ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

ՎԵՐԱԴԱՍԱՎՈՐՎՈ՞ՒՄ ԵՆՔ, ՏՂԵՐՔ

ՎԵՐԱԴԱՍԱՎՈՐՎՈ՞ՒՄ ԵՆՔ, ՏՂԵՐՔ
17.12.2010 | 00:00

Օրը երեկ հագեցած էր: Քաղաքական բոլոր մակարդակներում բուռն իրադարձություններ էին տեղի ունենում:
«ՇՆՈՐՀԱԿԱԼ ԻՄ ԿԵՆԱՑԻ ՀԱՄԱ, ՇՆՈՐՀԱԿԱԼ ԻՄ ԿԱՄՊԱՆԻ ՀԱՄԱ»
Երեկ խորհրդարանն աշխատանքը սկսեց շնորհակալություններով` ուղղված ԱԺ նախագահին: Ընդդիմադիր Ստեփան Սաֆարյանը շնորհակալ էր, որ ԱԺ նախագահը կարողացել է հասնել նրան, որ կառավարությունն օրենքի որոշ նախագծեր հանել է օրակարգից, համ էլ «Ժառանգությունը» «հորդորում է ԱԺ նախագահին` կառավարությունից պահանջել, որ օրակարգից հանվեն նաև աղբահանության, կենսաթոշակային բարեփոխումների և լեզվի մասին օրենքները»:
Վահան Հովհաննիսյանն ընդհանրապես էր շնորհակալ ԱԺ ղեկավարությանը (ոչ, ոչ համատեղ ու մշտական արտասահմանյան «պոեզդկաների մասով»)` կառավարության հետ բանակցություններում հասած հաջողությունների համար:
Բայց այդ պահից սկսած` երեք օր շարունակ սահուն խաղարկվող սցենարում փոքր-ինչ անհարթություն առաջացավ: Ընկեր Վահանը վերցրեց ու ասաց. «Իհարկե, մեր կառավարությունն ավելի հեշտ է զիջումների գնում թուրքերի հետ բանակցություններում, քան սեփական ժողովրդի և Ազգային ժողովի, բայց...», ու այդ պահին տեղից պայթե՜ց... ո՛չ, ո՜չ ԱԺ նախագահը, այլ մշտապես հավասարակշռված ու հանգիստ Գագիկ Մինասյանը, որը երեք օր շարունակ շուրթերը սեղմած դիմանում էր ԱԺ-ում «ընթացող» սցենարին և կարծում, որ մի կերպ կկարողանան դուրս պրծնել կառավարության դեմ ուղղված այդ դեմարշից` առանց նյարդերի հետ կռիվ տալու: Բայց դե, ոնց երևում էր, ջինը շշից դուրս թռել, թևածում էր ԱԺ ամբիոնի մոտերքում ու դահլիճում, այսուհետ «ուդարի» տակ բերելով ոչ թե կառավարությանը, այլ ավելի «բարձրին»:
«Թուրքական-քիրվայական» այդ պահից սկսած սցենարն էլի մի քիչ շեղվեց. Վահան Հովհաննիսյանը 20 րոպե ընդմիջում խնդրեց, նիստը նախագահողը տվեց, ինչը կանոնակարգի խախտում էր, որովհետև քվեարկություն չէր հայտարարվել: Փաստորեն, խառնել էին` ինչը ինչից հետո է: Սցենարում:
Դահլիճում նախ բացահայտ վեճ ծավալվեց այդ առիթով, ապա վեճը շարունակվեց «որոշ» ՀՀԿ-ականների միջև` միջանցքներում, ուր վերջիններս առանց երկնչելու տալիս էին նրանց անունները, ովքեր այդ ամենի մեղավորն էին:
Սցենարի տապալումն ստիպեց լրջանալ, և ընդմիջումից հետո ԱԺ-ն կառուցողաբար շարունակեց աշխատել վասն բազմաչարչար հայրենիքի ու ժողովրդի:
ՀԱՅ ԱՇԽԱ՜ՐՀ, ՀԱՅ ԳՈՐԾԿՈՄԻ ՈՒ ԽՈՐՀՐԴԻ ՆԻ՜ՍՏ, ՀԱՅ ԿՆԻ՜Կ
Նախորդ օրը տեղի ունեցած ՀՀԿ գործկոմի նիստը երկար չէր տևել, պարզապես եղել էր «ընդունելություն». ՀՀԿ նախագահն ընդունել էր առանձին ՀՀԿ-ականների` որոշակի հարցերով: Այդ թվում, կարծես, Վազգեն Խաչիկյանին: Վերջինս այսօր (16.12.10)` պաշտոնից ազատման դիմում կգրի, որն էլ երեկոյան կքննարկվի ՀՀԿ խորհրդի նիստում:
Սերժ Սարգսյանը ՀՀԿ ծերակույտին վերջապես տեղեկացրել է, որ Երևանի քաղաքապետի պաշտոնում ամենահարմար թեկնածու համարում է «ՀայՌուսգազարդի» Կարեն Կարապետյանին: Ներկայացրել է վերջինիս անցած ուղին:
Ընդ որում, եթե Գագիկ Բեգլարյանի ընտրությունից առաջ Սերժ Սարգսյանը հատ-հատ հանդիպել, խորհրդակցել է ծերակույտի ներկայացուցիչների հետ, լսել նրանց կարծիքը, ցանկացել իմանալ` ով է նրանց նախընտրած թեկնածուն, այս անգամ նման «պրոցեդուրա» չի եղել:
«Ծերերը» հանգամանքը բացատրում են նրանով, որ Երևանի ավագանին ընտրված է, և լրացուցիչ քննարկման կարիք չկա. «Ավագանիում եղող յուրաքանչյուր ՀՀԿ-ական կարող է դառնալ քաղաքապետ»:
Սխալվո՜ւմ էին ծերերը, այո, էդ Լենինի ժամանակ էր, որ ամեն խոհարար կարող էր զբաղվել քաղաքականությամբ, 21-րդ վիկիլիկսյան և կիբեր դարում քաղաքականությունը նուրբ գործիք է, Պետրուխա: Այն էլ` Հայաստանի նման լեռնաշխարհում:
Այսպիսով, ցանկացած ընտրովի մարմին, ցանկացած համամասնական ցուցակ ունի նաև իր զուգահեռ-չերևացող ցուցակն ու կարգը` ֆորսմաժորի դեպքում իրավիճակը պահելու համար: Դեռ 2009-ին պարզ էր, որ ֆորսմաժորի դեպքում քաղաքապետի պաշտոնում «առաջ է գալու» Կարեն Կարապետյանը: Ավելին, նա դեռ նույն 2009-ին էր համարվում պոտենցիալ թեկնածու:
Ճիշտ է, ՀՀԿ ծերակույտը մի քիչ ծանր է տանում, որ Կարեն Կարապետյանն իր միս ու արյունից չէ, որ Տարոնը չդարձավ քաղաքապետ... Ի դեպ, Տարոնը նախորդ օրը` երեքշաբթի, կեսօրին մոտ կանչվել է նախագահական: Սերժ Սարգսյանը նրան ընդունել և տեղեկացրել է, որ քաղաքապետ կդառնա Կարեն Կարապետյանը, և որ Տարոնը պետք է, ու նաև կարող է, նրա հետ շատ լավ ու համերաշխ աշխատել: Այդ ամենն ասվել է սիրով ու ջերմությամբ: Ասվել է նաև, որ Տարոնը դեռ շատ ջահել է ու դեռ կհասցնի շատ բանի հասնել:
Հա, ի դեպ, դեռ «միս ու արյան» մասին: Գործկոմի «ծերերի» հետ հանդիպմանը խոսվել է նաև Կարեն Կարապետյանի` ՀՀԿ անդամ չլինելու խնդրի շուրջ:
«Անդամ է, անդամ»,- ասվել է նրանց:
Իմա` վարչապետն էլ ՀՀԿ անդամ չէր: Մեկ տարի: Բայց դարձավ, չէ՞: Դարձա՜վ: Ինքն էլ կդառնա: Իմաստուն ծերակույտը, որպես համաձայնության նշան, գլուխը տմբտմբացրել է:
Ի դեպ, Կարեն Կարապետյանը ներկա չի եղել գործկոմի նիստին (նա կգա խորհրդի նիստին):
Նիստում Սերժ Սարգսյանը տեղեկացրել է նաև առաջիկայում սպասվող կադրային փոփոխությունների մասին, ըստ որի` Վաչե Գաբրիելյանը կդառնա ֆինանսների նախարար, Տիգրան Դավթյանը կտեղափոխվի էկոնոմիկայի նախարարություն, բնականաբար` «նախարարելու»: Էկոնոմիկայի նախարար Երիցյանը կդառնա նախագահի խորհրդական կամ կզբաղեցնի Վաչե Գաբրիելյանի տեղը:
Նրանք բոլորը կմասնակցեն դեկտեմբերի 16-ի ՀՀԿ խորհրդի նիստին:
Ինչպես տեսնում եք` վարչապետ Տիգրան Սարգսյանի (Վաչե Գաբրիելյանը ևս նրա թիմի մարդ է) թիմը «էսկադրոնով ու պարտիզան կտրիճներով» արշավում է այն նույն պահին, երբ ԱԺ-ում 20 րոպեն մեկ ռեժիմով ընդմիջումներ են գրանցվում:
ԲԱ ՀԵՏՈ՞, ԲԱ ԷՍ ԲՀԿ ՃԱՄՊՐՈՒԿՆԵ՞ՐԸ
Նախորդ երեկոյան ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը վերադարձել է Մոսկվայից, ուր, ինչպես հիշում եք, մեկնել էր` մասնակցելու համատեղ արտադրության պրեզենտացիային: Մեկնելուց առաջ իր թիմի «կոստյակին» ասել էր` գնամ-գամ-նստենք-խոսենք:
Հետաքրքիրն այն է, որ ԲՀԿ-ին մոտ կանգնած «որոշները» պնդում էին, որ մինչ ուշ գիշեր ԲՀԿ կորիզի` մոտ 12 հոգու հետ Ծառուկյանը քննարկում է անցկացրել` ԲՀԿ ապագային առնչվող, մի մասն էլ ժխտում էր այդ «եղելությունը»: Բանն այն է, որ շաբաթ օրը Ծառուկյանը պետք է հանդիպի Սերժ Սարգսյանի հետ` ապագա համագործակցությանն առնչվող որոշում կայացնելու «մասով»:
Ըստ լավատեղյակների` նախորդ գիշերվա քննարկման ռեֆրենն այն է եղել, թե, ըստ ամենայնի, ԲՀԿ-ն ընտրությունների կգնա միայնակ: Ծառուկյանն «ասել» է` եթե մնանք կոալիցիայում, ապա կդառնանք կույր աղիք, իսկ կույր աղիքը ոչ մեկին պետք չէ, դուրս կգանք, մենակ կգնանք, ո՛չ մենք իրենց (ՀՀԿ-ին) կխանգարենք, ո՛չ էլ իրենք մեզ (՞). զուգահեռ կգնանք, իսկ զուգահեռները երբեք չեն հատվում։ Ասել է նա ու հավելել. «Եթե Ռոբերտ Քոչարյանը լիներ, ես դուրս չէի գա». տեղյակներն են ասում, ու սա ասելով` նա նկատի է ունեցել ոչ թե իր կախվածությունը Քոչարյանից, այլ վերջինիս հիշաչար լինելը:
Երեկ, ընդհանուր առմամբ, ԲՀԿ թիմում խիստ անորոշ վիճակ էր: Թիմը, իր բոլոր մակարդակներով, չի ցանկանում, որ ԲՀԿ-ն դուրս գա կոալիցիայից ու «միայնակ գնա»: Այնտեղ կարծիք կա, որ այդ մոտեցումն ընդամենը նախագահի հետ հանդիպումից առաջ մեսիջ է, որ վերջինս ընդունի ԲՀԿ-ի առաջ քաշած պայմանները և ԲՀԿ-ին առավել արտոնյալ լոտեր տա:
Բայց դե, ինչպես տեսնում ենք, դրսի անվերապահ աջակցությունն ունեցող Սերժ Սարգսյանը, որը ներսում ևս զիջումների շատ մեծ հավես չունի, պարզապես պրագմատիկ քայլեր է կատարում թե՛ ընդդիմության ձերբակալվածների, թե՛ իր թիմի առումով, ԲՀԿ-ի համար թիթեռ նկարելու ինչ քաղտեխնոլոգիա կընտրի, դժվար է ասել:
Բոլոր դեպքերում, նա ճշգրիտ ու պրագմատիկ հաշվող է ու իր պրակտիկ հաշվարկում կցանկանա՞ «խաղալ» «Բարգավաճի» հետ, թե՞ նրանք «զմիմեանս» կասեն` «բավ սիրեցինք, մնանք բարյավ», կերևա նույն շաբաթ օրը:
Մենք կարծում ենք` նրանք շարունակելու են «զմիմեանս սիրել»:
«Ժդյոմս»:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1037

Մեկնաբանություններ