ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

«Ոնց էլ նկարես, ինչքան էլ եվրոպացի ձևանաս, ամերիկացի, կոսմոպոլիտ, ինքդ քեզնից չես փախչի»

«Ոնց էլ նկարես, ինչքան էլ եվրոպացի ձևանաս, ամերիկացի, կոսմոպոլիտ, ինքդ քեզնից չես փախչի»
28.06.2013 | 12:26

Գեղանկարիչ ՎԱՐՈՒԺ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ Ռիգայում է բնակվում 1982-ից: Մեկնել է սովորելու` վերադառնալու մտադրությամբ, բայց, հանգամանքների բերումով, դեռ օտար երկրում է: Վերադարձի մտադրությունը չի փոխել: Ասում է, որ շփվում է տեղի հայ համայնքի հետ, բայց հիմնականում ինքն իր հետ է լինում:

-Արվեստագետի ձեռագիրը փոխո՞ւմ է օտար երկիրը:
-Սովորել եմ Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան ուսումնարանում, և այդ դպրոցը դեռ ապրում է իմ մեջ: Ոնց էլ նկարես, ինչքան էլ եվրոպացի ձևանաս, ամերիկացի, կոսմոպոլիտ, ինքդ քեզնից չես փախչի:
-Ռիգայի մեր հայրենակիցները նշո՞ւմ են ազգային տոները, օրինակ, մայիսին տոների պակաս չունեինք:
-Առաջ, այո, տոնում էին, հիմա օտարացած են, մատների արանքով են նայում կամ հոգնել են, չգիտեմ: Հիմնականում տեղի հայկական եկեղեցին է կազմակերպում միջոցառումները: Եկեղեցին կազմակերպում է կազմակերպելու համար, ոչ թե արդյունքի: Ավելի բարձրաճաշակ, դասական մակարդակի միջոցառումներ է կազմակերպում Րաֆֆի Խարաջանյանը: Իսկ եթե հավաքվում են ռաբիսի տակ, ինձ նմանները, բնականաբար, չեն գնում:
-Մենք ամեն ինչ կապում ենք անկախության տարիների, հետանկախության շրջանի հետ, որքան էլ հեռանում է այդ շրջանը: Մենք անկախություն ենք ուզում, բայց բողոքում ենք անկախությունից: Ի՞նչ կասեք սրա մասին:
-Մենք անկախություն չենք ուզում, մենք ունենք անկախություն: Բայց մեդալն ունի երկու կողմ. եթե մի կողմը կա, մյուսը չկա, ուրեմն կեղծ է: Ես կողմնակից եմ միացյալ Հայաստանի գաղափարին։ Թողել ենք մեր պապերի հայրենիքն ու հարմարվում ենք ինչ-որ բանի, թե ինչի` չգիտեմ: Այդ հայրենիքը գոյություն ունի միջազգային բոլոր փաստաթղթերով, նորմերով, բայց դեֆակտո` մնացել է թղթի վրա:
-Մենք ասում ենք` փոքր է մեր հայրենիքը, բայց հեռանում ենք հայրենիքից:
-Արտագաղթը մեր իրականության ամենացավոտ կողմն է, դա Հայաստանի իշխանությունների 20 տարիների միակ «հաջողված» ծրագիրն է: Այո, ես մտածում եմ, որ դա կանխամտածված, լավ պլանավորված ծրագիր է: Ասեմ` ինչու: Գյուղացին եթե բերք ունի, կարկուտն էլ չի ոչնչացրել, ամեն կերպ խոչընդոտում են, որ չկարողանա այն վաճառել: Բանկի պարտքերը մեծանում են` տոկոսներով հանդերձ, ու մի օր էլ բանկին է անցնում ունեցվածքը: Ի՞նչ պետք է անի գյուղացին, հեռանում է հայրենիքից: Նույնանման խոչընդոտների են հանդիպում փոքր ու միջին բիզնես ունեցողները: Նրանք էլ են հեռանում Հայաստանից: Դիտավորյալ սպանում են երկրի տնտեսության զարգացման հիմքը: Էլ չեմ խոսում արտադրության մասին: Պետական հարստությունը թալանվում է շատ արագ տեմպերով:
Դրսում ապրող պրոֆեսիոնալ մասնագետներ կան, որոնք Հայաստանի զարգացմանն ուղղված հետաքրքիր գաղափարներ ունեն: Լավ կլիներ մրցույթներ հայտարարվեին Հայաստանում տարբեր ոլորտների զարգացման վերաբերյալ: Հայությունը պետք է տեր կանգնի իր հայրենիքին, այն պատկանում է բոլորիս:
Ասեմ նաև, որ արտագաղթողների 3-5 տոկոսն է կարողանում իրեն դրսևորել օտար երկրում, հաջողության հասնել, մնացածը յոլա են գնում: Երբեմն ասում են` եթե այսքան Հայաստանում աշխատեինք, ավելի լավ կապրեինք: Ավելի բարդ է հետ գալը. տները վաճառել են կամ բանկերին թողել, երեխաները դպրոց են գնում, տարբեր հարցերի առաջ են կանգնում: Շատերն են մտածում, թե ժամանակավոր են գնում երկրից, չեն հասկանում, որ ընդմիշտ են հեռանում:
-Մեր արվեստագետները դրսում, կարծես թե, ավելի հեշտ են կայանում:
-Դրսում արվեստագետն ավելի շատ խոչընդոտների է հանդիպում, որպեսզի իրեն գտնի, անցնում է «մեծ մսաղացի» միջով: Դաժան է հնչում, բայց այդպես է: Արտասահմանում մրցակցությունը շատ մեծ է: Ես շփվում եմ տարբեր երկրներում ապրող հայ և օտարազգի արվեստագետների հետ` նկարիչ, երաժիշտ, ճարտարապետ: Նույն բժիշկը արտասահմանում եթե կարողանա վերապատրաստվել, 15-20 տարի բժշկի օգնական պիտի աշխատի, 40 տարեկանից հետո նոր վիրահատության սեղանին մոտ կթողնեն կամ ընդհանրապես չեն թողնի:
-Որպեսզի արվեստագետն իր արվեստով զբաղվի, ստիպված է մեկ այլ աշխատանքով գլուխը պահել: Ամենո՞ւր է այդպես:
-Երկրներ կան, որտեղ նկարիչները նպաստներ են ստանում բանկերից, կոմերցիոն կազմակերպություններից, ֆոնդերից կամ մեկենասներից: Օրինակ, Լատվիայում ապրող վրացի նկարիչներն իրենց գործարարներից նպաստ են ստանում: Հայ արվեստագետների համար ավելի դժվար է: Մեր հարուստներն աջակցում են միայն եկեղեցուն ու այն ամենին, ինչը ռաբիս է:
-Ռաբիս ասածը` երգ-երաժշտության, կացութակերպի առումով, դրսում ապրող հայերի շրջանում կարծես նո՞ւյնպես տարածված է:
-Այո, ժամանակակից հայի կերպարը սպորտային հագուստով ռաբիսի տակ խորոված պատրաստողն է: Ամենուր է այդպես:
-Հաց ու զվարճա՞նք:
-Դա զվարճանք չէ, ուրիշներն էլ են զվարճանում, բայց ոչ «ստամոքսային» մտածելակերպով: ՈՒտելը պետք չէ կուլտ սարքել:
-Ինչպե՞ս եք տեղեկանում հայաստանյան անցուդարձին. լրատվամիջոցների՞ց:
-Ես գալիս-գնում եմ, բարեկամներ ունեմ: Հայկական լրատվամիջոցները հիմնականում վարկաբեկում են Հայաստանը` ապրելու երկիր չէ, մարդ սպանեցին, բռնաբարեցին և այլն:
-Ռիգայում լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում ո՞ր թեմաներն են:
-Երկրի ներքին քաղաքականությունը, միջազգային քաղաքականությունը, մշակույթը, տնտեսությունը, սպորտը, կենցաղային խնդիրները:
-Իսկ ինչպե՞ս են արձագանքում միասեռականների ցույցերին ու նկրտումներին: Մեզ մոտ մեծ մտավախությամբ են հետևում այդ իրադարձություններին:
-Այստեղ նույնպես նրանք շոուներ կազմակերպում են: Ոստիկանները շրջապատում են գեյերին, որ արտառոց դեպքեր չլինեն: Մարդիկ քարեր են շպրտում և այլն, ոչ մի երկրում էլ լավ չեն վերաբերվում այդ երևույթին: Եվրոպայում գեյերը բավական հարուստ են, ամուսնությունների հիմնական նպատակը դա է, որ իրար հետ վայելեն ունեցվածքը, եթե մեկին բան պատահի, մյուսին անցնի: Թե չէ ինչո՞ւ պիտի օրինականացնեն, ամուսնանում են, որ երեխա՞ ծնեն, միասի՞ն ապրեն, առանց այն էլ միասին են ապրում: Իսկ, ընդհանուր առմամբ, իրենք փոքրամասնություն չեն, մեծամասնություն են: Միայն միասեռականները չէ, մարմնավաճառները, հաշիշամոլները: Ի դեպ, հաշիշի գործածումը ուզում են օրինականացնել, որովհետև ալկոհոլիկը ավելի վտանգավոր է շրջապատի համար, քան հաշիշամոլը:
