ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Տիեզերահունչ սիմֆոնիա, «լուսերգություն», որը ցրում է մեզ պաշարող խավարը

Տիեզերահունչ սիմֆոնիա, «լուսերգություն»,  որը ցրում է մեզ պաշարող խավարը
11.10.2013 | 11:21

Անզգամն ասաց իր սրտում,
թե չկա՛ Աստված.
Ապականվեցին ու պղծվեցին իրենց
անօրենության մեջ...
Խժռում են իմ ժողովրդին իբրև
կերակուր և հաց, և Տիրոջը չեն դիմում...
(Սաղմոս 13)

Օրերս լույս է տեսել... Ավելի ստույգ, ընթերցողներս ենք Լույս տեսել։ Նա ճառագում է «Մեծերը Աստծո մասին» նորալույս գրքի յուրաքանչյուր էջից. նույնիսկ գունագեղ կազմից, որտեղից ընթերցողին են «նայում» Մեսրոպ Մաշտոցը, Նյուտոնը, Հովհաննես Թումանյանը, Ալբերտ Էյնշտեյնը, Բեթհովենը և այլ մեծեր։ Գիրքը թողարկել է «Անահիտ» հրատարակչությունը։ Այն նմանվում է ավետարանական լույսով ողողված մի համաստեղության, որտեղ շողշողում է 288 աստղ։ Դրանք համայն մարդկության սերուցքը հանդիսացող մտածողներ են, ովքեր, իրենց բազում տարբերություններով հանդերձ, միաբան են մեկ՝ ամենակարևոր հարցում, որ է հավատն առ Աստված։
«Աստծո մեծությունը և Նրա Խոսքի անառարկելի վսեմությունն ընդունում են մեծամեծ գիտնականները, իրավաբանները, քաղաքական գործիչները, փիլիսոփաները, ռազմական և պետական գործիչները, գրողները, արվեստագետները»,- գրքի առաջաբանում գրում է Արտակ Ոսկանյանը, որի աշխատասիրությամբ է լույս տեսել սույն ժողովածուն։ Այն ասես մի կենդանի եկեղեցի լինի, տիեզերական ժողով (էկլեզիաս), որի անդամներն են Գրիգոր Նարեկացին, Ներսես Շնորհալին, Շեքսպիրը, Լայբնիցը, Բախը, Մոցարտը, Կանտը, Դոստոևսկին, Տոլստոյը և այլք, իսկ այդ եկեղեցու գլուխը՝ Քրիստոս։ Հիսուս ասում է. «ՈՒր երկու կամ երեք հոգի հավաքված լինեն իմ անունով, այնտեղ եմ Ես, նրանց մեջ» (Մատթեոս, 18։20)։ Իսկ հիշյալ գրքում հավաքված են 288 հոգի. ահա թե ինչու այն այդքան «հնչեղ» է, ինչպես մի մեծակերտ աղոթերգություն։
Ինչպես նշվեց, գրքում ընդգրկված են այնպիսի հեղինակություններ, որոնցից յուրաքանչյուրի խոսքը բավական է, որ բարեփոխի մարդուն, ինչպես այն անհավատին, որը Բախի քրիստոսերգությունը լսելով, դարձավ հավատացյալ։ Սակայն բանսարկուն քնած չէ, և ընդհանրապես նա չի քնում, այլ մշտապես շարունակում է իր սև գործը։
Ասում են՝ սուտը գաղտնի է մնում մինչև 40 օր։ Բայց Նժդեհի խոսքով ասած, «Դիվապետությունում», այսինքն՝ ԽՍՀՄ-ում, սուտը գաղտնի մնաց 70 տարի և 40 օր։
Զարմանալի է, որ աթեիստները, օգտագործելով ամենախոր հավատացյալների նվաճումները գիտության և տեխնիկայի ու այլ բնագավառներում, նրանց ներկայացրել են որպես անհավատների։ Սրանով նրանք աղավաղում էին, խաթարում ազնիվ գործիչների բարոյական կերպարը, բացի այդ, մարդկանց զրկում ինֆորմացիայի, ճշմարտությունն իմանալու իրենց իրավունքից։ Հիրավի, ինչպե՞ս կարելի է Բախին վերագրել, որ նրա համար Քրիստոսը ոչ թե կենդանի Աստված էր, այլ իդեալական մարդ, խորհրդանիշ, իբր թե կրոնը պարզապես տվյալ դարի սիմվոլիկ գաղափարախոսությունն էր։ Մինչդեռ «Մեծերը Աստծո մասին» գրքում վերականգնվում է Բախի իսկական դեմքը։
