ՄԱԿ-ում Իրանի մշտական դեսպան Ամիր Սաիդ Իրավանին հայտարարել է, որ իր երկիրը չի վարանի իրացնել ինքնապաշտպանության անօտարելի իրավունքը Իսրայելի հարձակումներից հետո, որոնք հանգեցրին ՀԱՄԱՍ-ի քաղաքական առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանությանը Իրանի տարածքում: Պաղեստինի իսլամական դիմադրության շարժման քաղբյուրոյի նախագահի մահվան կապակցությամբ Իրանում եռօրյա սուգ է հայտարարվել։               
 

«Աշխարհի մեծագույն կինոգետներն առավել ուշադրություն են դարձնում հեղինակային ֆիլմերին»

«Աշխարհի մեծագույն կինոգետներն առավել ուշադրություն են դարձնում հեղինակային ֆիլմերին»
17.05.2013 | 11:17

«Իրատես de facto»-ի հյուրն է կինոռեժիսոր, «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնի հիմնադիր տնօրեն ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ։
Այս տարին հոբելյանական է փառատոնի համար: Հուլիսի 7-14-ին Երևանում կկայանա 10-րդ «Ոսկե ծիրանը». 10-րդ անգամ մեր մայր քաղաքը կդառնա աննախադեպ ծիրանավառ:
Մինչ «Ոսկե ծիրանի» սպասվելիք տոնին անդրադարձող մեր զրույցը ներկայացնելը «Իրատես de facto»-ի ստեղծագործական խմբի և անձամբ իմ անունից ցանկանում եմ շնորհավորել ռեժիսորին` օրերս կայացած «Հայակ» մրցանակաբաշխության ժամանակ երկու` «Լավագույն ռեժիսոր» և «Լավագույն վավերագրական ֆիլմ» անվավակարգերում մրցանակի արժանանալու համար: Թեպետ «Արամ Խաչատրյան» համերգասրահից, որտեղ անցկացվեց մրցանակաբաշխությունը, Հարություն Խաչատրյանը տարավ միայն մեկ մրցանակ` «Լավագույն վավերագրական ֆիլմ» անվանակարգինը` «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» ֆիլմի համար: Իսկ մյուս մրցանակը նա ասպետորեն նվիրեց երիտասարդ ռեժիսոր Մարիա Սահակյանին:

-Պարոն Խաչատրյան, հոբելյանական 10-րդ «Ոսկե ծիրանն» արդեն որոշակիորեն ուրվագծվա՞ծ է, փառատոնի հայեցակարգը կազմակերպիչների համար նախորոշվա՞ծ է: Որքանո՞վ եք պատրաստ բացելու փակագծերը և խոսելու սպասվող ծրագրերի մասին:
-Կան արդեն պայմանավորվածություններ այն մասին, թե ովքեր են հյուրընկալվելու փառատոնին, ինչ ֆիլմեր են բերվելու: Բայց հասկանալի է, որ մինչև վերջին օրն էլ փոփոխություններ լինում են: Մարդիկ կարող են չեղյալ հայտարարել նախնական պայմանավորվածությունները տարբեր պատճառներով` հիվանդություն, զբաղվածություն և այլն: Տասը տարվա ընթացքում «Ոսկե ծիրանը» ձեռք է բերել բազմաթիվ հավատարիմ բարեկամներ, և նրանցից շատերի հետ մենք այսօր արդեն հարյուրտոկոսանոց պայմանավորվածություն ունենք: Դրանք կինոաշխարհի հզոր դեմքեր են, որոնք արդեն դարձել են ոչ միայն «Ոսկե ծիրանի», այլև Հայաստանի, հայ ազգի բարեկամները: Թվարկեմ մի քանի անուն, որոնք արդեն իսկ ընդունել են «Ոսկե ծիրանի» հրավերը` Գոդֆրի Ռեջիո, Յոս Ստելլինգ, Աբբաս Քիառոսթամի, Քշիշտով Զանուսի: Նրանք կհյուրընկալվեն իրենց ֆիլմերի հետահայաց ցուցադրություններով, նոր ֆիլմերի պրեմիերաներով: Հրավիրված են նաև հայազգի այն հայտնի կինեմատոգրաֆիստները, որոնք համաշխարհային կինոյում, համաշխարհային արվեստում թողել են իրենց մնայուն հետքը: Փորձել ենք ներգրավել մեր աշխատանքներում լավագույն հեռուստաընկերությունները` և՛ ռուսական, և՛ եվրոպական: Ինչպես ամեն տարի, այս տարի ևս փառատոնի ընթացքում կցուցադրվեն աշխարհի լավագույն ֆիլմերը, կլինեն այնպիսի ֆիլմերի պրեմիերաներ, որոնք մրցանակների են արժանացել Բեռլինում, Կաննում, Վենետիկում: Այսինքն` «Ոսկե ծիրանի» օրերին ցուցադրվող ֆիլմերի և փառատոնի հյուրերի մակարդակը շատ բարձր է լինելու: Ամենամեծ թերությունը մեր մեջ է լինելու, որովհետև չենք կարողանալու այդ բարձրությանը համարժեք ցուցադրություններ կազմակերպել: Չունենք մի քանի կինոթատրոն, չունենք նորագույն տեխնիկա, չունենք հնարավորություն միևնույն ֆիլմը ցուցադրելու մի քանի անգամ` բարձրագույն որակով: Այս թերությունները մեր կողմից, իհարկե, լինելու են: Իսկ նման թերությունները ոչ մի լուրջ ռեժիսոր չի կարողանում ներել հետագայում: Յուրաքանչյուր ռեժիսոր ցանկանում է իր ֆիլմը ցուցադրել ամենալավ որակով: Դրանք հեղինակային ֆիլմեր են, նրանց հոգուց, մտքից, էներգիայից պոկված մեծ կտորներ են, և հեղինակները շատ բծախնդիր են ցուցադրության նկատմամբ: Դրանք պատահական ֆիլմեր չեն, ամերիկյան ֆիլմեր չեն, հոլիվուդյան սերիական արտադրանքներ չեն, որոնք արվում են միայն փող վաստակելու համար: Իհարկե, հոլիվուդյան ֆիլմերի մեջ էլ կան շատ լավերը, բայց ես նկատի ունեմ հոլիվուդյան կոմերցիոն ֆիլմերը, որոնք փողի համար մտածված և, ինչ խոսք, շնորհքով արված ֆիլմեր են: Բայց դրանց ռեժիսորները նույնիսկ չեն հետաքրքրված, թե ինչ ճակատագրի է արժանանում իրենց ֆիլմը հետագայում: Այդ ֆիլմով հետաքրքրվում են միայն այնքանով, թե քանի՞ միլիոն դոլարի եկամուտ բերեց` տասը՞, տասներկո՞ւ, հիսո՞ւն: Սա է միայն կարևոր նման ֆիլմերի ռեժիսորների համար: Իսկ հեղինակային ֆիլմերի ռեժիսորները, քանի որ գումար չեն վաստակում և իսկական կինո են ստեղծում, ուրեմն նրանց ստեղծած կինոն ծառայում է հոգու, մտքի հարստացմանը, մարդու կրթությանը, կինոլեզվի զարգացմանը: Ինչո՞ւ են աշխարհի մեծագույն արվեստաբանները, կինոգետներն առավել շատ ուշադրություն դարձնում հեղինակային ֆիլմերին, որովհետև դա է առաջ տանող ուժը:
-Կինոդահլիճների խնդիրը, փաստորեն, առկա է նաև ա՞յս տարի:
-Դժբախտաբար, կինոդահլիճները չեն ավելացել: Վերջին հույսն այն է, որ Դալմայի այգիներում բացվելու են կինոթատրոններ: Դրանք ևս կընդգրկվեն փառատոնի աշխատանքներում, այնտեղ ևս կցուցադրվեն ֆիլմեր, որը հնարավորություն կտա առավել մեծ թվով հանդիսատեսի համար ցուցադրել մեր բերած ֆիլմերը: Այդ ֆիլմերը բերելու վրա մենք բավական մեծ գումարներ ենք ծախսում, և գիտեք, որ չենք վաճառում տոմսեր: Եթե ինչ-որ սիմվոլիկ գին էլ սահմանվում է տոմսերի համար, այդ ամբողջ փողը տրվում է կինոթատրոնին: Այսինքն` «Ոսկե ծիրանը» ոչ մի կոպեկ չի վաստակում ֆիլմերի ցուցադրությունից: Դա զուտ բարեգործական նախաձեռնություն է և հետապնդում է գիտակրթական, մշակութային նպատակներ:
-Դալմայի այգիներում կինոցուցադրության համար պայմանները բավարա՞ր են:
-Նախատեսված էր Դալմայի այգիներում բացել վեց կինոդահլիճ, բայց երեքը միայն կբացվեն շուտով` մինչև փառատոնը: Մենք մեր միջոցներով պիտի Գերմանիայից տեխնիկա բերենք` գոնե տասը օրով: ՈՒզում ենք օգտագործել նաև «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը, ամեն երեկո երկու ֆիլմ այնտեղ ցուցադրել: «Փյունիկ» հիմնադրամը բերել է կինոթատրոն-մեքենաներ, որոնք ևս կտրամադրվեն «Ոսկե ծիրանին»` փողոցներում, հրապարակներում ֆիլմեր ցուցադրելու համար: Իհարկե, կինոցուցադրություններից բացի, նորից կլինեն վարպետության դասեր: Համագործակցում ենք «Թումո» կենտրոնի հետ, որը, իմ կարծիքով, շատ հեռանկարային կենտրոն է: Դա այն հաստատություններից մեկն է, որի հետ կապվում է մեր կինոյի, մշակույթի, կրթության ապագան: Այնտեղ առանձին ծրագրեր ենք անելու` դասախոսություններ, վարպետության դասեր, ցուցադրություններ:

