ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Թուրքիայի արտաքին քաղաքականության հեռանկարները և Հայաստանը

Թուրքիայի արտաքին քաղաքականության հեռանկարները և Հայաստանը
22.05.2009 | 00:00

ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հայ-թուրքական բանակցությունների ակտիվ փուլը, ինչպես նաև ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջամտությունն այս խնդրին, համընկավ Թուրքիայի ներքին և արտաքին քաղաքականության մեջ շատ տհաճ փուլի հետ։ Այն արտահայտվում է միջազգային հարաբերություններում ստեղծված անորոշությամբ։ Բարաք Օբամայի` Կոստանդնուպոլսում արված հայտարարությունը Թուրքիայի` Եվրամիության անդամ դառնալու վերաբերյալ, այսօր ինչպես Եվրոպայում, այնպես էլ նույն Թուրքիայում ընկալվում է իբրև քարոզչական հնարք։ Այն հաշվարկված է ոչ թե Թուրքիային Եվրամիություն խցկելու, այլ թուրքական էլիտայի հավակնությունները զսպելու քաղաքականությունից ելնելով։
Առաջատար եվրոպական պետությունների առաջնորդները միանգամայն պարզ ու որոշակի արտահայտվել են այս խնդրի վերաբերյալ։ Արդեն հստակ է, որ, Ֆրանսիայից, Գերմանիայից և այլ եվրոպական մայրցամաքային պետություններից բացի, վերոնշյալ դիրքորոշումը պաշտպանում է նաև Մեծ Բրիտանիան։ Լոնդոնը երկար ժամանակ խաղարկել է թուրքական խաղաքարտը եվրոպական քաղաքականության մեջ։ Սակայն եվրոպական առաջնորդները միայն կոնֆերանսիեներ են, որոնք հնչեցնում են Եվրոպայում իրականում կառավարողների կարծիքն ու դիրքորոշումը։ Եվրոպական աջ պահպանողական, կաթոլիկական շրջանակների և առավել ազդեցիկ ակումբների կողքին Թուրքիայի անդամակցությանը դեմ էին դուրս գալիս նույնիսկ եվրոպական ձախերը։ Մի քանի տասնամյակների ընթացքում առաջին անգամ ԱՄՆ-ի և Եվրամիության դիրքորոշումները Թուրքիայի և եվրոպական հանրության կազմ նրա ինտեգրացիայի վերաբերյալ համընկնում են։ Իսկ դա արդեն մոտ ժամանակահատվածի կտրվածքով կհանգեցնի դաշինքի, երբ ԱՄՆ-ը և Եվրոպան միասնական քաղաքականություն կիրականացնեն Թուրքիային զսպելու ուղղությամբ։
Թուրքիայի նախագահներ Թ. Օզալը, Ս. Դեմիրելը, ինչպես նաև վարչապետ Բ. Էջևիթը, չնայած իրենց հայացքների տարբերությանը, անցած տարիներին գործնականում ձևավորեցին Թուրքիայի արտաքին քաղաքականության ռազմավարությունը, որն արտահայտում է թուրքական էլիտայի հավակնությունները և ենթադրում Անկարայի վերածումը եթե ոչ համաշխարհային, ապա միջտարածաշրջանային ինքնուրույն ուժային կենտրոնի։ Սա ոչ մի կերպ ձեռնտու չէ Արևմուտքին, միաժամանակ չի համապատասխանում նաև Ռուսաստանի, Իրանի, առաջատար արաբական պետությունների և Թուրքիայի որևէ հարևան երկրի շահերին։ Անկասկած է, որ Թուրքիայի արդի ղեկավարությունը հասկանում է, թե ինչ է սպասում իրենց Արևմուտքից, և փորձում է կառուցել նոր քաղաքականություն Արևելքում։ Սակայն այստեղ էլ Թուրքիային չեն սպասում գրկաբաց։ Անկարայի առաջին իսկ փորձերը Ռուսաստանի հետ դաշինքի նման բան ստեղծելու ուղղությամբ, երևան հանեցին բազմաթիվ պրոբլեմներ, որոնք խորացնում են հակասությունները և կասկածելի դարձնում սկզբունքային ռազմավարական համագործակցության հնարավորությունը։