«Այն, որ Բախը ճշմարիտ հավատացյալ մարդ էր, վկայում են պարտիտուրաների վրա արված մակագրությունները. «Փառքը միայն Աստծունն է» կամ «Հանուն Աստծո փառքի», «Գոհություն մեր Տեր Հիսուս Քրիստոսին», «Հիսուս, օգնիր», ընդ որում, այդ մակագրությունները նրա համար ոչ թե լոկ խոսքեր էին, այլ իր ողջ ստեղծագործության միջով անցնող հավատի դավանություններ։ Բախն ասում էր. «Երաժշտության գոյությունը բացառապես Աստծո փառքի և մարդկային հոգու վերակենդանացման համար է» («Մեծերը Աստծո մասին», Ե., 2013, էջ 17)։
Լռում էին և ֆիզիոլոգիայի ռուսական դպրոցի հիմնադիր Իվան Պավլովի հավատի մասին։ Մինչդեռ ակադեմիկոսը խոստովանել էր. «Ինչ որ անում եմ, մշտապես մտածում եմ, դրանով ծառայում եմ առաջին հերթին Աստծուն և իմ հայրենիքին» (անդ, էջ 183)։ Անհավատության տարիներին առավել ևս նենգափոխել էին Դարվինի մտքերը, անտեսելով նրա հետևյալ խոստովանությունը. «Ես չձևավորված հայացքներով երիտասարդ էի ու ենթադրություններ էի անում... և ի զարմանս ինձ, այդ գաղափարները խլվում ու տարածվում էին... Մարդիկ իմ այդ տհաս գաղափարները փոխարկում էին կրոնի»։ Մահվան շեմին Դարվինը սկսեց կարդալ Նոր կտակարանը... Իսկ հետո խնդրեց իր ծանոթ քրիստոնեուհուն, որ Աստծո ծառաներից մեկին իր մոտ զրույցի հրավիրի։ Այն հարցին, թե ո՞ւմ կամ ինչի՞ մասին կլինի զրույցը, Դարվինը պատասխանեց. «Հիսուս Քրիստոսի և փրկության, որ Նա տալիս է մեզ» (անդ, էջ 48)։ Իտալիայի ազգային-ազատագրական շարժման ռահվիրա Ջուզեպպե Մաձինին, ում հանձնարարությամբ Ջուզեպպե Վերդին ստեղծել է «Շեփորն է հնչում» հիմնը, գրել է. «Աստված կա։ Մեզ պետք չէ դա ապացուցել։ Աստծո գոյությունն ապացուցելն իրականում սրբապղծություն է, իսկ հերքելը՝ անմտություն... Աստծո գոյությունը հերքել... կարող է կա՛մ շատ ողորմելի, տգետ, կա՛մ շատ անբարոյական մարդը» (անդ, էջ 130-131)։ Այս խոսքերից հետո, մեր կողմից անլրջություն կլիներ որերորդ անգամ հիմնավորել Աստծո գոյությունը։ Սակայն հարկ ենք համարում մեջբերել մի քանի դրվագ ոչ միայն հիշյալ գրքի մասին պատկերացում տալու, այլև վերականգնելու համար հավատավոր գործիչների աղավաղված կերպարները։ Դա հատկապես վերաբերում է գիտնականներին, ովքեր գործ ունեն ֆիզիկական, նյութական աշխարհի հետ, ովքեր գործի բերումով կարող են թերահավատության հակում ունենալ։ Մանավանդ որ մատերիալիստները, աթեիստները մեծագույն նախանձախնդրությամբ գիտությունը հակադրում էին կրոնին՝ թվացյալ, արհեստական մի հակադրություն, որը փայլուն կերպով ներդաշնակել են Իսահակ Նյուտոնը, Բլեզ Պասկալը, Լայբնիցը, Ալբերտ Էյնշտեյնը, ով ասում էր. «Ես հավատում եմ Աստծուն որպես Անձի, և միանգամայն անկեղծ կարող եմ ասել, որ իմ կյանքում մի րոպե անգամ չեմ եղել աթեիստ» (անդ, էջ 64)։ Իսկ առաջին էլեկտրոնային լամպի ստեղծող Ֆլեմինգը և՛ ֆիզիկոս էր, և՛ քարոզիչ։ Ֆրանսիացի մեծ մաթեմատիկոս Օգյուստեն Կոշին վկայել է. «Ես քրիստոնյա եմ, այսինքն՝ հավատում եմ Հիսուս Քրիստոսի Աստվածությանն այնպես, ինչպես հավատում էին Կոպեռնիկոսը, Դեկարտը, Նյուտոնը, Լայբնիցը, Պասկալը, Էյլերը, ինչպես նաև անցած դարերի բոլոր մեծ աստղագետները, ֆիզիկոսները, մաթեմատիկոսները» (անդ, էջ 105)։