-«Ոսկե ծիրանի» պետական ֆինանսավորումը չի՞ ավելացել հոբելյանական տարում:
-Իհարկե, ո՛չ: Ֆինանսավորման խնդիր իսկապես ունենք: Մենք 6-7 տարի է, որ հրավիրում ենք «Եվրանյուզ» ընկերությանը: «Եվրանյուզը» ցուցադրել է մոտ տասնյոթ ռեպորտաժ Հայաստանի մասին: Թեմաները եղել են տարբեր. փառատոն և ցեղասպանություն, փառատոն և հայկական կոնյակ, փառատոն և Հայաստանը պետականորեն քրիստոնեություն ընդունած առաջին երկիր… Այսինքն` այդ տեսանյութերը միայն փառատոնին չեն ծառայել: Դրանք եղել են հետևողական, կարևորագույն քարոզչություն` ի նպաստ մեր երկրի, մեր ժողովրդի: Վերջերս մի լրագրող ինձ հարցրեց, թե որքանո՞վ են փոխհատուցվել փառատոնի վրա կատարված ֆինանսական ներդրումները: Ասեմ, որ մեր պետությունն ամեն տարի 50 մլն դրամ է հատկացնում փառատոնին, որը ծիծաղելի գումար է «Ոսկե ծիրանի» նման փառատոնի համար: Մենք, իհարկե, ծախսում ենք շատ ավելին` մեր հովանավորների շնորհիվ: Եթե ամեն մեկի ջանքը, աշխատանքը, նվիրումը հաշվարկենք, ապա դա անհաշիվ միլիոնների կհասնի: Բայց ես կարծում եմ, որ մենք մեր արած ներդրումների դիմաց բարոյական հարթության վրա փոխհատուցվել ենք տասնապատիկ ավելի: Եթե միայն հաշվարկենք «Եվրանյուզի» ցուցադրած սյուժեների արդյունքը, արդեն իսկ շոշափելիորեն կերևա մեր օգուտը: Ադրբեջանը նմանատիպ յուրաքանչյուր սյուժեի մեկ րոպեի համար 300-400 հազար եվրո է վճարում: Նույնը և մյուս երկրների դեպքում է, որոնք զբաղված են իրենց պրոպագանդայով: Ես կարծում եմ, որ եթե «Ոսկե ծիրանի» ստացած «եկամուտները» միայն այդ տեսանկյունով չափենք, բավական կլինի հասկանալու համար, թե որքան ենք շահել մենք, մեր երկիրը, մեր ազգը: Իսկ այս տարի հոբելյան է, և կցանկանայինք լավ ընդունել թե՛ մեր նախորդ տարիների հյուրերին, թե՛ այն մարդկանց, ովքեր առաջին անգամ են գալու «Ոսկե ծիրան»: Այդպիսի մարդկանց հրավիրելիս ծիծաղելի է նույնիսկ մտածել «էկոնոմ» դասի ավիատոմսերի մասին: Նրանք անպայման «բիզնես» դասի տոմսերով պիտի ապահովվեն, լավագույն հյուրանոցներում պիտի ապրեն:
-«Հայկական ավիաուղիների» պաշտոնական սնանկացումը ազդո՞ւմ է Ձեր ծրագրերի վրա:
-Դա ամենամեծ պրոբլեմներից մեկն է: Բոլոր երթուղիներն արդեն նախօրոք մտածված, հաշվարկված էին: Եվ հիմա մենք կանգնած ենք այն փաստի առաջ, որ բազմաթիվ երթուղիներ չեն իրականանալու: Ստիպված ենք նոր փնտրտուքներ սկսել, պարզել, թե միջազգային այլ թռիչքուղիներով կարելի՞ է այստեղ հասցնել մեր հյուրերին: Իսկ այդ ծառայությունները շատ թանկացել են: Ամենաթանկ թռիչքները դեպի Հայաստան կատարվողներն են: Արդեն 7-8 տարի է, որ պետականորեն փառատոնին հատկացվող գումարը չի ավելանում: Իսկ կյանքը շատ է թանկացել: Թանկացել են ոչ միայն ավիատոմսերը, այլև ռեստորանները, հյուրանոցները, տպագրական ծառայությունները: Փա՜ռք Աստծո, որ կա «ՎիվաՍելը», որը վարում է մշակութային այդպիսի կարևոր քաղաքականություն և մեր կողքին անդավաճան կանգնած է սրբի պես: Եթե նա մի օր իր հովանավորչական ձեռքը վերցնի «Ոսկե