագանքում ենք այդ խոսքերին, ասելով. «Այո՛, խե՛ղճ Հայաստան»: Ահա մեր այս հինգ հոգու դեմ բարդված ամբողջ մեղադրանքը: Մեզ ասում են. «Դուք դաշնակցականներ եք, որ այդպիսի խոսքեր եք ասել»:
-Աստված վկա, ես նման բան չեմ ասել,- հարեց ուսուցիչ Գ-ն,- եթե իմ կարծիքը այդպիսին էլ լիներ, միևնույն է, զգուշությունից ելնելով չէի ասի, որովհետև այնտեղ ներկա էին գյուղի ցեցերը, որոնք նոր տերերին դուր գալու համար ստոր մատնություններ կանեին: Եվ այժմ տեսնում եք, թշնամի մարդու լրտեսության զոհ դարձած` նստել ենք այստեղ, մեր ընտանիքներն անտեր ու քաղցած թողնելով: Մեր ամբողջ գյուղից,- շարունակեց ուսուցիչը,- հարյուրավոր ստորագրություններով համախոսական են ներկայացրել այստեղի չեկային, ուր գյուղացիները միաբերան երդվում են, որ մենք խորհրդային իշխանության դեմ ոչ մի հակառակ բան չենք անի: Բայց այդ համախոսականն էլ ոչ մի հետևանք չունեցավ, թեպետ մեր քննիչը հավաքական վկայությունը համարում էր միակ միջոցը: Ասացեք, ա՞յս է նրանց պաշտպանած արդարությունը, այսպե՞ս են նրանք պաշտպանում գյուղացիության շահերը, երբ արհամարհում են մի ամբողջ գյուղի վկայություն հօգուտ համագյուղացիների: Հենց այն սրիկան, որ մեզ մատնել էր, այժմ նշանակվել է Փարաքարի գյուղական հեղկոմի նախագահ, արժանի վարձատրություն է ստացել իր ստոր մատնության համար:
-Չեք պատկերացնի, պարոն Իշխանյան,- մեջ ընկավ գյուղացիներից մեկը` 45-ամյա, Փ. անունով մի բարձրահասակ, պնդակազմ մարդ,- թե ինչպիսի խուզարկություններ կատարեցին մեզ մոտ: Էջմիածնի չեկայի նախագահը` Լ. Ենգիբարյան անունով մի ավազակ, որ կաշին շուտ-շուտ փոխում է, նայած որտեղից ինչ օգուտ կարող է ունենալ (նախկին հնչակյան, հետո դաշնակցական, հիմա էլ` բոլշևիկ), ատրճանակը ձեռքին, զինվորներով շրջապատված եկավ մեզ մոտ. «Տեղներիցդ չշարժվե՛ք, բոլորիդ կկոտորեմ: Դուք, գյուղական կուլակներ, ինչ ունեք` մեջտեղ հանեք` ոսկի, արծաթ, թանկագին իրեր, պարեն և այլն: Եթե մի բան թաքցրել եք, շան նման կսատկացնեմ, հասկացա՞ք»: Այս սով ժամանակ հայ գյուղացու տանն ի՞նչ կարող է լինել: Ամեն բան հանում ենք, դնում այդ արնախում գազանի առաջ, մյուս կողմից էլ զինվորներն են տան անկյունները քրքրում: Պարոն Իշխանյան, անգամ կնոջս ճակատին կապած արծաթ փողերը հանեցին-տարան: Ինձ մոտ կար 5000 ռուբլի ռոմանովյան փող, այդ գազանը հենց որ տեսավ` իսկույն ձեռքիցս ճանկեց և բարկացած ասաց. «Մի՞թե չգիտես, որ արգելված է Նիկոլայի փողեր պահել, սովետական իշխանությունը այդ փողերը անպետք է հայտարարել և խստորեն պատժում է նրանց, ում մոտ գտնում է: Դու շնորհակալ եղիր, որ այդ փողերի մասին ես ոչինչ չեմ նշի արձանագրության մեջ, թե չէ հանցանքդ ավելի կբարդանա»: Ես պատասխանեցի, որ դեռ չեմ լսել այդպիսի օրենքի մասին, որով անպետք հայտարարվեին Նիկոլայի փողերը, ես պահանջեցի, որ նա ինձնից վերցրած դրամի համար ստացական տա, իսկ նա ոչ միայն ստացական չտվեց, այլև արձանագրության մեջ չնշեց:
-Դուք ձեր քննիչին չե՞ք ասել այդ ապօրինության մասին,- ընդհատեցի ես:
-Ինչպես չենք ասել, նա զարմացավ և ասաց, որ կստուգեն, բայց մինչև հիմա ոչ մի արդյունք: Պարոն Իշխանյան, հիմա ես ի՞նչ անեմ, ո՞ր քարը տամ գլխիս: Իմ ընտանիքը բաղկացած է 16 հոգուց, այրիացած քրոջս ու մեռած եղբորս որբերը ևս թափված են գլխիս, տան գլուխն ու բազմանդամ ընտանիքի միակ կերակրողը ես եմ, ի՞նչ անեմ, մի խորհուրդ տվեք, մեր մեծը, մեր միջի իմաստունը դուք եք:


(շարունակելի)

Հրապարակման պատրաստեց
Խաչատուր ԴԱԴԱՅԱՆԸ

Դիտվել է՝ 3001

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