Ի դեպ, Նոբելյան մրցանակի դափնեկիր, քիմիկոս Պոլ Սաբատիեն ասում էր. «Բնական գիտություններն ու կրոնը միմյանց են հակադրում միայն այն մարդիկ, ովքեր վատ գիտեն թե՛ մեկը, թե՛ մյուսը» (անդ, էջ 206)։ Այս հարցում ամփոփիչ է ֆիզիկոս Մաքս Պլանկի հետևյալ միտքը. «Կրոնը և գիտությունն իրենց հիմնավորման համար պահանջում են հավատ առ Աստված... ամենևին չեն բացառում իրար, ինչպես ենթադրում էին առաջ և ինչից վախենում են մեր շատ ժամանակակիցներ, ընդհակառակը, դրանք փոխհամաձայնության մեջ են և լրացնում են մեկմեկու» (անդ, էջ 189)։
Դյուրին չէ համատեղել հատկապես հավատն ու քաղաքականությունը, որտեղ անխուսափելի են դիվանագիտական ճկունությունը, շահերի բախումը, որտեղ ստիպված են լինում նեղկուսակցական, դասակարգային, պետական շահերն ավելի բարձր դասել, քան համամարդկային արժեքները։ Համենայն դեպս, համատեղելու դրական փորձեր եղել են։ ԱՄՆ-ի 2-րդ նախագահի որդի Ջոն Ադամսը, որը 6-րդ նախագահն էր և ԱՄՆ-ի 1-ին դեսպանը Ռուսաստանում, խոստովանել է. «Այնքան մեծ է իմ հարգանքը Աստվածաշնչի նկատմամբ, որ ինչքան շուտ իմ զավակները սկսեն կարդալ, այնքան ավելի վստահ կլինեմ, որ նրանք օգտակար քաղաքացիներ և հասարակության հարգարժան անդամներ կդառնան... Ամեն առավոտ անկողնուց ելնելուն պես ընթերցում եմ չորս-հինգ գլուխ... և ինձ թվում է, թե օրն այդ կերպ սկսելուց առավել նպաստավոր ոչինչ չկա» (անդ, էջ 9)։ ԱՄՆ-ի հաջորդ նախագահ Էնդրյու Ջեքսոնի համոզմամբ. «Քրիստոսը վեմ է, ՈՒմ վրա հանգչում է մեր հավատը, իսկ Աստվածաշունչը վեմ է, որի վրա հանգչում է մեր հանրապետությունը» (անդ, էջ 5)։ Թեոդոր Ռուզվելտը ևս մեծապես կարևորում էր հավատի դերը. «Աստվածաշնչի վարդապետություններն այնպես են միահյուսվում մեր քաղաքացիական և հասարակական կյանքին, որ անհնար է պատկերացնել մարդկային կյանքն առանց Սուրբ գրքի» (նույն տեղում)։ Իսկ ըստ Դուայթ Էյզենհաուերի. «Առանց հոգևոր վերածննդի և առանց Գողգոթայի մարդկությունը չի կարող խուսափել երրորդ համաշխարհային պատերազմից» (նույն տեղում)։
Ընթերցելով ԱՄՆ-ի մյուս նախագահների խոստովանությունները, տպավորություն է ստեղծվում, որ առանց հավատի ոչ ոք չի կարող պետություն ղեկավարել։ Պատահական չէ, որ ԱՄՆ-ի 1-ին նախագահ Ջորջ Վաշինգտոնն ասում էր. «Անհնար է աշխարհը ղեկավարել առանց Աստծո և Աստվածաշնչի», ասում էր ու վկայակոչում 97-րդ Սաղմոսը. «Արդարությունը և իրավունքը կենդանի Աստծո աթոռի հիմքն են», ուստի ճշմարտությունը և արդարադատությունը պետք է լինեն յուրաքանչյուր պետության աթոռի հիմքը» (անդ, էջ 221)։
