Այսօր տանն էի մնացել ու դինջանում էի, մեկ էլ կեսօրին դուռը ծեծեցին: Ալարելով հասա դռանը ու հարցրի.
- Ո՞վ է:
- Շուտ բացե՛ք, մեր կուսակցությունը խոստանում է տնտեսական աճ, բնակչության գերաճ, լիքը սառը ավտոբուս ու...
- Կներեք, մեծերը տանը չեն:
- Բա ե՞րբ կգան:
- էլ չեն գա:
- Ո՞նց թե՝ չեն գա:
- Որովհետև մեռել են:
- Այ քեզ բան, ե՞րբ են մեռել:
- Շատ տարիներ առաջ:
- Իսկ կարո՞ղ է նրանց անունները ցուցակներում մնացած լինի ու մեզ պետք գա:
- Չգիտեմ, էդ դուք պիտի իմանաք:
- Լավ, գոնե անունները ասեք՝ գրենք:
- Գրե՛ք՝ Հովհաննես Թումանյան, Մխիթար Սպարապետ... հա, մեկ էլ Գրիգոր Նարեկացի:
- Էսքան բա՞ն:
- Հա:
- Իսկ տեղյակ ե՞ք՝ կողքի տանը մեծեր կա՞ն:
- Դուռը ծեծեք, հաստատ կլինեն:
- Ի՞նչ գիտեք:
- Երեկ մեծ-մեծ խոսում էին:
Կարո Վարդանյան