ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

ԹԱՎՐԵ. «Անկոչը»

ԹԱՎՐԵ. «Անկոչը»
09.05.2013 | 17:05

«Այսօրվա համար բավական է, - ականջներումս հնչեց Անկոչի ծանոթ ձայնը, - վերադառնալուդ ժամանակն է…» :
Հավաքածս գունավոր ավազաքարերը լցրեցի գրպանս ու նստելով չարչրկված «Պեժոյիս» ղեկին, հեռացա լճափից:
Քիչ անց արդեն տանն էի: Ինչպես միշտ`Անկոչը ներսի կողմից կողպել էր սառնարանի դուռը… Թակեցի: Բացեց: Բերածս քարերը խնամքով տեղավորեցի սառնարանում եղածների կողքին ու հոգնած մարմինս նետեցի բազմոցի վրա: Կիրակիս ավարտվեց…
Աշխատանքային օրերին պարտադիր սափրվում էի, ինձ պատշաճ տեսքի բերում ու նոր միայն`տնից դուրս գալիս: Այդ կերպ ես ջանք չէի խնայում վրայիցս թաքցնել այն փաստը, որ արդեն մեկ տարուց ավել է Անկոչը հայտնվել էր իմ կյանքում…
Ամեն օր, ողջունելով իմ առջև հիմնարկի դուռը բացող դռնապահին, թիկունքով որսում էի նրա պատասխան ողջույնը, քիչ առաջանում, ապա շրջվում ու հարցնում.
- Փոփոխություն կա՞, ինչպե՞ս է ձեր պառավը…
- Նա ողջ գիշեր փսխում էր, մսյո: Այս գիշեր աչք չեմ փակել, - մեկ տարի շարունակ նույն պատասխանն էր տալիս դռնապահը և այդ ընթացքում անձեռոցիկով սրբում բերանի շուրջը: - Մահը խռովել է պառավիցս…
Այնուհետև մի քանի աստիճան վեր էի բարձրանում, ոտք դնում երկար միջանցքի ծայրին ու նկատում աշխատասենյակիս շեմը թրջոցով սրբող հավաքարարուհուն: Նա իմ ճանաչած բոլոր կանանցից ամենափարթամն էր: Հավասարվում էի նրան, գերի հանձնվող զինվորի պես երկու թևերս օդ բարձրացնում ու իբր զգուշանալով ոտքերիս տակ թաց հատակը տրորելուց, մեղավոր տոնով մրմնջում.
- Մադամ, ձեր չարչարանքը ջուրը թափեցի, ներեցեք:
- Անհանգստանալու կարիք չկա, մսյո, - արհեստական ժպիտով արձագանքում էր հավաքարարուհին, - ամենևին դժվար չէ, նորից կմաքրեմ:
Բանալին դռան անցքը մտցնելուս ընթացքում, մեղքս քաված լինելու համար` քաղաքավարությունից դրդված որևէ հարց էի տալիս.
- Ձեր թոռնիկը… ասում էիք պետք է դպրոց ընդունվի. ընդունվե՞ց:
- Օ՜, այո´: Տեսնել էր պետք, թե ո՜նց է փքվել: Հետը խոսել չէր լինում, իրեն մեծ մարդ էր երևակայում:
Մինչ հավաքարարուհին կչկչոցով շաղակրատում էր, բացում էի աշխատասենյակիս դուռը և խոսքը դեռ նրա բերանում` ներս թափանցում: Տեսնելով գրասեղանիս վրայի թղթերի կույտը, սարսափով մտածում էի. «Նախորդ օրը Անկոչն այստեղ ջանք չի խնայել ամեն ինչ տակնուվրա անելու համար: Չէ՜, կարգ ու կանոն հաստատելու համար շտապ պետք է քարտուղարուհի գտնել»:
Հաջորդ կիրակի, քանի դեռ օրերը տաք էին, կրկին որոշեցի լճափ գնալ: Դեռևս անկողնու մեջ, պառկածս տեղից հեռուստացույց միացրի: Եղանակի տեսությունն էր: Երբ հաղորդավարուհու փոխարեն էկրանին հայտնվեց Անկոչը, հեռուստացույցն անջատեցի:
Թողնելով, որ սուրճս հովանա, մտա լոգասենյակ: Հայելու միջից ինձ նայեց հայկական քթով խոժոռ մի դեմք: Սեղմեցի ատամի մածուկի սրվակը: Առանձնապես չզարմացա, երբ սրվակից դուրս ցցվեց Անկոչի լպրծուն ու երկարավուն դեմքը: Նա ամենուրեք էր: Ազատվել էր պետք նրանից:
Ավտոտնակ մտնելով հայտնաբերեցի, որ «Պեժոյիս» անվադողը փսկել է: Հեծնեցի անդավաճան հեծանիվս և քիչ անց արդեն լիճ տանող ճանապարհին էի:
Հեծանիվս անաղմուկ առաջ էր ընթանում, իսկ ես քթիս տակ մրմնջալով, մեկը մյուսի հետևից վճիռներ էի կայացնում.
- Երբ վերադառնամ`սառնարանս ազատելու եմ ավազաքարերից: Անկողնուս գլխավերևից հեռացնելու եմ Մունկի «Ճիչ»-ը: Սրանից հետո` երկու, երեք օրը մեկ եմ սափրվելու:
Քիչ անց, վերջին ասֆալտապատ ոլորանը շրջանցելուց հետո` թեթև սահքով մոտեցա լճի դատարկ լողափին: Կեսօրին այստեղ ասեղ գցելու տեղ չէր լինելու հանգստացողների հոսքից: Հիմա ես առաջինն էի ու թողնելով հեծանիվս, քայլեցի ընդհուպ մինչև լիճը:
- Ես վերադառնում եմ… - հանկարծ ճչացի ես ու գրպանիցս հանելով ատամի մածուկի սրվակում բանտարկված Անկոչին, նետեցի լճի ամենահեռավոր խորքերը:

Դիտվել է՝ 149756

Մեկնաբանություններ