Սրանով էր ղեկավարվում և ԱՄՆ-ի 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնը, որը «գծել և հաստատել էր ազատ և անկախ Հայաստանի քարտեզը, որը մինչ օրս համարվում է իրավական փաստաթուղթ»։ Վիլսոնը գրել է. «Մեր քաղաքակրթության ֆիզիկական գոյությունն անհնար է առանց Նրա հոգևոր փրկագնման։ Մարդը կփրկվի միայն այն ժամանակ, երբ կլցվի Քրիստոսի Սուրբ Հոգով» (անդ, էջ 228)։ Ի պատասխան այն հարցի, թե որն է Անգլիայի զորության գաղտնիքը, Վիկտորիա թագուհին պատասխանել էր. «Ես Աստվածաշնչին եմ վերագրում Անգլիայի մեծությունն ու փառքը» (անդ, էջ 229)։
Մինչդեռ աշխարհում քիչ չեն այն ղեկավարները, ովքեր Աստվածաշունչը տեսնում են միայն երդմնակալության օրը, այն էլ փակ վիճակում, որի վրա դնում են իրենց աջը և... հրապարակավ ստում։ Ահա թե որտեղից են մարդկության աղետները։ Նման ղեկավարները, ինչպես Ավետարանում է ասվում, ո՛չ Աստծուց են վախենում, ո՛չ էլ մարդկանցից ամաչում...
Խնդրո առարկա գիրքը հագեցած է հոգևոր սննդի մեծ պաշարով։ Այն կարող է բավարարել հասարակության բոլոր խավերին։ Եվ անհրաժեշտ մի ուղեցույց է հատկապես դպրոցականների, երիտասարդների, կյանքի ուղին փնտրողների համար։ Գիրքը նաև զերծ կպահի զանազան աղանդներից և այլ գայթակղություններից։ Կբացահայտի ճշմարտության, գեղեցիկի ու բարու աղբյուրը։ Կձևավորի առաքինասեր վարք, համեստություն, աշխատասիրություն, հայրենասիրություն։ Գրքում ներկայացված մեծերի օրինակը զերծ կպահի եսապաշտությունից, մեծամտությունից, կռապաշտությունից և չարին ծառայելու մոլորությունից։ Պաբլո Պիկասոն ասել է. «Աստված նկարիչ է, և Նրան են փորձում ընդօրինակել բոլոր նկարիչներն առանց բացառության։ Նկարիչները նոր գույն կամ նոր պատկեր չեն ստեղծում, նրանք լոկ արտանկարում են այն, ինչ իրենց աչքին է բացահայտվում» (անդ, էջ 187)։
Այս գաղափարն ամբողջանում է մեծ ֆիզիկոս Էռնեստ Ռեզերֆորդի հետևյալ խոսքում. «Բոլոր հայտնագործությունները տրվում են Աստծուց՝ ի բարօրություն մարդու... իսկ եթե գիտնականը չի հավատում Աստծուն և չի սիրում նրա արարչությունը, ապա նրա հայտնագործությունները կվնասեն ողջ մարդկությանը» (անդ, էջ 197)։ Ինչպես նշել է Ջեյմս Մաքսվելը, «Աստվածաշունչը» պատասխանում է մեր բոլոր հարցերին» (անդ, էջ 139)։
«Մեծերը Աստծո մասին» գիրքն այնքան գրավիչ է ու բովանդակալից, որ դժվար է պոկվել նրանից, և եթե ես այստեղ չզսպեմ ինձ, կարող եմ գիրքն ամբողջությամբ արտագրել, ինչպես միջնադարյան նվիրյալները, ովքեր Ավետարանը բազմացնելու նպատակով արտագրում և ընծայում էին եկեղեցուն։ Սուրբ Հոգով շաղախված, մեծերի մտքերը պարունակող այս գիրքը նման է տիեզերահունչ սիմֆոնիայի, մի «լուսերգություն» է, որը ցրում է մեզ պաշարող խավարը։ Այն մեծ նվեր է մեր ընթերցողներին, որի համար շնորհակալ ենք գիրքը կազմող Արտակ Ոսկանյանին և նրա ղեկավարած «Անահիտ» հրատարակչությանը «հանուն Աստծո փառքի»։


Դանիել ԵՐԱԺԻՇՏ

Դիտվել է՝ 4730

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