ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Առանց ԼՂՀ ժողովրդի որևէ լուծման հասնելն անհնարին է

Առանց ԼՂՀ ժողովրդի որևէ լուծման հասնելն անհնարին է
14.07.2009 | 00:00

ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ, ՆՈՐ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հայաստանում բավական վաղուց ձևավորվել է մի հաստատուն և օբյեկտիվ իրողություն, երբ ներքաղաքական իրադրությունը երկրում սերտ շաղկապված է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ։ Այս խնդրի ամենանգամյա արծարծումն ավանդաբար նոր առիթ է դառնում քաղաքական ինքնահաստատման և հասարակական կարծիքի մանիպուլյացիաների համար, և այդ հանգամանքն իրենց օգտին են փորձում օգտագործել ինչպես իշխանությունները, այնպես էլ ընդդիմությունը։
Սկսած, հավանաբար, 1990-ականների սկզբից, Հայաստանում ձևավորվել է քաղաքական գործիչների մի ամբողջ շերտ, որոնց համար Ղարաբաղը դարձել է ոչ միայն հիմնական կրեդո (ինչն արդարացված է և տրամաբանական խնդրի կարևորությունը հաշվի առնելով), այլև առիթ `քաղաքական հակառակորդների հետ հաշիվ մաքրելու։ Անկախության ողջ ժամանակահատվածում Ղարաբաղի մասին ցանկացած հիշեցում անխուսափելիորեն ծնում է նաև տարաբնույթ մեղադրանքներ` դավաճանության և այլ մահացու մեղքերի մասին։ Ոչ մեկ անգամ այս թեման դարձել է ներքաղաքական «ռազբորկաների» և նույնիսկ պալատական հեղաշրջումների պատճառ։ Եվ թեկուզ ներկայիս բանակցային գործընթացը բավականին բարդ է և սկզբունքորեն երբեք էլ թեթև չի եղել, վերջին օրերին հիմնախնդրի շուրջ սկսված ներքաղաքական զարգացումները և չարախինդ ակնարկները, թե Սերժ Սարգսյանը պատրաստ է վաճառել ազգային շահերը, կրկին դառնում են նախադրյալ` որոշակի անձնական նպատակների իրագործելու համար, ինչն իր հերթին սրացում է մտցնում քաղաքական համայնապատկերում։ Ընդ որում, ինչպես միշտ, քաղաքական էլիտայի և բնակչության շահերը գործնականում չեն հատվում, յուրաքանչյուրը հետաքրքրված է բացառապես սեփական ճակատագրով, և «առաջնորդների» բոլոր դիմումները ժողովրդին կոչված են վերջինիս քաղաքական սցենարի ստատիստի դերում օգտագործելու համար, ոչ ավելին։
Մենք վաղուց սովորել ենք այն իրողությանը, որ ընդդիմությունը նախանձելի հետևողականությամբ խոսում է Ղարաբաղը հանձնելու մասին, ինչպես նաև աննախադեպ արտաքին ճնշումների և հայկական կողմի համար բացարձակապես անընդունելի կարգավորման նախագծերի վերաբերյալ։ Այդպես էր Տեր-Պետրոսյանի օրոք, Քոչարյանի կառավարման ժամանակ, նույնը հնչում է նաև այսօր, և ոչ մի զարմանալի բան չէր լինի, եթե ի հայտ չգային Հայ ազգային կոնգրեսի կողմից կիրառվող նոր տեխնոլոգիաները։ Դեռևս անցած տարվա հոկտեմբերի 17-ի հանրահավաքում Լևոն Տեր-Պետրոսյանն ի լուր ամենքի հայտարարեց, թե Սերժ Սարգսյանը «ցանկանում է հանձնել Ղարաբաղը` իշխանությունը պահելու համար»։ Առաջին նախագահի պնդմամբ գործող նախագահն ընտրել է ազգային և պետական շահերի «զոհաբերության» ուղին, ինչը, իբր, հաստատվում է «նրա զիջողական դիրքորոշմամբ Ղարաբաղի հարցում և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ոլորտում»։ Չմոռանանք, որ այս հայտարարությամբ ՀԱԿ-ի առաջնորդը, փաստորեն, «պայքարի զոհասեղանին դրեց» նաև «հետևողական խաղաղարարի» իր վաղուց արդեն կայացած հեղինակությունը (բավական է հիշել հրաժարականից առաջ հնչած զգուշացումը, որ խաղաղության կուսակցության փոխարեն իշխանության է գալիս պատերազմի կուսակցությունը)։ Ըստ այդմ, բոլոր տեսակի եզրահանգումները ղարաբաղյան հարցում իշխանությունների զիջողականության մասին, այն քաղաքական գործչի շուրթերից, ով ժամանակին իշխանությունից զրկվեց հենց այդ հարցում ավելորդ զիջողամտություն ցուցաբերելու համար, առնվազն անբնական են։
Այն ժամանակ առաջին նախագահն իր կանխատեսած չարաղետ ծրագրի իրագործման համար առավելագույն ժամկետ սահմանեց երկու ամիսը և առաջարկեց իր համախոհներին` «ազգային շահերի վտանգված լինելու պատճառով» չխանգարել այդ «դավաճանական» գործընթացին և սպասել ավելի լավ ժամանակների։ Այդ շրջանից մինչ օրս ընդդիմության շարքերում ամենաարդիական է համարվում այն վարկածը, որ «Սերժը կստորագրի և հրաժարական կտա»։ Այսինքն` կլինեն արտահերթ ընտրություններ։ Առաջին հայացքից «Ղարաբաղ» կոմիտեի անդամի և Հայաստանի առաջին նախագահի համար միանգամայն բնական է ԼՂՀ-ի ճակատագրի համար անհանգստության դրսևորումը, քանի որ նա հենց ղարաբաղյան հարցին է պարտական իր ողջ քաղաքական կարիերայով։ Սակայն հետապնդած նպատակները, փաստորեն, այնքան էլ ազնիվ չեն։ Եթե իրականում գոյություն ունի ազգային շահերի դավաճանության վտանգ, և Տեր-Պետրոսյանը համոզված է դրանում, ապա ավելի տրամաբանական պիտի լիներ, որպեսզի ընդդիմությունը փոխեր կարգախոսները «Ղարաբաղը մերն է» ոգով, պարզաբաներ ժողովրդին իրավիճակը և փորձեր կանխել այդ ուղղությամբ հնարավոր զարգացումը։ Ազգի հոր դերակատարության հավակնող քաղաքական գործչին սկզբունքորեն անհարիր է «որքան վատ, այնքան լավ» սկզբունքին դավանելը։
Մանավանդ որ այդպիսի համաձայնագրի ստորագրումից հետո գործնականում նվազագույնի է հասնում գործող նախագահի պաշտոնից հրաժարվելու հավանականությունը, որովհետև նա, ով արտաքին ճնշման տակ ստորագրում է այդպիսի փաստաթուղթ, նա էլ պիտի ապահովի դրա իրագործումը։ Այդպիսին է քաղաքականության տրամաբանությունը։ Ընդդիմության հույսերն այն կապակցությամբ, թե այդպիսի համաձայնագրի ստորագրումից հետո հնարավոր կլինի «հեղափոխություն» իրագործել, մեղմ ասած, իրականությունից կտրված են։ Միլոշևիչի տարբերակը, երբ նա ստորագրեց դեյտոնյան համաձայնագիրը, բայց, ի վերջո, հայտնվեց Հաագայի դատարանի մեղադրյալի աթոռին, այս պարագայում չի աշխատի, որքան էլ որոշակի քաղաքական ուժեր և անհատներ հույսեր փայփայեն։ Իսկ արտասահմանից խոստացված ֆինանսական օժանդակությունը և որոշակի տնտեսական ծրագրեր, իրենց հերթին կնվազեցնեն հեղափոխական զանգվածների` «շղթաները դեն նետելու» տրամադրությունները։ Դե, իսկ եթե գործող նախագահը ոչ մի պարտվողական համաձայնագիր էլ չստորագրի, առավել ևս չի հեռանա, քանի որ Հայաստանում, Ղարաբաղում ու սփյուռքում կդառնա գրեթե ազգային հերոս։ Մանավանդ որ Հայաստանում «կարգ ու կանոն» հաստատելու համար «11-րդ կարմիր բանակ» ոչ ոք չի ուղարկելու, նախ` որովհետև դա թույլ չի տա աշխարհաքաղաքական իրավիճակը, մյուս կողմից էլ` այդ ժամանակները վաղուց անցել են։ Անգամ եթե ընդդիմության նախագծած ծրագիրը հրաշքով իրականություն դառնա, դարձյալ ոչ ոք չի կարող պնդել, որ արտահերթ ընտրությունների պարագայում կհաղթեն ՀԱԿ-ն ու նրա առաջնորդը։
Արժե հիշատակել մի հանգամանք ևս. բազմիցս հարկ է եղել պարզաբանել, որ ներկա աշխարհաքաղաքական իրավիճակում, երբ երկրի քաղաքական դաշտում ուժեղ ազգայնական ուժերի լուրջ դեֆիցիտ կա, իշխանության մանևրի դաշտը զգալիորեն նեղանում է։ Ճիշտ է, այս իրավիճակը շատ կողմերով հետևանք է նախորդ և ներկա իշխանությունների քաղաքականության, ինչի «շնորհիվ» լուրջ քաղաքական կազմակերպությունների և գործիչների գործառույթները հասցվեցին նվազագույնի, ինչը վնասեց ոչ միայն նրանց անձնական հեղինակությանն ու ապագային, այլև ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի ոչ հայանպաստ զարգացումների պարագայում` ընդհանուր դիմադրության ճակատ կազմելուն։ Այսօր այդպիսի դիմադրություն են պահանջում ազգային շահերը, սակայն իշխանությունը չունի համապատասխան ուժեր հասարակության մեջ և քաղաքական վերնախավում «դիմադրության ճակատի» ձևավորման, ինչպես դա լինում էր պատերազմի ժամանակ, Քի ՈՒեսթի և Ռամբույեի բանակցություններից առաջ։ Դրա հետևանքով էր, որ խնդրահարույց դարձավ որևէ համաձայնագրի ստորագրումը, քանզի միջնորդներն էլ ստիպված էին ընդունել, որ եթե անգամ իշխանությունները պատրաստ են ինչ-որ զիջումների, ապա դրան կտրականապես դեմ է հասարակությունը։
Թեպետ ղարաբաղյան հիմնախնդրի բանակցային գործընթացի ներկա խորապատկերի վրա, այնուհանդերձ, կրկին ականատես ենք համախմբման նոր նախաձեռնությունների, և այդ շարքում կարելի է դիտարկել օրերս ԼՂՀ-ում անցկացված Համահայկական ֆորումը` դաշնակցության նախաձեռնությամբ, որը նվիրված էր Ղարաբաղ-Ադրբեջան և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը։ ՀՅԴ-ի առաջնորդ Հրանտ Մարգարյանն այնտեղ հայտարարեց, թե` «Միջազգային հանրությունը պետք է իմանա, որ մենք վճռական ենք պայքարելու աշխարհում արժանապատիվ տեղ ունենալու համար»։ Միաժամանակ ընդգծվեց, որ ղարաբաղյան հիմնախնդրի հաջող լուծումը հնարավոր է միայն բանակցություններին ԼՂՀ-ի լիարժեք մասնակցության պարագայում։ Հավաքական դժգոհությունն իր արտահայտությունը գտավ Ստեփանակերտում անցկացված «Ղարաբաղյան հակամարտություն. նոր իրողություններ» կոնֆերանսի ժամանակ։ Հասկանալի է, որ բոլոր այս քայլերը միտված են ուժեղացնելու պաշտոնական Ստեփանակերտի դիրքերը, որը նույնպես հայտարարում է, թե առանց ԼՂՀ ժողովրդի որևէ լուծման հասնելն անհնարին է։
Միևնույն ժամանակ, քաղաքական դաշտում կրկին ծնունդ են առնում խոսակցություններ, որ ղարաբաղյան գործընթացների շուրջ աստիճանաբար անխուսափելի է «երրորդ ուժի» ձևավորումը, որը կոչված է լինելու քաղաքական ասպարեզ վերադարձնելու Ռոբերտ Քոչարյանին ու այդ դրոշի տակ միավորելու բոլորին, ովքեր «իրենց տեղը չեն գտել իշխանության դաշտում և չեն ցանկացել հայտնվել մարգինալ ընդդիմության շարքերում»։ Եթե նկատի ունենան, դեռ ղարաբաղյան պատերազմի ժամանակներից Ռոբերտ Քոչարյանի և դաշնակցության որոշ առանցքային ֆունկցիոներների լավ հարաբերությունները, այդպիսի կանխատեսումներն այնքան էլ զուրկ չեն իրական հիմքից։ Բայց, միաժամանակ, ակնհայտ է, որ այդպիսի ծրագրերի հաջողությունը Քոչարյանի բացասական վարկանիշի պարագայում հնարավոր է միայն համապատասխան արտաքին «դաբրոյի» պարագայում և նույնիսկ այս դեպքում է խիստ կասկածելի։ Ըստ այդմ, «Քոչարյան` երրորդ ուժ» կարգախոսն առայժմ պետք է թողնել որպես խիստ անհավանական` պահեստային տարբերակների շարքում։
Եվ, վերջապես, չպետք է մոռանալ, որ ինչպես Տեր-Պետրոսյանի, այնպես էլ Քոչարյանի ղեկավարման տարիներին ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացից տեղյակ է եղել մարդկանց շատ նեղ շրջանակ` ամբողջ պետության մեջ 3-4 հոգի։ Սակայն այսօր լռության դավադրությունն այլևս խախտված է, իշխանությունների և ընդդիմության համատեղ ջանքերով տաբուները վերացված են։ Պատահական չէ, որ առանձին քաղաքական գործիչների կողմից արծարծվում է Ղարաբաղի հարցով համազգային հանրաքվե անցկացնելու խնդիրը։ Եվ թեկուզ այդպիսի հարցերը նման ճանապարհով սովորաբար չեն լուծվում, ժողովրդական լայն զանգվածների մասնակցությունն իր կարևոր նշանակությունը կարող է ունենալ։ Քաղաքական մանիպուլյացիաները եղել են ու կան, դրանց պետք է վերաբերվել իբրև քաղաքական գործընթացի բնական թափոնների։
Սոնա ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 2210

Մեկնաբանություններ

­յու­ջե