ՄԱԿ-ում Իրանի մշտական դեսպան Ամիր Սաիդ Իրավանին հայտարարել է, որ իր երկիրը չի վարանի իրացնել ինքնապաշտպանության անօտարելի իրավունքը Իսրայելի հարձակումներից հետո, որոնք հանգեցրին ՀԱՄԱՍ-ի քաղաքական առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանությանը Իրանի տարածքում: Պաղեստինի իսլամական դիմադրության շարժման քաղբյուրոյի նախագահի մահվան կապակցությամբ Իրանում եռօրյա սուգ է հայտարարվել։               
 

Մասոնները` Միքելե Մորամարկոյի վկայությամբ

Մասոնները` Միքելե Մորամարկոյի վկայությամբ
22.06.2013 | 11:23

Միքելե Մորամարկոյի «Մասոնները անցյալում և ներկայում» գրքում թվարկվում են հանրահայտ մասոնների անուններ, որ, հեղինակի հավաստմամբ, ճշգրտված են փաստաթղթերով: Իտալիայի Մեծ Արևելք ամսագրում առավել հայտնի մասոնների կենսագրական տեղեկությունների ի հայտ գալուց հետո Ջուզեպե Գամբերինիի խմբագրությամբ տպագրվել է «Հազարադեմ մասոնություն» գիրքը: Հրապարակումների շնորհիվ հայտնի է դարձել, որ մասոնական տաճարի դռները բաց են եղել Գյոթեի, Մոցարտի, Ֆլեմինգի առաջ: Հրապարակելով հայտնի մասոնների կենսագրությունները` Միքելո Մորամարկոն նպատակ չունի փառաբանել մասոններին, որ նրանց շարքերում կան այդպիսի հեղինակություններ, նրա նպատակն է ցույց տալ, թե մասոնականությունն ինչ ներգործություն է ունեցել այդ մարդկանց աշխարհայացքի կազմավորման վրա: Մորամարկոն ընտրել է մշակույթի և քաղաքականության առավել հայտնի գործիչների` խուսափելով նշել նրանց անունները, ում անդամակցությունը մասոնականությանը հավաստված չէ փաստաթղթերով: Գամբերինիի գրքից բացի Մորամարկոն օգտագործել է Ալեք Մելորի «Մասոնության ու մասոնների բառարանը»:

ՇԱՌԼ ԼՈՒԻ ՄՈՆՏԵՍՔՅՈ (1689-1755)
Գրող և փիլիսոփա, ֆրանսիական լուսավորիչների ներկայացուցիչ, «Պարսկական նամակներ» և «Օրենքների ոգու մասին» գրքերի հեղինակ: Մոնտեսքյոն քննադատում էր քաղաքական և կրոնական աբսոլյուտիզմը, պնդում էր, որ պետք է կյանքի կոչել իշխանության տարաբաժանման սկզբունքը` օրենսդիրի, քաղաքականի, դատականի, որ հաղթել էր Անգլիայում, իսկ հետո բոլոր ժողովրդավարական սահմանադրությունների հիմք էր դարձել: Լինելով Բորդոյի ինտելեկտուալ սալոններում` Մոնտեսքյոն չդարձավ բարձրաշխարհիկ մարդ, նա շարունակում էր հավատարիմ մնալ բարոյականության իր սկզբունքներին: Մոնտեսքյոն մասոն է դարձել 1730 թ. մայիսի 12-ին, Լոնդոնում, հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել «Շեփոր» լոժայում, որի ղեկավարը Նորֆոլկի կաթոլիկ հերցոգն էր: Մոնտեսքյոյի անդամագրման մասին հաղորդումը «Բրիտիշ ջորնելը» տպագրել է մայիսի 16-ին, իսկ մասոնական գործունեության մասին տեղեկություններ պարբերաբար տպագրվել են 1734-1735 թթ.:

ՎՈԼՏԵՐ (ՄԱՐԻ ՖՐԱՆՍՈՒ ԱՐՈՒԵ) 1694-1778)
Գրող, պատմաբան, փիլիսոփա, ֆրանսիական Լուսավորչության հոգևոր առաջնորդ: 1727-1729 թթ. ապրել է Անգլիայում, ծանոթացել է Լոկի, Նյուտոնի, Կլարկի ուսմունքներին, վերադառնալով հայրենիք` սկսել է նրանց գաղափարները տարածել` ի մասնավորի հրապարակելով «Նամակներ անգլիացիների մասին» և «Նյուտոնի փիլիսոփայության սկիզբը» աշխատությունները: Վոլտերը դեիզմի կողմնակից էր` «կրոն, որ տարրալուծված է բոլոր կրոններում», հիմքում ունենալով Արարչի և մարդկային ու հասարակական առաքինությունների պաշտամունքը: Նա կրոնական հանդուրժողականության ջատագով էր, հեղինակ հակակղերական բանավեճի, որ սուր սատիրայի տարրեր ուներ: Վոլտերի ստեղծագործությամբ են պայմանավորում Ֆրանսիայի մշակութային կյանքի զարգացումը: Վոլտերը դեմ էր պատերազմին և մահապատժին, պատմությունը համարում էր առաջադիմություն, մարդկության կոլեկտիվ կատարելագործում: Պատմության դերի մասին Վոլտերի տեսակետներն արտահայտվել են 19-րդ դարի սոցիալ-քաղաքական ուսմունքներում: Մարքսը բարձր է գնահատել «վոլտերականությունը», որին գերմանական ակադեմիական փիլիսոփայությունը վերաբերում էր քամահրանքով: Վոլտերը մասոն է դարձել 84 տարեկանում, մահից մի քանի ամիս առաջ` 1778 թ. փետրվարի 17-ին ընդունվել է «Ինը քույրերի» լոժան: Մասոնական տաճար Վոլտերը մտել է` ապավինելով Բենջամեն Ֆրանկլինի բազկին: Երբ հանձնել են գոգնոցը, որ նախկինում կրել է փիլիսոփա Հելվեցիուսը, Վոլտերը կտավը մոտեցրել է շուրթերին, իսկ հետո երկար շոյել բարակ մատներով: Լոժայի ղեկավարը` աստղագետ Լալանդը նրա պատվին ճառ է արտասանել` փառաբանելով Անգլիան` «ազատության միջնաբերդը», «Վոլտերի առաջին սերը»:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 6858

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