Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

ՄԻՊ. Ադրբեջանցի զինվորականներն իրենց հատուկ գրքույկներում ունեն քարտեզներ, որոնցում ՀՀ զգալի մասը ներկայացվում է Ադրբեջանի պատմական տարածք

ՄԻՊ. Ադրբեջանցի զինվորականներն իրենց հատուկ գրքույկներում ունեն քարտեզներ, որոնցում ՀՀ զգալի մասը ներկայացվում է Ադրբեջանի պատմական տարածք
18.12.2020 | 16:54

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքում գրել է.

«Սրանք քարտեզներ են, որոնք իրենց մոտ հատուկ գրքույկներում ունենում են ադրբեջանցի զինվորականները: Այս քարտեզներում Հայաստանի Հանրապետության զգալի մասը ներկայացվում է՝ որպես Ադրբեջանի պատմական տարածք: Դրանք Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն արձանագրել է մշտադիտարկումների ընթացքում: Այդ քարտեզներին ուղեկցում են իրականությանն ակնհայտորեն չհամապատասխանող տեքստեր, որոնք անմիջականորեն դրված են ադրբեջանական իշխանության մարմինների կազմակերպված հայատյացության ու թշնամանքի քարոզի թեզերի հիմքում: Ընդ որում, հենց այդ տեքստերն ուղեկցվում են հայերի նկատմամբ խորքային ատելություն բորբոքող, ոգեշնչող արտահայտություններով. «այս երկիրը իմն է, քոնն է, մերն է», «պատվարժան քաղաքացին չպետք է հանդուրժի խորհրդանիշների պղծում», «խորհրդանիշները պետք է պահպանվեն այնպես, ինչպես երկրի նամուսը, հարգանքն ու պատիվը», «բոլոր խորհրդանիշները սուրբ են» և այլ ձևակերպումներ: Օրինակ՝ այդպիսի տեքստերից մեկում նշվում է. «Երբ Ռուսական կայսրությունը փլուզվեց, Ադրբեջանի տարածքը 130 000 կմ. քառակուսի էր, 1918-1920 թթ. Ադրբեջանի դեմոկրատական հանրապետության տարածքը 114000 կմ քառակուսի էր: ԽՍՀՄ շրջանում Ռուսաստանին (Դերբենդի Խանություն, 7 հազար կմ քառակուսի), հայերին (մինչև 1923 թ. Զանգեզուրի, Եղեգնաձորի, Սևանի, Դիլիջանի շրջանները, սահմանամերձ գյուղերը, 1946 թ. 40 կմ քառակուսի, 1969 թ. Թովուզից 7.6 կմ քառակուսի, Ղազախից մոտավորապես 50 կմ քառակուսի) 10.9 հազար կմ քառակուսի է տրվել: Վրաստանին 9.5 հազար կմ քառակուսի է տրվել, այսինքն տարբեր ժամանակներում 27,4 հազար կմ քառակուսի: Մեզ մնացած 86.6 հազար կմ քառակուսուց 13.110 կմ քառակուսին դեռ օկուպացված է»:


Այս ամենն ուղիղ առնչվում է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի իրավասությանը, քանի որ վերաբերում է Հայաստանի ողջ բնակչության, հայ ժողովրդի կյանքի, սեփականության ու մյուս բոլոր իրավունքների երաշխավորմանը, խոշտանգումներից ու անմարդկային վերաբերմունքից նրանց պաշտպանությանը:
Հենց նման եղանակներով կազմակերպված քարոզչությունն է տարիների ընթացքում Ադրբեջանում ձևավորել հայերի նկատմամբ էթնիկ պատկանելիության հիմքով ատելության ու թշնամանքի քարոզի ինստիտուցինոնալ համակարգ:


Մարդու իրավունքների պաշտպանի քննությունը ցույց է տալիս, որ սրանք են այն գլխավոր պատճառների թվում, որ ադրբեջանական զինված ուժերը 2016-ի ապրիլին, 2020-ի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին պատերազմների ընթացքում ու այլ ժամանակահատվածներում կատարել են ու մինչ օրս շարունակում են կատարել պատերազմական և մարդկության դեմ ուղղված հանցագործություններ ու դաժանություններ (գլխատումներ, գնդակահարություններ, խոշտանգումներ և այլ):
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի փորձագետների կողմից նշված դաժանությունների տեսանյութերի մասնագիտական հետազոտությունը հաստատում է, որ ադրբեջանցի զինվորականները հայկական կողմի զինվորներին կամ քաղաքացիական անձանց խոշտանգելիս կամ նրանց սպանելիս, զոհվածների մարմինների տարբեր մասեր կտրելիս, որպես ոգեշնչման աղբյուր, օգտագործում են արտահայտություններ, որոնք բխում են հենց նշված քարոզչության թեզերից:


Այս ամենն ամրագրված է Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի ձեռք բերած իրական ու կոնկրետ ապացույցներով:
Ակնհայտ է, որ այս մարտահրավերների պայմաններում մեզ առավել, քան երբևէ անհրաժեշտ է համախմբվածություն ու համերաշխություն, հարգանք միմյանց նկատմամբ ու մեր երկրի ներսում լարվածության տանող որևէ տեսակի զարգացման բացառում՝ հանուն մեզնից յուրաքանչյուրի, մեր ողջ ժողովրդի իրավունքների պաշտպանության:
Միջազգային համաշխարհային հանրությունն ու հատկապես մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային կառույցները պետք է վճռական քայլերով նպաստեն՝ հայերի նկատմամբ էթնիկ պատկանելիության հիմքով ատելության ու թշնամանքի դատապարտելի քարոզչությունը կանխելուն, որ իրականացվում է իրականությանը բացահայտ չհամապատասխանող տեղեկությունների օգտագործմամբ: Նրանք պետք է ապացուցեն, որ տեր են իրենց կոչմանն ու առաքելությանը, որ դեռ շարունակում են հավատարիմ մնալ իրենց իսկ սահմանած միջազգային կանոններին:


Այս ամենը՝ համապատասխան վերլուծությամբ, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում կամփոփվի և կուղարկվի միջազգային մարմիններին, ինչպես նաև, իհարկե, կտրամադրվի նաև Հայաստանի համապատասխան կառույցներին»:

Դիտվել է՝ 10684

Մեկնաբանություններ