Իրանը, որ միշտ էլ առանձնանում է դիվանագիտությամբ, միանգամայն պարզ հասկացրեց Թուրքիային, թե ինչպիսին կարող են լինել իրենց համագործակցության սահմանները, որ սահմանափակվում են պետությունների երկարաժամկետ շահերով։ Իրանը չհամաձայնեց ոչ մի զիջման համագործակցության որևէ ուղղությամբ, մերժելով այն ամենը, ինչը կարող էր հանգեցնել Թուրքիայի դիրքերի ուժեղացմանն Առաջավոր Ասիայում և Մերձավոր Արևելքում։ Իրանի դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման և հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված` ավելի քան ակնհայտ է։ Առավելագույն հաջողությունների Թուրքիան կարողացել է հասնել Սիրիայի հետ հարաբերություններում, ինչը, իհարկե, թուրքական քաղաքականության մեծ հաջողությունն է, բայց այն ունի լոկալ նշանակություն, մանավանդ որ հանգեցրել է Իսրայելի հետ հարաբերությունների վատթարացմանը։ Իրադրությունն Իրաքում, մանավանդ ամերիկյան զորքերի սպասվող դուրսբերման շեմին, կարող է Թուրքիայի համար վերածվել երկրորդ Վիետնամի, ինչը չի կարող չազդել նրա հարաբերությունների վրա Իրանի և արաբական աշխարհի երկրների հետ։ Առայսօր, չնայած թուրքական ղեկավարների և արաբական քաղաքական գործիչների բազմաթիվ հանդիպումներին և շփումներին, դրանք չեն հանգեցրել էական արդյունքների։ Թուրքիան ցանկալի գործընկեր չէ արաբական աշխարհում ոչ միայն օսմանյան անցյալի, այլև ԱՄՆ-ի ու Իսրայելի հետ սերտ համագործակցության պատճառով։ Արաբական էլիտաները Թուրքիան դիտարկում են իբրև էքսպանսիայի ձգտող պետություն, որն ուզում է մեծացնել իր ազդեցությունը տարածաշրջաններում, ինչը չի կարող ձեռնտու լինել որևէ մեկին։
Բալկանները, ըստ էության, ամբողջությամբ դարձել են եվրոպական քաղաքական դաշտի մասը և համապատասխանաբար էլ վերաբերվում են թուրք-եվրոպական ինտեգրացիայի հեռանկարներին։ Առանց չափազանցության կարելի է պնդել, որ Հունաստանի ավանդական վերաբերմունքը Թուրքիայի նկատմամբ չի փոխվել, Բուլղարիան, չունենալով մարտունակ զինված ուժեր ու չնայած ՆԱՏՕ-ի անդամ լինելուն, բավականին զգուշանում է Թուրքիայից։ Ռումինիայի, Խորվաթիայի և Ալբանիայի դիրքորոշումը ոչ մի նշանակություն չունի Թուրքիայի եվրոպական ճակատագրի քննարկման ժամանակ։ Կենտրոնական Ասիայում Թուրքիայի դիրքերը չի կարելի միանշանակ վատ գնահատել, քանի որ Անկարան պարբերականորեն այդ տարածաշրջանի վրա ճնշում գործադրելու փորձեր է ձեռնարկելու։ Բայց հնարավոր է, որ հենց այդ տարածաշրջանի հետ կապված է դրսևորվում ամերիկացիների խանդը, որոնք Ռուսաստանին և Չինաստանին զսպելու գլոբալ համակարգ են փորձում ստեղծել, որտեղ Թուրքիան, իբրև անհուսալի գործընկեր, տեղ չունի։ Ռուսաստանը, հետաքրքրված լինելով Թուրքիայի