ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Հակահայկական ծրագրի սկզբնավորումը

Հակահայկական ծրագրի սկզբնավորումը
11.11.2008 | 00:00

ԱԴՐԲԵՋԱՆԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Իբրև պետություն ինքնուրույն քաղաքական գոյության տարիներին Ադրբեջանում աստիճանաբար ձևավորվեց նոր քաղաքական դասակարգը, ինչպես նաև վարչական ֆունկցիոներների այն խավը, որ կրթություն է ստացել Եվրոպայում և ԱՄՆ-ում, ու, ըստ այդմ, տարբերվում է տեղական ինտելեկտուալների ավանդական տիպից։ Սակայն ֆունկցիոներների այս նոր տեսակին են պատկանում նաև նրանք, ովքեր կրթություն են ստացել Ռուսաստանում։ Ադրբեջանական լրատվական և քաղաքական դաշտի ոչ անհայտ գործիչ Ռաուֆ Թալիշինսկու բնորոշմամբ, այս սերունդը չի ընդգծվում ո՛չ ազգայնական, ո՛չ էլ հայրենասիրական տրամադրություններով։ Այս սերնդի ներկայացուցիչները համարում են, որ ստացել են բոլորովին նոր կրթություն, բոլորովին տարբերություն չեն դնում, թե ինչպես և ում համար են աշխատում, ձգտում են բացառապես հաջողության և փողի, ընդ որում՝ այդ երկուսի համատեղ առկայությունը համարելով պարտադիր հանգամանք։
Նոր ապարատի ձևավորման գաղափարն Ադրբեջանում առաջ քաշեց դեռևս նախկին նախագահ Հեյդար Ալիևն իր քաղաքական գործունեության ամենավերջին փուլում։ Այն ժամանակ դա ուներ ընդհանուր գծեր, սակայն այդ մտադրությունները սկսեց իրագործել նախագահի աշխատակազմի ղեկավար Ռ. Մեհթիևը` կլանային և ազգակցական առաջնահերթությունների խստիվ պահպանումով։ Երբ սկսվեց սերնդափոխության գործընթացը գործադիր իշխանության համակարգում, որ նախաձեռնել էին նոր նախագահ Իլհամ Ալիևը և նույն Ռ. Մեհթիևը, 2003 թ. ընտրություններից հետո տեղի ունեցան նկատելի փոփոխություններ վարչական ապարատում։ Ընդ որում, խնդիր չէր դրված իրագործելու կադրերի ռոտացիա, այլ գտնելու բոլորովին նոր մարդկանց, երիտասարդների, որոնք արդեն ունեին որոշակի աշխատանքային փորձ։ Վերջին 3-4 տարիներին այդ սերունդն աստիճանաբար առաջնային դիրքեր զբաղեցրեց քաղաքական ծրագրավորման և վերլուծության դաշտում, հրապարակային և ոչ հրապարակային քաղաքական բանավեճերի հրահրման գործում։
Հարկ է արժանին մատուցել Իլհամ Ալիևին՝ նոր մասնագետների գտնելու և առաջ մղելու առումով։ Այդ նոր մարդկանց իսկապես ոգևորում է քաղաքական ղեկավարության աջակցությունը, հետաքրքիր կրթական ծրագրերի առկայությունը, պաշտոնական աստիճանակարգով արագ առաջ գնալու հնարավորությունը, ցուցաբերվող վստահությունն ու նոր գաղափարներ և ծրագրեր իրագործելու հնարավորությունը։ Իհարկե, ոգևորության հարցում ոչ պակաս կարևոր դեր ունեն սպասվող նավթային եկամուտները, որոնցով էլ ողջ ադրբեջանական հասարակությունը պայմանավորում է իր բոլոր խնդիրների լուծումը։ Այս հանգամանքն անչափ կարևոր է Ադրբեջանի արտաքին և ներքին քաղաքականության խնդիրներն ու նպատակները հասկանալու համար։ Անկախ ավտորիտար համակարգից՝ Իլհամ Ալիևը չի կարող հաշվի չնստել նոր սոցիալական խմբերի կարծիքի ու ցանկությունների հետ։ Այդ թվում՝ քաղաքական դասակարգի նոր ներկայացուցիչների, որոնք ավանդական կեղծ հայրենասիրական