Այն հանգամանքը, որ Թուրքիայի ներկայիս իշխանություններն սկսել են շատ ակտիվ, նույնիսկ նախահարձակ արտաքին քաղաքականություն վարել, արդեն անհերքելի փաստ է համաշխարհային համապարփակ գործընթացներում։ Որ այդ քաղաքականությունը բավականին հաճախ է անթաքույց նյարդայնացնում նոր աշխարհակարգի ճարտարապետներին, նույնպես օբյեկտիվ իրողություն է։ Ավելին, ժամանակակից Թուրքիայի արտաքին քաղաքական հայեցակարգը ոչ միշտ է լավատեսություն ներշնչում ոչ միայն այս երկրի դաշնակիցներին, այլև թուրքական քաղաքական վերնախավին։ Այսպես, վերջերս Hurriyet լրագրի էջերում քննարկելով իր երկրի արտաքին քաղաքականության հաջողություններն ու անհաջողությունները, թուրք հայտնի վերլուծաբան Ջունեյթ ՈՒլսևերը գրում է. «Ոչ թե «զրո խնդիրներ հարևանների հետ», այլ «զրո» արդյունք»։ ՈՒլսևերը հիշեցնում է «նեոօսմանականության» գաղափարախոսության մասին, ըստ որի` Մերձավոր Արևելքի, Բալկանների և Միջին Ասիայի ժողովուրդները պետք է հայտնվեն Թուրքիայի հովանու ներքո, և հանգում է այն հետևության, որ տվյալ համադրույթը զրոյական արդյունք է արձանագրում տարածաշրջանային բոլոր նախաձեռնություններում։ Ավելին, միջազգային բազմաթիվ խնդիրներում առաջնության հավակնող Թուրքիայի համար գնալով ավելի բարդ կլինի անաչառ իրավարարի և խաղաղարարի կեցվածք ընդունելը` իր շահերը համատեղելով օբյեկտիվ իրողությունների և այլ ժողովուրդների պատմական հիշողության հետ։
Այսպես, վերջին ժամանակներս շատ է խոսվում ամրապնդվող ու զարգացող թուրք-ուկրաինական կապերի մասին։ Դա ոչ միայն առևտրատնտեսական, այլև համապարփակ ռազմական համագործակցություն է։ Հիշենք ՈՒկրաինայի Գերագույն ռադայի ղեկավար Վլադիմիր Լիտվինի խոսքերը. «Եվրոպան չի կարող լինել ամբողջական, չի կարող լինել համապարփակ խաղացող, քանի դեռ եվրոպական համագործակցության մեջ չեն մտնել ՈՒկրաինան և Թուրքիան»։ Այդ երկու երկրներից է կախված` Սև ծովն արդյոք կդառնա՞ «եվրոպական լիճ»։ Չմոռանանք նաև թուրք սուլթանի հռչակավոր ուկրաինուհի հարճին` Ռոկսոլանային։ Լիտվինն առաջարկել է նոր ֆիլմ ստեղծել Ռոկսոլանայի` «ռոմանտիկայով պարուրված կերպարի» մասին, «որպեսզի պատմական ճշմարտությունը հավելվի երկու կողմից»։ Նա, ըստ երևույթին, բոլորովին մոռացել էր ուկրաինական հոգեկերտվածքի արմատների` զապորոժցի կազակների և թուրք սուլթանին նրանց հղած նշանավոր նամակի մասին։ Բայց այդ պատմական էքսկուրսները թողնենք ակադեմիական շրջանակների քննարկմանը և դիմենք քաղաքական անողոք իրականությանը։
Օրերս Կիևում նախագահ Յանուկովիչը հանդիպում ունեցավ Թուրքիայի վարչապետ Էրդողանի հետ և հայտարարեց, թե այդ «երկար սպասված» այցը երկու երկրների միջև համագործակցության նոր հնարավորություններ է բացում` ռազմավարական գործընկերության մակարդակով։ Ի դեպ, թե իրականում ինչ է ակնկալում ՈՒկրաինան Թուրքիայից, հասկանալի է։ Հիմքեր կան ենթադրելու, որ ՈՒկրաինան պարզապես փող է ուզում։ Ինչպես գրում են ուկրաինացի փորձագետները, «2011-ին Կիևին անհրաժեշտ 12 մլրդ դոլարն ինչ-որ մեկը պետք է տա», իսկ դա անել ցանկացողների թիվը հետզհետե նվազում է։ Մինչդեռ Թուրքիան ՈՒկրաինային խոստանում է տարանցման հեռանկարներ, ներդրումներ և ազատ մուտք սպառազինությունների սեփական շուկա։ Եվ այստեղ ծագում է գլխավոր հարցը` այդ առաջարկությունների դիմաց ի՞նչ գին է վճարելու Վիկտոր Յանուկովիչը, Անկարան ի՞նչ կխնդրի իր ներդրումների դիմաց։ Չէ՞ որ մեր գործնական աշխարհում այլասիրությունը բնավ էլ հիմնական առաքինությունը չէ։ Նկատենք մի շատ հետաքրքիր և շատ բան ասող մանրամասն. այցի նախապատրաստությունը մթագնել էր թուրք վարչապետի և ՈՒկրաինայի նախագահի արարողակարգային ծառայությունների վիճաբանությամբ։ Թուրքերը կտրուկ հրաժարվել էին կատարել Սովամահության զոհերի հուշահամալիր այցելելու ուկրաինական կողմի պահանջը, ինչը պարտադիր է բոլոր պաշտոնական այցերի ժամանակ։ Վիճաբանությունը հասել էր գագաթնակետին, երբ Անկարան պահանջել էր այցի մակարդակը պաշտոնականից իջեցնել աշխատանքայինի, միայն թե թուրքական կառավարության ղեկավարը չհայտնվեր հուշահամալիրի մոտակայքում։ Թուրք առաջնորդի այցը «փրկել» հաջողվեց միայն վերջին օրը. ուկրաինական կողմը Թուրքիայի արտգործնախարարությանը և վարչապետի դիվանատանը համոզեց, որ այժմ Կիևը նոր իմաստ է դնում «սովամահություն» հասկացության մեջ և չի պահանջում այցելել հուշահամալիր։ ՈՒկրաինական զանգվածային լրատվամիջոցներն աճապարեցին այդ թնջուկը բացատրել «հայկական համախտանիշով» և համերաշխորեն հաղորդեցին, թե Թուրքիան, որին մեղադրում էին անցյալ դարասկզբին Հայոց ցեղասպանության մեջ, հիվանդագին է վերաբերվում նաև ուրիշ երկրների համանման պատմական իրադարձություններին։ Սակայն չարժե մոռանալ նաև Ռուսաստանի գործոնը, նրա վերաբերմունքը սովամահության հարցի նկատմամբ և իր ռազմավարական նոր գործընկերոջը` Մոսկվային, չվիրավորելու Անկարայի ակներև ցանկությունը։ Իսկ այն հանգամանքը, թե դա ինչպես ընկալվեց ՈՒկրաինայում, հատկապես նրա արևմտյան մասում, այլ հարց է։
Այդ առնչությամբ ուշադրություն դարձնենք այն բանին, որ հռչակվող թուրք-ուկրաինական հարաբերությունները դժվար են ներառվում Ռուսաստանի շահերի համատեքստում և չեն կարող խանդավառությամբ ընկալվել Մոսկվայում։ Այսպես, Թուրքիան առաջին տարին չէ, որ փայփայում է երկու միջանցք ստեղծելու գաղափարը, որոնցից մեկը պետք է Բալթիկան միացնի Կարմիր ծովի հետ, մյուսը` ՈՒկրաինան, Թուրքիան և Եգիպտոսը։ Նկատենք, որ այդ միջանցքները մտադիր են