Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Աշխարհի նոր «Cosa Nostra»-ն (մաս 4-րդ)

Աշխարհի  նոր «Cosa Nostra»-ն  (մաս 4-րդ)
10.11.2013 | 15:42

(սկիզբը` այստեղ)

ԱՅՍՊԵՍ ՄՈՏԵՆՈՒՄ ԵՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԻՆ

Ռուսաստանի տարածքում գործող գյուլենական աղանդի որոշ «բջիջների» բնորոշ է եղել հետևյալ գործելակերպը. հավաքներից մեկում նորեկին ասում են, թե պետք է մերձավորներից ու ընկերներից թաքցնել այն տեղեկությունները, որ ինքը ստանում է հավաքների ընթացքում, թաքցնել է պետք նաև հավաքներին մասնակցելու բուն փաստը։ Ասվում էր, թե դա անհրաժեշտ է, «քանի որ մեզ հետապնդում է Անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ), որն իսլամի ու մահմեդականների թշնամին է»։ Դաղստանի Իզբերբաշ քաղաքում բույն դրած աղանդի «բջիջներից» մեկում նորեկներից մեկը փորձել է հակառակվել այդ պնդմանը, ասելով, թե Դաղստանի Հանրապետության ԱԴԾ վարչությունում աշխատում են մահմեդականներ, և չի կարելի այդ պետական կազմակերպությունը իսլամի թշնամի համարել։ Այդ ժամանակ նրան ասել են, թե ԱԴԾ-ում աշխատում են «սխալ մահմեդականներ» ու «դավաճաններ», որոնց արդեն «մահմեդական համարել չի կարելի»։ Ռուսաստանում աղանդի որոշ «բջիջների» քարոզիչներ պարզաբանել են, որ եթե հարազատներից ու ընկերներից չթաքցնեն հավաքներին մասնակցելու փաստը, ապա ԱԴԾ-ն վաղ թե ուշ ամեն ինչ կիմանա և կձերբակալի անմեղ մարդկանց, «առաջադեմ գաղափարների» հետևորդներին։ Ստահոդ լուրեր էին հաղորդվում «սաներին», թե ԱԴԾ-ն ոչ միայն ձերբակալում է «անմեղ մահմեդականներին», այլև բանտերում ֆիզիկապես վերացնում է նրանց։ Եվ այդ «բախտին չարժանանալու» համար հարկավոր է լռել և ոչ ոքի չասել կազմակերպության անդամ հանդիսանալու, ինչպես նաև «ուսուցչի» պատմածների մասին։ Այսինքն, մարդիկ կազմակերպությունում պահվում էին վախի միջոցով, ահաբեկչության մթնոլորտում։ Սակայն առաջին հավաքների ժամանակ մարդկանց ոչ մի նման բանի մասին չէին նախազգուշացնում, և սա ևս «ներքին խզման» հնարքներից էր։ Այսինքն, աղանդի կողմը հրապուրելու փուլում դիմում են բացահայտ կեղծիքի, երբ հնարավոր հետնորդին ասում և խոստանում են մեկ բան, իսկ երբ նա դառնում է կազմակերպության անդամ, տեսնում է միանգամայն այլ բան։
Ժամանակի ընթացքում Գյուլենի աղանդի նորադարձները սկսում են հակապետական քարոզչության ենթարկվել, նրանց սովորեցնում են, որ այնպիսի «գյավուր» պետություններ (այսինքն՝ «անհավատ»), ինչպիսիք են Ռուսաստանը, ՈՒկրաինան և Բելառուսը, գոյություն ունենալու իրավունք չունեն։
«Քարոզիչները» սովորեցնում են, որ անհրաժեշտ է ստեղծել համաշխարհային խալիֆայություն, պետություն, որտեղ կյանքը կկառուցվի շարիաթի համաձայն, ընդ որում պնդում են, թե խալիֆայության հիմքը կլինեն «Մեծ Թուրանի երկրները», այսինքն՝ Թուրքիան մյուս թյուրքական պետությունների հետ։
