ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Մի աղմկահարույց հոդվածի առիթով

Մի աղմկահարույց հոդվածի առիթով
20.09.2013 | 12:01

Վերջապես մի սթափ հայացք մեզանում, մի ամենատես աչք, մի լուսավոր միտք և անողոք խոսք մեզ պատած ականակիտ խավարի ծովում։
«Պլատոնը իմ բարեկամն է, բայց ճշմարտությունն ավելի թանկ է». այսպես է խորագրել իր մերկացուցիչ ու լայնածավալ «աշխատությունը» քանքարավոր այս լուսատուն իր անհաս բարձունքներից, հոդվածի մեջ մեկ թուլափայ էլ անդրադառնալով մեզ՝ նվաստ կինոգործիչներիս։ Խոսքը երկու տարի առաջ նկարահանված «Գլաձորի համալսարան» 28-րոպեանոց հանրամատչելի ֆիլմի մասին է, որն իրականացվեց, քանի որ այնպիսի երևույթ, ինչպիսին Գլաձորի համալսարանն է, չուներ ֆիլմ, այսինքն` ներկայացված չէր կինոլեզվով։ Եղավ ֆիլմի շնորհանդես, ներկայացվեց Վայոց ձորում, «Արտէքսպո 2011»-ի ցուցահանդեսում, եղան երիտասարդական դիտումներ, մի խոսքով` ջերմ ընդունելության արժանացավ։ Եվ ահա, երկու տարի անց, նույն ֆիլմը նկարահանող ՊՈԱԿ-ից հայտնվում է զգոն քննադատը և անխնա մերկացնում այն բոլոր դավերն ու վտանգները, որ դարանակալած են ֆիլմի ընդերքում։ Եվ ահա պոկվում են գաղտնախորհուրդ դավադրության խոհակիցների դիմակները և դրանց տակից դուրս են գալիս ֆիլմի պրոդյուսեր Վլադիմիր Պողոսյանի, նախագծի հեղինակ Աշոտ Փիլիպոսյանի, ֆիլմի ռեժիսոր-օպերատոր Աշոտ Մովսեսյանի և սցենարիստ Վահան Տեր-Ղազարյանի չարանենգ դիմապատկերները, որոնք համարձակվել են այդ գործն իրականացնել, առանց Արգամ Այվազյանի այնքան անհրաժեշտ համապարփակ խորհրդատվության։
Իր սուր քննադատության մեջ անպայման շեշտելով «անգրագիտությունների» ու բացթողումների ճշգրիտ րոպեներն ու վայրկյանները, իբր մարդավարի դիտել է ֆիլմը, հոդվածագիրը հայտնագործում է թվով յոթ զանցանք մեղավորների կողմից, իսկ հոդվածի վերջում զարմանում, թե այս ֆիլմը ստեղծողներն ինչ ինքնավստահությամբ ու մակարդակով են ձեռնամուխ եղել ֆիլմի նկարահանմանը։
Հենց սկզբից նշենք, որ մի խումբ իսկական պրոֆեսիոնալներ ընկել են ոչ մի հարցում պրոֆեսիոնալ չդարձած մեկի հարվածի տակ։ Ընթերցողին պարզ լինելու համար ասենք, որ նման մարդիկ, ժողովրդական լեզվով, կոչվում են օբիժնիկ:
Այսպիսով՝ հոդվածի յոթ կետերը, որ հնչում են նաև որպես պատվիրաններ, թվանշված են, և մենք էլ կպատասխանենք նույն թվարկումով.