գործընկերությամբ` ԱՄՆ-ի հզորացումը Սև ծովում թույլ չտալու համար, այնուհանդերձ, զգուշանում է Թուրքիայի չափից ավելի հզորացումից Սևծովյան տարածաշրջանում։ Ինչպես հայտնի է, չնայած ռազմածովային ուժերն ամրապնդելու Ռուսաստանի բոլոր ջանքերին, նրա Սևծովյան նավատորմը զիջում է թուրքականին։ Թուրքիան բոլորովին էլ մտադիր չէ սահմանափակել իր գործողությունները Հյուսիսային Կովկասում և Պովոլժիեում։ 2007-08-ին Ռուսաստանի ԱԴԾ-ն անցկացրեց կարևոր միջոցառումներ Ռուսաստանի բազմաթիվ մարզերում թուրքական գործակալական ցանցը վերացնելու ուղղությամբ։ Թուրքիան չի հրաժարվի Ռուսաստանի տարածաշրջանների վրա ունեցած ազդեցությունից, ինչը ձեռք է բերվել շատ մեծ գնով։ Հարկ է նշել, որ թուրք-հայկական հարաբերությունների լաբիրինթոսը, եթե անգամ որևէ դրական արդյունք ունեցել է Հայաստանի համար, ապա միայն Ադրբեջանի և Թուրքիայի միջև անվստահության առաջացման իմաստով, չնայած թուրքական քաղաքական գործիչների «հերքումներին»։
Այս խիստ անորոշ պայմաններում, երբ Թուրքիայի ներկայիս ղեկավարությունը բախվում է տարբեր արևմտյան և արևելյան պետությունների ուժեղ դիմադրությանը իր բազմավեկտոր արտաքին քաղաքականության իրագործման դաշտում, նրա համար բավական բարդ խնդիր է դարձել Հարավային Կովկասում ավելի նախապատվելի դիրքերի ստեղծումը։ Խնդիրն այն է, որ մեր տարածաշրջանում իր մտադրություններն իրագործելու համար Թուրքիան չունի քիչ թե շատ նշանակալի արտաքին գործընկեր։ Մերձավոր հարևաններ Ռուսաստանն ու Իրանը չեն և չեն էլ կարող գործընկերներ լինել։ Եթե նախկինում ԱՄՆ-ը փորձում էր տարածաշրջանում օգտագործել Թուրքիային ընդդեմ Ռուսաստանի, ապա այդ խաղի համար անհրաժեշտ պայմանները նույնպես սպառված են։ Եվրամիությունը Արևելյան Եվրոպայի և Հարավային Կովկասի նկատմամբ կառուցում է իր` դեռևս բավական փխրուն քաղաքականությունը, և ընդհանրապես շահագրգռված չէ այստեղ Թուրքիայի որևէ քաղաքական ներկայությամբ։ Ավելին, եթե 1990-ականների վերջին ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան պատրանքներ ունեին Թուրքիայի` իբրև գործընկերոջ հուսալիության մասին, հատկապես կոմունիկացիոն համակարգերի ձևավորման առումով, ինչը հանգեցրեց նավթամուղների և գազամուղների կառուցմանը, ապա եվրոպացիներն այժմ չեն տեսնում Թուրքիային այդ դերում, համարելով ավելի անհուսալի գործընկեր, քան Ռուսաստանը, չնայած Մոսկվայի հետ ունեցած բազմաթիվ խնդիրներին։
Թուրք-վրացական հարաբերությունները հետևողականորեն դադարում են հուսալի լինելուց, քանի որ Անկարայում հասկացել են, որ ԱՄՆ-ը, ինչ-որ չափով` նաև Եվրամիությունը, Վրաստանին վերապահել են այնպիսի գործառույթներ, որ նա դառնա որոշակի այլընտրանք Թուրքիայի ռազմավարական նշանակությունը նվազեցնելու համար։ Թուրքիայում Վրաստանը դիտարկում են իբրև քաղաքական որոշումների կայացման առումով ԱՄՆ-ից կախյալ երկիր և անիմաստ են համարում երկարաժամկետ ու սկզբունքային բնույթի հարաբերությունների կառուցումը նրա հետ։ Որոշ թուրքական փորձագետներ և մեկնաբաններ սկսել են ավելի քննադատաբար վերաբերվել Վրաստանին դեռ 2003-ից սկսած, երբ ԱՄՆ-ն իրաքյան պատերազմը սկսելիս փորձեց ցույց տալ, որ վրացական օդանավակայանները կարող են լինել թուրքականին այլընտրանք։ Թուրքիային չի կարող չգրգռել արևմտյան ֆավորիտը լինելու Վրաստանի դիրքը, Անկարային չի բավարարում նաև այն, որ ԱՄՆ-ը և Եվրամիությունը Վրաստանը համարում են թուրքական քաղաքականության ուղեծրից և առհասարակ որևէ արևելյան կամ եվրասիական միավորումից դուրս գտնվող երկիր։
2000-ականների սկզբից թուրք-ամերիկյան հարաբերությունների ուսումնասիրությունը թույլ է տալիս պնդելու, որ 1990-ականներից ԱՄՆ-ում մշակվել են տարածաշրջանում և աշխարհում Թուրքիայի դերի ու տեղի վերաբերյալ հիմնական աշխարհաքաղաքական նախադրյալներ։ Արդեն 1990-ականների սկզբին, չնայած Թուրքիայի` Եվրամիության անդամ դառնալու շուրջ ակտիվ քարոզչությանը, ամերիկացիները նրան վերապահել էին գործառույթներ միայն Մերձավոր Արևելքում։ Դա չէր նշանակում, որ Թուրքիայի համար «կանաչ ճանապարհ» էր բացվում դեպի Մերձավոր Արևելք, և նա այլևս չէր դիտարկվելու իբրև եվրոպական տարածության մեջ գտնվող տերություն։ Դրան զուգահեռ, ԽՍՀՄ-ի փլուզումից անմիջապես հետո Հարավային Կովկասի երկրները նույնպես դիտարկվում էին իբրև Եվրոպայի մաս, և այդ ուղղությունն առաջնահերթ էր համարվում եվրոպական քաղաքական և տնտեսական տարածության ձևավորման համար։ Այդ հանգամանքը շատ բնութագրական է` ընկալելու համար տարածաշրջանի պետություններին վերապահված դերակատարությունը և Թուրքիայի դերն այդ հեռանկարում։
Վրաստանը շատ կարևոր է ԱՄՆ-ի, Եվրամիության և ՆԱՏՕ-ի համար, սակայն առանց Ադրբեջանի այդքան արժեքավոր չէ Եվրասիայում, հիմա նաև Հարավային Ասիայում քաղաքական և ռազմական գործողություններ նախաձեռնելու տեսանկյունից։ Սակայն ո՛չ ամերիկացիները, ո՛չ էլ եվրոպացիները և հատկապես բրիտանացիներն առանձնապես մեծ նշանակություն չեն տվել Ադրբեջանի թուրքամետ կողմնորոշմանը` դիտարկելով այն իբրև հետխորհրդային տիպի պետական ու հասարակական կազմավորում` իր բոլոր աթեիստական ու ռուսացվածության բաղադրիչներով։ Հարավային Կովկասում քիչ ուսումնասիրված խնդիրներից մեկը վերջին երկու տասնամյակներում այն է, որ ԱՄՆ-ն արեց հնարավոր ամեն ինչ` Ադրբեջանին միակողմանի թուրքական կողմնորոշման անհեռանկարայնությունն ապացուցելու համար։ Վաշինգտոնը ցույց տվեց Բաքվին, որ Թուրքիան չի կարող լիարժեք կատարել Ադրբեջանի անվտանգության երաշխավորի դերը, և միայն ԱՄՆ-ն ու արևմտյան հանրությունն են ընդունակ երաշխավորելու Ադրբեջանին նրա շահերի պաշտպանությունն ու անվտանգությունը։ ԱՄՆ-ն ակնհայտորեն օգտագործում է ռուսական և իրանական քաղաքականությունն Ադրբեջանին վախեցնելու համար, և ղարաբաղյան հակամարտությունն ԱՄՆ-ի «թաքնված քարոզչության» մեջ օգտագործելու