հռետորաբանության պայմաններում իրականում բացարձակապես հնարավոր չեն համարում նոր պատերազմի վերսկսումը։ Նրանք այլ ձևաչափի և խաղի կանոնների շրջանակում են դիտարկում ղարաբաղյան հիմնախնդրի ուժային լուծումը։ Այս սոցիալ-քաղաքական գործոնը չի կարող ազդեցություն չգործել Ադրբեջանի ղեկավարության քաղաքականության և արտաքին քաղաքական նախաձեռնությունների վրա։ Ըստ այդմ էլ Ադրբեջանի ղեկավարությունը մշակեց հատուկ և նպատակադրված ծրագիր Հայաստանի միջազգային մեկուսացման և շրջափակման ուղղությամբ։ Այդ ծրագիրն իր մեջ պարունակում է ֆինանսատնտեսական, տեղեկատվական, կոմունիկացիոն շրջափակում, ինչը, հեղինակների կարծիքով, պետք է հանգեցնի Հայաստանի տնտեսական և ռազմաքաղաքական ներուժի կտրուկ նվազման, իսկ հանրագումարում՝ նրա վերջնական կապիտուլյացիային։
2006-ի մայիսին, ելույթ ունենալով Ադրբեջանի անվտանգության խորհրդի և կառավարության համատեղ ընդլայնված նիստում՝ Ադրբեջանի նախագահը հնչեցրեց առանցքային մոտեցումները, դիրեկտիվ կարգով թվարկելով այն նախադրյալները, որոնք, իր կարծիքով, հետագայում պետք է դառնան Ադրբեջանի քաղաքականության հիմնական ուղղությունները։ Հնչեցված մոտեցումները կարելի է խմբավորել հետևյալ կերպ.
1. Ադրբեջանի քաղաքականության մեջ սպասման փուլն անցած է, և եկել է ժամանակը՝ վարելու ակտիվ արտաքին քաղաքականություն։ Հատկապես տարածաշրջանային կտրվածքով՝ առաջադրելով գլոբալ և տարածաշրջանային նախաձեռնություններ, որոնք ուղղված կլինեն Ադրբեջանի դերի բարձրացմանը և նրա վերածմանը կարևոր տարածաշրջանային պետության, տարբեր տերությունների ռազմավարական գործընկերոջ, որը մասնակից է խոշոր քաղաքական և տնտեսական դաշինքների։
2. Ադրբեջանը չի կարող մնալ Հարավային Կովկասի մյուս պետությունների հետ հավասար հնարավորությունների երկիր և պետք է ձեռք բերի հարևանների համեմատ ավելի կարևոր կարգավիճակ։ Դրա համար հենարան պետք է ծառայեն աշխարհաքաղաքական, տնտեսական, դեմոգրաֆիական և պաշտպանական առավելությունները, և, դրանցից ելնելով, Ադրբեջանի քաղաքականությունն ուղղված պետք է լինի իր ազդեցության տարածմանը ոչ միայն փոքր, այլև խոշոր պետություններում։
3. Եվրամիության, ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հետ ռազմավարական գործընկերության շրջանակներում Ադրբեջանի դերի մասին պատկերացումները պետք է փոխվեն։ Այդ դերը պետք է ընդլայնվի, զուգահեռաբար ընդլայնելով նաև համագործակցության ոլորտները, ձեռք բերելով այնպիսի գործառույթներ, որ նավթի ու գազի մատակարարումը լինի կարևորագույն ուղղություններից միայն մեկը՝ քաղաքական և պաշտպանական գործառույթների կողքին։
4. Այդ հավակնությունները, որ կապված են կոնկրետ խնդիրների լուծման հետ, պետք է իրագործել երկրի անվտանգության ապահովման, նրա տնտեսական ու պաշտպանական ներուժի մեծացման ճանապարհով, ինչպես նաև ադրբեջանական հասարակության ներքին պահանջների բավարարման առումով, քանի որ այդ հասարակությունը ձգտում է Ադրբեջանը տեսնել տնտեսապես առավել զարգացած և բարեկեցիկ երկրների «ակումբի» իրավահավասար անդամների շարքում։