Գյուլենականները համարում են, որ այդ շարքում անպայման պետք է լինեն Թաթարստանը, Բաշկիրիան և նախկին խորհրդային տարածության մյուս թյուրքական շրջանները։ Այստեղ հավակնություններ են հնչում նաև իրենց ասած «Արևելյան Թաթարստանի» նկատմամբ. այսպես են անվանում նավթով հարուստ Տյումենի մարզը ¥Խանտի-մանսիական և Յամալա-նենեցական ինքնավար օկրուգների հետ¤։ Գյուլենականների կարծիքով, «Արևելյան Թաթարստանը ռուս զավթիչների խլած սիբիրյան թաթարների հողերն են»։ «Թյուրքական երկրներ» ասելով նրանք հասկանում են նաև Ղրիմը, Գագաուզիան և Դաղստանը, և անգամ Բելառուսը` Լիտվայի հետ, ընդ որում՝ վերջինս համարվում է «լեհ-լիտվական թաթարների հողեր»։ Ինչպես համարում են Գյուլենի կազմակերպության անդամները, այդ տարածաշրջանների բնակչությունը խալիֆայության կազմում «իսլամ կընդունի»։ Իսլամ ասելով, տվյալ դեպքում, նկատի է առնվում Գյուլենի աղանդի ուսմունքը, այսինքն, իսլամի հիմքի վրա ստեղծված ոչ ավանդական կրոնը, որտեղ որպես մարգարեներ հանդես են գալիս Սայիդ Նուրսին և Ֆեթուլլահ Գյուլենը։ Իհարկե, ժամանակի ընթացքում, նրանց «հղացմամբ», համաշխարհային խալիֆայության կազմի մեջ կմտնեն աշխարհի բոլոր երկրները` Թուրքիա կենտրոնով։

ՀԱՍԿԱՆՈՒՄ ԵՆ, ԲԱՅՑ ԱՐԴԵՆ ՈՒՇ Է ԼԻՆՈՒՄ
Աստիճանաբար Գյուլենի աղանդի հետևորդը հասկանում է, որ «քարոզիչն» ու վերջինիս հնազանդ «եղբայրները» ձգտում են վերահսկել իր անձնական կյանքը և մասնագիտական գործունեությունը։ Օրինակ, պահանջում են ամուսնալուծվել, եթե կինն ուզում է, որ ամուսինը չհաճախի կազմակերպության հավաքներին։ Արգելում են ամուսնանալ այն աղջկա հետ, որը չի ուզում դառնալ աղանդի գաղափարակիր։ Արգելում են փոխել աշխատավայրը, պահանջելով, որ հետևորդը մնա նույն տեղում (ասենք, պետական հիմնարկներում կամ ուսումնական հաստատությունում), եթե համարում են, որ տվյալ պաշտոնում նա օգուտ կտա աղանդին։ Կամ ընդհակառակը, պահանջում են փոխել աշխատանքը, եթե կարծում են, որ դա օգտակար կլինի կազմակերպությանը։ Բայց այդ խնդրին մարդն ավելի ուշ է բախվում, երբ կազմակերպության հետ արդեն ավելի ամուր թելերով է կապված։ Դա վկայություններից մեկն է հենց այն բանի, ինչը «աղանդավար» մասնագետների շրջանում ընդունված է անվանել «ներքին խզում»։
Գյուլենի աղանդի հետևորդները, ուրիշ շատ քայքայիչ պաշտամունքների նվիրյալների նման, ձգտում են խզել իրենց ձգող կամ կաշկանդող սոցիալական կապերը։ Մահմեդական հայտնի աստվածաբան Վալիուլլա Յակուպովը նշել է այն փաստը, որ Գյուլենի շարժման մեջ հետևորդների անձնական ազատությունը խիստ սահմանափակված է, ինչով և այն նմանվում է մյուս քայքայիչ պաշտամունքներին։

ԻՆՉ ԱՀԱԶԱՆԳԵՐ ԵՆ ԵՂԵԼ...
