ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

«ՄԻԱՅՆ ԼԱՅՆԱՄԱՍՇՏԱԲ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԴՐԴԵԼ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԼՂՀ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ»

«ՄԻԱՅՆ ԼԱՅՆԱՄԱՍՇՏԱԲ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԴՐԴԵԼ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԼՂՀ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ»
10.12.2010 | 00:00

Երեկ «Իրատես de facto» ակումբում քաղաքագետ ՍՏԵՓԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ լրագրողներին տեղեկացրեց, որ դեկտեմբերի 1-3-ին Բաքվում մասնակցել է Հարավային Կովկաս-Եվրամիություն հարաբերություններին առնչվող համաժողովին, որի ընթացքում տպավորություն է ստեղծվել, թե ադրբեջանցիները քաղաքացիական հասարակության դաշտում ցանկանում են ընդլայնել իրենց շփումները հայերի հետ։ Քաղաքագետը նաև նկատել է, որ Բաքվի կենտրոնում գտնվող հայկական եկեղեցում վերականգնողական աշխատանքներ են իրականացվում, ինչը, ըստ նրա, դրական երևույթ է։
Անդրադառնալով Աստանայում և Լիսաբոնում Հայաստանի վարած արտաքին քաղաքականությանը` Գրիգորյանը շեշտեց. «ՆԱՏՕ-ն չի զբաղվում Կովկասի խնդիրներով ու այդ մասին բազմիցս է հայտարարել։ Նա աջակցում է Հարավային Կովկասի կոնֆլիկտների խաղաղ լուծմանը և տարածքային ամբողջականությանը»։ Իսկ այն ձևակերպումը, որն առնչվում էր տարածքային ամբողջականությանը, ըստ բանախոսի, վերաբերում էր Վրաստանին, Հայաստանի ու Ղարաբաղի հետ ոչ մի առնչություն չուներ։ «Մեղք են էդ տղերքը, նրանք անընդհատ ասում են, թե իրենք չեն զբաղվում Կովկասի խնդիրներով։ Այս նախագիծը դեռ մեկ տարի առաջ է նախապատրաստվել, ու Հայաստանն անուշադրության է մատնել այն, ոչ ոք չի կարդացել և չի զգուշացրել ՆԱՏՕ-ին, որ տարանջատում մտցնի Հայաստանի ու Հարավային Կովկասի վերաբերյալ իր հայտարարություններում»,- նկատեց ակումբի հյուրը, միաժամանակ հիշեցնելով, որ ինքնորոշման իրավունքի մասին խոսակցությունները լիովին անգրագիտություն են։ «Զարմանալի է, որ և՛ իշխանության, և՛ ընդդիմության դաշտից հնչում է նման տեսակետ։ Հիշեցնեմ, որ հենց ՆԱՏՕ-ի և ՀԱՊԿ-ի ֆունկցիան է անդամ երկրների տարածքային ամբողջականությունը պաշտպանել։ Դա չի հակասում Հայաստանի Հանրապետության շահերին։ Երբ տարածքային ամբողջականությունը կապվում է այն կոնֆլիկտների հետ, որոնք ՆԱՏՕ-ի մանդատի մեջ չեն գտնվում, այստեղ է, որ մենք պետք է ըմբոստանանք»,- ասաց Գրիգորյանը` շեշտելով, որ Հայաստանի արտաքին գերատեսչության պատկան մարմինները պետք է լուրջ քարոզչություն իրականացնեն, աշխատեցնեն դիվանագիտական բոլոր խողովակները, որ միջազգային հանրությունը հստակ հասկանա, որ Հայաստանը միացել է մադրիդյան սկզբունքներին։
«Միայն լայնամասշտաբ ռազմական գործողությունները կարող են Հայաստանին դրդել ճանաչելու ԼՂՀ անկախությունը։ Քանի դեռ ԵԱՀԿ Մինսկի խումբը գործում է, և այդ կառույցի շրջանակում ընթանում են բանակցությունները, Ղարաբաղի անկախության ճանաչումը սխալ է։ Եթե միակողմանի ճանաչում ենք ԼՂՀ անկախությունը, ավտոմատ նշանակում է ողջ բանակցային գործընթացի քանդում, անհարգալից վերաբերմունք համանախագահների նկատմամբ։ Եթե Հայաստանը որոշի դեմ դուրս գալ Ռուսաստանին և ԱՄՆ-ին, ապա այդ դեպքում կստանանք նույն արդյունքը, ինչ Կարսի դեպքում։ Իսկ մենք գիտենք, որ Կարսի հետ կապված երբևէ պրոբլեմ չենք ունեցել, պարզապես անմիտ քաղաքականությունը հանգեցրեց այն բանին, որ Կարսը կորցրինք»,- փաստեց Ստեփան Գրիգորյանը, որը Աստանայում անցկացված ԵԱՀԿ գագաթնաժողովը հաջող է համարում։ Այդ հանդիպման դրական արդյունքը, ըստ քաղաքագետի, այն է, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները միացան Մուսկոկի և Ակվիլայի հայտարարություններին, որոնցով ամրագրվեց Հայաստանի և Ադրբեջանի` մադրիդյան սկզբունքներին կողմ լինելը։ «Կարծում եմ` հայտարարություններին միանալը Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում առկա լարվածությունը կարող է թուլացնել»,- եզրահանգեց Ստեփան Գրիգորյանը։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1110

Մեկնաբանություններ