5. Ադրբեջանը պատրաստ է սկսելու պետության և հասարակության վերափոխման բարդ աշխատանք, որպեսզի դառնա էներգառեսուրսների և արդյունաբերության համաշխարհային կենտրոններից մեկը։ Այնպիսի պետություն, որ կարող է օրինակ ծառայել այդ ռեսուրսների արդյունավետ և տրամաբանական օգտագործման առումով՝ միաժամանակ դիվերսիֆիկացիայի ենթարկելով իր տնտեսությունն ու արդյունաբերությունը։ Ադրբեջանը պետք է ձգտի դառնալ նոր տեխնոլոգիաների զարգացման երկիր քիմիայի, մետալուրգիայի, նոր նյութերի ստեղծման, ժամանակակից տեխնիկայի արտադրության, խոշոր գիտական հետազոտությունների ոլորտներում։ Կան բոլոր նախադրյալները՝ Ադրբեջանը նաև տեղեկատվական տեխնոլոգիաների տարածաշրջանային կենտրոնի վերածելու համար։
6. Ադրբեջանը պետք է ունենա բոլոր հնարավորությունները՝ ցանկացած ագրեսիա հետ մղելու համար, տիրապետի պաշտպանական և քաղաքական անհրաժեշտ ներուժի ղարաբաղյան և հարևանների հետ ունեցած խնդիրները կարգավորելու համար։ Այդ թվում՝ Իրանի, Վրաստանի, Թուրքմենստանի և Ռուսաստանի։ Միաժամանակ պետք է ընդունակ լինի կանխելու հնարավոր լարվածությունն արտաքին հարաբերություններում։
7. Անհրաժեշտ է պարտադրել Հայաստանին, որպեսզի վերջինս ընդունի հայկական պետականության և հասարակության ագրեսիվ և ապակառուցողական լինելու փաստը։ Արդյունքում հրաժարվի օկուպացիայից և Ադրբեջանի տարածքի, նրա մշակութային արժեքների նկատմամբ ունեցած բոլոր տեսակի հավակնություններից։ Այդ նպատակին հասնելու համար անհրաժեշտ է կիրառել եղած հնարավորություններն ու միջոցները Հայաստանի քաղաքական և տնտեսական շրջափակումը, նրա տնտեսական զարգացումը և ռազմական ներուժի ամրապնդումը կասեցնելու ուղղությամբ։ Հանրագումարում համոզիչ կերպով ապացուցել Հայաստանին իր հավակնությունների անհեռանկարայնությունն ու ռազմական բախման դեպքում անխուսափելի պարտությունը։
8. Ադրբեջանի առջև կանգնած է Թուրքիայի հետ առավել ակտիվ համագործակցելու խնդիրը։ Ինչպես նաև եղբայրական թուրքական պետությունների հետ հարաբերությունների սերտացման հարցը։ Անհրաժեշտ է հանդես գալ ավելի պարզ ու սկզբունքային դիրքորոշմամբ միջազգային իսլամական կազմակերպություններում, արաբական երկրների հետ հարաբերություններում։ Կարևոր խնդիր պետք է դիտարկել Իրանի հետ հարաբերությունների կարգավորումն ու բարելավումը։
9. Սերտ համագործակցությունը Եվրամիության և ՆԱՏՕ-ի հետ պետք է հանդիսանա Ադրբեջանի արտաքին քաղաքականության գլխավոր կողմնորոշիչը։ Որովհետև Ադրբեջանն իրեն դիտարկում է իբրև Եվրատլանտյան դաշտում գտնվող պետություն, ինչը հիմնված է պրագմատիկ հեռանկարային մոտեցումների վրա։ Առաջնահերթ ազգային խնդիրների լուծումը ևս պայմանավորված պետք է լինի այդ քաղաքականությամբ, ընդ որում, հաջողված արտաքին քաղաքականություն վարելու համար անհրաժեշտ է միտված լինել ոչ միայն դեպի Արևմուտք, այլև Արևելք։
10. Ադրբեջանն աշխարհիկ պետություն է, որը միաժամանակ ունի սոցիալական ուղղվածություն։ Այդ երկու սկզբունքները կասկածի ենթակա չեն, և միայն այդ պայմաններում է հնարավոր հուսալ, որ երկիրը կլուծի իր խնդիրներն ու բարեկեցիկ ապագայի համար անհրաժեշտ հիմքեր կստեղծի։
