ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Ո՞Վ ՉԻ ՍԻՐՈՒՄ ՄԵՐ ԾԱՌԸ

Ո՞Վ ՉԻ ՍԻՐՈՒՄ ՄԵՐ ԾԱՌԸ
17.12.2010 | 00:00

«Բաղրամյան փողոցով բարձր արագությամբ ընթացող մի մեքենայից մի քանի Ձմեռ պապ են գլուխները դուրս ցցել և տոնական համեմունքներ շաղ տվել... իշխանությունների հասցեին։ Տուժածներ չկան»։
Արթուր Անդրանիկյան, «Սատիրիկոն» ամսաթերթ, 2005 թ.։

ԲԱՆԿԵՐԻ ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ, ԲԺՇԿԻ «ԱՆԵԾՔԸ»
Սահուն է հանգավորվում։ Ինչպես գրողների միությունից արտաքսված ցնդաբան-ոտանավորիստի «ստիխներում»։ Ով չի սիրում մեր ծառը, կորչի նրա անտառը։ Նախամանորին սա քիչ ու միչ կարելի է խմբագրել։ Էսպես` ով չի սիրում իմ ծառը, կորչի նրա տոնածառը։ Հասկանալի է, Կաղանդ պապն ու Ձյունանուշն էլ վրադիր։
Պատմությունը հավաստի տեղեկություններ չի հաղորդում, թե որ դարաշրջանի էդ որ մի գերհայն է այս թևավոր անեծք-ուշունց-բանդագուշանք-իմաստությունը հղել Մեծ ու Փոքր Հայքի հետնորդներին։
Այս ամենին մտովի և ակամա անդրադարձա «Միր» միջպետականի լրահոսի առջև։ Պարզվում է, որ նախկին ԱՊՀ երկրների առողջարանային կազդուրման մեկ օրվա ծախսերը գրեթե նույնն են ՈՒկրաինայում, Մոլդովայում, Վրաստանում, Ադրբեջանում... նաև միջինասիական երկրներում։ Հայաստանը բացառություն է։ Մեկ մահճակալ-օրվա ծախսերը գերազանցում են միջին հետխորհրդային ցուցանիշը ճիշտ երկու անգամ։ Կամ մեր առողջարանների մահճակալները պլատինի համաձուլվածքից են պատրաստված, կամ էլ այստեղ լոգանք են ընդունում Շուստովյան կոնյակով լի լոգարանում։
Հավանաբար, զբոսաշրջային փաթեթներում վկայակոչված են մեր բազմաթիվ նորանկախ բարեմասնությունները։ Այսպես, ամենաթանկ մահճակալ-օրը, ամենասոսկալի բանկային տոկոսադրույքները և ամենածաղրաքանդակային քաղաքապետերը։ (ՈՒղեցույց-հուշագիր. հիշիր Վարդանիկին:)
Ի դեպ, տոկոսադրույքների մասին։ Հուզված ու խանդավառ բանկերից մեկի գովազդային բարենորոգչությունից փորձեցի 500 հազար դրամի վարկ ստանալ։ Եվ պարզվեց, որ ընտանիքիս յուրաքանչյուր անդամի ամսական եկամուտը պետք է պակաս չլինի 70 հազար դրամից։ Եվ եթե այն մեկ ամսվա հաշվարկով գրեթե հավասար է ենթադրվող վարձի գումարին, ապա ինձ մնաց մտածել, որ հիշյալ բանկն ամանորյա չափավոր սեղանի ծախսն է նկատի ունեցել։ Նույն օրերին էլ դպրոցահասակ երեխայիս առողջական խնդիրը փորձեցի կարգավորել։ Փոքրիկ մի գործընթաց, ու բժշկի անվերապահ վճիռը` անհապաղ անհրաժեշտ է վիրահատել երեխայի նշագեղձերը։ Վիրահատման ծախսը... 280 հազար դրամ։ Հարակից մանր-մունր տուրքերով կպահանջվեր նույն 500 հազարը։ Գուցե բանկը հենց սա է նկատի ունեցել։