հանգամանքը ապացույցն է այն բանի, որ Թուրքիան ընդունակ չէ Ադրբեջանի համար որոշիչ խնդիրներ լուծելու։ Կան անուղղակի փաստեր, որոնք հաստատում են, որ ԱՄՆ-ը նախաձեռնում է որոշ ակցիաներ Հյուսիսային Կովկասում և Ղրիմում, և որոնք սահմանափակում են Թուրքիայի ազդեցությունը, որոշակի պայմաններ ստեղծում մի շարք արաբական պետությունների ռազմավարության իրագործման համար, ինչն իր հերթին հարվածում է թուրքական ներկայությանն այդ տարածաշրջաններում։ Ռուսաստանի հետախուզական ծառայությունների տրամադրության տակ ժամանակ առ ժամանակ հայտնվում են նյութեր, որոնք ստացվում են առանձին պետություններից և ապացուցում են Ռուսաստանի մի շարք տարածաշրջաններում Թուրքիայի ծավալած գործունեությունը։ Ընդ որում, նյութեր տրամադրող պետությունները սկզբունքորեն չեն կարող լինել տեղեկատվության աղբյուր, սակայն սերտ համագործակցում են ԱՄՆ-ի հետ։ Բնութագրական է նաև, որ ԱՄՆ-ի ակադեմիական շրջանակներում վերջին ժամանակներս հետաքրքրության աճ է նկատվում Կովկասի ժամանակակից ադրբեջանցիների էթնոգենեզի ուսումնասիրության նկատմամբ, ընդ որում, մեծ ուշադրություն է դարձվում ադրբեջանական ժողովրդի ծագման իրանական բաղադրիչին։
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հետ կապված իրադարձությունները ուշագրավ են այն առումով, որ թերևս առաջին անգամ ամերիկացիները ռուսներից հետո Թուրքիան ընդգրկեցին այդ գործընթացի մեջ։ Հայ-թուրքական բանակցություններից էլ ակնհայտ դարձավ, որ ամերիկացիները նպատակ ունեն ամրապնդելու «հայկական գործոնը» Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականության մեջ նրան սահմանափակելու նպատակով։ Այդ բանակցությունների արդյունքում թուրքական քաղաքական գործիչների վերաբերմունքը դարձավ ավելի թշնամական և ագրեսիվ, չնայած բազմաթիվ դրական գնահատականներին այդ շփումների շուրջ և պայմանավորվածություններին ամերիկյան, բրիտանական ու եվրոպական քաղաքական գործիչների հետ։ Թուրքական ղեկավարությունն ակնհայտորեն բորբոքված է, քանի որ իրենց երկիրը փորձել են ներքաշել վտանգավոր տարածաշրջանային հակամարտության ձևաչափի մեջ և դրանով վերածել նրան ապակառուցողական գործընկերոջ, որն ընդունակ չէ դրական քաղաքականություն վարելու։ Այսպես թե այնպես, Թուրքիան դուրս եկավ այդ բանակցություններից առանձնապես ոչ լավ իմիջով, և նրան ժամանակ է պետք` իրավիճակն իմաստավորելու համար։ Ներքին իրադրությունը Թուրքիայում հիմա այնպիսին է, որ ղեկավարությունը, այսպես թե այնպես, մտահոգված է, որ իր քաղաքականությունը դրական և արդյունավետ ճանաչվի հասարակության և քաղաքական դասակարգի կողմից։ Եթե Թուրքիան մտադիր է իսկապես ամրապնդել իր դիրքերը Հարավային Կովկասում, նրան անհրաժեշտ է ընդգրկվել արևմտյան հանրության այս կամ այն նախագծերում, և դա այլընտրանք չունի։ Միայն այդ դեպքում Թուրքիայի արտաքին քաղաքականությունը կարող է ճանաչվել «լեգիտիմ» և գոնե մասամբ հավանության արժանանալ ԱՄՆ-ի և Եվրամիության կողմից։
