Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Ինձ համար բանաստեղծը Թումանյանն էր, քնարերգուն՝ Տերյանը, իսկ պոետը՝ Չարենցը

Ինձ համար բանաստեղծը Թումանյանն էր, քնարերգուն՝ Տերյանը, իսկ պոետը՝ Չարենցը
13.03.2024 | 13:17

Մարտի 13-ը Չարենցի ծննդյան օրն է

Ինձ համար դեռ փոքրուց պոետ բառը միշտ Չարենց է նշանակել։ Չգիտեմ՝ ինչու, միգուցե որովհետև Չարենցի երկու թոռները մեր բակից էին ու իրեն էնքա՜ն նման, որ կարծես երկու Չարենցների հետ էի չլիկ-դաստա խաղում: Կամ կարող է նրա համար, որ ես Չարենցի դպրոցն էի գնում, կամ էլ որովհետև իմ մանկական ամենախելահեղ սերերից մեկն էմալե պրոֆիլ ուներ, դժվար է ասել, բայց գիտակցության ձևավորման էն տարիներին, երբ բոլորը պիտի հստակ պաշտոններ ունենային, ինձ համար բանաստեղծը Թումանյանն էր, քնարերգուն՝ Տերյանը, իսկ պոետը՝ Չարենցը։ Պոետ ասելով՝ ես հասկանում էի մի խելառ հանճար, որը հենց փողոցում, շատրվանի նման, անպատմելի գեղեցկության տողեր է ժայթքում՝ հանպատրաստից, դրանցից որը հասցնում է գրի առնել, դառնում է գրականություն, իսկ որը չի հասցնում՝ կորում-գնում է, բայց նա չի ափսոսում, որովհետև էդ հանճարեղ տողերը թիվ ու հաշիվ չունեն՝ նա պարզապես խոսում է տենց։

Երբեմն ես փորձում էի պատկերացնել, թե ինչ է զգում պոետը, բայց ամեն անգամ պատասխանը նոր հարց էր լինում՝ իսկ ի՞նչ է զգում բոցկլտացող կրակի լեզուն կամ քամու բերանն ընկած արևի շողքը, ինչ է զգում ցգացմումքը կամ հուզմումքը... Եսի՞մ, ո՜վ իմանա, բայց ես գիտեի, որ պոետը հենց նման մի բան է զգում, որը մեզ՝ հասարակ մահկանացուներիս, անհասանելի է։

Մեր ավտոբուսի կանգառում, որը հիմա Բարեկամության մետրոյի կանգառ է կոչվում, իսկ էն տարիներին պարզապես Բարեկամություն փողոցի վերջին կանգառն էր, ես հաճախ էի տեսնում Ռեգինային. երևի էդ կողմերում էր ապրում։ Ես գիտեի, թե Ռեգինան ով է. մաման պատմել էր։ Ամեն անգամ նրան տեսնելիս աշխատում էի աննկատ նայել աչքերի մեջ. գիտեի, որ հայացքում պահել է Չարենցին, բայց ոչ մի անգամ չստացվեց։ Չարենցին տեսնել հնարավոր չէր, նրան կարելի էր միայն զգալ քամու պոռթկումների մեջ, արևի ճառագայթների մեջ, ծիրանի արևահամի մեջ, իմ դասընկերուհիների հեզաճկուն իրանների մեջ։ Չարենցը շունչ էր դարձել, դարձել էր լաց, ուրախություն, ցավ ու խինդ:

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 5597

Մեկնաբանություններ