Կետ 1- Հոդվածագիրն ուղղում է մեր թույլ տված մի կոպիտ սխալ, որ Գլաձորի համալսարանը գոյատևել է ոչ թե 60, այլ 104 -106 տարի և իբր սա հայտնի է ամեն դպրոցականի։ «Սա պատմական փաստի և ուսումնասիրությունների արդյունքների ակնհայտ աղավաղում է,- հայտարարում է մեր գիտունն ու տարակուսում։- Ի՞նչ է սա՝ անփութությո՞ւն, անգրագիտությո՞ւն»:
Չէ, բարեկամս, Գլաձորի համալսարանը հիմնադրվել է 1280-ին որպես դպրոց, Մուշից այստեղ տեղափոխված Ներսես Մշեցու ձեռամբ։ Ձեռագրերում որպես համալսարան հիշատակությունները սկսվում են 1291-ից Եսայի Նչեցու մահից, իմահ 1338-ից երկու տարի հետո համալսարանը փակվում է հովանավոր Պռոշյանների անկման հետևանքով, 1240-ից աշակերտների մի մասը տեղափոխվում է Հերմոնի վանք, որ դառնում է կրթօջախ։ Եթե սա նկատի ունի հոդվածագիրը, թարմացնենք նրա հիշողությունը՝ Հերմոնի Գլաձոր համալսարան հասկացություն պատմությանը հայտնի չէ։ Իրականում համալսարանը Հովհան Որոտնեցու միջոցով տեղափոխվում է Որոտնավանք, ապա Տաթև, ուր շարունակում է գոյատևել արդեն որպես ոչ պակաս հռչակավոր Տաթևի համալսարան։
Այս ամենն ասվում է ֆիլմում թե՛ տեղի հոգևոր առաջնորդի, թե՛ Գլաձոր թանգարանի տնօրենի կողմից, նրանց ուղղակի տեքստերում։ Այսպիսով բացահայտվում է հոդվածագրի մեկ գաղտնիքը՝ այդ դպրոցականը հենց ինքը՝ Արգամ Այվազյանն է։ Քանի որ, ըստ նրա, կամ ամբողջ 40 տարի վատթարագույն պայմաններում Հայաստանում զուգահեռ գործում էին երկու համալսարան, կամ էլ Տաթևի համալսարանի հիմնադրումն էր տեղափոխվում 40 տարի ուշ։ Եվ շատ հետաքրքիր է, ինչով էր զբաղված արդեն կյանքի հարյուրամյակն անցած Հովհան Որոտնեցին այս ավելորդ 40 տարում։ Երևի լռությամբ ապրում էր Արգամ Այվազյանի գլխում, մինչև նրա բարձր թույլտվությունը ստանար։ Ահա նման մշակութային արհավիրքը կանխելու համար մենք որոշեցինք պատասխանել անհեթեթություններին։
Կետ 2- Հոդվածագիրն իր տարակուսանքն է հայտնում առ այն, որ Գլաձորի համալսարանի գտնվելու ենթադրյալ վայրի անունը ֆիլմում հնչում է Թանահատ, փոխարեն Թանադե կամ Թանատ ձևերի։ Եթե ինքը տեղյակ չէ, հիշեցնենք, որ Թանատ, առավել ևս Թանադե ձևերով վանքը հայտնի է սոսկ գիտական նեղ շրջանակներին։ Ի վերջո, թանը հատելու մասին ժողովրդական հայտնի ավանդույթը կապված է հենց այս վանքի հետ, ոչ թե Արևիս գյուղի Թանահատի։ Եթե մեր պլատոնականի համար նույնիսկ ՀՀ հուշարձանների ցանկում այդ անվամբ ամրագրվելը հիմք չէ, ինչպես իր բարձրությունից հայտարարում է մեր ամենագետը, մի ֆիլմի համար պետք է բավարար հիմք լիներ այն փաստը, որ ամենուրեք ժողովրդին հայտնի է Թանահատի վանք անվամբ։ Ի վերջո, դարձյալ հիշեցնենք ճշմարտության մեր սիրահարին, որ հանրամատչելի ֆիլմը հասցեագրված է հասարակության լայն շրջանակներին:
Կետ 3- Հոդվածագիրը բողոքում է, թե ֆիլմում չի պատմվում Թանադե վանքի տարածքում իրականացված պեղումների, դրանց ղեկավար Ի. Ղարիբյանի, իրենց գումարած գիտաժողովի մասին և նման այլ անհեթեթություններ։
Չէ, իսկապես, հարգարժան պարոնը ֆիլմը դիտելիս ուրիշ բաների մասին է մտածել ու մոռացել է նկատել, որ սա մեկ ֆիլմ է, ոչ թե երկու։
