ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Փարիզյան Notre Dame-ից մինչև Մոսկվայում ապրող հայը մարդկային սիրո և հիասթափության ողբերգությունն է

Փարիզյան Notre Dame-ից մինչև Մոսկվայում ապրող հայը մարդկային սիրո և հիասթափության ողբերգությունն է
26.07.2013 | 20:10

Ֆրանսիացիները կարիք չունեն պատմությունը քրքրելու: Նրանց պատմությունն ամենուր է: Նրանք պարզապես գուրգուրում են այն, մենք` հաճախ ոչնչացնում մերը: Մենք անվերջ փնտրտուքի մեջ ենք, և տուժողը, առաջին հերթին, մեր պատմությունն է: Մենք չենք հասկանում, որ մեր շահը այս մոլորակի վրա մեր պատմությունն է: Եղա այն տեղերում, ուր նախորդ այցելությանս չէի եղել: Առաջինը Մոնմարտրի բլուրի վրա գտնվող երեք եկեղեցիներն էին` Sacré Coeur (Սակրե Քյոր)բազիլիկ տաճարը, Saint Pierre de Montmartre (Սան Պիեռ դը Մոնմարտր) և Saint Jean de Montmartre (Սան Ժան դե Մոնմարտր): Ավելորդ է նույնիսկ ասել, թե որքան շատ մարդ կար այստեղ աշխարհի տարբեր անկյուններից: Նախկին ԽՍՀՄ երկրիներից շատ էին ռուս տուրիստները, քիչ` հայերը: Ընդամենը մեկ հայ զույգի տեսա այստեղ: Սա, կարծում եմ, նաև այն պատճառով, որ Հայաստանից դուրս գալը դժվար է: Միջազգային հանրության աչքում Հայաստանը այն չքավոր երկրների շարքում է, որոնց քաղաքացիներն ավելի շատ են հակված իրենց բախտը որոնելու դրսում: Վախ կա, որ նրանք կարող են մնալ, օրինակ, Ֆրանսիայում, թեև դա ցանկացողները, այդ թվում և հայերը, միշտ մի ճանապարհ գտնում են, որքան էլ այն դժվար լինի: Երբ պատմամշակութային որևէ հուշարձան եմ տեսնում, պատմության ու մարդու անսահման հնարավորությունների հանդեպ անբացատրելի մի զգացողություն եմ ունեում: Նման ապրումներ եմ ունեցել ժամանակին Լուվրում լինելով: Իսկ Փարիզի հռչակավոր Notre Dame-ի (Նոտր Դամ) մասին հիշելիս պարզապես կարկամում եմ: Տաճարի ամեն մի միլիմետրի վրա արյուն ու քրիտինք կա թափված: Ամեն մի միլիմետրի վրա մանրամասն աշխատանք կա արված: Ամեն մի միլիմետրը պարզապես կենդանի է, շնչում է: Մեր չքնաղ Գեղարդի պես` ուր աղոթքն ամենուր է, իսկ աստվածակնածող հոգին` երկնքի ու երկրի միջև մի ապահով տեղում ` տաճարի գմբեթի տակ: Մոնմարտրի շրջանում է գտնվում ոչ պակաս հայտնի Moulin rouge (Մուլեն Ռուժ) կաբարեն: Քիչ վերևում` 14-րդ դարի Moulin de la Galette-ը (Մուլեն դե լա Գալետ): Tour Eiffel-ի (Էյֆելյան աշտարակ) մոտ այնքան մեծ հերթ էր, որ գոհացա պարզապես երկաթյա գեղեցկուհու արտաքին «բարեմասնությունները» վայելելով: Օրվա ավարտին, որն իմ վերջին օրն էր Փարիզում, պարսկահայ Սուրեն Խոդաբաշխիի` Colbeh ռեստորանում էի: Դա մի փոքրիկ ռեստորան է Mouffetard փողոցում, որը հայտնի է որպես տարբեր ազգային խոհանոցների վայր: Սուրենը հայերեն և պարսկերեն երգեր էր երգում: Նա հայտնի է որպես երգիչ և երգերի հեղինակ: Մարդիկ ուրախ էին, հավանաբար առաջին անգամ չեն այստեղ ու նրանց Սուրենի ստեղծած այս արևելյան միջավայրը