ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Ազնիվ մեղվաբույծը

Ազնիվ մեղվաբույծը
14.03.2017 | 01:01

Մութ ու ցուրտ տարիներին տարօրինակ բաներ էին կատարվում Հայաստանում` բոլոր բնագավառներում։ Ոմանք անձնվեր ծառայում էին հայրենիքին` ջանալով ծանր վիճակից դուրս բերել հանրապետությունը, ոմանք զբաղված էին թալանով, վերևներում օրենքներ էին կեղծվում, ներքևներում` ինչ ասես։ Կեղծվում էին սննդամթերք, դեղորայք, փաստաթղթեր և այլն։ Հայաստանը լցվել էր վերամշակված, արհեստական ապրանքներով։ Դժվար էր գտնել իսկական կաշվից կոշիկ, անխառնուրդ ձեթ, կարագ։ Նույնիսկ Դիոգենեսն իր լապտերով, այդ մութ օրերին դժվարությամբ կգտներ «իսկական մարդու»։


Հաճախ էր պատահում, երբ թակում էին դռները և մեղր առաջարկում։ Ընդ որում, որպեսզի մարդիկ խղճահարվեն և գնեն նրանց մեղրը։ Տարբեր շրջաններից ներկայանալով` այդ կեղծարարներն օգտագործում էին նույն սցենարը, ասում էին. «Եկել ենք զինվորական հոսպիտալ, մեր տղային տեսնելու, հետադարձ տոմսի փողը պակասում է, էս մի բանկա մեղրն էլ դուք առեք»։ Որպեսզի «պրծնեմ» այդ «ալքիմիկոսների» ճնշումից, բանաձև էի մշակել, ասում էի. «Ինձ «տնական» մեղր պետք չէ, ինձ պետք է փեթակի մեղր, հետո էլ` ե՞րբ եք տեսել, որ մարդ իր աղջկան տանի տնից տուն և ասի. «Լավ «տնական» աղջիկ ունեմ, չէի՞ք ցանկանա»։ Լավի հետևից մարդը պիտի գնա, ինչպես մեղուն է թռչում ծաղիկների մոտ, ինչպես թիթեռը դեպի ճրագը, այլ ոչ հակառակը»։


Սակայն կար մի մեղվաբույծ, որ իրեն նման անազնվություն թույլ չէր տալիս։ Եվ նա իր մեղրը տանում էր հարևան հանրապետություն, որտեղ մեծ պահանջարկ ուներ, ու շատերն էին վստահում ու սպասում։ (Երևի վրացիներն էլ իրենց կեղծարարների ձեռքն էին կրակն ընկել)։
Ժամանակները փոխվեցին, և նա դադարեցրեց գնալը։ Մի գեղեցիկ օր տեղի ունեցավ հակառակը. նրա դուռը թակեցին. պարզվեց` իր նախկին հաճախորդներն են։ Նրանք անարատ մեղր էին խնդրում իրենց հիվանդի համար` որպես դեղ։ Սակայն մեղվաբույծն ասաց, որ փեթակները վաճառել է։ Իսկ նրանք պնդում էին. «Էսքան ճամփա ենք կտրել, անցել, որ մերժե՞ս, հաստատ տանը կունենաս, մի քիչ տուր, չէ՞ որ հիվանդի համար է, Աստված էլ քեզ կօգնի»։ Աստծո անունը լսելուն պես մեղվաբույծը համաձայնեց. «Լավ, վաղը եկեք, մի բան կանենք»։ Եվ նա մի «բան» արեց։


Բանն այն է, որ նա բնավ մեղվաբույծ չի եղել, ինչպես կարտոֆիլ վաճառող ֆիզիկոսները երբեք հողագործ չեն եղել, կամ երաժիշտները` տաքսիստ։ Ասում են` «Երեխան դուշմանի դուռ կտանի»։ Հիրավի, մեր այս «մեղվաբույծն» էլ, որ երբեք փեթակ չէր տեսել, իր երեխաներին պահելու համար ստիպված դիմել էր այդ քայլին։ Բայց հետագայում նա հավատացյալ էր դարձել, ապաշխարել ու հրաժարվել մեղր կեղծելուց և այլ արատավոր քայլերից։ Իսկ հիմա նա, Շեքսպիրի Համլետի պես, կանգնել էր երկընըտրանքի առջև` «Կեղծե՞լ, թե՞ չկեղծել»... Մի կողմից` նա չէր ուզում վերադառնալ իր անցյալին, մյուս կողմից էլ` չէր կարող խախտել մերձավորին, հիվանդին օգնելու պատվիրանը։
Եվ նա որոշեց փոքր մեղք գործելով խուսափել մեծից։ Քանի դեռ խանութները չէին փակվել, նա շտապեց շաքարավազ գնել։ Բերեց, խառնեց «Մենդելեևի աղյուսակի» մյուս նյութերին, ամբողջ գիշերը եփեց ու ստացավ իր «անմահության էլիքսիրը»։ Սեղվաբույծը մխիթարվում էր, որ դա անարատ մեղրի ազդեցություն կունենա, չէ՞ որ շատ է պատահել, երբ հիվանդին դեղի փոխարեն մի չեզոք նյութ են տվել, նույնիսկ սովորական ջուր (պլացեբո), և նա ինքնաներշնչանքով ապաքինվել է։


Առավոտյան վրացիք երջանիկ վերադարձան տուն։ Մեր ալքիմիկոսը փող չէր վերցրել վրացիներից, նրանք էլ խնդրել էին, որ այդ «Հիպոկրատն» իր ընտանիքով հյուրընկալվի իրենց «դրախտում»։
Իսկ մե՞նք։ Մենք էլ երբևէ անարատ մեղր գտնելու համար պիտի փնտրենք, գտնենք ոչ թե ծանոթ, ազնիվ մեղվաբույծի, այլ ծանոթ, ազնիվ մեղու։


Դանիել ԵՐԱԺԻՇՏ

Դիտվել է՝ 16557

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