ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ԶԻՆՎԱԾ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ

ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ԶԻՆՎԱԾ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ
26.03.2010 | 00:00

Ադրբեջանի խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն Լեյլա Յունուսը Հարավային Կովկասում Եվրամիության նախկին հատուկ ներկայացուցիչ Հեյկի Տալվիթիեի հետ հանդիպման ընթացքում ժամանակին հայտարարեց, որ Ադրբեջանում հնարավոր է անկայունություն` մշտական արտակարգ դրության հաստատումով։ Իր այս մտահոգությունը Յունուսը բացատրեց այն հանգամանքով, թե «այսօր Ադրբեջանում գոյություն ունեն անօրինական զինված կազմավորումներ, որոնք ընդունակ են արյունահեղություն սադրելու»։ Այս հայտարարությունը նախերգանքն էր Ադրբեջանում արտակարգ դրության հաստատման վերաբերյալ բաց քննարկումների, թե որքանով առանձին քաղաքական խմբավորումներ կարող են օգտագործել անօրինական զինված կազմավորումները։
Ադրբեջանական քաղաքական գործիչներն ու փորձագետները Վրաստանի և Իրանի իրենց գործընկերների, ինչպես նաև այլ երկրների դեսպանատների, ամերիկյան և եվրոպական քաղաքագետների ու փորձագետների հետ զրույցներում չեն ժխտում, որ Բաքվում և նրա շրջակայքի փոքր քաղաքներում ու ավաններում գոյություն ունեն տարբեր ուղղվածության և բնույթի չվերահսկվող զինված խմբավորումներ։ Դրանցից ոմանք ունեն զուտ քրեական բնույթ, սակայն կապեր են պահպանում քաղաքական կուսակցությունների և Բաքվում գործող քաղաքական խմբավորումների առաջնորդների հետ։ Մյուսները Ադրբեջանի առաջատար քաղաքական կուսակցությունների մասն են։ Մեծ մասամբ այդ խմբավորումները կապված չեն և չեն հաստատել պարտավորեցնող հարաբերություններ արմատական իսլամական և այլ կազմակերպությունների հետ, որոնք ունեն ավելի կոնսպիրացված զինված խմբավորումներ և տեղակայված են Բաքվի քաղաքային շրջանում գտնվող ավաններում, ինչպես նաև երկրի հարավում` Թալիշստանում և Մուղանում։ Վերջին շրջանում նույնպիսի խմբավորումներ են ի հայտ եկել Հյուսիսային Ադրբեջանի սուննի մահմեդական բնակչության շրջանում, սակայն, որքան էլ տարօրինակ է, դրանք կառավարում և ֆինանսավորում են իրանամետ, շիա մահմեդական կազմակերպությունները։
Ավանդական իսլամական զինված խմբավորումները բազմաթիվ չեն, տեղակայված են տարբեր վայրերում և առայժմ նախատեսված են իսլամական քաղաքական գաղափարների առավել կարևոր հակառակորդների դեմ ահաբեկչական գործողությունների, ինչպես նաև քաոսի կամ անկայուն իրավիճակի ստեղծման համար։ Ընդհանուր առմամբ, իսլամական զինված կազմավորումներն անտարբեր են արդիական քաղաքական գործընթացների նկատմամբ և ուժերի, կադրերի կուտակման, նոր կապերի հաստատման խնդիր ունեն, հատկապես տեղական վարչակազմերի և երիտասարդության շրջանում։ Անհամեմատ ավելի պասիվ, բայց ավելի ազդեցիկ են առաջատար և այլ քաղաքական կուսակցությունների հետ կապեր ունեցող զինված խմբավորումները, և նրանց ընթացիկ խնդիրն է ազդեցություն ձեռք բերել կամ ճնշում բանեցնել ընտրողների, տեղական վարչակազմերի վրա` առանձին շրջաններում կամ բնակավայրերում այս կամ այն կուսակցության ազդեցության հաստատման