Սակայն ամենաէական հարցն այն է, թե որքանով Թուրքիան կկարողանա կառուցել ինքնուրույն և անկախ արտաքին քաղաքականություն, ստեղծել «անվտանգության գոտի», իրագործել իր պրագմատիկ գեոտնտեսական հավակնությունները, եթե հարկադրված լինի վերադառնալ արևմտյան խաղի կանոնների դաշտ։ Այս պրոբլեմը, անշուշտ, լուծված չէ և չի կարող լուծում ստանալ թուրքական էլիտայի կողմից մոտակա հեռանկարում։ Որոշակի իմաստով Թուրքիան կորցնելու բան չունի տարածաշրջանային քաղաքականության մեջ, առավել ևս Հարավային Կովկասում։ Հայաստանի հետ նա պետք է խաղա արևմտյան կանոններով և թույլ տա իրեն ներքաշել բազմաթիվ թակարդների մեջ` կապված ոչ այնքան հասկանալի պարտավորությունների կատարման հետ, ինչը նկատելիորեն կսահմանափակի նրա քաղաքական մտադրությունների շրջանակը, կամ էլ տեղի կունենա այլ բան։ Ընդ որում, վերոնշյալ պարտավորությունները կատարելով, Թուրքիան, միևնույն է, դեպի Եվրամիություն ցանկալի անցագիրը չի ստանա և չի կարողանա իրագործել իր տարածաշրջանային քաղաքականությունը։ Այդ պատճառով էլ թուրքական էլիտան միգուցե կփորձի հրաժարվել բանակցությունների այն ձևաչափից, որն առաջարկել են ԱՄՆ-ը, Եվրամիությունը և գուցե Ռուսաստանը, և կաշխատի հաղթահարել «հայկական գործոնը»` Հայաստանի հետ ուղղակի հարաբերություններ ենթադրող բանակցություններ սկսելով։ Դա միակ, քիչ թե շատ տրամաբանական առաջարկությունը կլիներ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման առումով։
Հայաստանի քաղաքական ղեկավարությունը և ընդհանուր առմամբ էլիտան պետք է հասկանան, որ Թուրքիայի հետ բանակցությունների ներկայիս պայմանավորված ձևաչափերը կեղծ բանակցություններ են, որոնք ուղղված են Թուրքիայի զսպմանը, այլ ոչ թե խնդիրների լուծմանը։ Եթե հայկական կողմը հասկանում է դա, ապա արդեն վատ չէ, իսկ եթե հայերը լուրջ են ընդունում այդ բանակցությունները, ապա դա միամտություն է։ Այն աշխարհաքաղաքական հեռանկարում, որ ձևավորում են ԱՄՆ-ը և Եվրամիությունը, Հայաստանի համար կա կարևոր պայման և հանգամանք։ Այսինքն, միայն Թուրքիային շրջափակելու և մեկուսացնելու քաղաքականությունը կարող է հանգեցնել նրա հարաբերությունների կարգավորմանը Հայաստանի հետ, եթե Թուրքիան այլ որոշում չընդունի։ Այսինքն` մեծ տարածաշրջանային պատերազմ, եթե Թուրքիայում ներքին գործընթացների զարգացումը հանգեցնի բոլոր պրոբլեմները ռազմական ագրեսիայի միջոցով տարածաշրջանային կտրվածքով լուծելու և ոչ միայն Հայաստանի նկատմամբ։ Առայժմ Թուրքիան համարվում է Ադրբեջանի ագրեսիվ մտադրությունները զսպող գործոն։ Բայց եթե Թուրքիային պարտադրեն մեկուսացման մի իրավիճակ, և նրա ծրագրերի իրականացման բոլոր հույսերը սպառվեն, ապա Ադրբեջանի պահվածքը կարող է ամենահարմար առիթը դառնալ տարածաշրջանային մեծ պատերազմի համար։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 2469

Մեկնաբանություններ