ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Գագիկ ՄԱՐՏՈՅԱՆ. Մեկ - մեկ էլ ձեռի հետ պայքարեք, որ գոնե էդ բոլշևիկի արձանը վերացնեն հրապարակից

Գագիկ ՄԱՐՏՈՅԱՆ. Մեկ - մեկ էլ ձեռի հետ պայքարեք, որ գոնե էդ բոլշևիկի արձանը վերացնեն հրապարակից
26.05.2014 | 14:48

Մեր ժողովրդի լավագույն, ակտիվ զավակները ինչպե՞ս շուտ չէին հասկացել, որ Անաստաս Միկոյանի արձանը լրջագույն վտանգ է ներկայացնում հանրապետության ներկայիս ազատական ռեժիմին: Փաստորեն, որ մեր ներկայիս ազատական ռեժիմն այնքան էլ ազատական ռեժիմ չէ, մեղքի մի խոշոր բաժին էլ Սանահինում, Էջմիածնի քաղաքային այգում (ասում են` այժմ Մայր տաճարին է պատկանում) կանգնեցված Միկոյանի արձաններից է գալիս: Երևի ինչ - որ շամանական զորություն ունեն այդ արձանները: Բայց դուք պատկերացրեք, որ եթե հանկարծ Երևանի կենտրոնում տեղադրեն`՝ ինչ կկատարվի. մարդիկ շարվեշարան կգնան նրան պաշտելու, ինչպես հեթանոս եգիպտացիներն էին պաշտում և զոհաբերություններ մատուցում իրենց Ապիս եզանը կամ փյունիկեցիները՝ մարդակուլ Մելկարտ - Մողոքին, կամ հույները՝ Թալոսին: Եվ կվերադառնան հին ստալինյան ժամանակները` բռնապետություն, համակենտրոնացման ճամբարներ, Հայաստանն էլ կկորցնի անկախությունը: Վայ: Վայ մեզ: Ի՜նչ լավ են անում մեր ժողովրդի լավագույն զավակները, որ պայքարում են ապագա արձանի դեմ: Ասում են՝ մեկը կոչ է արել, որ հենց տեղադրեն՝ պետք է անհապաղ պայթեցնել: Մի հերոս էլ հայտարարել է, որ եթե տեղադրեն, ուրեմն ինքը խոստանում է, որ ամեն օր արձանի վրայից զուգարանի հոտ կգա: Թուհ... Մեկն էլ որոշել է քաղաքային իշխանությունների դռները ջարդել իր պատրաստած նամակ - բողոք - ստորագրություններով: Բա ի՞նչ էիք ուզում: Ի՞նչ անեն խեղճ մարդիկ: Էս քաղաքային իշխանություններն էլ բան ու գործ չունեն. ձևեր են թափում, թե ինչ - որ գործ են ուզում արած լինել, բայց դե մեր ազատատենչ ակտիվիստերը հո լավ են հասկանում նրանց նենգ մտադրությունները: Այսօր ավելի կարևոր գործ, քան այս տեղադրվելիք արձանի դեմ պայքարելն է՝ չկա, չկա ու չկա: Ջանդամ, թե Հայաստանը կամաց - կամաց չի դատարկվում հայերից, ինչպես Նախիջևանը ժամանակին դատարկվեց պրծավ կամաց - կամաց: Ջանդամ, թե խոր ճգնաժամ չէ գրեթե բոլոր ոլորտներում: Ջանդամ, թե վաղը մարդ չի մնալու սահմանը թուրքից պաշտպանելու համար: Բայց հա, ի՞նչ: Թեկուզ տասը հոգի էլ մնա,՝ մեկ է, այդ տասը հոգին կապրի ազատ, առաջադեմ, Միկոյանի արձանը տապալած Հայաստանում: Հուռա՜, հուռա՜, հուռա՜... Սիրելի ակտիվիստներ, ձեր հերոսական ճակատը համբուրեմ ես, մի բան հուշեմ, կարելի է՞. Գարեգին Նժդեհը չլիներ, այսօրվա մի բուռ Հայաստանն էլ չէր լինի: Գիտեք, չէ՞, որ այսօրվա անկախ Հայաստանում Գարեգին Նժդեհի անվան հրապարակ կա, սակայն այդ հրապարակում այսքան տարի Ստալինի ընկեր, բոլշևիկ Սուրեն Սպանդարյանի արձանն է դեռ կանգնած: Հաստատ գիտեմ, որ գիտեք: Ասում եմ, ակտիվիստներ ջան, պայքարում՝ պայքարում եք, քարն իրենց գլխին, որ Նժդեհի անվան հրապարակում Նժդեհի արձանը չեն կանգնեցնում, մեկ - մեկ էլ ձեռի հետ պայքարեք, որ գոնե էդ բոլշևիկի արձանը վերացնեն հրապարակից: Թե չէ որտեղ նայում ես՝ չորս կողմդ պաթոլոգիա է, կատարյալ պաթոլոգիա:

Դիտվել է՝ 1421

Մեկնաբանություններ