նպատակով։ Կան կարծիքներ, որ առավել բազմանդամ զինված խմբավորումներ ունի դեպի Թուրքիա և Արևմուտք կողմնորոշված «Մուսավաթ» կուսակցությունը, որը միաժամանակ ամուր կապեր է հաստատել Թուրքիայի քաղաքական ու կառավարական շրջանակների հետ։ «Մուսավաթի» քաղաքական ընդդիմախոսների կարծիքով, այդ կուսակցության զինված խմբավորումների ձևավորմանը մասնակցել է Թուրքիայի «Ազգային գործողության կուսակցության» («Գորշ գայլեր») մարտական թևը։ «Մուսավաթի» առաջնորդ Իսա Ղամբարը, որ Ադրբեջանում նախագահական պաշտոնի հավակնորդներից է, դեմ է, որ այդ զինյալ խմբավորումներն ուղղակիորեն ինտեգրվեն կուսակցության մեջ, սակայն, ըստ ամենայնի, նպաստում է դրանց ընդլայնմանը։ Բացի այդ, հայտնի է, որ Իսա Ղամբարն առարկում է այն բանի դեմ, որ մուսավաթամետ զինյալները հանդես գան որպես «Գորշ գայլերի» բջիջներ Ադրբեջանում։ Դա բացատրվում է ոչ միայն մտավախությամբ, թե Ադրբեջանի իշխանությունների կողմից դրա դեմ կլինեն համարժեք գործողություններ, այլև որ ժամանակի ընթացքում իրավիճակը կդառնա անկառավարելի։
Ավելի սակավաթիվ զինյալ խմբավորումներ են ստեղծվել Ադրբեջանի «Ազգային անկախության կուսակցության», ժողովրդավարական կուսակցության, քաղաքացիական միասնության կուսակցության, լիբերալ կուսակցության, «Ժողովրդական ճակատի» կուսակցության և այլ կազմակերպությունների հովանու ներքո։ Ըստ որոշ գնահատականների, «Ղարաբաղյան պատերազմի վետերանների» կազմակերպությունը և «Ղարաբաղի ներքին ազատագրության» կազմակերպությունը նույնպես ունեն զինյալ խմբավորումներ, որոնք ավելի շատ ինքնապաշտպանական նպատակների են ծառայում։ Ադրբեջանի համապատասխան մարմինները մշտապես իրագործում են վերոնշյալ զինված անձանց և կազմակերպությունների հայտնաբերման միջոցառումներ։ Սակայն հաջողվել է հայտնաբերել միայն երկու զինյալ խմբավորում, որոնք ավելի շուտ քրեական բնույթ ունեն։ Ընդ որում, չհաջողվեց համոզիչ ապացույցներ գտնել քաղաքական կուսակցությունների հետ նրանց կապերի մասին։ Բացակայում են գնահատականները վերոնշյալ զինյալ խմբավորումների հնարավոր թվաքանակի վերաբերյալ, թեպետ այն հազիվ թե գերազանցում է 2-3 հազարը։
Քրեական և կուսակցամետ զինյալ խմբավորումների կողքին գոյություն ունեն բազմաթիվ ոչ մեծ զինված խմբեր, որոնք պատկանում են կոմերցիոն և վարչական կառույցներին։ Այդպիսի խմբերում սովորաբար ընդգրկված է 5-20 մարդ, և նրանց ծառայություններից լայնորեն օգտվում են գավառական վարչակազմերի ներկայացուցիչները, արտասահմանյան կոմերցիոն կառույցները։ Շատ դեպքերում այդ խմբերը գտնվում են Ադրբեջանի ներքին գործերի կամ ազգային անվտանգության նախարարությունների հսկողության տակ, և որոշակի պահերի այդ պոտենցիալն օգտագործվելու է, եթե տեղի ունենա ներքաղաքական իրավիճակի սրացում։ Ադրբեջանական փորձագետների գնահատմամբ` Ադրբեջանի քաղաքական կուսակցությունների առաջնորդներն աչքի են ընկնում անվճռականությամբ, նույնիսկ վախկոտությամբ, չափազանց մտահոգ են իրենց անձնական և ընտանիքների անվտանգությամբ, ինչը մեծ ազդեցություն ունի ընդհանուր քաղաքական գործընթացի վրա, և այդ հանգամանքը նույնպես արգելակելու է զինյալ խմբավորումների օգտագործման վերաբերյալ որոշումների կայացումը։ Հետաքրքիր է, որ տարաբնույթ զինված խմբերում լայն մասնակցություն ունեն Ադրբեջանի էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչները` լեզգիները, ավարները, լակերը, թալիշները, թուրք-մեսխեթցիները, ինչպես նաև չեչենները։ Առանձին դեպքերում զինյալ խմբավորումները, ամենից առաջ Բաքվում, կազմավորված են բացառապես չեչեններից։