դուր է գալիս: Երևի թե կարոտել էի Հայաստանը ու չէի էլ նկատել, թե ինչպես են ձեռքերս շարժվում Սուրենի երգի հնչյունների ներքո: Նա խնդրեց, որ պարեմ: Չկարողացա մերժել: Հրաշալի օր էր` որպես բազմակետ իմ հնգօրյա շրջագայության Եվրոպայի այս մշակութապես հարուստ աշխարհի քաղաքակարթությանը շատ բան տված երկրում: Առջևում Մոսկվան էր ու Սանկտ Պետերբուրգը: Մախաչկալայից եկող գնացքի իմ վագոնախցում մի ռուս տատիկ էր իր երկու թոռների հետ: Գնում էր Սանկտ Պետերբուրգ` որդու մոտ: Իր ողջ կյանքը Դաղստանում ապրած 70-նն անց կինը նեղսրտում էր իր ազգից: «Ի՞նչ է, դաղստանցիք մարդ չե՞ն: Ամեն տեղ լավն էլ կա, վատն էլ: Իսկ ռուսները ճնշում են, արհամարհում դաղստանցիներին: Իմ թոռը ինստիտուտ է ընդունվել, երկու միավոր պակաս է, ուզում ենք ուրիշ բաժին տեղափոխել, չեն անում, քանի որ Դաղստանի բնակիչ է»,-պատմում էր նա: Ասաց, որ Դաղստանում վիճակը գնալով բարդանում է: Շատ կանայք, որ միշտ բաց գլխով են շրջել, հիմա գլխաշոր են կապում: Վահաբականները ճնշում են: Նրա պատմելով՝ վահաբականները խոսում են այն մասին, թե Սոչիի օլիմպիադայից հետո պատերազմ են սկսելու ռուսների դեմ: Եթե ասեմ, որ Սանկտ Պետերբուրգը գեղեցիկ քաղաք է, նորություն չի լինի: Այս քաղաքի միայն պատմությունն իմանալով ու ճարտարապետությանը միայն նկարներով ծանոթ լինելով, դրանք, այսպես ասած, կենդանի տեսնելուց հետո մնացի իմ կարծիքին, որ սա պարզապես քաղաք է, ստեղծված եվրոպացի հայտնի ճարտարապետների կողմից, որոնցից յուրաքանչյուրը իր երկրի մշակույթն է դրել իր նախագծած շենքում: Ստացվել է մի շատ հարուստ քաղաք, որի կենտրոնական մասը եվրոպական միքս-ճարտարապետություն է, ծայրամասերը` սովետառուսական: Պետրոս առաջինի քաղաքը Ռուսաստանի հետ կարծես առնչություն չունի, այստեղ մարդիկ էլ բավականին ուրիշ են: Սա մի խառնափնթոր եվրոպական միջավայր է, որն այդպես էլ Եվրոպա չի դարձել, բայց պահպանել է շատ գնահատելի հատկանիշներ` եվրոպական քաղաքակրթությանը բնորոշ: Հետդարձի` Սանկտ-Պետերբուրգ-Մոսկվա ճանապարհին իմ վագոնախցիկի հարևան գնչուհիներն ասացին, թե զարմացած են քաղաքի փողոցների լայնությամբ: «Կարծես թե ցանկացել են ընդգծել, որ դա մի մեծ իմպերիայի ճանապարհներն են: Բայց միթե երկրի կամ ժողովրդի հզորությունը կարելի է ընդգծել լայն փողոցներով»,-ասաց Կրիստինան: Նրանք հավատացյալ գնչուներ էին` Կրիստինան և Մարիան: Գնում էին Նիժնի Նովգորոդ: Սևազգեստ էին ու հոգևոր գրականություն էին ընթերցում: Կարևորը, որ մարդիկ հավատում են` մտածեցի, եթե իհարկե հավատում են: Իսկ այ, Մոսկվայում ինձ դիմավորած եղբորս ընկերը` ով նույնպես Իջևանից է, Հայաստանի հետ կապված ոչնչի չի հավատում: «Ես էնտեղից էնքան հիասթափված ու զզված եմ դուրս եկել, որ Հայաստանի անունը լսել չեմ ուզում»,- ասաց իմ հայրենակիցը:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 1591

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