Մարգարեն իր քաղաքում «հարգված» չէ: Կոնկրետ դեպքում «մարգարեն» «Ղ-տելեկոմն» է: Այո, «հայր» «Ղ-տելեկոմի» վերամարմնավորումը Viva Cell-ի ու նրա հայաստանյան արշավանքը սկսվեցին քոչարյանական օրերում` մեկ գիշերում. հիշենք` մի քանի տարի առաջ մեկ գիշերվա մեջ որոշում կայացվեց, իբր «տենդեր» հայտարարվեց, ու «Ղ-տելեկոմի» արաբ տիրոջը` պարոն Ֆատուշին, խոստացան տալ Կոնդի «շինարարությունը», և «Ղ-տելեկոմը» «մրցույթով» վաճառվեց ռուսներին, որ է` «Սիստեմային», պարոնայք Լուժկովին ու Եվտուշենկովին («Սիստեմա» ընկերության «ներկայացուցիչ» պարոն Եվտուշենկովը Մոսկվայի «մերիայի` կեպիով ծերուկ Լուժկովի» կնոջ քրոջ` Բատուրինայի ամուսինն է): Չմոռանանք նաև, որ «տարիներ անց» սույն «Սիստեմայի» տնօրենների խորհրդի անդամ դարձավ ոչ անհայտ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը (փաստորեն, «Ղ-տելեկոմը» նա «վաճառեց» ինքն իր «վրա», ու թե սրան էլ հավելենք այն հանգամանքը, որ նպատակ կար Viva Cell-ն ու «Բիլայնը» հավաքել մեկ տանիքի տակ, գնորդի անունն էլ գրեթե հնչում էր. չնայած Գագիկ Ծառուկյանը խստագույնս մերժեց այդ հնարավորությունը, բայց և...): Մի ֆրագմենտ էլ հիշենք ու անցնենք «նամակի բուն բովանդակությանը». 2010 թ. լրանում է Ֆատուշ ընտանիքի հետ Viva Cell ընկերության պայմանագիրը (Viva Cell-ի 80 տոկոսը ՄՏՍ-գրուպինն է, 20 տոկոսը` լիբանանյան հոլդինգ գրուպինը, որը, այո, պատկանում է Ֆատուշ ընտանիքին):
Փաստորեն, ստացվում է, որ ինչպես Հայաստանում, այնպես էլ հայկական երկրորդ պետությունում` Ղարաբաղում, բջջային կապի ոլորտում մրցակցությունն առավել քան թեժ է լինելու. մոտ մեկ ամիս սոցիալական ցանցերում սկսված առ «յիրիկյանական փափկություն»` «Ո՛չ թալանին» կարգախոսով բողոքի ակցիաները ոչ այնքան սոցիալական, որքան քաղաքական ենթատեքստ ունեն:
Չմոռանանք, որ այս «սոցիալական» ակցիային զուգահեռ խոսվում է (ինչը գրեթե չժխեց նաև ԼՂ վարչապետ Արա Հարությունյանն իր վերջին ասուլիսում) ԼՂ մուտք գործող բջջային երկրորդ օպերատորի` «Օրանժի» մասին: Իսկ «Օրանժի» մուտքը, ինչպես Հայաստան, այնպես էլ Ղարաբաղ, առաջին հերթին քաղաքական նշանակության կլինի. հյուսիսային վեկտորից անցում կկատարվի եվրոպականին:
Բացի այդ, Հայաստանում «Օրանժի» «շվշվոցով» մուտքից «без пяти минут», Ղարաբաղում նույնքան արագ կհասկացվի` սույն «Օրանժը» թերևս «ուտի» հեռահաղորդակցության ոլորտում եղող «Ղ-տելեկոմին». մատչելի սակագներով, նոր լուծումներով, գերարագ ինտերնետով, ճկուն և մրցակցային մոտեցումներով «Օրանժի» գործունեությունը հայաստանյան շուկայում «դիտելիս», կարելի է կարծել, որ հիմնովին «ուտող» տեսակ է սույն «նարնջագույնը»:
Այո, մրցակցային պայքարը, փաստորեն, առաջիկայում կտեղափոխվի Ղարաբաղ, և զրկելով «Ղ-տելեկոմին» մենաշնորհից, փորձ կարվի (մի զարմացեք) քոչարյանական տնտեսական «բուրգը» քանդել նաև այնտեղ (ումը կառուցել, ինքներդ հասկացաք) ու ցույց տալ` Ղարաբաղում ևս որտեղ են ձմեռում խեցգետինները:
Բայց ոնց երևում է, «Ղ-տելեկոմը», ի դեմս Ռալֆ Յիրիկյանի և պարոն Ֆատուշի (մյուս կողմից էլ` պարոն Ֆատուշը Քոչարյանի մերձավոր Դավիթ Հարությունյանի քիփն է), պինդ է կանգնած և որոշել է «մոդեռնիզացնել», վերազինել ոլորտը, վերանայել սակագնային քաղաքականությունը և այդպես շարունակ:
Բայց, դե, ասել ենք` «Օրանժն» «ուտող» տեսակներից է, մեկ էլ տեսար` մի օր վերցրեց ու կերավ «նրան»:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