«Կուսակցականացված» զինյալ խմբերին զուգահեռ գոյություն ունեն և ուժային կառույցների արտոնյալ ջոկատներ։ Այդ ջոկատները ձևավորվում են Նախիջևանի և այլ շրջանների բնակիչներից, ծառայության ընդգրկվողներն ընտրվում են հարազատության և անձնական նվիրվածության սկզբունքից ելնելով։ Այս հատուկ ջոկատներն Ալիևների կառավարող կլանի շահերի պաշտպանության համար են։ Դրանք ֆինանսավորվում են ոչ բյուջետային աղբյուրներից, ստանում են բարձր վարձատրություն, ունեն բազմաթիվ այլ առավելություններ։ Հաճախ նրանց հսկողության տակ գործում են ծխախոտ արտադրող ձեռնարկություններ, դեղատներ, ձկնարդյունաբերական ոչ մեծ ձեռնարկություններ, կուտակային հիմնարկներ, խորովածանոցներ ու թեյարաններ։ Այս ջոկատների հրամանատարներն առնչություն ունեն թմրանյութերի անօրինական շրջանառության հետ։
2000 թվականից հետո Ադրբեջանում սկսեցին ի հայտ գալ նաև այլընտրանքային կլանային ստորաբաժանումներ, որոնք ավելի զանգվածային են, քան կուսակցական խմբավորումները։ Դրանք յուրօրինակ կորպորացիաներ են, որոնց նպատակն առանձին տարածաշրջանային կլանների շահերի պաշտպանությունն է։ Այդ կլանների մեծամասնությունն առայժմ մեծ ազդեցություն չունի և չի հավակնում քաղաքական կազմակերպությունների դերակատարության։ Նրանց մեծ մասը ձգտում է պաշտպանել իրենց շահերը տեղական մակարդակում, վարչական շրջանների, գավառական քաղաքների կամ Բաքվի առանձին շրջանների տարածքում։ Սակայն, ի տարբերություն «ոլորտային» կլանների, որոնք վերահսկում են ծխախոտի, բանջարեղենի, ձկնարդյունաբերական, բենզինի կամ տրանսպորտի բիզնեսը, տարածաշրջանային կլանները նաև քաղաքական գործունեության «հայտ» են փորձում ներկայացնել։ Բնութագրական է, որ Հեյդար Ալիևի ռեժիմը բավական լիբերալ վերաբերմունք ուներ «ոլորտային» կլանների նկատմամբ, որոնք միայն մասամբ էին կապված քաղաքական կուսակցությունների հետ, սակայն մեծ խանդով էր վերաբերվում տարածաշրջանային կլանների գոյությանը։ Իլհամ Ալիևը փորձեց «ունիվերսալացնել» ներքին քաղաքականությունը և վերջնականապես ջախջախել տարածաշրջանային կլաններին, սակայն նույնքան արագ էլ հրաժարվեց այդ փորձերից։
Մինչև այսօր քաղաքական ասպարեզում, նախիջևանյան կլանից բացի, իրականում գոյություն ունի միայն մեկ տարածաշրջանային կլան` Գյանջայի (Գանձակ) կլանը, որի գործունեությունը հենվում է մեծությամբ երկրորդ քաղաքի և նրա շրջակա տարածքների վրա։ Այդ կլանը կարևոր դիրքեր ուներ Խորհրդային Ադրբեջանում և մրցակցում էր 1921-ից մինչև 1969 թվականն իշխող շուշեցիների կլանի հետ։ Անկախ Ադրբեջանի գոյության ընթացքում գյանջեցիների կլանը միայն մեկ անգամ փորձեց կարևոր դիրքեր զբաղեցնել Բաքվում` քաղաքականություն բերելով Սուրեթ Հուսեյնովին։ Բայց վերջինիս վարկաբեկումից հետո այդ կլանը բառացիորեն ջախջախվեց և այսօր զգալի ազդեցություն ունի Ռուսաստանի, ՈՒկրաինայի