Հայտնի է, որ 90-ականների սկզբից մի քանի տարի շարունակ Թաթարստանի դատախազության մարմինները բողոքներ էին ստանում քաղաքացիներից, որոնց մտահոգում էր այն հանգամանքը, թե ինչպես են պահում իրենց ազգականները այդ աղանդին անդամագրվելուց հետո։ «Դեպք է եղել, որ այդ կազմակերպության անդամներից մեկի ամուսինը մահացել է այն պատճառով, որ կինը գիտակցաբար ժամանակին շտապօգնություն չի կանչել։ Հետո էլ թաղմանը չի գնացել»,- 2007 թ. լրատվամիջոցներին հայտարարել է Թաթարստանի դատախազության ներկայացուցիչը։ Հանրապետական դատախազության աշխատակցի կարծիքով, այստեղ նմանություն կա այնպիսի համապարփակ աղանդների, ինչպիսիք են «Եհովայի վկաները» կամ «Աստվածածնային կենտրոնը», քանի որ «նորադարձները կառույց են մտնում որևէ մտերիմի ազդեցությամբ «փոխըմբռնմամբ», կամ էլ վարձահատույց լինելով կենսական հարցեր լուծելու գործում իրենց ցուցաբերված օգնության դիմաց, և արդյունքը լինում է այն, որ հրաժարվում են ամուսնական և ազգակցական այլ հարաբերություններից, քանի որ վերջիններս չեն գնահատել նուրականների գաղափարները և սկսում են ատելություն տածել մնացյալ ամեն ինչի նկատմամբ»։
Թաթարստանի դատախազության ներկայացուցչի կարծիքով, «Նուրջուլարի» գործունեության մեջ որոշակի զուգահեռներ կան ճապոնական տխրահռչակ «Աում Սինրիկյո» աղանդի գործունեության հետ։ Սոցիալական կապերի խզմանը նպաստում է այն, որ աղանդի գաղափարախոսությունը անարդարացիորեն փառաբանվում է, աղանդին ծառայելը կյանքի իմաստ է դառնում և այս հոգեբանական առանձնահատկություններով էլ այն նմանվում է «Աում Սինրիկյոյին»։ Լրատվամիջոցների համար արված հայտարարության ¥2007 թ.¤ մեջ Թաթարստանի դատախազության ներկայացուցիչները համոզմունք էին հայտնել, որ Նուրսիի` գյուլականների համար պաշտամունքային ստեղծագործությունները քայքայիչ ազդեցություն են գործում անհատի վրա։ Դատախազության ներգրաված փորձագետները Նուրսիի գրքերի բովանդակությունն անվանել են «մահվան պաշտամունք», ինչը անարդարացիորեն փառաբանվում է, դառնում կյանքի իմաստ։
Ինչպես այն ժամանակ նշել են փորձագետները, Նուրսիի ստեղծագործությունները կարող են օգտագործվել որպես մահապարտ ահաբեկիչների պատրաստման ձեռնարկներ, իսկ նա, ով դրանք դարձրել է իր հայեցակարգի մաս, կրոնական թշնամանք կզգա բոլոր նրանց նկատմամբ, ովքեր այլ արժեքներ ունեն։

ԱՅՍ ԱՄԵՆԸ ՎԵՐԱՃՈՒՄ Է ՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՅՔԱՅՄԱՆ
Գյուլենի աղանդում մեծ տեղ ունի զինված ջիհադի (սրբազան պատերազմ) գաղափարը։ Եվ հատկանշական է, որ Գյուլենի ռուսալեզու համացանցային կայքում կա «Ջիհադ» կոչվող համապատասխան էջ։ Կայքի այդ բաժնում ժողովված են հատվածներ Գյուլենի «Դարի ծնած կասկածներ» գրքի առաջին հատորից, որոնք հենց ջիհադի թեմային են վերաբերում («Թույլ տվեք ձեզ հարց ուղղել խղճի ազատության և ջիհադի մասին» գլուխը և «Ֆաթհ» վերնագիրը կրող գլուխը)։ Այդ հրապարակումներում Գյուլենը դրվատում է զինված ջիհադը։ Նա չի թաքցնում, որ այդ խոսքով նա նկատի ունի ոչ միայն «պայքարը հոգևոր մակարդակով, այլև պատերազմը իսլամի տարածման և մահմեդական իշխանության հաստատման համար»։ «Ֆաթհ» գլխում թուրքական քարոզիչը փառաբանում է սպանությունը «հանուն Ալլահի», որը, նրա կարծիքով, «պատվաբեր արարք է»։ Հանուն անաչառության պետք է ասել, որ այդ նույն կայքում է գտնվում նաև Գյուլենի «Ջիհադի մասին» հոդվածը, որտեղ թուրքական քարոզիչը բերում է «ջիհադ» տերմինի արդեն համարյա խաղաղատենչ ընկալումը։ Բայց նույնիսկ այդ հոդվածում աղանդի առաջնորդը չի բացառում նաև ջիհադի զինված եղանակը։
«Դարի ծնած կասկածներ» գրքի երկրորդ հատորում Գյուլենը քննադատում է այն մահմեդականներին, ովքեր ջիհադը հասկանում են միայն որպես ներքին կատարելագործման հոգևոր վարժանք. «Այն մարդիկ, ովքեր համարում են, թե կա միայն հոգևոր ջիհադ, ովքեր չեն մասնակցում դրսում մղվող պատերազմին, լավագույն դեպքում փորձում են իսլամը վերածել յոգայի նման մի բանի»։
Գրքի առաջին հատորում մտքեր կան պետության օրինական իշխանության տապալման և ամբողջ աշխարհում մահմեդական կրոնի տիրապետության հաստատման թեմայով։ Աղանդի առաջնորդը գրում է, թե իբր մահմեդական կրոնը, իր կարծիքով, «ուժի աղբյուր է, որն ընդունակ է ներգործելու պետությունների վրա և համաշխարհային տիրապետություն ապահովելու, հաղթելու աշխարհի երեսին գոյություն ունեցող բոլոր դոկտրիններին»։ Թուրք-ամերիկյան աղանդի առաջնորդի կարծիքով, Ղուրանի սուրահներից մեկը մահմեդականներին մատնանշում է հենց այդ «համաշխարհային տիրապետության» հասնելու «վսեմ» նպատակը։ Պետք է ասել, որ Գյուլենի կազմակերպությունում «ճշմարիտ իսլամ», «մահմեդական կրոն» ասելով հասկանում են հենց այդ աղանդի գաղափարախոսությունը, իսկ «ճշմարիտ մահմեդական» ասելով` այդ ուսմունքի հետևորդներին։
«Մահմեդական գիտնականի» կարծիքով, այլադավանների ոչնչացումը միանգամայն թույլատրելի է և անգամ անհրաժեշտ։ Նրանց ոչնչացումը, ովքեր խանգարել են ճշմարտության ճառագմանը, նրանց պատասխանը, ովքեր ոտնձգություն են արել իսլամի նկատմամբ, նրանց պատիժը, ովքեր ցանկացել են խավարել նրա լույսը, անհրաժեշտ են դարձել հանուն խաղաղության և հանգստության։ Գյուլենը հնարավոր և արդարացված է համարում պատերազմը կրոնական պատճառներով, ընդ որում, ոչ միայն հանուն կրոնի պաշտպանության, այլև Ալլահի վսեմափայլ անվան հաստատման։ Նույն «Դարի ծնած կասկածները» գրքում (1-ին հատոր) նա գրում է. «Իսկ եթե պատերազմն անխուսափելի է եղել, ապա այն մղվել է բացարձակապես հանուն աշխարհի բոլոր ծագերում Ալլահի վսեմափայլ անվան հաստատման, և այդ սկզբունքին երբեք չենք դավաճանել»։
