ՀՀ նախագահի նախկին թեկնածու Արման ՄԵԼԻՔՅԱՆԻ կարծիքով`այժմ Րաֆֆի Հովհաննիսյանի առջև կա 3 ճանապարհ. առաջինը ուժի միջոցով իշխանափոխության հասնելն է, երկրորդը Ազատության հրապարակում դիմակայությունը շարունակելն է, որը, ըստ Ա.Մելիքյանի, ի վերջո ցրվելու է իշխանության կողմը, և երրորդ ճանապարհը համաձայնության գալն էր, սակայն ինչպես երևում է, իշխանությունը Րաֆֆի Հովհաննիսյանին առաջարկելու հատուկ բան չունի: «Ես չգիտեմ, թե ինչ ակնկալիքներ ունի պարոն Հովհաննիսյանը: Մեր իշխանությունն այսօր հենված է ոչ թե սեփական ժողովրդի, այլ դրսի ուժերի վրա»,-այսօր «Հենարան» ակումբում ասաց նա:
Անդրադառնալով Սերժ Սարգսյանի`ասուլիսում հնչեցրած խոստումներին, թե բարձրացնելու են աշխատավարձերը, թոշակները, վերջինս նկատեց. «Դա հետընտրական կաշառք է, այս զարթոնքը մեղմելու գործընթաց է: Հայաստանում քաղաքացին անպաշտպան է և այդպիսին կմնա, եթե չկարողանա ինքնակազմակերպվել: Ես համոզված եմ, որ ընտրությունները կեղծվել են, սակայն մենք չունենք անկախ իրավական համակարգ»,-ցավով արձանագրեց Արման Մելիքյանը:
Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