Ճանաչված ջութակահար Էդգար Հակոբյանը Մոսկվայի «Мир» համերգասրահում մենահամերգի ժամանակ ջութակային հեղափոխություն է կատարել: Էդգարը համերգը սկսել է իր հարազատ Երևան քաղաքի ծնունդը շնորհավորելով:
Էդգարի վարպետության շնորհիվ ջութակի՝ որպես բացառապես դասական երաժշտական գործիքի մասին պատկերացումը շատերի մոտ փոխվել է: Ներկաները հնարավորություն են ունեցել ունկնդրել երաժշտություն, որը ջութակահարը կոչում է «միավորող»:Աշնանային այդ գեղեցիկ երեկոյի ընթացքում այն իսկապես շատերին է միավորել: Հանդիսատեսը երկար կհիշի ջութակի միջոցով ստեղծված հրաշքը, Manuk Gazaryan Band-ի և Պրոկոֆևի անվան ռուսական սիմֆոնիկ նվագախմբի փայլուն ելույթները: Էդգարին աջակցելու էին եկել նաև նրա ընկերները՝ Տիգրան Պետրոսյանը, Լյուբա Ուսպենսկայան և «Sona»-ն: Կադրից դուրս է մնացել միայն Ռոբերտ Բոյմը՝ տաղանդավոր հնչյունային ռեժիսոր, ով դահլիճում հրաշալի հնչողություն է ապահովել:
«Շնորհակալ եմ համերգի բոլոր մասնակիցներին, ամենից առաջ` ինձ հետ բեմում հանդես եկած երաժիշտներին: Նրանք պրոֆեսիոնալներ են և նրանց հետ հաճելի է ելույթ ունենալ»,- պատմել է Էդգար Հակոբյանը:
«Իմ բազմաթիվ ընկերները, ովքեր համերգի համար ժամանել էին արտերկրից, խոստովանեցին, որ միջոցառումն անցավ բարձր մակարդակով: Ինձ շատ ուրախացրեց մեծ թվով հանդիսատեսի ներկայությունը: Դա խոսում է այն մասին, որ մեզ իսկապես հաջողվեց փոքրիկ երաժշտական հեղափոխություն կատարել: Դահլիճում հրաշալի մթնոլորտ էր: Հաճելիորեն զարմացրեց նաև այն, որ իմ Facebook-ի էջում, փաստորեն, իմ համերգի հանպատրաստից առցանց-հեռարձակում սկսվեց: Ուրախ եմ, որ այդ հրաշալի օրը բեմում էի. իմ հարազատ Եևան քաղաքի և եղբորս ծննդյան օրն էր»,- ասել է երաժիշտը: