«Կարծում եմ` ճիշտ կլինի, որ ԲՀԿ-ն մասնակցի ընտրություններին սեփական թեկնածուով, ու իմ անձնական կարծիքով այդ թեկնածուն պետք է լինի Գագիկ Ծառուկյանը»,-ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարել է ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը` փաստելով, որ կոալիցիա չկա ու պարտադիր չէ, որ այդ մասին անձամ Ծառուկյանը հայտարարի: ԲՀԿ քարտուղարի կարծիքով այսօր քաղաքական ոչ մի ուժի հետ ԲՀԿ-ն «կիսահին, կիսաթարմացված, նոր» հուշագրի շուրջ բանակցությունների մեջ չէ:
«Ժառանգություն« խմբակցությունն էլ անդրադարձել է իր խնդիրներին: «Միջկուսակցական խնդիր չկա, պատրաստ են «Ազատ դեմոկրատների» հետ համագործակցությունը շարունակել: Ինչ վերաբերվում է Ալիկ Արզումանյանին, առաջիկայում խմբակցությունը կհստակեցնի իր դիրքորոշումը Արզումանյանի հարցում»,-հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը:
ՀՅԴ-ն, ինչպես միշտ, շատ «զգույշ է քայլում»: «Խառնաշփոթ հնարավոր է լինի բոլոր կուսակցություններում, բացի դաշնակցությունից»,-հպարտացել է Արմեն Ռուստամյանը` հայտարարելով, որ նախագահի սեփական թեկնածու լինել-չլինելու հարցը կորոշվի դեկտեմբերին Գերագույն Ժողովի ժամանակ: «Ի՞նչ է հայ ժողովրդի արգանդը ցամաքել է»,-հնարավոր չեզոք թեկնածուի առնչությամբ նկատել է դաշնակցական պատգամավորը` առավել կարևորելով ընդդիմադիր դաշտի համախմբումը:
Ճեպազրույցներին առաջին անգամ մասնակցող ՀԱԿ խմբակցության ղեկավարը նկատելով, որ իրենք խմբակցության յոթ անդամով կարող են «նեղել» յոթանասուն հոգու, անդրադարձել է իր վերջին հայտարարության շուրջ ՀՀԿ-ի արձագանքներին, ընդգծելով. «Պատկերավոր ասեմ, եթե պոռնիկն ասում է բարոյական մարդուն` պոռնիկ, դրանից ոչ մի բան չի փոխվում: Բարոյականը մնում է բարոյական, պոռնիկն ավելի է բացահայտում իր էությունը: Մարդը չպիտի նեղանա հաչոցից»:
Զուրաբյանին հակադարձել է Գալուստ Սահակյանը. «Մենք նույնիսկ պոռնիկին պոռնիկ չենք ասում»:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