Այս առումով, մեղմ ասած, զարմանք են պատճառում գիտական հասարակայնության որոշ ներկայացուցիչների փորձերը` Գյուլենին ներկայացնելու որպես պացիֆիստ ¥խաղաղասեր¤ և անգամ «չարին բռնությամբ չհակադրվելու» գաղափարի կողմնակից։ Գյուլենականները համացանցում տարածում են մի ռուս անվանի գիտնականի հարցազրույցը, որտեղ նա իրենց առաջնորդին երկերեսանիաբար համեմատում է հնդիկ փիլիսոփա Մահաթմա Գանդիի հետ և ստահոդ կերպով պնդում, թե «Գյուլենի և Գանդիի միջև նմանություն կա ցանկացած բռնության բացառման հարցում»։
Արմատական իսլամական աղանդի առաջնորդին նվիրված ջատագովական հրապարակումներում նույնպես կարելի է տեսնել ստահոդ պնդումներ այն մասին, թե իբր Գյուլենը աչքի է ընկնում երկրագնդի վրա գոյություն ունեցող համարյա բոլոր կրոնների հանդեպ հանդուրժողական վերաբերմունքով։ Այնինչ Գյուլենի «Չափանիշներ կամ կրակներ ճանապարհին» գրքում ընդգծվում է, թե իսլամ չդավանող ժողովուրդները ¥մշակույթները¤ թերարժեք են. «Հիրավի անհնար է հասկանալ այն ահավոր համառությունը, որով այլ մշակույթները մերժում են Ղուրանը, թեև իրենք են ավելի քան խղճուկ ու վհատ վիճակում հայտնվում, իսկ նրա լույսից զրկված սրտերը դադար չունեն և նրանց տառապանքներն են անսահման»։
Գյուլենի ստեղծագործություններում մենք չենք տեսնում սոսկ բանավեճ այլ աշխարհայեցողության հետ, նրանցում քարոզվում է ծայրաստիճան բացասական վերաբերմունք մարդկանց նկատմամբ` ելնելով նրանց աշխարհայեցողությունից, ինչպես նաև անհանդուրժողականություն ցանկացած այլախոհության նկատմամբ։ Թաթար հայտնի աստվածաբան Վալլիուլա Յակուպովը գրել է, թե Գյուլենի կազմակերպությունը «հրապարակավ ազատական կարգախոսներ է հռչակում», սակայն շարժման կուլիսներում ներքին կարգուկանոնը հեռու է ազատականությունից։ Մահմեդական աստվածաբանի կարծիքով, որքան կենտրոնից հեռու են նրա հետևորդները, «այնքան ավելի շատ հանդուրժողականություն է ցուցաբերվում նրանց նկատմամբ», ընդ որում «ամենամեծ ներողամտությանն արժանանում են նորադարձները»։ «Նման քողարկումը թույլ է տալիս պահպանել արևմտյան սպառողի համար ընդունելի վարկանիշը»,- նշել է Յակուպովը։
Հոլանդացի իսլամագետ, Ամստերդամի սոցիալական պատմության միջազգային ինստիտուտի տնօրեն Է. Ցյուրխերի կարծիքով, Գյուլենի գլխավորած կազմակերպությանը բնորոշ է, այսպես կոչված, «տակիան» (ստելը ի բարօրություն իսլամի), հայեցակարգ, որի համաձայն ընդունված է թաքցնել իր իսկական հայացքներն ու համոզմունքները, «հատկապես Արևմուտքի հետ փոխհարաբերություններում»։ Թաթար աստվածաբանի և իռլանդացի իսլամագետի կարծիքը հաստատում է հետևյալ փաստը. չնայած Ֆեթուլլահ Գյուլենը չի խորշում իսլամ չդավանող մշակույթների հասցեին լուտանքներ տեղալուց, զինված ջիհադի գաղափար է առաջ քաշում, իր հրապարակային ելույթներում կրոնական նոր շարժման առաջնորդը կեղծավորաբար արտահայտվում է միջկրոնական հանդուրժողականության, «կրոնների երկխոսության» մասին։ Իսկ ամերիկացի հայտնի թուրքագետ Ռ. Շարոն-Քրեսպինն էլ ավելացնում է, թե թուրքական աղանդի առաջնորդը «հաճախ իրեն ներկայացնում է որպես հանդուրժողականության և երկխոսության կողմնակից, բայց գործում է ճիշտ հակառակ սկզբունքով»։
