«Ոսկե ծիրան» 10-րդ միջազգային փառատոնի բացմանը մնացել են հաշված օրեր:
Լրագրողների համար «Մոսկվա» կինոթատրոնի վիդեո սրահում կազմակերպվում է փառատոնի մրցութային ծրագրում ներառված ֆիլմերի նախնական ցուցադրություններ:
Արտո Փեհլիվանյանի 2013-ին նկարահանած «Վ…, այսինքն` Վեռնյոյ» ֆիլմն ընունվեց ծափողջույններով:
Ֆիլմը ներկայացնում է բացառիկ արխիվային նյութեր ականավոր ռեժիսոր Անրի Վեռնյոյի կյանքից: Նա իր հետքն է թողել ֆրանսիական կինոյի պատմության մեջ` նկարահանելով մի շարք հիշարժան ֆիլմեր` հանրահայտ աստղերի մասնակցությամբ: Ֆիլմում տեղ է գտել նաև Օմար Շարիֆի հետ բացառիկ հարցազրույցը, ով հանրահայտ «Մայրիկ» ֆիլմում մարմնավորում է Վեռնյոյի հոր կերպարը: Կլաուդիա Կարդինալեն` Վեռնյոյի մոր դերակատարուհին, պատմում է ֆիլմի նկարահանման ընթացքի մասին, ռեժիսորի ապրումների: Թե ինչպես է ֆրանսահայ ռեժիսորը ստեղծում ֆիլմը, նույնչափ հետաքրքիր է, որքան նրա ֆիլմերը:
Անրի Վերնյոյի ֆիլմերում հայկական շեշտադրումներ կան, կարելի է տեսնել` ինչպես է Բելմոնդոն համտեսում հայկական դոլման ու իմամբայալդին:
Շարիֆի բնորոշմամբ, Վեռնյոյի ծնողներն ուզում էին, որ իրենց միակ ժառանգը ֆրանսիացի լինի, սակայն, երկար ժամանակ ֆրանսիացի ձևացած Անրին, հասունանալով, դառնում է ավելի հայ, քան ուրիշ հայերը:
«Վ…, այսինքն` Վեռնյոյ» ֆիլմը ներկայացված է «Ոսկե ծիրանի» Համայնապատկեր ծրագրում:
Արտո Փեհլիվանյանը հեղինակ է «Հայկական կինոյի գանձարանը», «Հայաստանից Հայաստան», «Արարատ, սեր իմ», «Տարազ» և այլ ֆիլմերի: Ծնվել է Թուրքիայում:
Սովորել է Երևանի պետական կոնսերվատորիայի խորեոգրաֆիայի բաժնում: Տեղափոխվելով Ֆրանսիա` աշխատել է որպես խորեոգրաֆ և մշակութային ծրագրերի ռադիոհաղորդավար: Հեռուստատեսային կարիերան սկսել է 1984-ին, (հայկական հեռուստատեսության պաշտոնական թղթակից և լրագրող TF1, Ֆրանս 2, Ֆրանս 3 և 5 ալիքներում): 1990-ից վավերագրական ֆիլմեր և տեսանյութեր է նկարահանում: 2005-ին Ռոբեր Գեդիգյանի (Կետիկյան) հովանավորությամբ ֆրանս-հայկական կինոակումբ է ստեղծել: 2011-ից Հ1 հեռուստաընկերության թղթակիցն է և համագործակցում է Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության և ԼՂՀ-ի ներկայացուցչության հետ:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