Իրական թնջուկը չի վերաբերում մեր ժամանակներին։ Անցած դարի 80-ականներին, ՀԽՍՀ մինիստրների խորհրդում որոշվեց մեծաճոխ կերպով նշել Գլաձորի համալսարանի՝ Սորբոնի և Քեմբրիջի ժամանակակցի 700-ամյակը։ Բայց մինչ այդ անհրաժեշտ էր գտնել այդ համալսարանի գտնվելու վայրը։ Գիտնականների մի խումբ համոզված էր, որ այն գործել է Թանահատի վանքի տարածքում։ Մեծամասնությունը դեմ էր, լարված բանավեճեր էին ընթանում։ Ինչևէ, պետական ժամկետները սեղմում էին և հապշտապ «ընտրվեց» Թանահատի վանքը։ Այստեղ էլ կատարվեց տոնախմբությունը, վերջնականապես հաստատելով սույն վայրը, որպես Գլաձորի համալսարան։ Իհարկե, հոդվածագրին հաճելի կլիներ վերածնել իր ջահելության օրերի թունդ բանավեճը, գոնե այս անգամ փայլել մարտադաշտում, գլուխը քարը՝ թե ուշացած։
Ավաղ, մեր ֆիլմի խնդիրների մեջ չէր մտնում ոչ հնացած բանավեճի վերարծարծումը, ոչ էլ մի երկրորդ ֆիլմի խցկումը մեզ տրամադրված 28 րոպեի մեջ։ Ֆիլմը հակիրճ պատմում է Գլաձորի համալսարանի մասին, մի քանի ընդհանուր գծերով։ Ի վերջո, իրական զարմանք է հարուցում, որ մեր այս իմաստունը, որը, իր բանավոր հայտարարության համաձայն, յոթ, իհարկե, անհայտ ու անանուն ֆիլմերի հեղինակ է, չի կարողանում տարբերել կինոֆիլմը թեկնածուական դիսերտացիայից, երևի երկուսին էլ անծանոթ լինելու պատճառով։
Կետ 4- Դարձյալ նույն անհեթեթությունը։ Ֆիլմում չի խոսվում պետության կողմից Վերնաշենում թանգարան հիմնելու, ՊՈԱԿ-ի կողմից հատուկ գիտաժողով անցկացնելու և այլ բաների մասին։
Ասենք, որ ֆիլմում ներկայացվում է և՛ թանգարանը, և՛ բավական երկար ժամանակ է տրվում թանգարանի հարգարժան տնօրենին այլևայլ հարցերի մասին մեզ պատմելու, սակայն հոկտեմբերի գիտաժողովը եղել է 2009-ին, ոչ թե 13-14-րդ դարերում, որոնց մասին է ֆիլմը։ Հետո պատկերացրեք, թե ինչ տեսք կունենար ֆիլմը, եթե այնտեղ ներկայացվեր գիտաժողով։ Նախ, համապատասխան կադրերի բացակայության պատճառով խոսքը պիտի գնար սև էկրանի վրա, հատուկենտ ներկայացնելով գիտաժողովի մասնակիցների լուսանկարները։ Արդյոք նման չէ՞ դամբանականի։
Կետ 5- Հոդվածագիրը նշում է պատմաբանասիրական աշխատությունների մի երկար շարք և բողոքում, որ դրանք ֆիլմում չեն ներկայացված։ Մենք դարձյալ փորձում ենք հասկացնել` մարդ Աստծո, սա կինո է, դու տեսե՞լ ես արդյոք մի կինո, որտեղ ներկայացված լիներ մատենագիտական ցանկ և, ասենք, կարճ՝ 16-էջանոց վերլուծական հոդված, այն դեպքում, երբ ողջ ֆիլմի դիկտորական տեքստը, սինխրոններով հանդերձ, ընդամենը 5 էջ է։
Կետ 6- Հոդվածագիրն իր տարակուսանքն է հայտնում, թե ինչո՞ւ ոչ մի խոսք չկա ՊՈԱԿ-ի հոգատար վերաբերմունքի մասին ֆիլմում ներկայացված հուշարձանների նկատմամբ։ Ապշում ես, ոնց գլուխը չի մտնում, որ ֆիլմը իրականացրել է ՊՈԱԿ-ը Գլաձորի համալսարանի և ոչ թե իր մասին, և հենց այս փաստն էլ ՊՈԱԿ-ի բարձր գնահատականն է, իսկ հուշարձանները հիմնականում ներկայացված են որպես Գլաձորի սաների, հատկապես մեծ Մոմիկի կերտածներ։ Նույն հաջողությամբ կարելի էր պահանջել տեղանքի երկրամորֆոլոգիական վերլուծությունը։
Կետ 7- Հոդվածագիրը զարմանում է, թե ինչու Արենիի Սբ. Աստվածածին եկեղեցին կոչված է այլ անունով։ Նա տեղյակ չէ անգամ, որ այդ վանքային համալիրը կոչվում է Սբ. Գրիգոր Նահատակ, «Ավանդապատումից» շատ ավելի այսպես է հայտնի։ Սրա հետ է կապված նշանավոր ավանդությունը Գրիգորի մասին, որ խիստ նման է Իվան Սուսանինի պատմությանը, սակայն տեղի է ունեցել 5-րդ դարում, որ Սբ. Աստվածածին եկեղեցին ընդամենն այդ համալիրի կազմի մեջ գտնվող մի եկեղեցի է։ Գուցե և տեղյակ է այս ամենին՝ մեր գործը սևացնելու համար հույսը դրել է ընթերցողի անտեղյակության վրա, սակայն հարց ուղղենք հենց իրեն, մեր ամենագետին` անձամբ իր համար ո՞րն է լավ՝ լինել տեղյա՞կ, թե՞ անտեղյակ։