Բայց Ռուսաստանում «Նուրջուլարի» հետևորդները հայտարարում են, թե Գյուլենը «շատ հանդուրժողական է այլ դավանանքների նկատմամբ և հանդես է գալիս երկխոսության օգտին», «Գյուլենը ո՛չ խալիֆայություն է ուզում կառուցել, ո՛չ Ռուսաստանի գործող պետական կարգն է ուզում տապալել», «Գյուլենի աշխատությունները զինված ջիհադի չեն դրդում»։ Այս բացահայտորեն ստահոդ հայտարարությունները լիովին համահունչ են «տակիայի» հայեցակարգին։ Նման սուտ հայտարարություններ, ցավոք, հաճախ կարելի է լսել գիտական հասարակության նաև այն ներկայացուցիչներից, որոնք լրատվական դաշտում հանդես են գալիս որպես «Գյուլենի աղանդի փաստաբաններ»։ Ստորև բերվող փաստերը հաստատում են, որ աղանդի հետևորդներին հանձնարարություն է տրվում գործելու «տակիայի» հայեցակարգի շրջանակներում, թաքցնելով կազմակերպության իսկական մտադրություններն ու իսկական գաղափարախոսությունը։
Այսպես, 2010 թ. սեպտեմբերին իրավապահ մարմինների աշխատակիցները Մոսկվայի մարզում «Նուրջուլարի» հետևորդներից առգրավեցին զինամթերք (նռնակներ, էլեկտրապայթուցիչներ և պայթեցման քուղեր)։ Արմատական իսլամական աղանդի ձերբակալված հետևորդներին մեղադրանք առաջադրվեց։ Այնուհետև Դաշնության խորհրդի առաջին փոխնախագահ, ազգային հակաահաբեկչական կոմիտեի անդամ Ալեքսանդր Տորշինը հայտարարեց, թե հաջողվել է ձերբակալել «Նուրջուլար» կազմակերպության պարագլուխներից մեկին, որը մահապարտ ահաբեկիչներ էր հավաքագրում Մոսկվայի մարզում։
Ձերբակալելիս նրա մոտ հայտնաբերվել էին հատուկ գրականություն, ծոցատետրեր, որոնցում գրառված էր մարդկանց հիպնոսելու և ծրագրավորելու մեթոդիկան։ Տորշինի խոսքերով՝ «բոլոր հիմքերը կան ասելու, որ հենց նա է ուղիղ գծով աշխատել մահապարտների հետ, որոնց գործի մեջ օգտագործում են տարբեր կերպ»։ Պարզվեց, որ հատուկ ծառայությունները ձերբակալվածին հետևել են 2010 թ. սկզբից։ Ձերբակալման ժամանակ վարձու բնակարաններից մեկում հայտնաբերվել են մի քանի տասնյակ նռնակ, 7 էլեկտրապայթուցիկ և 15 պայթեցման քուղ։ Հայտնաբերված ծոցատետրերում մանրամասնորեն «շարադրված են եղել, թե ինչպես պետք է հիպնոսել ու հավաքագրել մարդուն, նրան ծրագրավորել ահաբեկչական գործողության կազմակերպման և առաջին հերթին ինքնաոչնչացման»։ Տեքստերը հետազոտվեցին։ Փորձագետների եզրակացությունը ցույց տվեց, որ դրանց բովանդակությունը նպատակ է հետապնդում մարդուն դրդելու ինքնաոչնչացման ցանկության։
Այս փաստերը կարող են զարմացնել միայն նրանց, ովքեր հակված են հավատալու «տակիայի» հայեցակարգի շրջանակներում կատարվող այն հայտարարություններին, թե Գյուլենի կազմակերպությունը խաղաղասեր է, հանդուրժող է այլ դավանանքների նկատմամբ։ Սակայն դրանք չեն կարող զարմացնել այն դավանագետներին ու արևելագետներին, ովքեր իրոք ուսումնասիրել են այդ կազմակերպության գործունեությունն ու գիտեն, որ թուրք-ամերիկյան աղանդի կողմից տարածվող ուսմունքը