ծիրանի» վրայից, փառատոնն ուղղակի կփակվի: Մենք արդեն իրավունք չունենք ավելի վատ փառատոն անելու: Կամ պիտի փակենք փառատոնը, կամ պիտի տարեցտարի ավելի լավ անենք: Եթե ավելի վատ կամ նախորդ տարիների մակարդակը կրկնող փառատոն անենք, դա կլինի աններելի հակաքարոզչություն Հայաստանի դեմ: Չեմ կարծում, որ նման բան կլինի, որովհետև, սկսած Հայաստանի Հանրապետության նախագահից մինչև վարչապետ, մշակույթի նախարար, քաղաքապետ, սիրում են փառատոնը: Փառատոնը սիրում են բոլոր ընդդիմադիրները, բոլոր դիմադիրները, բոլոր քաղաքական ու ոչ քաղաքական գործիչները: Որովհետև փառատոնն ազգի, երկրի համար է, չունի քաղաքական ուղղվածություններ, կրթական, մշակութային լուրջ, մտածված գործընթաց է, ո՛չ` միջոցառում: Միջոցառումը մեկ անգամ է լինում, իսկ «Ոսկե ծիրանը» տարիների հետևողական, նպատակային գործընթաց է: Տասը տարին մի փուլ է եզրափակում: Այդուհետ սկսվելու է մյուս փուլը` հայկական կինոյի տեսակ ստեղծելու փուլը, լուրջ հայկական կինո անելու փուլը: Տասը տարի մենք ծանոթացրինք համաշխարհային կինոյի տեսակներին, որակներին, գործիչներին և տեսանք, որ շատ ենք զիջում այս պլանում: Մեկ-երկու հաջողված ֆիլմով չի կարելի խոսել ազգային կինոյի գոյության մասին: Քանի դեռ չկա քանակ, տեսակ չի կարող ստեղծվել: Այնպես որ, 10-րդ կինոփառատոնից հետո պետք է լուրջ խոսակցություն լինի այս հարցերի մասին կինոասպարեզի բոլոր առաջատարների հետ, բոլոր նրանց հետ, ովքեր կոչված են զբաղվելու այդ գործով, բայց բոլորովին չեն զբաղվում: Իսկ հիմա մեկ անգամ ևս հիշեցնեմ, որ հուլիսի 7-14-ին Հայաստանը կրկին իր տեղը պիտի ամրագրի համաշխարհային կինոքարտեզի վրա և պիտի կարողանա պնդել, որ կա մի կինոփառատոն, որը չի տարբերվում աշխարհի լավագույն կինոփառատոներից: Եթե ամենաառաջիններից չէ, վերջիններից էլ չէ: Աշխարհի լավագույն կինոռեժիսորներն արդեն գիտեն, որ իրենց ֆիլմերը Կաննում, Վենետիկում, Բեռլինում, Կառլովի Վարիում, Լոկառնոյում ցուցադրվելուց հետո գալիս են Հայաստան` «Ոսկե ծիրան»: Հայաստանն իսկապես հեղինակային կինոյի Մեքքա է դարձել այդ ժանրում ստեղծագործող բոլոր ռեժիսորների համար: Նրանք անպայման բերում-ցուցադրում են այստեղ իրենց ֆիլմերը: Եվ մենք հիմա արդեն շատ լավ հանդիսատես ունենք, որը հենց հեղինակային կինոյի հանդիսատեսն է: Եթե այդ հանդիսատեսը տարիների ընթացքում չձևավորվեր, մենք չէինք իմանա, թե ով ենք, ինչ արժեք ունի մեր արած գործը: Մեր հանդիսատեսը հեղինակային կինոյի քաղց ունի, և մենք փորձում ենք հագեցնել այդ քաղցը: Կան և ջղային մարդիկ, որոնք չեն ընդունում մեր ցուցադրած ֆիլմերի տեսակը, որովհետև, դժբախտաբար, փչացրել են իրենց կինոընկալումը, կինոճաշակը: Բայց դե դա էլ պետք է լինի, դա էլ է բնական: Եվ այդուհանդերձ, անվիճելի փաստ է, որ «Ոսկե ծիրանը» դառնում է համընդհանուր տոն Հայաստանի, Երևանի համար:


Զրույցը վարեց
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 1881

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