11. Ադրբեջանի քաղաքականության այս ուղղությունները մշակված են նախագահ Հեյդար Ալիևի կողմից և արժանացել են ադրբեջանական ժողովրդի աջակցությանը։
Վերոնշյալ տեղեկատվությունը զետեղված է բրիտանական «Բրիթիշ Պետրոլեում» նավթային ընկերության դոսիեում։ Թեկուզ և տեքստը բերված է ազատ թարգմանությամբ, բայց բավականաչափ համապատասխանում է բնօրինակին, ինչից և կարելի է անել անհրաժեշտ հետևություններ։ Ավելացնենք, որ ներկայումս Ադրբեջանում արդեն գոյություն ունեն դիրեկտիվ բնույթի մի շարք կառավարական փաստաթղթեր, որոնք համադրվելով որոշակիացրել են Ադրբեջանի տարածաշրջանային քաղաքականության հիմնական ուղղությունները։ 2006-ին Ադրբեջանն ամրացրեց իր արտաքին քաղաքական դիրքերը ԱՄՆ-ի, Եվրամիության, ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացման շնորհիվ։ Եվ, իհարկե, ինչպես միշտ, հենվելով Թուրքիայի աջակցության վրա։ Հանրագումարում Ադրբեջանում հանգեցին եզրակացության, որ առանց տարածաշրջանում բոլոր ուղղություններով իրենց դիրքերի ուժեղացման իրենք չեն կարող հասնել այն նպատակների իրագործմանը, որոնք պետական քաղաքականության հիմքում առանձնացվել են իբրև հիմնական առաջնահերթություններ՝ ազգային շահերի տեսանկյունից։
Ընթացքի մեջ է նաև արտաքին քաղաքականության կտրվածքով ազգային առաջնահերթությունների վերագնահատման և հստակեցման գործընթացը։ Այս ամենը հիմնականում հետևանք է նրա, որ նավթային գործոնի շնորհիվ առաջացան որոշ ծրագրեր իրագործելու տնտեսական հնարավորություններ։ Սակայն նույն «Բրիթիշ Պետրոլեում» ընկերության վերլուծական խորհրդի ղեկավար, Հարավային Կովկասի և կից տարածաշրջանների իրավիճակին քաջատեղյակ Ջոն Գերսոնի կարծիքով, ամեն ինչ այդքան էլ անամպ չէ։ Ադրբեջանական վերոհիշյալ ծրագրի հետ կապված՝ Գերսոնը մասնավորապես նշում է. «Այդ ծրագիրն իրագործել կարող են միայն քաղաքականության հանճարները։ Մարդիկ, ովքեր գլխավորում են խոշոր և տնտեսապես զարգացած պետություն, որը նշանակալի դեր է խաղում համաշխարհային քաղաքականության և տնտեսության մեջ ու միաժամանակ ունի հզոր ռազմական տերության կարգավիճակ։ Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ այս ծրագրի իրագործման մեջ գլխավոր խնդիրը լինելու է այդ նպատակների լեգիտիմության ապահովումը, ինչն ընդհանրապես անպատկերացնելի է ժամանակակից աշխարհում։ Այլ, նույնիսկ փոքր պետություններին շրջափակման ենթարկելու այս կարգի նախագծերը վաղուց արդեն պատմության գիրկն են անցել»։
Չնայած դրան, Ադրբեջանի ղեկավարությունը նախաձեռնել և իրականացնում է տարածաշրջանի երկրներ (Թուրքիա, Վրաստան, Ռուսաստան, Իրան, Կենտրոնական Ասիա, Բալկաններ և այլն) տնտեսական ներթափանցման նախագծեր։ Նպատակը, բնականաբար, Ադրբեջանի դիրքերի ամրապնդումն է այդ պետություններում կամ տարածաշրջաններում։ Այդ նպատակով ստեղծվել են ու շարունակում են ձևավորվել տարբեր ուղղվածության բավական խոշոր ընկերություններ։ Սա բավականաչափ լուրջ և սպեցիֆիկ թեմա է, որին կանդրադառնանք մեր առաջիկա հրապարակումներից մեկում։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 4770

Մեկնաբանություններ