Հյուսիսային Կորեան դժգոհություն է հայտնել Միացյալ Նահանգների և Հարավային Կորեայի վերջին համատեղ զորավարժությունների առիթով: «Ներկայիս իրավիճակը, երբ Միացյալ Նահանգները շարունակում է «զսպման» քողի տակ ինքնիշխան պետության դեմ միջուկային զենք կիրառելու փորձերը, ընդգծում է այն անհրաժեշտությունը, որ ԿԺԴՀ-ն օժտված լինի ավելի ռազմավարական և մահաբեր միջուկային զսպման միջոցներով, որոնք կարող են հուսալիորեն պաշտպանել նրա ինքնիշխանությունն ու անվտանգությունը »,- ասվում է ԿԺԴՀ ԱԳՆ հայտարարության մեջ։               
 

«Գրողների միությունը կոմայից հանեց, ինքն ընկավ կոմայի մեջ»

«Գրողների միությունը կոմայից հանեց,  ինքն ընկավ կոմայի մեջ»
06.09.2013 | 12:22

Այս տարի հուլիսի 27-ին գրողների տան մեծ դահլիճում տեղի ունեցավ ՀԳՄ 16-րդ համագումարը:
Բաց քվեարկությամբ և միաձայն ՀԳՄ նախագահ վերընտրվեց ԼԵՎՈՆ ԱՆԱՆՅԱՆԸ:
Սեպտեմբերի 2-ին մշակույթի վաստակավոր գործիչ, ՀԳՄ նախագահ Լևոն Անանյանը անժամանակ հեռացավ կյանքից:
Մշակութային գործիչների, գրողների, բարձրաստիճան այրերի, գրականության սիրահարների հոծ բազմություն էր հրաժեշտ տալիս անվանի մտավորականին:
Հոգեհանգիստը տեղի ունեցավ Նոր Նորքի Սբ. Սարգիս եկեղեցում, վերջին հրաժեշտը` գրողների միությունում: ՀԳՄ նախագահի վերջին հանգրվանը Երևանի քաղաքային պանթեոնն էր:
Գրողների տան բոլոր միջոցառումները արժևորվում էին նրա ներկայությամբ ու խոսքով: Մշտազբաղ էր, բացման խոսքն ասում էր ու անցնում իր մյուս գործերին: Այս անգամ նրա ներկայությունը տևական էր և լուռ: Գրողների տունը նույնը չէր…
«Կարծում եմ` Լևոն Անանյանը իսկապես մնայուն գործեր է թողել մեր գրական-մշակութային կյանքում: Ամենակարևորը` հրաշալի մարդ էր, մեծ հայ, մեծ գործիչ, անկրկնելի ընկեր: Նրա հետ կարելի էր նստել-վեր կենալ, բռնկվել, խենթանալ, հաշտվել, բառի ամենախոր իմաստով մարդ էր նա, լավ մարդ էր, լավ հայ էր և մեծ գործեր կատարեց: Լևոն Անանյանը իսկապես թարմություն բերեց գրողների միություն, կարգավորեց միության առկա շատ խնդիրներ, միավորեց Արցախ-Հայաստան-Սփյուռք գրական դաշտը»,- մեզ հետ զրույցում ասաց Արցախի գրողների միության նախագահ, բանաստեղծ, դրամատուրգ ՎԱՐԴԱՆ ՀԱԿՈԲՅԱՆԸ: Նրա բնորոշմամբ` ՀԳՄ նախագահը շատ ակտիվ էր, ժրաջան մեղվի պես գիշեր-ցերեկ յուրաքանչյուր վայրկյանից նեկտար էր վերցնում իր ժողովրդի համար: «Նրան կորցնելով մեծ կորուստ կրեցին մեր գրականությունը, մեր ժողովուրդը: Տարիների հեռվից նրա արածը շատ ավելի տեսանելի, ավելի գնահատելի է լինելու: Մենք` հայերս, սովոր ենք կորցնելուց հետո միայն գնահատանքի խոսքեր ասելու, բայց ես ինչ-որ տեղ մխիթարվում եմ նրանով, որ մենք կարողանում էինք իսկապես գնահատել. Արցախի գրողները մշտապես նրա կողքին էին, նա թևավորում էր բոլորիս, մենք` իրեն,- ասաց Վարդան Հակոբյանը և ցավով հավելեց,- չեմ կարողանում հավատալ, որ նա չկա այսօր, ինձ թվում է, որ սա կատակ է, լևոնյան կատակ, ուր որ է պիտի երևա… Ցավալի է շատ, մեծ ողբերգություն է, կարծում եմ` նրա անունը կմնա որպես միասնության խորհրդանիշ մեր գրական կյանքում»:
