ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Հրաժարումն հերոսների ու հակահերոսների հիերարխիայից

Հրաժարումն հերոսների ու  հակահերոսների հիերարխիայից
18.10.2013 | 11:37

Վասակ Սյունին դավաճան չէ։ Հինգերորդ դարից մինչև մեր օրերը նրան համարել են դավաճան, որովհետև այդպես հեշտ է եղել իրավիճակը բացատրել, որովհետև երբ արտաքին թշնամիներին չենք կարողանում հաղթել, հնարում ենք ներքին թշնամի, նրան նշանակում մեղավոր: Որովհետև եթե կան հերոսներ, պարտադիր պիտի լինեն հակահերոսներ` մեզ այդպես ենք ընտելացրել ընկալել, բացատրել, ներկայանալ ու ներկայացնել: Մենք միայնակ չենք` շատերն են այդպես վարվում իրենց պատմության հետ: Բոլոր ժողովուրդների պատմության մեջ, հատկապես շրջադարձային պահերին, հայտնվում են մատնիչներ, դավաճաններ, ազգուրացներ: Կարևորը դա չէ, կարևորը` թե այդ ժողովուրդները ինչպես են նրանց հետ վարվում: Երբեմն ֆետիշացնում են ու ավելի մեծ դեր ու նշանակություն տալիս, քան նրանք ունեցել են, եթե մոռանում են հերոսներին, հակահերոսներին` երբեք: Ավելի հաճախ մոռանում են` համարելով, որ նրանք արդեն բավարար չարիք գործել են և պետք չէ որպես հակաօրինակ իսկ պահել, արհամարհանքն ու մոռացումը լավագույնն է, ինչին նրանք արժանի են: Հայերս առաջին ուղղությունն ենք նախընտրում: Ամենայն հավանականությամբ` թուլությունից, որովհետև երկրորդ դեպքում հարկադրված ենք եզրակացություններ անել ու փոխվել, հետևություններ անել, որոնց պատրաստ չենք: Պատմական ճշմարտության ու պատմական միֆի արանքում մենք մնում ենք ճզմված մեր թուլությամբ ու թերարժեքությամբ, որը իրականում չկա: Իրականում մենք ոչ թույլ ենք, ոչ էլ թերարժեքության որևէ պատճառ ունենք` բացի մեր ներքին կասկածներից ու տվայտանքներից:
Վասակ Սյունին դավաճան չէ: Հինգերորդ դարից կուտակված տեղեկատվական, փաստական, վերլուծական ամբողջ նյութը բաժանվում է երկու անհավասար մասերի` գերակշռողը դավաճանության վարկածինն է, քիչ, բայց եղել են մտածողներ, որ աներկբա չեն ընդունել այն, ինչ կանոն է եղել: Ինչո՞ւ է, այնուամենայնիվ, կարևորվում այս հարցը: Պարզ է, որ Վասակ Սյունու համար այլևս բացարձակապես միևնույն է, թե իր մասին ինչ կմտածեն: Ժառանգների համար նույնպես` նրանք պարզապես չկան: Պարզ է նաև, որ հակավասակյանները, որ շատ հարմար տեղավորվել են Վարդանանց լուսապսակի տակ (միանգամայն արժանի և վաստակած), երբեք չեն ընդունելու, որ արևը հավասար է լուսավորում բոլորին: Նրանց կողքին է եկեղեցին, որ սրբացրել է Վարդան Մամիկոնյանին և նզովել Վասակ Սյունուն` եթե ոչ պաշտոնապես, ապա իր պատմիչների ձեռամբ ու շնորհիվ: Արդեն ավանդույթ է ձևավորվել, ընկալման կարծրատիպ, որը, սակայն, ոչ մի կապ չունի իրականության ու բուն ճշմարտության հետ:
Պատմությունը իրականում հյուսվում է տասնյակ ու հարյուրավոր գործոնների ոչ միայն համադրումից, այլև հակադրումից, ոչ միայն համադրումից ու հակադրումից, այլև արտաքին ներգործություններից ու դրանց դիմակայելու անհրաժեշտությունից: Օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներից, անհատների կամքից ու նրանց ընդունած սխալ ու ճիշտ որոշումներից: Այդ պահին հասկանալի, հետո բացահայտ անհասկանալի քայլերից, որոնք, որպես կանոն, երբեք չեն բացատրվում: Եթե նույնիսկ ժամանակակիցներին տրված չէ իրենց ներկայությամբ կատարվածի մասին ամեն ինչ իմանալ, ի՞նչ կարող են հետնորդներն իմանալ: Նրանց մնում են ժլատ, հազվադեպ միայն անկողմնակալ տեղեկություններ այս ու այն հեղինակներից, տեղեկություններ, որ նույնքան հատվածական են, որքան հատվածական եղել է իրենց ընկալումը: Քաղաքակրթության պատմությունը գրում են պատմիչները, բայց իրենց ժամանակներում վերլուծում ու մեկնաբանում են սովորաբար քաղաքական գործիչները և այդ պատմության հետ վարվում են` օրվա նպատակահարմարությունից ելնելով` առանց խորանալու ճիշտ ու սխալի մեջ: Նրանց պետք են լինում իրենց գաղափարները հաստատող