ադրբեջանական համայնքներում և նույնիսկ Թուրքիայում, բայց Ադրբեջանում չի տիրապետում եկամուտների նշանակալի աղբյուրների։ Գյանջա քաղաքն ինքնին աղետալի վիճակում է, և տնտեսական էմիգրացիայի հետևանքով 300 հազար բնակիչներից տեղում են մնացել 130-140 հազարը։ Ադրբեջանական փորձագետների գնահատմամբ, Հեյդար Ալիևի ռեժիմը նպատակաուղղված քայքայեց քաղաքի արդյունաբերությունն ու ենթակառուցվածքները, ինչն էլ հանգեցրեց բնակչության դուրսմղմանը։ Ընդգծվում է, որ, ինչպես 1990-ականների առաջին կեսին, այնպես էլ հիմա Գյանջայում կան գաղափարներ Ադրբեջանի արևմտյան մասն անջատելու և «Գյանջայի Հանրապետություն» հռչակելու մասին։ Նկատի ունենալով նաև, որ այդ տարածաշրջանի բնակչության էթնիկ կազմը բազմաբնույթ է, ունի պարսկական, վրացական, նույնիսկ հայկական ծագում, 1918 և 1992 թթ. եղել են «Գյանջայի Հանրապետության» հռչակման փորձեր։ Այս կլանի հիմնական խնդիրն ընդգծված առաջնորդի բացակայությունն է։ Այսօր նրա առաջնորդներն են հիմնականում դատախազության, ՆԳՆ-ի և վարչական նախկին աշխատողները, առանձին գրողներն ու լրագրողները։ Կլանը ներառում է մինչև 200 ընտանիք ու գերդաստան։ Կլանի առաջնորդները փորձում են իրենց դիրքորոշումները հստակեցնել` նախագահական և խորհրդարանական ընտրությունների կողմնորոշմամբ։ Գոյություն ունի երկխոսություն և շփում Ադրբեջանի քաղաքական կուսակցությունների հետ, որի ժամանակ գյանջեցիների կլանի առաջնորդներն առաջարկում են իրենց աջակցությունը` պետական կառավարման համակարգում որոշակի դիրքեր ստանալու դիմաց։ Առանձին գնահատականներով քաղաքում և նրա շրջակա տարածքներում կենտրոնացած են բազմաքանակ և լավ կազմակերպված անօրինական զինյալ խմբավորումներ։ Այլ տարածաշրջանային կլանները, մասնավորապես Ապշերոնի և Շաքիի, նորի ձևավորման փուլում են։ Այն պայմաններում, երբ Ադրբեջանի քաղաքական կուսակցություններն անընդունակ են հիմնական խնդիրները լուծելու, իսկ կառավարող ռեժիմն ամրապնդվում է, և մեծանում է տարբերությունը Բաքվի ու գավառի տնտեսական զարգացման միջև, դա անխուսափելիորեն հանգեցրել է անօրինական զինված կազմավորումների և տարածաշրջանային կլանների դերակատարության մեծացմանը։
Միևնույն ժամանակ Ադրբեջանում ի հայտ են գալիս անօրինական զինված ջոկատների կազմակերպման նոր իրողություններ, որոնք ձևավորում են սալաֆիստական, արմատական իսլամական խմբավորումներն ու համայնքները։ Այդ խմբավորումները զարգացում ապրեցին կազմակերպված քաղաքական ընդդիմության փաստացի չեզոքացման շնորհիվ` ի դեմս խոշոր և նախկինում ազդեցիկ քաղաքական կուսակցությունների։ Չի կարելի պնդել, թե քաղաքական կուսակցությունների սոցիալական բազան «քոչեց» դեպի իսլամական արմատական կազմակերպությունները, սակայն քաղաքական կուսակցությունների անգործունակությունը, իշխանությանն այլընտրանք ձևավորելու նրանց անընդունակությունը շատ կողմերով նշանակություն ունեցան ադրբեջանական հասարակության մեջ ազդեցության վերաբաշխման գործընթացում։ Ադրբեջանական քաղաքական գրականության մեջ, ինչպես նաև ռուսական և եվրոպական հեղինակների աշխատություններում Ադրբեջանի իսլամացման թեման անհրաժեշտ չափով արտահայտված չէ և նույնիսկ դիտավորյալ քողարկվել է։ Այնուհանդերձ, հենց իսլամական շարժումներն են աստիճանաբար վերածվել գործունակ և արդիական ընդդիմության։