Ահա յոթ դիտողություն-պատվիրանները շարելուց հետո Պլատոնի բարեկամը վերջապես բացահայտում է իր զայրույթի իրական պատճառներից մեկը հետևյալ մտահոգություններում` ֆիլմը չունի գրական խորհրդատուներ (հավանաբար, իրեն նկատի ունի), ֆիլմի սցենարը չի դրվել լայն քննարկման (հավանաբար, այնտեղ, ուր ինքը կփայլեր իր ջախջախիչ քննադատությամբ): Սցենարը չի տրվել մասնագիտական կարծիքի (այսինքն` ինքը կորցրել է փող ստանալու մի հարմար առիթ), եթե նախագծի հեղինակը, որ պատմական գիտությունների դոկտոր է և պրոֆեսոր, չի կարող համարվել արժանի խորհրդատու, ապա ո՞ւմ խորհրդին խորհուրդ կտար դիմել Պլատոնի այս բարեկամը, իրե՞ն, թե՞ մեկ այլ անտոհմ ու անանուն մեկին։ Հիմա: Աշխարհում որտե՞ղ է պատահել, որ ֆիլմի սցենարը դրված լինի լայն քննարկման։ Չէ՞ որ նույն հաջողությամբ կարելի է լայն քննարկման դնել օպերատորի բեմադրական մտահղացումները նկարահանումներից առաջ։ Այս բոլոր հարցերում մեր գիտունին զայրույթ է պատճառել իր՝ մեծ հեղինակության լիակատար բացակայությունը բոլոր հարցերում, բացակայություն, որն զգում է միայն ինքը։
Հոդվածում խոսվում է մասնագիտական վերլուծության մասին։ Մենք էլ հարցնում ենք՝ ինքն ի՞նչ մասնագետ է, ինչի՞ մասնագետ… Մանկավարժական ինստիտուտի գրադարանավարականի հեռակա շրջանավարտ։ Զարմանալի է՝ ոնց կարելի է գրադարանավարականն ավարտել հեռակա, գոնե գրադարանում սովորեր, ուր գրքեր կան և դրանց մեջ էլ գիտելիքներ, որ չհայտարարեր հենց իր մասնագիտության բնագավառում, թե Ալեքսանդրիայի գրադարանը հիմնել է Ասորեստանի Աշշուրբանիպալ թագավորը։ Տեր Աստված, էս ուր ենք ընկել:
Ահա, հենց այս ամենի պատճառով նա չէր էլ կարող նկատել ֆիլմի մեջ տեղ գտած միակ սխալը, որ Գրիգոր Մագիստրոսի ժամանակին է վերաբերում, ուր 11-րդ դարի փոխարեն մեքենագրական սխալի և մեր հետագա անուշադրության հետևանքով կարդացվել է 12-րդ դար։ Գրված էր հռոմեական թվերով։ Սխալը նկատել և մեզ դիտողություն էր արել «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ-ի քարտուղար Վահե Անթանեսյանը, որին մենք հայտնեցինք մեր երախտագիտությունը, թեև սխալը տեղի է ունեցել ֆիլմի օժանդակ բլոկում և առանձնապես էական նշանակություն չունի։ Բա, պարոն հեռակա գրադարանավար։ Այսպիսի բաներ... Եվ այս ամենից հետևում է, որ Աշշուրբանիպալի ու Պլատոնի մեր երկրպագուն սխալ չի որոնում, այլ, ժողովրդական լեզվով ասած, կեղտ է ման գալիս։ Բայց որտե՞ղ։
Հիմա տեսնենք, թե ո՞ւմ է անգետ և տգետ անվանում մեր ամենագետը:
Աշոտ Փիլիպոսյան` նախագծի հեղինակ և խորհրդատու, պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր, բազմավաստակ հնագետ, որի աշխատանքների արձագանքը վաղուց դուրս է եկել Հայաստանի սահմաններից։
