Բախշի ԻՇԽԱՆՅԱՆ
(սկիզբը` այստեղ)
Իր ազնվության և քաղաքացիական համարձակության փայլուն ապացույցը նա ցույց էր տվել առաջին իսկ վայրկյանին, երբ ոտք էր դրել հայոց հողի վրա: Նա Դիլիջան էր հասել այն ժամանակ, երբ վերոհիշյալ ձերբակալված խմբին ռուս կազակները Ղարաքիլիսայից բերել ու համառորեն պահանջում էին Ղազախով նրանց տանել Բաքու` այնտեղ նրանց դատը տեսնելու համար: Ձերբակալվածների բոլոր դիմումներն ու խնդրանքները Դիլիջանի ռուս ու հայ կոմիսարներին` Բաքվի փոխարեն իրենց Երևան տանել, ապարդյուն էին անցել: Երբ այդ մասին հայտնում են նոր ժամանած Ս. Բաղդատյանին, վերջինս զայրանում է իր ստորաքարշ ընկերների վրա և պահանջում ձերբակալվածներին տանել Երևան, ասելով. «Հայաստանի քաղաքական բանտարկյալները կարող են դատվել միայն Հայաստանում և ուրիշ ոչ մի տեղ»: Նա անմիջապես կարգադրում է ձերբակալվածներին ավտոմոբիլով ու վստահելի պահակի ուղեկցությամբ տեղափոխել Երևան: Ընդ որում, ինքն էլ նստում է նույն ավտոմոբիլը:
Հակառակորդի այս ազնիվ վարմունքի մասին խորին երախտագիտությամբ ինձ պատմում էին բռնված խմբի անդամները: Նրանց ոչ մի փրկություն չէր լինի Բաքվի բանտում ու չեկայում, որոնք այնքա՜ն հայեր էին անվերադարձ կուլ տվել (դիցուք, Բաքվում բռնված հայերից և Հայաստանից գերի տարած Մանասյանին՝ իր ընկերներով):
Մեկ ուրիշ փաստ: Երբ Բաքվի տեղական խորհրդային իշխանությունը, այսինքն` մուսուլման բոլշևիկներից բաղկացած հեղկոմը, հեռագրով դիմում է Երևան և առաջարկում բանտից ազատել Խան-Նախիջևանսկուն (միակ հաստափոր թուրք կալվածատերը Երևանի բանտում), հայ ստրկամիտ կոմիսարները մտադրվում են հարգել իրենց թաթար ընկերների դիմումը: Սակայն Բաղդատյանը, որ ուշացած է լինում այդ նիստից, վրա է հասնում, չեղյալ հայտարարում կայացրած որոշումը, սպառնալով հակառակ դեպքում բանտից ազատել բոլոր դաշնակցականներին:
Այս երկու փաստերը (նմանները շատ են) բնորոշում են, թե Բաղդատյանն ինչպիսի բացառիկ դեմք էր հայ տխրահռչակ «գործիչների» շարքում: Հայաստանի իրավիճակին ծանոթանալուց հետո, նա շատ էր նեղսրտել իր ընկերներից, որոնք շարունակական բանսարկություններով Մոսկվայի գործիչներին գրգռում էին փութացնել Հայաստանի խորհրդայնացումը:
Մի մարդ, ով հոգով ու կրթությամբ գրեթե ռուսացած էր, ով հազիվ էր հայերեն բացատրվում, թեև ղարաբաղցի էր, ով որևէ կապ ու հարաբերություն չէր ունեցել հայ հասարակական իրականության ու մշակութային միջավայրի հետ` շարունակ գտնվելով ռուսական քաղաքներում, բանտերում ու Սիբիրի խորքերում, ահա այդ մարդը` Ս. Բաղդատյանը, շատ ավելի հանդուրժողական վերաբերմունք ուներ հայ երկրի բացառիկ կացության հանդեպ, ավելի ազնիվ ու խոհեմ էր իր քաղաքական հակառակորդների նկատմամբ, քան այն ավիսները, որոնք տարիներ շարունակ սնվել էին դաշնակցության ազգայնական գաղափարախոսությունից և նրանց շարքերում ունեցել մտերիմ ընկերներ, քան տիրացուական տափակությամբ բոլշևիկ դարձած սեմինարիստներն ու ճեմարանականները, որոնք հայոց լեզվի ու պատմության վրա գլուխ կոտրելուց հետո դարձել էին այնքա՜ն ալ-կարմիր «ինտերնացիոնալիստներ», որ խուսափում էին հայերեն խոսելուց ու հայատառ պաշտոնական գրություններ ստանալուց:
Այո, այդպիսին էր այլանդակ իրականությունը:
Եվ դա հասկանալի էր:
Բաղդատյանները օտար երկնակամարի տակ` լայնածավալ Ռուսաստանում, գաղափարական գործունեության և պայքարի հնոցում արդեն վաստակել էին անուն ու դիրք և բնավ կարիք չունեին նոր «դափնիներ» ձեռք բերելու խղճուկ Հայաստանում: Մյուս հայ բոլշևիկները՝ Հովհաննիսյանները, Դովլաթյանները, Ավիսները, տիրացու սեմինարիստներն ու ճեմարանականները և նման բազմաթիվ տիպեր, օտար հորիզոններում լինելով ոչնչություններ, ձգտում էին ամեն գնով հագուրդ տալ իրենց անձնական ու խմբակային իշխանատենչ հակումներին` զավթել հրամայողի իրավունք, տիրապետողի փառք ու վայելողի հանգիստ` Հայաստանի անկման և հայ ժողովրդի անօրինակ թշվառության գնով:
Ահա թե ինչու Հայաստանի նոր տերերի շարքերում չկային Բաղդատյաններ:
Մեր բանտային օրերը շատ դանդաղ էին անցնում: Թե Օվին և թե ես սպասում էինք, որ շուտով մեզ կազատեն: Ամսի 13-ին ինձ դրսից հաղորդեցին, որ այսօր-վաղը արձակելու են, որ Բաղդատյանը եռանդով աշխատում է ինձ համար: Օվին ու ես վիճում էինք դրա շուրջ. ես նրան ավելի վաղ էի ազատություն կանխատեսում, քան ինձ, իսկ նա` հակառակը, այն աստիճանի, որ գրություններ էր պատրաստում իմ միջոցով իր այս կամ այն ընկերոջը հասցնելու համար:
Իմ կանխատեսումը կատարվեց. դեկտեմբերի 15-ի երեկոյան ազատեցին բժիշկ Օվի Տեր-Միքայելյանին, նախապես չեկայում նրանից ստորագրություն վերցնելով, որ պարտավորվում է մնալ Երևանում ու հարկ եղած դեպքում ներկայանալ:
Ես ու անգլիացին մնացինք մենակ: Անցած օրերի ընթացքում Օվուն շատ էի ընտելացել, իսկ հիմա ժամանակն անցնում էր տաղտկալի և սպանիչ դանդաղությամբ: Անգլիացին, որպես զրուցակից, անհետաքրքիր էր: Ընթերցանության գրքերս վերջացել էին, դրսից սպասում էի նոր գրքերի: Բանտում եղած սակավաթիվ բանտարկյալներից` դեռևս հին իշխանության օրոք եղածներից չկար մեկը, որ կարողանայի հետը զրուցել. դրանք դասալիք զինվորներ էին ու մի քանի քրեական հանցագործներ: Լուր էր տարածվել, թե նոր իշխանությունը ազատելու է բոլոր դասալիքներին, ուստի վերջիններս` հիմնականում ծառայությունից խուսափած կամ պատերազմի դաշտից փախած այդ երկչոտ անզգամները, նոր տերերին ավելի դուր գալու համար կարմիր ժապավեններ էին կապել: Իրոք, մի քանի օր անց, բոլոր դասալիքներին ազատեցին: Հին իշխանության օրոք դասալիքները խրախուսանքի արժանացան բոլշևիկ կառավարիչների կողմից, և դա միանգամայն հասկանալի վարքագիծ էր:
Այդ օրը երեկոյան լուր տարածվեց, թե հաջորդ առավոտ արդարադատության նոր կոմիսար Ս. Բաղդատյանն այցելելու է բանտեր: Անգլիացին խնդրեց, որ իր համար բարեխոսեմ. խոստացա: Ես ցանկանում էի, եթե հանգամանքները ներեին, եթե այլ անդուր տիպեր չլինեին նրա հետ, վաղեմի ծանոթիս հետ խոսել մի քանի հարցերի շուրջ:
Հաջորդ օրը, հինգշաբթի, դեկտեմբերի 16-ին, իրոք, մեր բանտ եկավ նոր կոմիսարը (նա այցելել էր նաև կենտրոնական բանտ, ուր արդեն տեղափոխել էին ձերբակալված դաշնակցականների խմբին): Շրջելով բանտում, վերջում նա եկավ մեզ մոտ:
Հիմա, առանց րոպե իսկ տատանվելու, ես ցանկանում եմ բացեիբաց ու բառացիորեն հրապարակի վրա դնել այն խոսակցությունը, որ բանտի չորս պատերի մեջ ունեցել եմ Ս. Բաղդատյանի հետ, ընդ որում, առանց մեկնաբանությունների, առանց բացատրությունների: Ես ուզում եմ ընթերցողներին հրամցնել այն երկխոսությունը, որ տեղի է ունեցել կոմիսարի ու բանտարկյալի միջև:
Առաջին խոսքը, որ նա ուղղեց ինձ, հետևյալն էր.