Իսլամական կազմակերպությունների ազդեցության աճը չի կարող չհանգեցնել անօրինական զինյալ կազմավորումների ստեղծման։ «Իսլամական կուսակցությունն» Ադրբեջանում կողմնորոշված է դեպի Իրան և միաժամանակ գտնվում է իշխանությունների հսկողության ներքո, համարվում է անօրինական, ենթարկվում է հետապնդումների, պաշտոնական քարոզչության կողմից բնութագրվում է որպես Իրանի «հինգերորդ շարասյուն» երկրի ներսում։ Սակայն այդ կուսակցությունն արդեն լայն տարածում ունի, իրենից ներկայացնում է շիա կողմնորոշում ունեցող խմբավորումների որոշակի ասոցիացիա կամ ֆեդերացիա և ունի անօրինական զինյալ խմբավորումների ձևավորման հնարավորություններ։ «Իսլամական կուսակցությունը» բազմաթիվ զինված խմբեր է պահում ամբողջ Ադրբեջանի տարածքում, որոնք ենթակա են ընդհանուր հրամանատարության, պահպանում են կոնսպիրացիայի խիստ կանոններ։ Այդ զինյալ կազմավորումների ստեղծման մեջ մասնակցություն են ունեցել մեծ մարտական փորձ ունեցող «փորձագետներ» ոչ միայն Իրանից, այլև Իրաքից ու Լիբանանից։ Կան տվյալներ, որ միաժամանակ գործում են որոշակիորեն տարաբաժանված խմբեր, որոնց ձևավորումը նախաձեռնել են հենց Ադրբեջանի քաղաքացիները։ Առաջին փուլում այդ զինյալ խմբավորումներն ու ջոկատները ներառում էին առավելապես իրանալեզու ժողովուրդներին, ամենից առաջ թալիշներին և մասամբ մուսուլման թաթերին։ Ներկայումս տեղի է ունենում իսլամական գաղափարների տրանսֆորմացիա, որն ավելի է ընդգրկում ադրբեջանական բնակչության գիտակցությունը, և թուրքալեզու բնակչությունը նույնպես ակտիվորեն ընդգրկվել է այդ ջոկատների կազմում։
Որոշ ժամանակ թալիշական շարժման հասարակական գործիչներն այդ խմբավորումներն ու ջոկատները դիտարկում էին որպես ապագայում «Թալիշստանի ազատագրման բանակ», սակայն այդ նախագծի հովանավորներն այլ որոշում կայացրին։ Նրանց հետաքրքրում էր ոչ միայն Թալիշստանը, այլև ամբողջ Ադրբեջանը, իբրև ավելի լայն գործունեության դաշտ։ Թուրքիայի տեղեկատվության նախարարությունը ժամանակին երկրի Ազգային անվտանգության խորհրդին ներկայացրել է մի զեկուցագիր` Ադրբեջանում անվտանգության իրավիճակի վերաբերյալ։ Այդ զեկուցագրում նշվում է, որ «Իսլամական կուսակցության» ազդեցության դաշտում գտնվող զինված կազմավորումների թվաքանակը հասնում է մինչև 15 հազար մարդու, ինչն Ադրբեջանի հասարակական ու քաղաքական գործընթացներին զինված միջամտության լուրջ հայտ է։ Ադրբեջանում «Իսլամական կուսակցությունն» ունի երկու հիմնական հակառակորդ. դրանք պաշտոնական իշխանություններն են և սալաֆիստական ուղղվածության կազմակերպություններն ու խմբերը, որոնք մեծ մասամբ գտնվում են Սաուդյան Արաբիայի և Քուվեյթի որոշակի «հասարակական հիմնադրամների» ազդեցության դաշտում։
Իրանը, իհարկե, չի կարող հանգիստ հետևել, թե ինչպես է ավանդաբար շիա դավանանք ունեցող բնակչությունն ընդգրկվում սալաֆիստական շարժման մեջ, և փորձում է ամրապնդել իր դիրքերն Ադրբեջանում` դիտարկելով այն իբրև հարևան տարածաշրջաններ թափանցելու հարմար «հրապարակ»։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 1462

Մեկնաբանություններ