ՀԳՄ քուրդ գրողների բաժանմունքի ղեկավար, բանաստեղծ ԱԼԻԽԱՆԵ ՄԱՄԵՆ նշեց, որ Լևոն Անանյանի շնորհիվ է գործում իրենց բաժանմունքը, որն արտագաղթի պատճառով կանգնած էր փակման եզրին: «Նրա ղեկավարության օրոք պետպատվերով տպագրվեցին քուրդ ստեղծագործողների գրքեր, հրատարակվեցին քրդերեն դասագրքեր, որոնք փորձաքննություն անցան Հայաստանի գրողների միությունում: Ի դեմս Լևոն Անանյանի` մենք կորցրինք մեր լավագույն, իսկական բարեկամին»,- ասաց Ալիխանե Մամեն:
Անկեղծ ու հուզական էր նաև գրող ԼԵՎՈՆ ՋԱՎԱԽՅԱՆԻ խոսքը: Մեզ հետ զրույցում նա ասաց, որ իր հարաբերությունները Լևոն Անանյանի հետ եղել են խիստ հակասական, դժվար: ՀԳՄ նախագահի հորդորով է մտել միություն, իր ցանկությամբ դուրս է եկել միությունից, ինչը, նրա խոսքով, Լևոն Անանյանի նկատմամբ անձնական վերաբերմունք չէր, պարզապես սկզբունքային մոտեցում է եղել: Ասաց նաև, որ երբ գրողների միությունը նոր նախագահ ունենա, չի կարծում, թե վերադառնալու է միություն:
«Երբ նրա մահվան մասին իմացա, սկզբում, կարծես թե, թեթև տարա այդ գույժը: Հետո կամաց-կամաց ինձ պատեց տագնապը, սրտի մրմուռը, մի կողմից` որպես գրական ակունքներում կանգնած մարդ, մի կողմից` որպես հայրենակից մարդ, մի կողմից էլ` որպես արյունակից բարեկամ: Արյունակցական կապ կար մեր մեջ»,- ասաց Լևոն Ջավախյանը` նշելով նաև, թե ինչն էր Լևոն Անանյանի մեծությունը` իբրև ՀԳՄ նախագահի:- Ես չեմ կարծում, որ լինի մի մարդ` այնքան աշխատասեր, ջանասեր, որքան նա էր: Նա իր աշխատանքի, գրական, կազմակերպչական ունակությունների շնորհիվ կոմայի մեջ գտնվող գրողների միությունը վերակենդանացրեց և դարձրեց աշխատող միություն: Աշխատելու և ապրելու իներցիան այնքան մեծ էր, որ նույնիսկ չէր նկատել իր մեջ բուն դրած այդ ահավոր չարիքը, գրողների միությունը կոմայից հանեց, ինքն ընկավ կոմայի մեջ: Մահը մեր առջև կանգնած է, միմյանց խնայել է պետք: Դա հատկապես ինձ է վերաբերում: Ես զգացված եմ հասարակության վերաբերմունքից: Այստեղ են մտավորականության մի զգալի հատվածը, իշխանությունը, կառավարությունը, վարչապետը, նախագահը: Գրականությունն այլևս մոռացված չէ: Գրողին հարգանքի տուրք են մատուցում, խնկարկում, առավել ևս, երբ նա մեռած է…»:
«ՀԳՄ համագումարից հետո վարչության նիստն էր: Զանգեց, ասաց` շնորհավորում եմ, վարչության անդամ ես նորից ընտրվել, շատ լավ թիմ է հավաքվել, միասին աշխատելու ենք… Փաստորեն, մեր վերջին խոսակցությունն էր: Անհասկանալի, առեղծվածային էր նրա մահը, այդքան անակնկալ, այդքան ցավալի, այդքան արագ»,- ասաց ՀԳՄ վարչության բանաստեղծական բաժանմունքի նախագահ, մշակույթի ֆոնդի նախագահ, բանաստեղծ, նկարիչ ԱՐԵՎՇԱՏ ԱՎԱԳՅԱՆԸ, շեշտելով, որ ՀԳՄ նախագահը շատ ծրագրեր ուներ, երբեք չէր բողոքել առողջությունից, ժամանակ էլ չուներ, մի գործից մյուսին էր վազում, անընդհատ շտապում էր, այդպես շտապելով էլ հեռացավ:
«Սիրված ու գնահատված էր գրողական ընտանիքի կողմից: Պատահական չէ, որ ավելի քան 10 տարի ՀԳՄ նախագահ էր, վերջին համագումարում միաձայն ընտրվեց, սա վկայությունն է, որ նրան սիրում էին, գնահատում, վստահում: Կենսախինդ էր, նախաձեռնող, ուշադիր էր գրողների նկատմամբ, բոլոր գրական միջոցառումներին, քննարկումներին, շնորհանդեսներին մասնակցում էր: Եթե բարկանում էր, շատ կարճ էր տևում»,- ասաց Արևշատ Ավագյանը: Նրա խոսքով` Լևոն Անանյանի կերպարը համահունչ էր այսօրվա բարդ իրավիճակին, կարողանում էր, ինչպես ասում են, լեզու գտնել և՛ վերևների հետ, և՛ ներքևների, մի բան, որ շատ կարևոր էր գրողների միության աշխատանքները համակարգելու համար: «Շատ բան կորցրինք, նվիրյալ կազմակերպիչները շատ քիչ են»,- հավելեց նա:
ՀԳՄ վարչության քարտուղար, գրականագետ ՊԵՏՐՈՍ ԴԵՄԻՐՃՅԱՆՆ իր հերթին նշեց, որ Լևոն Անանյանն ամենաշարժուն, գործունյա ու արդյունավետ աշխատող ՀԳՄ նախագահներից մեկն է եղել: «Մոտ 12 տարի նախագահել է, սա արդեն գնահատական է, և այդ տարիների ընթացքում կան որոշակի ձեռքբերումներ, որոնցից ոչ մեկը հաշվի չառնել չենք կարող: Ստեղծվեցին գրողների միության հրատարակչությունը, տպարանը, կազմակերպվեցին համահայկական համաժողովներ, օտարագիր հայ գրողների համաժողովներ: Լևոն Անանյանի ջանքերով էր, որ 7-8 տասնյակ սփյուռքահայ գրողներ իրենց ներկայացուցիչներն ունեն ՀԳՄ-ում»:
Պետրոս Դեմիրճյանը նշեց, որ բաժանումների ժողովուրդ ենք եղել պատմությունից, բայց գրական միասնություն պետք է ձևավորվի, և բաղադրությունը պիտի լինի այն մեծ ծրագրի, որ արդեն պետականորեն է իրագործվում և կոչվում է Հայկական աշխարհ: «Այսինքն, ամբողջ աշխարհի հայությունը պիտի միավորվի մի գաղափարի շուրջը` ազգապահպանման ու ազգաշինության: Գրողներն իրենց ոլորտում դրա բաղկացուցիչ և կարևոր մասն են,- ասաց նա, կարևորելով նաև սերնդափոխությունը, որ տեղի ունեցավ Լևոն Անանյանի օրոք:- Ավագների ստեղծագործական ավյունն աստիճանաբար սպառվում է (խոսքը հանճարների մասին չէ), պիտի գան նորերը, որ նոր ժամանակներն ավելի լավ են ճանաչում, ավելի լավ են արտահայտում: Լևոն Անանյանը երիտասարդներին խրախուսում էր, այսօր նրանք գրողների միության անդամներ են»:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1754

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