-Մի փոքր էլ լուսավոր բաներից խոսենք. ե՞րբ ցուցահանդես կունենաք հայրենիքում:
-Առաջարկ չի եղել: Ասել են` կհրավիրեն, բաց հրավերը օդի մեջ է մնացել: Հայաստանում ցուցահանդես ունենալու իմաստը չեմ տեսնում:
-Հայրենիքում Ձեր գործերը ներկայացնելն անիմա՞ստ եք համարում:
-Հարցին ուրիշ կերպ կանդրադառնայի: Ցուցահանդես բացելու համար պետք է հետաքրքիր նախագիծ լինի: Եթե հետաքրքիր առաջարկ լինի, կմտածեմ:
-Ի՞նչ եք կարծում, Ձեր ճանաչած Երևանը շա՞տ է փոխվել: Շատերն ասում են` ավելի վատն է դարձել:
-Ավելի վատը չի դարձել Երևանը, ուղղակի մտավորականներից շատերը դուրս են եկել, գլուխ են բարձրացրել դիլետանտներն ու ապաշնորհները: Եթե առաջ մտավորականությունը դոմինանտ դեր ուներ հասարակության մեջ, հիմա նրանք, ովքեր մնացել են, ճնշված են:
-Արվեստագետը պիտի զե՞րծ լինի հասարակական-քաղաքական խնդիրներից:
-Արվեստագետը պետք է հասարակական-քաղաքական խնդիրների կիզակետում լինի: Անտարբեր չպետք է լինի: Նա՛ է ազգի գլուխն ու հոգին:
-Տեղափոխվենք Ձեր արվեստանոց: Քանի՞ նկար ունեք:
-Արվեստանոցում` մոտ 20 նկար: Ընդհանուր աշխատանքներս երբեք չեմ հաշվել:
-Վաճառո՞ւմ եք:
-Իհարկե:
-Նկարը գնահատելու հարցում ի՞նչն է դեր խաղում` լավ արվե՞ստը, թե՞ լավ պրոպագանդան:
-Նկարի գինը կախված է նրանից, թե նկարիչը քանի՞ ցուցահանդես է ունեցել, ի՞նչ պատկերասրահներում է ցուցադրվել: Կապ չունի` ինչ ես նկարում, կարևորը ստորագրությունն է: Չեմ կարծում, թե բնակարանը զարդարելու համար են գնում կտավները, ավելի շուտ` փողը վերածում են արժեքավոր գործերի:
-Ինչի՞ց են ծնվում Ձեր նկարները:
-Ամեն նկար իր պատմությունն ունի, իր մտածելակերպն ու տրամաբանությունը, եթե չկա դա, ուրեմն գործ չէ, արտադրանք է:
-Այս պահին ունե՞ք անավարտ նկար:
-Մեկ անավարտ նկար ունեմ, գունավոր ու գծային հարյուրավոր էսքիզներ:
-Հայաստանում երբևէ ցուցահանդես չե՞ք ունեցել:
-Կովկասից բացի, ամեն տեղ ունեցել եմ:
-Իսկ Թուրքիայո՞ւմ:
-Առաջարկներ լինում են, բայց չեմ ուզում ինքս ինձ տհաճություն պատճառել: Ես չեմ ասում` ուրիշները չցուցադրվեն, ամեն ինչ էլ պետք է, բայց իմ դաստիարակությունն այնպիսին է, որ չեմ կարող:
-Ցեղասպանության թեմայով նկար ունե՞ք:
-Այո, ունեմ: Հետաքրքիր է, որ հիմնականում հրեաներն են գնում այդ նկարները, հայերը փիլիսոփայում են, հրեաները` գնում:
-Հայ գնորդներ առհասարակ չունե՞ք:
-Հազվադեպ եմ ունենում:
-Երջանի՞կ եք:
-Քանի դեռ կարող եմ մտածել, սիրել ու ստեղծագործել, երջանիկ եմ: Արվեստագետի երջանկությունը ինքն իրեն բացահայտելն է:
-Ձեր նկարներով ինքներդ Ձեզ գտե՞լ եք:
-Դա ընթացք է, որը կվերջանա կյանքիս հետ:


Զրույցը`
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 3269

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