Աշոտ Մովսեսյան` իսկապես բազմավաստակ կինոգործիչ, հատկապես գիտահանրամատչելի կինոյի բնագավառում։ Նշենք միայն, որ նրա օպերատորական ստեղծագործության արդյունքն է «Մատենադարան» նշանավոր ֆիլմաշարը, որպես ռեժիսոր ներկայացել է «Վանդալիզմ», «Մոմիկ», «Ռոսլինի հետքերով» հանրահայտ ֆիլմերով։ ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալակիր և ՀՀ պետական մրցանակի դափնեկիր:
Ֆիլմի սցենարիստը տողերիս հեղինակն է` Վահան Տեր-Ղազարյան։ Գրող, սցենարիստ, ալպինիստ, անձավախույզ, ազատամարտիկ, մի շարք գրքերի հեղինակ, մոտ 36 գիտահանրամատչելի և փաստավավերագրական ֆիլմերի հեղինակ:
Իհարկե, այս ամենը ոչ միայն չի հետաքրքրում մեր նեոպլատոնականին, այլև ակամա զայրույթ է առաջացնում նրա մեջ, որի պարզ արտահայտությունն է նրա ծովածավալ հոդված «ՄԱՏԵՐԻԱԼԸ»: Զարմանալի է, չէ՞, իդեալիստ Պլատոնի բարեկամն այսքան թունդ մատերիալիստ։ Այն աստիճանի, որ 30¬ականների բոլշևիզմի հոտ է գալիս։
Հիմա փորձենք պարզել, թե որն է նրա վատ թաքցված զայրույթի երկրորդ պատճառը։
Մենք նույնիսկ հարևանցի ընթերցումից պարզեցինք, որ հեղինակը ֆիլմը դիտել է հարևանցի, քանի որ նույնիսկ ֆիլմի վերնագիրը սխալ է ներկայացրել` «Գլաձորի համալսարան»-ի փոխարեն գրել է «Գլաձոր» տեսաֆիլմ, ասես ֆիլմը Գլաձոր կոլտնտեսության մասին է։ Բա ի՞նչ է ուսումնասիրել այդ մարդը նախքան հոդված գրելը։ Վստահաբար՝ նույն ՊՈԱԿ-ի հաշվապահական ցուցակները։ Նախ ֆիլմի տիտրերում բացակայում են մասնակիցների դերակատարումները, պարզապես գրված է` ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԽՈՒՄԲ, հետևում են անուն-ազգանունները։ Որտեղի՞ց է ճշմարտության մեր անխոնջ ասպետն իմանում, թե ով է ֆիլմի սցենարիստը, ով է ռեժիսորը, կամ օպերատորը։ Երգահանը, խորհրդատուն և իր համար ամենակարևորը՝ փող տվողը, այսինքն՝ պրոդյուսերը։
Դե, իհարկե, ուշադիր ուսումնասիրված հաշվապահական ցուցակներից։
Այսպես։ Իսկ հիմա հաշվեք՝ իր թանկագին ժամանակից ամբողջ 28 րոպե ծախսելով նախապես իր դատապարտած ֆիլմի դիտման, այնտեղ կեղտեր ման գալու վրա, հարգելի հոդվածագիրն ինչքան ժամանակ է ծախսել հաշվապահական թղթերի տեղազննման վրա, քանի որ ինքն էլ նույն տեղում է աշխատում։ Իսկ թե այնտեղ ինչո՞վ է զբաղված, ինքներդ դատեք իր իսկ հոդվածից։ Ասում են` զբաղված է աղբյուրագիտությամբ։ Բայց ինչ աղբյուրների մասին է խոսքը՝ հաշվապահական ցուցակների։ Հոդվածագրին ճանաչում եմ անցած դարի 80-ականների հենց սկզբից, երբ միասին աշխատում էինք նորաստեղծ հուշարձանների վարչությունում, որի ղեկավարն էր լուսահիշատակ Գրիգոր Հասրաթյանը։ Ես հուշարձանների անձնագրավորման առաջատար մասնագետ էի, իսկ ինքն ինչ էր անում՝ չգիտեմ, սակայն «գրելու» հոբբին դեռ այնժամանակ կար, ինչն էլ հասցրեց նրան ներկայիս պրոֆեսիոնալիզմին։
Այսպիսով, որքան էլ խուսափեցինք ջրհորը նետված քարը հանող քառասուն իմաստուններից մեկը լինելու տխուր ճակատագրից, բան դուրս չեկավ։ Եվ հենց վերջում էլ ուշացումով հիշեցինք Պուշկինի հանրահայտ տողը, թե ում առարկել չի կարելի։
Վերջում էլ նշենք, որ լավ ճանաչելով նման ճշմարտասերների առակ դարձած գովյալ համառությունը, համոզված ենք, որ այդ մարդը դարձյալ գրիչ կառնի ձեռքը և կպատասխանի այս պատասխանին, չէ որ միայն նման իրավիճակներում կարող է գոյատևել, սակայն նախապես ասենք. «Վազն անցիր, հա՞, ես քո ժամանակը չունեմ»:


Վահան ՏԵՐ-ՂԱԶԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 2452

Մեկնաբանություններ