իր հետևորդներին ծայրահեղ անհանդուրժողականություն է ներշնչում այլ աշխարհայացքի տեր մարդկանց նկատմամբ, և նրա առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենի աշխատություններում փառաբանվում է զինված ջիհադի գաղափարը։ Առավել ևս զարմանք չի պատճառում այն փաստը, որ Կուրգանի մարզում «Նուրջուլարի» կազմակերպած մեդրեսեում ¥կրոնական դպրոց¤ հայտնաբերվել է մի սեղմագիր, ուր մանրամասնորեն նկարագրված է եղել պայթուցիկ նյութի պատրաստման սխեման։
Այդ սեղմագիրը ոստիկանությունը հայտնաբերել էր 2011-ի օգոստոսին օպերատիվ-որոնողական աշխատանքի շնորհիվ` Չելյաբինսկի երկու բնակչուհիների գործունեության ուսումնասիրության ընթացքում, որոնք ղեկավարում էին «Նուրջուլար» միավորման բջիջները և Կուրգանի մարզի Ազնալինո գյուղում մեդրեսե էին հիմնել։ Աղանդի այդ ուսումնական հաստատություններում սովորում էին 11-17 տարեկան աղջնակներ։ Հենց այդ աշակերտուհիներից մեկին էլ պատկանել է սեղմագիրը։ Վերոհիշյալ փաստերի լույսի ներքո զարմանալի չէ, որ Գյուլենի կազմակերպությունը ժամանակին օգնություն էր ցուցաբերում գրոհայիններին ու ահաբեկիչներին։

Այս առումով ինչ վիճակ է Հայաստանում, որը, չգիտես ինչու, ոչ միայն մեծ հետաքրքրություն է ներկայացնում տարատեսակ քայքայիչ աղանդների համար, այլև մեր ոչ թե գյուլենյան, այլ միանգամայն իրական հանդուրժողականության (քիչ է ասել) շնորհիվ պարարտ հող է դարձել դրանց արմատավորման համար և պատուհաս մեր «փոքր եկեղեցու» և նրա հավատացյալ հոտի գլխին։
90-ականների սկզբին, երբ աղանդներից դեռ մեկ-երկուսն էին սկսել մեզանում «ինքնադրսևորվել», Էջմիածնի փոխքաղաքապետի պարտականությունների շրջանակներում վեհափառ հայրապետ Վազգեն Առաջինի հետ հանդիպումներից մեկի ժամանակ մտահոգություն հայտնեցի այդ առնչությամբ։ «Եկեղեցին..., եկեղեցին ի՞նչ կարող է անել՝ բացի խոսքից, քարոզից, և հետո, մենք փոքր եկեղեցի ենք, թույլ ու աղքատ դրանց համեմատ։ Պետությունը պետք է խիստ ու հետևողական լինի...». այսպես ասաց Վեհափառը։
Բայց պետությունը ոչ միայն հետևողական չեղավ, այլև փոթորկուն ծովի ալիքների վրա հայտնված տաշեղի նման տարուբերվում է աչքներիս առաջ` աղանդների, գենդերային հանդուրժողականության, համասեռամոլության ազգակործան այլասերության ճահիճն ավելի ու ավելի խրվելով...
Երևի, ինչպես ասում են, «պատկան մարմիններին» ամեն ինչ հայտնի է, քանի որ դա նրանց «հացն է»։ Երևի նրանք, իրենց գնահատմամբ, հետևողական են ու խիստ։ Մեզ հայտնի չէ։ Բայց որ աղանդների համատարած գրոհի պայմաններում մեր ազգային անվտանգությանը մեծ և իրական վտանգ է սպառնում, կասկածից վեր է։ Մեզ մնում է հորդորել և մեր ժողովրդին զգոնության կոչել։ ՈՒրեմն, զգույշ, շուրջբոլորը քայքայիչ ու թշնամական աղանդներ են։

Հրապարակման պատրաստեց
Ֆելիքս ԵՆԳԻԲԱՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 15432

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