Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Էդ նույնն է, ինչ պետությունը գնդակահարես

Էդ նույնն է, ինչ պետությունը գնդակահարես
29.10.2024 | 09:46

Հոկտեմբերի 27-ին ես Փարիզում էի։ Ծանոթ ֆրանսիացի տղերքից իմացա։ Չհավատացի։ Հավատալու բան է՞ր։ Բայց երեկոյան հեռուստացույցը ստիպեց հավատալ։ Գիլյոտինի նման իջավ իմ իրականության վրա ու երկու կեսի բաժանեց՝ մինչև ու հետո։

Ոչ մի կերպ չէր տեղավորվում աշխարհի մասին իմ պատկերացումների մեջ։ Չէ՛, դա կապ չուներ իմ աշխարհի հետ, անկոչ հյուրի նման խցկվեց ուղեղիս մեջ, ու ինչպես օրգանիզմն ա պայքարում օտար մարմնի դեմ, գիտակցությունս թարախային պարկուճի մեջ առավ ու մեկուսացրեց։ Բայց ցավում էր, ո՜նց էր ցավում։

Եթե կարելի ա հանգիստ մտնել ու գնդակահարել երկրի անձեռնմխելիներին, ուրեմն կարելի ա փողոցում, տանը, դպրոցում, մանկապարտեզում մտնել ու գնդակահարել ցանկացած մարդու՝ իմ ընկերներին, հարազատներին, բարեկամներին, որոնց հետ ես ամբողջ կյանք եմ ապրել։ Էդ նույնն ա, ինչ պետությունը գնդակահարես։ Էլ ոչ ոք չի կարող իրան ապահով զգալ էդ երկրում։

Մի կես տարուց վերադարձա Հայաստան։ Ասես ոչինչ չէր եղել, կարծես մոռացել էին դրա մասին՝ դեպք էր, եղավ, անցավ-գնաց։ Մենակ՝ մարդկանց աչքերում՝ կենտրոնում չէ, այլ աչքերի ծայրերին՝ կողային տեսողության սպիտակ դաշտում, աննշան ճեղք էր գոյացել, որ մենակ շատ ուշադիր նայելիս կտեսնեիր։ Երևի ցավում էր, բայց սովորել էին ցավին ու ասես էլ չէին նկատում։

Իմ գիտակցության էդ բորբոքված հատվածը մինչև էսօր էլ կա ու երբեք չի վերանա, ես գիտեմ։ Ես էլ եմ ցավին սովորել, արդեն համարյա չեմ զգում, բայց երբեմն մզում ա, մզմզում ա՝ չի թողում՝ գիշերը քնեմ։ Կարծես տանս պատուհանի ապակին քարով խփել, ջարդել են, իսկ ես չեմ կարողանում ապակի գցել։ Կեղտն ու փոշին տուն են լցվում, ցանկացած պահի ով ուզի կմտնի պատուհանից ու ինձ կսպանի, ձմեռը բուքն ա տուն լցվում՝ սառում եմ։ Իսկ ես ապրում եմ էդ տանը՝ մրսելով, վախենալով ապրում եմ ու չեմ գնում, ոչ մի տեղ չեմ գնում։ Ու՜ր գնամ, տունը վաղուց իմ մեջ ա։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 2463

Մեկնաբանություններ