Առհասարակ հետաքրքիր էր զրույցը բժիշկ-ահաբեկչի հետ։ Նախ, խոստովանեց, որ, ըստ էության, երկրորդական ախտորոշման համար պահանջվող 15 հազար դրամը մուծելու է բուժհաստատության դրամարկղ (անշուշտ, խոհեմաբար մոռացավ վերադարձվելիք կտրոնի մասին), հետո պարզելով, որ «իր ծառին» վնասելու որևէ ցանկություն չունեմ, մարդասիրական մոլուցքի մեջ ընկնելով պարզաբանեց` կարելի է նաև յոլա գնալ առանց վիրահատության։ Հետո էլ դավադիր շշնջոցով նախշազարդեց հիվանդանոցի տերերին, որ չեն թողնում շունչ քաշի, և իր հասարակական արգահատանքն արտահայտեց «անմարիֆաթ ու քցիբ» հիվանդների մասին և հաջորդ հանդիպումը նշանակեց մեկ շաբաթ անց։ Շաբաթվա ընթացքում բուժման կուրս է անցնելու անտառախիտ առողջարաններից մեկում... այո՜, այո, վճարելով ամենաբարձր գինը նախկին ԱՊՀ երկրների մասշտաբով։ Մեկ օր-մահճակալի դիմաց։
ՔԱՄԱՀՐԱՆՔԻՑ` ԴԻՄԱՀԱՐԴԱՐՈՒՄ
Վաղամեռիկ վերլուծաբան և հրապարակախոս, անկրկնելի Տիգրան Հայրապետյանն ահա ինչ էր մտորում տասը տարի առաջ հայ իշխանավորի հոգեկերտվածքի շուրջ. «Հայ իշխանավորի մտածողության մեջ երկաթատառ փորագրված է, որ գոյություն ունի մեկ մեղավոր` ժողովուրդը, որ չծառայեց, չկռվեց, չաշխատեց, արտագաղթեց, մինչ ինքը` իշխանավորը, պատմական առաքելություն էր կատարում։ Ժողովրդին կարելի է հարստահարել, ընչազրկել, ստորացնել, բայց նա պետք է կուրորեն հավատա իր ապաշնորհ իշխանավորներին միայն այն պատճառով, որ իշխանության ղեկի հետ վերջինս նաև ստանձնում է անմեղսունակության և կեղծ փրկչի կարգավիճակը։ Մինչ բոլոր առողջ ժողովուրդների ընտրյալ խավերը գիտակցել ու գիտակցում են, որ մարդը, քաղաքացին է գերագույն արժեքը, իսկ ողջ մնացյալը` անկախություն, տարածք, տնտեսական շինարարություն, կոչված են ծառայելու նրա պահանջների էլ ավելի կատարյալ բավարարմանը»։
Ժողովուրդը մի խոսքով է ամբողջացնում իր հանդեպ իշխանությունների վերաբերմունքը. «Ի՞նչ եք տվել, որ վերցնել չեք կարողանում»։ Ըստ նորանկախ հայ իշխանավորի ընդհանրական կարծիքի, մեզ անկախություն է շնորհվել, ի կատարումն հազարամյա իղձերի։ Անկախություն և անկախ հայրենիքում անկախորեն դեգերելու իրավունք։ Նաև ազատորեն կարծիք ու տեսակետ հայտնելու, տեղաշարժվելու և այլն։ Երրորդ հանրապետության առաջին նախագահին 1992-ի ահարկու ձմռան մի լուսաբացի զեկուցում են, թե հանդիպակաց այգում (ներկա «Սիրահարների այգին») մարդ է սառել։ Պատասխանը հայ իշխանավորի նորակերտ տեսակի ամփոփումն էր. «Դա է անկախության գինը»։ Երկրորդ նախագահը չափազանց դյուրաբեկ գտնվեց նախորդ իշխանության օրոք ձևավորված արատավոր երևույթները համակարգելու տեսանկյունից։ Նրա նպատակը բացահայտ ու ամբողջական մենիշխանությունն էր։ Նախորդ իշխանապետության ամենակարևոր ու թերևս միակ պատմական ձեռքբերումը` բազմակուսակցական և այլընտրանքային քաղաքական դաշտի գոյությունը, փոշիացվեց հիմնահատակ։ Այսօր էլ դժվար է առանց սարսռալու հիշել, թե կամակատարության ինչ աստիճանի վրա էին երկրի առանցքային քաղաքական կառույցները։ Զանգվածային լրատվամիջոցներով տարածվող լուրերը, թե նախագահը հրավիրել է այս ու այն կուսակցապետին և երկժամյա խորհրդատվություն ունեցել, ոչ այլ ինչ էր, եթե ոչ քաղաքական ազդեցություններից բխող տնտեսական շահաբաժինների վերահաշվարկ։ Իսկ երբ նա քաղաքապետարանում նիստ էր վարում, ցանկացած քիչ թե շատ տրամաբանող մեկի համար դառնում էր ակնհայտ. մայրաքաղաքի քաղաքապետարանը, քաղաքապետի գլխավորությամբ, ոտն ի գլուխ ենթակա է նախագահականից իջնող հրահանգներին։ ԶԼՄ-ներով ուշագրավ հաղորդագրություն էր տարածվում. «Հանրապետության նախագահը եղավ Երևանի քաղաքապետարանում և հանձնարարականներ տվեց...»։ Հանձնարարականները, անշուշտ, կենսագործվում էին եռանդուն փութաջանությամբ և նվիրական ճշգրտությամբ։
Հենց այդ տարիներին էր, որ հանրապետության ողջ հեռուստադաշտը գլավլիտային վերահսկողության տակ դրվեց նախագահականում խորհրդատվություն իրականացնողների ջահելների կողմից։
Մշակույթի հայկական ֆոնդի նախագահ, ՀՀ գրողների, նկարիչների և ժուռնալիստների միության անդամ Արևշատ Ավագյանի աշխարհաքաղաքական իրողությունների բացահայտումներն ու դրանց անդրադարձերի մեկնությունն անկախ ու ժողովրդական հանրապետության վրա առիթ էին նրա լիակատար շրջափակմանը իշխանական քարոզչամեքենայի կողմից։ Օրենքի ոտնահարմամբ մշակույթի ֆոնդը տեղահանվեց իր օրինական տարածքից, հետո նրա հանդեպ ոտնձգություններ սկսեց ԳԱԱ նախագահը։
Այսպես է մեր նորանկախ ոգին` շաղախված իշխանությունների ձեռամբ ու մտոք։ Արևշատ Ավագյանը ոմանց նման չի ցանկանում խնկարկել իշխանապետությանը և համարձակվել է քար նետել «Ով չի սիրում իմ ծառ»-ի ուղղությամբ։ ՈՒրեմն` վայելիր պտուղները։
Ահա և հանրապետության բարձր իշխանության հավատո հանգանակը, մտավորականը նա է, ով բացահայտ քծնում-ջատագովում է օրվա իշխանությանը` այս նողկալի վարքագծին հայրենանվեր պատմուճան հագցնելով. «Ես իշխանամետ չեմ, ես պետականամետ եմ»։ Սա է պնակալեզ-հացկատակի դրսևորույթը։ ՈՒ որքա՜ն ուժ, կորով, հանդգնություն և ամբարտավանություն է ամբարում իշխանապետությունը նման սինլքորների անվերջ շարականներին ունկնդիր։
Երրորդ հանրապետության երրորդ նախագահին դժվար է մեղադրել հանրային կարծիքի ոտնահարման, ավելին ու ամենակարևորը` ժողովրդի հանդեպ գաղտնախորհուրդ, երբեմն էլ անթաքույց քամահրանքի մեջ։ Ավելի քաղաքակիրթ է, առավել կենտրոնամետ։ Բայց ահա պետական համակարգը` իր բոլոր հակասահմանադրական և ապազգային դրսևորումներով, ընդամենը դիմահարդարման է ենթարկվում։ Վարից վեր և վերից վար քոչարյանական վարչատնտեսական մենաշնորհատիրության տիրույթներում ենք։ Մայրաքաղաքը դիմահարդարվում է շռայլ հետևողականությամբ։ Նոր մայրուղու կառուցումն ու հնի վերականգնումը նկատել, զգալ, գնահատել իսկ չի հաջողվում։ Զի մինչ մայրաքաղաքի գերբեռնվածության թոթափման նպատակով հսկայական միջոցներ են գործի դրվում, ներկրվող ավտոմեքենաների հեղեղը ի չիք է դարձնում նախաձեռնությունը։