կառուցել` շրջանցելով Ռուսաստանը։ Ակներև է, որ ռուսները բնավ էլ հիացած չեն այդ նախագծերով, որոնք զգալիորեն նվազեցնում են առաջնության նրա հավակնությունները էներգետիկ և հաղորդակցական միջանցքների խնդրում։ Երկու երկրների ղեկավարների հանդիպման ամփոփիչ հուշագրում նշվում է, որ «ՈՒկրաինայի նախարարների կաբինետի և Թուրքիայի կառավարության միջև համաձայնագիր ձեռք բերվեց միջազգային ուղիղ բեռնատար երկաթուղալաստանավային հաղորդակցություն ձևավորելու շուրջ»։ «Մենք համաձայնեցինք անդրտարածաշրջանային փոխադրական միջանցքներ ստեղծելու անհրաժեշտությանը, որոնք Արևելյան և Հյուսիսային Եվրոպան կմիացնեն Մերձավոր Արևելքի և Միջին Ասիայի հետ»,- համեստորեն նշել է ՈՒկրաինայի նախագահը։ Սևծովյան տարածաշրջանը պատահաբար չեն անվանում էական փոխադրատարանցիկ գոտիներից մեկը, և այդ տարածության ապագա համապարփակ աշխարհաքաղաքական նախագիծը կախված է ռուսաստանյանից տարբեր` այլընտրանքային հաղորդակցությունների զարգացումից։ Հուշագրում չի հիշատակվում նաև «Հարավային հոսք» գազամուղի ռուսաստանյան նախագիծը, որի կառուցմամբ Կիևն ու Անկարան հավասարապես շահագրգռված չեն։ Սակայն ակներև է, որ Յանուկովիչն ու Էրդողանը ոչ մի կերպ չկարողացան շրջանցել այդ թեման։ Կիևի համար դա ուղղակի սպառնալիք է ազգային գազահամակարգով տարանցման եկամուտներին, իսկ Անկարան պաշտպանում է «Հարավային հոսքի» մրցակից «Նաբուկոն»։ Այնպես որ, թեկուզ այդ մասին երկու կողմերն էլ գերադասում են լռել, այդուհանդերձ, նույնիսկ կույրին տեսանելի է, որ Մոսկվայում հազիվ թե երջանիկ լինեն այդ անջատ պայմանավորվածություններից, ընդ որում, հայտարարված նոր միության ամբողջ տարածքով մեկ։ Անշուշտ, ռուսներն անչափ շատ բան են ներդրել «Յանուկովիչը Ռուսաստանի բարեկամն է» նախագծում, որպեսզի այժմ անտարբեր նայեն տեղի ունեցող իրադարձություններին։ Առավել ևս, որ պայմանավորվածություններ են ձեռք բերվել շատ լայն սպեկտրում։
Թուրքիան ցանկանում է, որ իր շինարարական ընկերություններն օբյեկտներ կառուցեն «Եվրո-2012»-ի ֆուտբոլի առաջնության համար։ Ինչպես հայտարարել է Էրդողանը, թուրքական շինարարական հատվածը հզորությամբ երկրորդ տեղում է չինականից հետո։ «Մենք ցանկանում ենք, որ մեր շինարարական ընկերությունները մասնակցեն հայտամրցույթներին և շահեն դրանք»,- արտահայտությունն ավելի քան թափանցիկ ակնարկ է, մինչդեռ ՈՒկրաինայի նպատակն է մտնել թուրքական սպառազինությունների շուկա։ Ինչպես ընդգծել է Յանուկովիչը, «ուկրաինական ընկերությունները պատրաստ են մասնակցելու թուրքական բանակի պահանջմունքների ապահովման համար անցկացվելիք հայտամրցույթներին, իսկ թուրքական կողմը պատրաստ է քննարկելու մեր առաջարկությունները տվյալ հարցի վերաբերյալ»։ Կողմերը հայտարարել են, որ առաջիկա հինգ տարում ցանկանում են ապրանքաշրջանառությունը հասցնել 10 մլրդ դոլարի, իսկ տասը տարում` 20 մլրդի։ Եթե նկատի առնենք, որ 2008 թ. ՈՒկրաինայի և Թուրքիայի միջև ապրանքաշրջանառությունը կազմել էր 8 մլրդ դոլար, 2009-ին` 4 մլրդ, իսկ 2010-ին հազիվ հասել էր 5 միլիարդի, ապա երկու երկրների պլանները հիրավի նապոլեոնական են թվում։ Տնտեսական կայծակնային առաջընթացին պետք է հետևեն 2011-ին ազատ առևտրի գոտի ստեղծելու պայմանավորվածությունները։
Սակայն «հողեղեն» խնդիրները չեն խանգարում «վեհ» նպատակներին։ Թուրք առաջնորդի` ՈՒկրաինայի մայրաքաղաք ձեռնարկած այցը Յանուկովիչի թիմի և ղրիմցի թաթարների ջերմացող հարաբերությունների հերթական ապացույցն էր։ Ղրիմցի թաթարների մեջլիսի ղեկավար Մուստաֆա Ջեմիլևի դիրքորոշումը բնավ էլ վերջին դերը չի խաղում այն բանում, թե Անկարան ինչ հնչերանգով կսկսի խոսել Կիևի հետ։ Ընդամենը մի քանի շաբաթում թաթարական մեջլիսը դադարեց որպես Տիմոշենկոյի նախկին դաշնակից ընկալվելուց։ Թաթարների ինքնագլուխ հողազավթումները կասեցնելու ՈՒկրաինայի և Ղրիմի իշխանությունների փորձերը փոխարինվեցին ինքնակամ շինությունների մի մասն օրինականացնելու զգուշավոր խոստումներով։ Ավելին, այժմ ուկրաինական իշխանությունները փորձում են ղրիմցի թաթար հայրենադարձների բարօրությանն առնչվող հարցերը բարդել Թուրքիայի վրա։ ՈՒկրաինայի խորհրդարանի նախագահ Լիտվինը հայտարարել է, թե վատ չէր լինի, եթե Անկարան բնակարաններ կառուցեր Ղրիմի թաթարների համար։ Այս գաղափարը պաշտպանեց նաև ղրիմցի թաթարների առաջնորդ Ջեմիլևը, որը, բնակարաններից բացի, ցանկանում է Թուրքիայի օգնությամբ թաթարական դպրոցներ և նոր համալսարանի մասնաշենք ձեռք բերել։ Եվ եթե թուրք-ուկրաինական հարաբերությունները «չսառչեն» փոխադարձ հայտարարությունների փուլում, ապա բացառված չէ, որ թաթարների նկատմամբ նոր քաղաքականությունը լուրջ խնդիր կդառնա Ղրիմի ռուսների համար և նոր փորձաքար` Մոսկվայի և Կիևի փոխհարաբերություններում։
Ինչևէ, Թուրքիան և ՈՒկրաինան երկկողմ համագործակցության նոր փուլ են հայտարարել։ Հոռետեսների կարծիքով` տարածաշրջանային առաջատարի Անկարայի հավակնությունները կարող են վաղ թե ուշ գերազանցել նաև Կիևի ախորժակը` Ռուսաստանի հետ հարաբերություններում նոր շրջադարձ ապահովելու հարցում։ Եվ եթե ՈՒկրաինան հոգ չտանի իր սևծովյան հարևանի տնտեսական և հումանիտար ներթափանցումը զսպելու խնդրի մասին, ապա առաջին հայացքից սովորական թվացող այցեհրավերի ռեժիմի չեղյալ հայտարարումը, վերջին հաշվով, կվերածվի խաղի սոսկ մեկ դարպասի ուղղությամբ` հօգուտ Թուրքիայի։ Իսկ դա, ակներևաբար, հիացմունք չի պատճառի Կրեմլին։
Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