Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Ալիևն ինչպես ձուկը ջրում

Ալիևն ինչպես ձուկը ջրում
10.07.2024 | 21:32

Ինչ խոսք, Ալիևը «կինոյի» տղան է:

Աստեղային ժամը՝ պիկին, ռեպուտացիան՝ մինչև Պեկին ու Սի Ցզինպին, «դոստ-ախպերությունը»՝ Թուրքիա, Պակիստան ու Պուտին:

Այնքան հասունացած, այնքան կայացած, որի հետ հաշվի են նստում ու որի հետ առևտուր ու գործարք են անում աշխարհաքաղաքական կենտրոնների լիդերները:

Բացառություն չէր նաև Չինաստանը, որի հետ Ադրբեջանը ռազմավարական գործընկերության հռչակագիր ստորագրեց:

Համագործակցության մասշտաբների ու ծավալների մասին առայժմ կարելի է միայն ենթադրել, մինչև այդ մասով հասանելի կդառնա փաստացի տեղեկատվությունը:

Ալիևը Սի Ցզինպինի կողմից նաև Շանհայի համագործակցության կազմակերպության հաջորդ գագաթաժողովի մասնակցության հրավեր ստացավ:

Անոնսավորվում է, որ ՇՀԿ հաջորդ գագաթնաժողովում կքննարկվի կազմակերպության հետ Ադրբեջանի հարաբերությունների իրավական կարգավիճակի բարձրացման հարցը:

Չի բացառվում, որ Ադրբեջանն առնվազն ՇՀԿ դիտորդի կարգավիճակ կստանա:

Չինաստանը ողջունել է նաև Ադրբեջանի «ԲՐԻԿՍ»-ին անդամակցելու ցանկությունը, ավելին՝ օժանդակության պատրաստակամություն հայտնել:

Իր հերթին «ԲՐԻԿՍ»-ի գագաթնաժողով ծրագրվում է անցկացնել առաջիկա նոյեմբերին:

Տարեսկզբից կազմակերպության նախագահությունն անցել է Ռուսաստանին:

Չի բացառվում, որ այստեղ ևս վերջինս դիտորդի կարգավիճակ ստանա:

Կայացել է նաև հանդիպում Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի առաջնորդների միջև։ Քննարկվել են միասնական զորավարժությունները պարբերական դարձնելու և համատեղ ռազմական նշանակության ապրանքներ և սպառազինություն արտադրելու հարցերը։

Նորություն չէ, որ այս համագործակցությունն ունի խոր արմատներ, ուղեկցվում է բազմաթիվ համատեղ զորավարժություններով ու ակտիվ համագործակցությամբ։

Եվ դա հատկապես ակնհայտ դարձավ 2020 թվականի Արցախի դեմ իրականացված 44-օրյա պատերազմի ժամանակ։

Վերջերս Պակիստանի և Ադրբեջանի միջև կնքվել է 1,6 մլրդ դոլար ընդհանուր արժողությամբ՝ «JF-17C Block-III» կործանիչների, ինքնաթիռների և մի շարք սպառազինությունների ձեռքբերման պայմանագիր:

Այս համագործակցության շրջանակներում հուլիսի 12-ին նախատեսված է Ալիևի այցը Պակիստան։

Ի դեպ, օրեր առաջ Ադրբեջանն Իտալիայից գնեց սպառազինություն տեղափոխող ռազմական ինքնաթիռներ, իսկ Իսրայելից՝ գերժամանակակից հրթիռահրետանային կայաններ:

Այս ամենի համատեքստում էլ, Շուշիում տեղի ունեցած «թյուրքական պետությունների կազմակերպության» համաժողովի շրջանակներում Ալիևը պետք է բարձրաձայնի, որ՝

* 21-րդ դարը թյուրքական աշխարհի զարգացման ու բարգավաճման դարն է լինելու:

* Թյուրքական աշխարհի և Թյուրքական պետությունների կազմակերպության ուժեղացումը Ադրբեջանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է:

* Ադրբեջանը միշտ ջանքեր է գործադրել՝ սերտորեն միավորելու թյուրքական աշխարհը, հզորացնելու իր քաղաքական, տնտեսական և ռազմական հզորությունը և դառնալու համաշխարհային արենայում ուժի կենտրոն:

* Ադրբեջանը թյուրքական պետությունների համար կարևոր տարանցիկ ծառայություն է ցուցաբերում:

* Թյուրքական պետությունների կազմակերպությունը պետք է դառնա համաշխարհային մասշտաբով ուժի կենտրոններից մեկը: Մենք ընդգրկում ենք մեծ աշխարհագրական տարածք, անդամ երկրներում կա ժողովրդագրական դրական դինամիկա, և մեր ռազմական ներուժը բազմիցս ապացուցել է իրեն մարտի դաշտում։ Մեր հարուստ բնական ռեսուրսները, դրանց մատակարարման ժամանակակից ենթակառուցվածքը, Միջերկրական և Սև ծովերի նավահանգիստների հետ Կենտրոնական Ասիան և Կովկասը կապող տրանսպորտային միջանցքները, մեր հարուստ և հին պատմությունն ու մշակույթը մեր ամենամեծ արժեքներն են: Մեր ժողովուրդների հավատարմությունն ավանդական արժեքներին սերտորեն միավորում է մեր երկրները։

Միաժամանակ պետք է տեղեկացնի, որ մինչ այս տարվա վերջ 20 հազար մարդ վերադառնալու է Ղարաբաղ, իսկ հաջորդ տարի շահագործման է հանձնվելու Լաչինի միջազգային օդանավակայանը։

Այսպիսով, եթե մինչ այս պահը ստորագրվել էր «Շուշիի թուրք-ադրբեջանական դաշնակցային դեկլարացիան», ապա այսօր վերոնշյալ դրույթների ներառմամբ ստորագրվեց թյուրքական պետությունների այսպես կոչված «Ղարաբաղյան հռչակագիրը»։

Այսպիսով՝ Ադրբեջանը սեփական անվտանգությունը հավուր պատշաճի կազմակերպելուց, րոպե առ րոպե ռազմական արսենալը թարմացնելուց, մինչ ատամները միլիտարիզացվելուց ու երկրի արևմտյան սահմաններն անառիկ պլացդարմ-պոլիգոնի վերածելուց զատ, միաժամանակ լինելով արտաբլոկային երկիր, կարողանում է ռազմաքաղաքական դաշնակցային հարաբերություններ հաստատել և գործնականում իր համար հողի վրա հավելյալ անվտանգային երաշխիքներ ապահովել:

Ինչ է այս ամենը, եթե ոչ նոր վտանգներ ու մարտահրավերներ Հայաստանի համար:

Իսկ ի՞նչ է անում Հայաստանը ռազմաքաղաքական խախտված բալանսը վերականգնելու և այդկերպ հնարավոր արհավիրքները կանխելու, առավել ևս՝ չեզոքացնելու համար:

Գործնականում՝ տարին մեկ անգամ հայ-ամերիկյան համատեղ զորավարժություններ է անցկացնում, որոնք այդպես կոչելը մեղմ ասած սխալ է և որոշ սպառազինություն է ձեռքբերում Հնդկաստանից, որի արդյունավետությունը կասկածի տակ է:

ՈՒրիշ՝ ոչինչ:

Կրկին ֆիքսում ենք, որ ՀՀ պաշտպանական և անվտանգային համակարգը, հետևաբար՝ երկրի սահմաններն ու տարածքային ամբողջականությունը մեղմ ասած վտանգված են:

Իսկ այժմ, կեղծ խաղաղության ու անվտանգության իմիտացիայի քողի տակ, դեռ ազգովի վայելում ենք հարաբերական անդորրը…

Դավիթ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Դիտվել է՝ 4055

Մեկնաբանություններ