Առհասարակ դիմահարդարում է ամենուր և ամեն ժամ։
Առաջատար քաղաքական կառույցները մարաթոնյան վազքի են ելել` արգելապատնեշների հաղթահարմամբ։ Արժե, վստահաբար արժե։ Զի, ահռելի եկամուտներ թաքցնելով պետական բյուջեից, դրանց տասանորդը (ոչ ավելի ու ոչ պակաս) շնորհ է արվում հասարակությանը։ Ահա հերթական առողջապահական բնույթի բարեգործական շարժումն է օծվում երջանկությունից խելքամաղ մեկ-երկու կենսաթոշակառուի երախտիքի արցունքներով։
Այսպիսով, գինեկոլոգիական տեղազննումներն ու բարեգործական ճաշարանների հիմնարկեքները քաղաքական գործընթացներ են, երկրի կայունացման և բարգավաճման երաշխիքները։
«ԵՐԲ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՆՈՒՄ Է, ՉԻ ՄՆՈՒՄ ԿՅԱՆՔԻՆ ԻՄԱՍՏ ՀԱՂՈՐԴՈՂ ԵՎ ՈՉ ՄԻ ԲԱՆ»
Իմանուիլ Կանտ
Արդարության հոգնատանջ փնտրտուքը տվեց իր բաղձալի պտուղները։ Այսօր առավել, քան երբևէ, հասարակությունն անտարբեր է որևէ իրական գործընթացի հանդեպ։ Գործընթաց, որ որոշակիորեն կվերադասավորեր հասարակության և իշխանության միջև գոյացած ուժային հարաբերակցությունը։ Դեկտեմբերյան գնային սանձարձակությունը գերշահավետ առաջարկ էր ՀԱԿ-ին, ՄԱԿ-ին` Թոնդրակյան նոր շարժման համար։ Սակայն ո՛չ, մեր ազգային գենոտիպը մաքրամաքուր բոլշևիկյան է միայն օտար տափաստաններում։
«Մինչև դանակը ոսկորին չհասնի» դարակազմիկ ասույթը երեկ չէ, որ հայ տեսակը բանաձևեց։
Դանակը ոսկորին անկարող է հասնել, որկորն իր պահանջատիրությունն ունի։ Այ, էս մեկը, իրոք որ, մերն է։
Մերը Ավարայրն է, Սարդարապատը, Երասխավանը։
Մերը արդարության հավերժական-անկախական փնտրտուքն է նախընտրական վազարշավում։
Մերը խնամիական խնամակալությունն է, որի ճահիճներում թմրում են ցանկացած սկզբունք և յուրաքանչյուր պատվախնդրություն։ Ահա քսան անկախ ու անկապ տարիներ։
ՈՒ մի՞թե արդարություն կոչվածը անկախության շեփորականչով չլքեց երկրի սահմանները։
Վերջերս քաղաքական հսկա հածանավին հերթական բիզնեսմենը անդամակցեց։ Ճանաչված ու սիրված արտիստը նորահարսի ամոթխածությամբ ժամանակին շարքից խույս տվեց։ Հասկանալի է, դերեր, ծափեր ու սերիալային գրդոն։ ՈՒ մի՞թե ժամանակ կմնա խորհրդարանում խորհելու համար։ Եվ ի՞նչն է մեր կյանքին այսօր իմաստ հաղորդում։ Մի փրկություն կա։ Նայում ես ԱԼՄ-ն ու բազկաթոռումդ կիսաքուն վայելում հեռուստաքուրմի հերթական սոցիալ-բարոյական, բարոյագեղագիտական և պատմադիցաբանական մշտաժամկետ թերապիան։ Նախ, անվճար է, և երկրորդ` գերիչ ու սփոփիչ։ Էս մարդը, հավանաբար, միակն է, որ անվերապահորեն հավատ է ընծայում սեփական զեղումներին։
ՀԱՑԿԱՏԱԿՈՒԹՅԱՆ ՄԵՆԱՀԱՄԵՐԳՆԵՐ