օրինաչափություններ ու փաստարկներ պատմական վկայությունների տեսքով, և նրանք օգտագործում են պատմությունը, ինչպես նկարիչն ընտրում է գույները իր կտավի հավաստիության համար: Պատմիչների, նրանց մեկնողների ու իրականության միջակայքում մնում ենք մենք, որ ընդամենը ցանկանում ենք իմանալ` իսկ ի՞նչ է կատարվել իրականում: Մենք, որ ընդամենը չենք ցանկանում ճշմարտության և ոչ ճշմարտության տարբերակումը կատարել մեծամասնություն-փոքրամասնություն հաշվեկշռով, համարելով, որ շատ չի նշանակում ճիշտ, իսկ քիչ` սխալ: Պատմական աղբյուրների ուսումնասիրմամբ, պատմական աղբյուրների հավաստիության և արժանահավատության քննարկմամբ է ներկայացվում հինգերորդ դարի կեսի իրադարձությունների համապատկերը բանասիրական գիտությունների թեկնածու ՀՐԱՆՏ ԱԴԱՄՅԱՆԻ «Պատմական ճշմարտության և պատմական միֆի միջակայքում» գրքում: Ի սկզբանե հեղինակը խնդիր չունի որևէ մեկին արդարացնել կամ որևէ մեկին մեղադրել, լինել Վարդանանց կամ Վասակյանց կողքին, նա Վարդանանց ու Վասակյանց ժառանգների կողքին է, որ իրավունք ունեն իմանալ ավելին, քան ընդունված է կարծել, ավելին, քան հայտնի է կարծրատիպերի ու քարացած ըմբռնումների մակարդակում տեղապտույտ տվող մեր ընկալումներում: Անսակարկ ու անվիճելի ճշմարտություններ չեն ներկայացվում գրքում, չկան նորահայտ ու անհայտ փաստերի բացահայտումներ, կա նոր հայացք ու նոր իմաստավորում պատմիչների թողած ժառանգության և այդ ժառանգության օգտագործման կերպերի ու պատճառների վրա: Սա գիրք է մտածող մարդու համար, որ անձրևի մեջ միայն ջուր չի տեսնում: Մտածող մարդու համար, որ կարևորում է ոչ միայն պատմությունը, այլև այդ պատմության հարաբերումը ներկային ու ապագային, պատճառահետևանքային կապը մեր պատմության ու մեր այսօրվա գոյության: Սա դժվար գիրք է, բայց անհրաժեշտ, որովհետև առանց որևէ պարտադրանքի ու կատեգորիկ գնահատումների պեղում-բացում է պատմականի մեջ այն շերտերը, որ երբևէ չեն արժևորվել ու չեն գնահատվել իրենց կարևորության հանգույն: Բացարձակ անկողմնակալությունը, դատավորի, դատախազի, դատապաշտպանի դերերից հրաժարումը միայն հարստացնում ու հավաստի են դարձնում հեղինակի եզրակացությունները, մղում իսկապես վերագնահատելու ոչ միայն 5-րդ դարից հայտնի իրադարձությունները, այլև արժեհամակարգը, որ որևէ գնահատականի հիմքում է ու պիտի լինի` կամայականություններից զերծ մնալու համար: Սա գիրք է բոլոր տարիքների համար, որովհետև մտածելու ունակությունը տարիքային սահմանափակում չունի, պարզապես կամ մտածում ես, կամ տրվում ես ինքնահոսի ու ընդունում ես` ինչ ասել են ու ասելու են: Գրքի արժանիքներից է պարզ լեզուն, որ բոլորովին չի հավակնում գեղեցկագրության` նպատակ ունենալով մատչելիությունը, բայց հենց այդ պարզության մեջ բացվում է հայերենի անանց գեղեցկությունը` քիչ բառանյութով մեծ արդյունքի հասնելու իր գաղտնիքով: Սա գիրք է անցյալի մասին, բայց այսօրվա համար, որովհետև մենք ընտրում ենք նույնիսկ այն դեպքում, երբ չենք ընտրում. մենք ընտրում ենք սև ու սպիտակի՞ տարբերակը, թե՞ խորանում ենք գույների ու նրանց համադրումների մեջ, ընտրում ենք մեծամասնությա՞ն կարծրատիպը, թե՞ հանդգնում ենք լինել փոքրամասնության մեջ, տարբերվել ու այսօր ասել վաղվա ասելիքը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ.- Հայրս վախճանվեց մեկ տարի առաջ: «Պատմական ճշմարտության և պատմական միֆի միջակայքում» գիրքը դարձավ նրա չորրորդ գիրքը ու առաջինը միաժամանակ. չորրորդը` ըստ ժամանակագրության, առաջինը` նրա ժամանակից դուրս: Բայց ես հավատում եմ, որ այս գիրքը ժամանակի մեջ անհրաժեշտ է ու մնայուն, պատճառը բոլորովին էլ նրա դուստրը լինելը չէ, պատճառը պատմական ճշմարտությունն ու պատմական միֆը տարբերելու կարողությունն է, իսկ պատմական ճշմարտության ու պատմական միֆի միջակայքում անկողմնակալ ու սթափ հայացք ունենալը:

Դիտվել է՝ 3036

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