ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

1050 մետր ճամփա` մեկ դույլ ջրի համար

1050 մետր ճամփա` մեկ դույլ ջրի համար
07.05.2013 | 12:26

ԱՐԵԳ ԿՈԶՄՈՅԱՆԻ` «1050 մետր` 20 աստիճան թեքությամբ» ֆիլմը Բրիտանական խորհրդի «Ֆիլմ +H20» խորագիրը կրող մրցույթում ճանաչվել է լավագույնը:
Երիտասարդ ռեժիսորը ֆիլմը նկարահանել է հայրենի գյուղում: Ինքը` Արեգը, գյուղում չի ապրում, ժամանակ առ ժամանակ այցելում է Բջնիում գտնվում իրենց ամառանոցը: Ծանոթ է տեղի բնակիչների առօրյային, հոգսերին: Այստեղ, ինչպես և ֆիլմում է ներկայացվում, մարդիկ ստիպված են 1050 մետր ճամփա կտրել մեկ դույլ ջրի համար:
Սա ջրի սակավության ակնհայտ օրինակ է, բայց ռեժիսորը չի ցանկացել մասնավորեցնել: Ասում է, որ հաճախ է ճամփորդում ու գիտի, որ ջրի խնդիրն առկա է մեր հանրապետության տարբեր շրջաններում:
Ժյուրիի նախագահ Միքայել Պողոսյանի դիտարկմամբ` Արեգ Կոզմոյանի ֆիլմը երեք րոպեում ցուցադրում է մեկ ամբողջական պատմություն, որը կարող է ներկայացվել ցանկացած փառատոնի: Ի դեպ, «1050 մետր` 20 աստիճան թեքությամբ» ֆիլմը նկարահանվել է մեկ օրում: Կարո՞ղ է այն օգնել, որ տվյալ տարածքը գրավի պատկան մարմինների ուշադրությունը: Իհարկե` ոչ: Արդյո՞ք սովորական քաղաքացին է վատնում ջուրը: Որտե՞ղ պետք է փնտրել բուն խնդիրը` հասարակությա՞ն շրջանում, թե՞ ավելի «վերևներում»: Համացանցում հետաքրքիր մի տեսանյութ էր հայտնվել. փոքրիկ տղան ծարավը հագեցնում էր ցեխաջրում: Եվ դիտարկում էր արվել` Երկիր մոլորակի բնակիչները միջոցներ ունեն Մարսում ջուր որոնելու, բայց չեն կարողանում մաքուր ջրով ապահովել նման տարածքները:
Արեգը նկատեց, որ մրցույթին մասնակցող ռեժիսորներից մեկը հենց այս թեման էր բարձրացրել. ֆիլմում պատկերված է` ինչպես է մարդը վատնում ջուրը` կենցաղային այս կամ այն խնդիրները հոգալիս:
«Չեմ կարծում, թե մեր քաղաքացիները ջուրն այնքան են ծախսում, որ չի հերիքում: Այսօր գյուղերում, Երևանի որոշ թաղամասերում ջրի պակասի խնդիր կա, որը պետք է լուծեն իշխանությունները»,- ասաց Արեգ Կոզմոյանը:
Նշենք, որ կինոմրցույթը հայտարարվել էր ամիսներ առաջ և նվիրված էր Բրիտանական ֆիլմերի 11-րդ փառատոնի` «Ջրային համագործակցության» թեմային: Մրցույթի նպատակն էր ֆիլմերի միջոցով բարձրաձայնել ջրի հետ կապված խնդիրներն ու մտահոգությունները: Նախնական փուլն անցած ինը ֆիլմերը ժյուրին դիտարկել է և, առաջին մրցանակից զատ, առանձնացրել երկրորդ և երրորդ մրցանակակիրներին: Վահան Խաչատրյանն իր «Water 1.2.445.345.9» ֆիլմով երկրորդ մրցանակակիրն է, իսկ Ավետ Տերտերյանի անվան արվեստի դպրոցի սաներն իրենց «Comet VAMPIRE» ֆիլմով երրորդն են:
Արեգը մրցույթին ներկայացված աշխատանքներից հավանել է Վահան Խաչատրյանի «Water 1.2.445.345.9» ֆիլմը: Նշեց նաև, որ Բրիտանական ֆիլմերի փառատոնի ընթացքում մարդաշատ էին «Նաիրի», «Մոսկվա» կինոթատրոնները: «Հետաքրքրությունը մեծ էր անգամ վավերագրական ֆիլմերի ժամանակ: Հանդիսատեսը դահլիճը չէր լքում մինչև ֆիլմի ավարտը: Կարծում եմ` վերականգնվում է կինո նայելու ավանդույթը»,- ասաց նա:
Հունիսի 12-ին Արեգը կմեկնի Միացյալ Թագավորություն` մասնակցելու «Sheffield Doc-Fest 2013» ամենամյա փառատոնին, ուր հնարավորություն կունենա հետևելու փառատոնի ծրագրին և անգլիացի ռեժիսորների հետ քննարկելու համագործակցության հնարավորությունները:
Հավելենք, որ 2025-ին 1,8 մլրդ մարդ կապրի ջրի սակավության լուրջ խնդիր ունեցող երկրներում: 2030-ին Երկիր մոլորակի բնակչության 67 տոկոսը զրկված կլինի խմելու ջրից: Ջրի սակավության ազդեցությունն արդեն իսկ ակնհայտ է:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 2521

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