Բարի։ Էս դեպքում ո՞րն է մտավորականի դերը։ Այս ասպարեզում, իրոք, զարմանահրաշ բաներ են կատարվում։ Զարմանահրաշ այնքան, որ քաղաքական ու տնտեսական վերնակույտի մոլեմսխուն արշավներն անմեղության կանխավարկածի հենակետ են։
«Շունը շան թաթ չի կծում» անբարեհույս առածը արդի որոշյալ անորոշների համար է։ Մենակ թե ֆլանը չնեղսրտի, հերն էլ անիծած, սրիկա է, բայց, դե, վերևներում կապանքել է մի քանի սեղանապետի, հետը հաշվի նստենք, թուլայամիտ չլինենք։ Սա չվավերացված մենախոսության մի պատառիկ է։ Մենախոսողներին ինքներդ գտեք։
ՈՒ երբ փորձեցի պարզել, թե ինչ գնահատական են տալիս, ինչպես են վերաբերվում «Արմենիա» ալիքի «Երեք պատ» նախագծին, պատվատիտղոսով պճնված մտավորական այրերը վերհիշում էին վերջին անգամ ուսանողական շինջոկատում «հեռարձակած» հիշոցները։ Այո, պատվական այրեր, նողկալի է այն ամենը, ինչը երեք պատով սահմանափակված անսահման խավարամտությամբ ոտնակոխ է անում ազգային ամեն սրբություն։ Երեկ Կարմիր Վարդանն էր, նախորդ օրը Մաշտոցն ու Կոմիտասը, այսօր էլ Մեծ հայրենականի հերոսները։ Իսկ դահլիճը մոլեգնում ու ծափ է զարկում։
Կրքերն այլևս բավարարված են։
Իսկ ահա հեռուստաալիքի կնքահայրը, ճանաչված լեզվաբանն ու նշանավոր բարոյախոսը ԳԱԱ ակադեմիկոս է, առայժմ թղթակից-անդամի կարգավիճակում։ ՈՒ ո՜նց են նրան փաղաքշում ու խնկարկում րոպե առաջ բանադրողները։
Ավանդույթի վրա եթերը խարսխած «Շանթն» էլ կլանեց վարակակիր բացիլները։ «Բանակում» սերիալ։ Հայոց բանակի, զինվորի ու սպայի կերպարը ուծացնող, մարտիկին խեղկատակի վերածող անվերջ-անսկիզբ քայլերթ է։ ՈՒ ի՞նչ, սա ՊՆ գեներալիտետի ճաշակն ու ըմբռնո՞ւմն է։ Դժվար թե։ Պարզապես դիվախաղը շրջապտույտի մեջ է առել գրեթե ամենքիս ու գրեթե ամենուր։ Կարծես մարտահրավեր է նետված բարեփոխիչ-նախագահի նյարդերին։
ԿՈՉԱԿԱՆ ԶԵՂՈՒՄ
Ձայն տուր, ո՜վ ծովակ, ասել է թե` Արշակավանի բերդապահ Սադոյան։
ԾՈՒՌ ՀԱՅԵԼԻՆԵՐԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ
Փորձենք մտովի դիրիժաբլ նստել ու շրջել երկրով մեկ։ Դղյակների, ռեստորանային համալիրների ու խանափաշայական այլևայլ ցուցանքների հրավառություն է։ 1990-ականների վերջերին երկրում հաշվառված էր 7 հազար դղյակ ու առանձնատուն։ Տասը տարի անց, եթե ասենք, որ 700 հազար դղյակ, առանձնատուն, պանդոկ ու մարկետ կա, դժվար թե որևէ մեկը կասկածի ասվածի ճշմարտությանը։
Միաժամանակ` բյուջեի ճողվածքը քրոնիկ է։
Միաժամանակ` վարկամուրումը պետական առաջնահերթություն է։ Վարկը ձեռք է բերվում, վարկառուները երջանիկ ժպտում են։
Սթափվեք տիարք, մղկտալ է պետք։
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հ. Գ. -ՈՒ մինչ վերոնշյալն էր թղթին հանձնվում, մսի գներն էլ «սանձարձակվեցին»։ Պանրային խրախճանքը, այսպիսով, ամենևին պատահականություն չէր։ Ինչևէ, սպասենք հացկատակ տեսաբանների պարզաբանումներին։ Ողջ լերուք, հայ ժողովուրդ։

Դիտվել է՝ 1200

Մեկնաբանություններ