-Բախշի, եթե մերոնք ոչ մի հիմք էլ չունենային քեզ ձերբակալելու, այնուամենայնիվ, անհրաժեշտ էին քո ժամանակավոր բանտարկությունը և այդ մասին Բաքվին հայտնելը, որպեսզի դրանով բավարարություն տայինք թուրքերին:
-Ես քեզ չեմ հասկանում, Սերյոժա,- զարմացա ես,- ի՞նչ բավարարության մասին է խոսքը:
-Խոսքը վերաբերում է «Բաքվի մեծ սարսափները» քո վերջին գրքին: Դա թուրքերին չափազանց դառնացրել ու լարել է քո դեմ:
-Բայց, Սերյոժա, չէ՞ որ այդ գիրքը վերաբերում է այն եղեռնագործությանը, որ տեղի է ունեցել 1918 թ. սեպտեմբերին, Բաքվի անկման հետևանքով, չէ՞ որ գրքումս քննադատել եմ տաճկական գամփռների և Ադրբեջանի մուսաֆաթական կառավարության բարբարոսությունները, չէ՞ որ այժմյան տերերը ձեր բոլշևիկ թուրք ընկերներն են, ի՞նչ կապ ունեն նրանք հին հաշիվների, իրենց չվերաբերող անցյալի հետ…
-Եղբայր, ճիշտ ես ասում,- ընդհատեց ինձ խոսակիցս,- ես քեզ լիովին հասկանում եմ, բայց էլի նույն թուրքերն են, չէ՞, վերջապես նրանք էլ հաշվի են նստում մյուս թուրքերի հետ:
-Փառք Աստծո, որ այդ բանն ասում է բոլշևիկը, նման ինքնախոստովանությունը գրաբար այսպես են որակում. «Ի բերանէ քումմէ դատեսցիր զքեզ», իհարկե, դու չես հասկանում այդ բառերի իմաստը: Բայց թողնենք այդ,- փոխեցի խոսակցության նյութը,- ասա խնդրեմ` ինչպիսի՞ քաղաքական վարքագիծ եք մշակել Հայաստանի համար: Գոհունակությամբ պիտի նշեմ, որ մինչ այժմ ձերոնց վարած քաղաքականությունը բավական ազատ է եղել ձեր աշխարհում ընդունված սովորական բռնություններից…
-Ցավն այն է, որ մենք այժմ դժվար դրության մեջ ենք,- ասաց կոմիսարը:- Մի կողմից՝ Ադրբեջանի հեղկոմը, մյուս կողմից՝ Անկարայի ներկայացուցիչները կասկածելի հարցեր են հղում մեզ, ասելով` ո՞ւր է սովորական ու հարազատ բոլշևիզմը Հայաստանում, ինչո՞ւ չեք խորացնում կռիվն ու հալածանքները հակահեղափոխականների դեմ: Ահա ինչ են պահանջում մեզնից:
-Օ՜, Սերյոժա, հիմա արդեն հասկանում եմ քեզ: ՈՒրեմն միասնական մուսուլմանությունը ձեր միջոցով իր դիվային ծրագրե՞րն է ուզում առաջ տանել այս դժբախտ երկրում` իր պահանջները քողարկելով բոլշևիկյան կանոնագրքի կամ հեղափոխական ֆրազաբանության տակ: Այլ խոսքով՝ պանիսլամիզմի գաղափարախոսները արյան փոխհատուցո՞ւմ են պահանջում ձեզնից…
-Նրանք ասում են,- վրա բերեց խոսակիցս,- մուսուլման բոլշևիկներս Բաքվում այնքա՜ն ադրբեջանցի հակահեղափոխականների ենք գնդակահարել, ո՞ւր է նման գործելակերպը Երևանում…
-Բավական է, Սերյոժա, բավական է, ես արդեն ամեն բան հասկանում եմ: Բայց, Սերյոժա, ի՞նչ պատասխան եք տալիս դուք, ձեր հեղկոմը:
-Մենք աշխատում ենք նրանց հասկացնել Հայաստանի բացառիկ վիճակը, մարդիկ ուղարկել Բաքու անձնական բացատրություններ տալու համար: Ես ինքս 10-15 օրից գնալու եմ:
-Լսիր, Սերյոժա, ինչո՞ւ չեք հասկացնում արյան վրիժառությամբ մեր դեմ թունավորված ձեր այդ «գաղափարակից» պարոններին, որ արյան փոխհատուցման տեսակետից հայ ժողովուրդը, մանավանդ հայ մտավորականությունը, իր տուրքը բոլշևիզմին չափից ավելի է արդեն տվել: Այդ կեղծ հեղափոխականներին ու կոմունիստներին ինչո՞ւ չեք բացատրում, որ մինչև Բաքուն ձեր կողմից գրավվելը, այսինքն` Ադրբեջանը խորհրդային դարձնելը, մուսաֆաթությունը գեթ մեկ զոհ չի տվել, և ռուսական զորքի` Բաքու մտնելու նախօրյակին ադրբեջանցի բոլշևիկները Մուսաֆաթի նախարարներին և առաջնորդներին գնացքով առոք-փառոք ճամփել են Թիֆլիս: Մինչդեռ մեզ մոտ դրությունը միանգամայն այլ էր: Նախքան Հայաստանի խորհրդայնացումը հայությունը բազմաթիվ զոհեր է տվել նույն Բաքվի բանտերում, Ղարաբաղում, Զանգեզուրում և անգամ Հայաստանի զանազան վայրերում` մայիսյան շարժման տխուր օրերին: Բոլշևիզմին տված մեր զոհերը մի քանի անգամ գերազանցում են մուսուլմանության զոհերին, թեպետ կոտորածից, սովամահությունից ու գաղթից գրեթե զրոյացած հայությունը Անդրկովկասում գրեթե երկու անգամ պակաս էր մուսուլմանությունից:
-Դիտողություններդ միանգամայն ճիշտ են, ինձնից կախված ամեն բան կանեմ: Դժբախտությունն այն է, որ նրանք Մոսկվայում մեզնից շատ ուժեղ են:
-Աշխատիր, սիրելիս, դու միակ բոլշևիկն ես, որին շարունակում եմ հարգել օրինակելի անկեղծության համար: Նայիր գաղթականների ու որբերի այս դժբախտ երկրին, խնայեք հայ ժողովրդի վերջին փշրանքները: Գեթ մեկ անգամ բոլշևիկները թող ցույց տան, որ արյան քաղաքականությունն իրենց խորթ է այնտեղ, ուր դրա համար հիմքեր չկան, թող ռուսական բոլշևիզմը մի պայծառ բացառություն ունենա սրով ու հրով անցած իր ճանապարհին:
-Էլի՛, էլի մեզ խփեցիր, Բախշի՛, այ մարդ, գոնե բանտում լռիր,- ծիծաղելով նկատեց Բաղդատյանը:
Ապա ավելացրեց, որ շատ է աշխատում բանտից ազատել ինձ, Վահան Նավասարդյանին, եթե հաջողվի` նաև Համո Օհանջանյանին ու բժիշկ Տեր-Դավթյանին:
Ես նրան խնդրեցի անգլիացու համար. նա թեև անգլիացիներին սարսափելի ատողներից էր, բայց ակամայից խոստացավ մի բան անել:
Կոմիսարի գնալուց հետո ես այլևս ոչ մի բանով զբաղվել չկարողացա ու խորասուզվեցի տխուր խոհերիս աշխարհը` բոլոր լսածներիս առնչությամբ:
(շարունակելի)
Հրապարակման պատրաստեց
Խաչատուր ԴԱԴԱՅԱՆԸ