ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

ԹՈՒՐՔԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲՆ ՈՒՆԻ ՌԱԶՄԱԿԱՆ ՄԻՋԱՄՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՎԱԾ ՊԼԱՆ

ԹՈՒՐՔԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲՆ ՈՒՆԻ ՌԱԶՄԱԿԱՆ ՄԻՋԱՄՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՎԱԾ ՊԼԱՆ
23.04.2010 | 00:00

ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԴՈԿՏՐԻՆԸ
2002 թ. սեպտեմբերին, Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևի կարգադրությամբ, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունում ձևավորվեց սպաների, իրավաբանների և քաղաքագետների մի խումբ` Ադրբեջանի պաշտպանական դոկտրին ստեղծելու համար։ Պաշտոնապես այդ փաստաթուղթը պետք է կոչվեր «Ազգային անվտանգության հայեցակարգ»։ Միաժամանակ համանման խնդիր էր առաջադրված նաև անկախ փորձագետների խմբերին, որոնց աշխատանքի արդյունքները պետք է հաշվի առնվեին պաշտոնական փաստաթուղթը մշակելիս։ Նախագահ Հ. Ալիևը, որպես օրենսդրական նախաձեռնություն, «Ազգային անվտանգության հայեցակարգը» քննարկման դրեց Միլի մեջլիսի գարնանային նստաշրջանում։ Այս մասին արդեն փետրվարի 7-ին հայտարարեց խորհրդարանի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի ղեկավար Զիաֆետ Ասկերովը։ 2003 թ. ապրիլին «Ազգային անվտանգության հայեցակարգը» խորհրդարանին ներկայացրեց նախագահի աշխատակազմի ղեկավար Ռ. Մեհտիևը, ինչն առաջ բերեց պաշտպանության և ազգային անվտանգության նախարարությունների դժգոհությունը, որոնք համարում էին, որ դա իրենց անելիքն է։ Սակայն Ռ. Մեհտիևի ելույթում ներկայացվեց ոչ թե բուն նախագիծը, այլ դրա հիմնական դրույթները։ «Ազգային անվտանգության հայեցակարգի» նախագիծը դեռ չէր էլ հասել խորհրդարանի աշխատակազմ։ Այդ նախագծի մեջ մտել էին օրինագծեր ազգային անվտանգության, հետախուզության, հակահետախուզության և այլ հարցերի վերաբերյալ։ Գնահատական կար, որ խորհրդարանում հռչակված ցանկն ավելի շուտ որոշ օրենքների ժողովածու է, որոնք կանոնակարգելու են իրավապահ մարմինների աշխատանքը։ Միաժամանակ, փաստաթղթերում ներկայացված են հիմնական հնարավոր սպառնալիքները։ Հնարավոր հակառակորդների թվում նշվում են Ռուսաստանը, Իրանը, Հայաստանը, Թուրքմենստանը և Վրաստանը։ Ընդ որում, Հայաստանը նշված է որպես հիմնական հակառակորդ և այն խնդրահարույց կողմն է, որը կարող է Ադրբեջանին սպառնալ ռազմական ագրեսիայով։ Հարկ է նշել, որ անկախ տվյալ փաստաթղթերի ծրարի պատրաստությունից, «Ազգային անվտանգության հայեցակարգի» պաշտպանական բաղկացուցիչը համաձայնեցման էր ներկայացվել համապատասխան գերատեսչություններ։ Ադրբեջանի գեներալական կազմի նիստում պաշտպանության նախարար Ս. Աբիևը հայտարարել էր, որ Ադրբեջանի զինված ուժերը մշակված նախնական փաստաթուղթը համարում են ռազմական շինարարության հիմք։ Նրա գնահատմամբ, փաստաթղթում արտացոլված է այն ամենը, ինչ անհրաժեշտ է պետության պաշտպանության զարգացման համար։ Հետագա տարիների ընթացքում «Ազգային անվտանգության հայեցակարգը» շարունակ փոփոխվում էր, նրա մեջ մտցվում էին նոր պատկերացումներ հակառակորդների, պաշտպանունակության ամրապնդման և արտաքին համագործակցության հիմնական ուղղությունների մասին։
ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Ադրբեջանի զինված ուժերը 2000-ից հետո անցկացնում են երեք տիպի զորավարժություններ. պետական սահմանի պաշտպանություն, միջազգային նշանակության էներգետիկ օբյեկտների պաշտպանություն, հարձակողական գործողություններ։ Հարձակողական գործողությունների գծով զորավարժությունների թիվը 2003-2008 թթ. եռապատկվել է։ Առանձնակի նշանակություն է տրվում այն զորավարժություններին, որոնք կապված են հակառակորդի պաշտպանական գծերի ճեղքման, զրահատանկային ուժերի գործադրման, ռազմաօդային ուժերի հետ ցամաքային զորքերի գործողությունների համակցման հետ։ Մասնագետների գնահատմամբ, ներկայումս զինված ուժերի առավել խոցելի տեղերն են զորատեսակների գործողությունների անբավարար զուգակցումը, ռազմական տեխնիկայի վատ վիճակը` ընդհանուր առմամբ, ռազմաօդային ուժերի, հակաօդային պաշտպանության, մարտական ավիացիայի տեխսպասարկման ոչ բավարար մակարդակը, սպայական կադրերի պատրաստման ցածր մակարդակը, անձնակազմի վարժեցման ընդհանուր ցածր մակարդակը։ Բացի այդ, կասկածելի են հարձակողական գործողությունների օպերատիվ պլանները, որոնցում նախատեսվում է ջախջախել հայկական զինված ուժերն ու նրանց դուրս մղել Ղարաբաղի գոտուց։ Հայկական զորքերի մասնակի շրջապատման նպատակով հյուսիսից և հարավից լայնածավալ հարձակման պլանները, ինչպես նաև այդ գործողություններում զրահատանկային զորքերի հաջող կիրառման հույսերը մասնագետների քննադատությանը չեն դիմանում։ Նշվում է, որ ադրբեջանական զինվորական հրամանատարության և քաղաքական ղեկավարության պատկերացումները զինված ուժերի վիճակի մասին համարժեք ու արդարացված չեն, թեև զինվորական շրջանակներում միանգամայն իրատեսական պատկերացումներ կան։ Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Իրանի և այլ պետությունների մասնագետների` Ադրբեջանի օպերատիվ պլաններին տված գնահատականը հանգում է նրան, որ հիմնական շեշտը դրվում է տարբեր համակարգերով զանգվածային հրետակոծությունների, ինչպես նաև ավիացիայի գործադրման վրա։ Ընդ որում, հաշվարկները կառուցվում են հակառակորդի դիմադրության ճնշման, կենդանի ուժի ու զգալի մարտական տեխնիկայի ոչնչացման, զինծառայողների ու բնակչության խուճապի, ենթակառուցվածքի կարևորագույն օբյեկտների ոչնչացման վրա։ Դրա հետ մեկտեղ, չնայած մարտական տեխնիկայի գնումներին, այդ թվում` զրահատանկային տեխնիկայի և հրետանու, տակտիկական հրթիռների, Ադրբեջանը հիմքեր չունի հուսալու, թե կհասնի առաջադրված խնդիրների լուծմանը։ Նպաստավոր պայմանների դեպքում նա կարող է Հայաստանին նյութական մեծ կորուստներ պատճառելու հույս ունենալ, բայց սա էլ է կասկածելի, քանի որ պատասխան գործողությունները կարող են է՛լ ավելի զգալի լինել։ Շեշտը զանգվածային հարվածների, համապատասխան տեխնիկայի ձեռքբերման վրա դնելը վկայում է այն մասին, որ ադրբեջանական հրամանատարությունը հարձակողական գործողությունների հաջողության հույսեր չունի։ Բացի այդ, հասարակական բարոյական իրավիճակն Ադրբեջանում այնպիսին է, որ երկրի ղեկավարները շատ են վախենում պատերազմի ձգձգման դեպքում անձնակազմի, քաղաքացիական բնակչության շրջանում հնարավոր մեծաթիվ կորուստներից։
ԴԻՎԵՐՍԻՈՆ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԽՄԲԵՐԻ ԲՆՈՒՅԹՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ
Դիվերսիոն-հետախուզական խմբերը երկու տեսակի են։ Կան զուտ հետազոտական բնույթի խմբեր։ Դրանք ստվարաթիվ չեն, նպատակ են հետապնդում ստուգել ԼՂՀ զինված ուժերի պատրաստվածության աստիճանը, հետախուզական և դիվերսիոն խմբեր հայտնաբերելու ունակությունը։ Հաշվի առնելով Ադրբեջանի զինվորական հետախուզության ակնադիտական հնարավորությունները, լավ իրազեկվածությունը զորքերի ու սպառազինությունների տեղաբաշխվածության ու տեղաշարժերի, ամրակառուցվածքների վիճակի մասին և այլն, այդ հետախուզական խմբի խնդիրն է առնվազն 40-100 կմ խորանալ ԼՂՀ-ի, գուցե նաև ՀՀ-ի տարածք, պարզել հաղորդակցության ուղիների վիճակը, ՀՕՊ օբյեկտների տեղաբաշխման, շարժիչային վառելիքի պահեստարանների, հրետանային համակարգերի գտնվելու վայրերը։ ԼՂՀ-ի տարածք այդ հետախուզական խմբերի թափանցման հաճախականությունը տարեկան 5-7 անգամ է, որոնցից 3-5 դեպքում խումբը ոչնչացվում է։ Դիվերսիոն խմբերը ենթարկվում են ոչ թե առանձին զորամասերի, այլ հատուկ նշանակության կազմավորումներին, որոնք էլ ենթարկվում են անմիջականորեն գլխավոր շտաբին։ Առկա տեղեկությունների համաձայն, դիվերսիոն խմբերի գործողությունները կապված են նաև ազգային անվտանգության նախարարության խնդիրների հետ։ Սա նշանակում է 1997 թ. Ադրբեջանի զինված ուժերի ընդունած «դոկտրինի» իրականացում, այն է` «մեռյալ գոտի» և վախի մթնոլորտ ստեղծելով ԼՂՀ-ում` դիմակայության գծի երկայնքով առնվազն 20-25 կմ լայնությամբ, ուր բնակվում է ԼՂՀ բնակչության մոտ կեսը։ 1997-99 թթ. ամեն տարի ԼՂՀ տարածք էին թափանցում մինչև 20 դիվերսիոն խմբեր, որոնց կեսից ավելին ոչնչացվում էր։ Ադրբեջանի այդ գործողությունները նշանակալի արդյունքներ չտվեցին. հրկիզել էին ընդամենը մի քանի ֆերմա, սպանել մի քանի մարդու, որոնցից երեքը` ԼՂՀ բանակի զինծառայող, պայթեցրել «ՈՒրալ» մակնիշի երկու ավտոմեքենա։ Կորուստներն ու ցածր արդյունավետությունը հանգեցրին նրան, որ ադրբեջանական կողմը որոշում ընդունեց դադարեցնելու տվյալ դիվերսիոն գործունեությունը։ Հիմքեր կան պնդելու, որ դիվերսիոն խմբերը ներկայումս կատարում են հետախուզական առաջադրանքներ, թեև անմիջական դիվերսիոն գործունեությունը շարունակվում է։ Վերջին երկու տարում ադրբեջանական հրամանատարությունը վերադարձել է դիվերսիոն գործունեության մտքին, բայց արդեն այլ ենթատեքստով։ Խոսքը ոչ թե ղարաբաղյան կոնֆլիկտի կամ սահմանամերձ գոտում այդ խմբերի գործունեության մասին է, այլ Հայաստանի ավելի խորքային շրջանների, որի նպատակն է պայմաններ նախապատրաստել պատերազմական գործողությունների ժամանակ զանգվածային դիվերսիաներ կատարելու համար։ Ադրբեջանական հրամանատարությունը դիվերսիոն գործունեությունը համարում է պատերազմական գործողությունների վերսկսման նախապատրաստական շրջան։ 2003-ից հետո այդ մեթոդներին արդեն լուրջ ուշադրություն է նվիրվում։
ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՉԱՓԵՐԻ ՄԱՍԻՆ
Սովորական սպառազինությունների սահմանափակման մասին պայմանագրի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի վերաբերյալ 1996-97 թթ. զեկույցի համաձայն, որտեղ որոշվում էին սպառազինությունների սահմանաչափերը, նախատեսվում էր ռազմական տեխնիկայի հետևյալ քանակը. տանկեր` 220, հետևակի մարտական մեքենաներ (ՀՄՄ), զրահամեքենաներ (ԶՀՄ)` 210, հրետանային համակարգեր` 280, ինքնաթիռներ` 100, ուղղաթիռներ` 50։ Մինչև 1999 թ. Ադրբեջանում տանկերի թիվը կազմում էր ավելի քան 400, ՀՄՄ-ԶՀՄ-ներինը` ավելի քան 1000, հրետանային համակարգերինը` 282, ինքնաթիռներինը` 48, ուղղաթիռներինը` 15։
ՈՒշագրավ է, սակայն, այն հանգամանքը, որ 2000-ից սկսած, չնայած Ադրբեջանի կողմից սովորական սպառազինությունների անհագուրդ կուտակման և Հարավային Կովկասում սպառազինությունների մրցավազքի բորբոքման մոլեգին քայլերին, այդ երկիրն իր ունեցած մարտական տեխնիկայի քանակը, փաստորեն, ներկայացնում է սովորական սպառազինությունների սահմանափակման մասին պայմանագրի թույլատրած սահմանաչափերին լիովին համապատասխանող թվերով։ Ֆինլանդիայի զինվորական մասնագետները 2003 թ. մարտի 18-21-ին տեսչական ստուգում անցկացրին Ադրբեջանի զինված ուժերում, որի նպատակն էր պարզել, թե Ադրբեջանի տարածքում իրականացվող ռազմական միջոցառումների մասին հաղորդումները որքանով են համապատասխանում վստահության միջոցառումների ամրապնդման վերաբերյալ Վիեննայի 1999 թ. պայմանագրի պահանջներին։ Այդ տեսչական ստուգումը, սակայն, չհանգեցրեց որոշ հարցերի հստակեցման` նախ և առաջ տանկերի և զրահատեխնիկայի քանակի առնչությամբ։ Այս կապակցությամբ Հայաստանն ու ԼՂՀ-ն շարունակեցին պնդել (արտաքին քաղաքական հնարավորությունների տարբեր ձևերով) անցկացնել լրացուցիչ ստուգումներ։ 2003 թ. հոկտեմբերի սկզբին ԼՂՀ ղեկավարությունը հայտարարություն արեց այն մասին, որ Ադրբեջանն ՈՒկրաինայից ձեռք է բերել 250 տանկ։ Նկատի էին առնվում հիմնականում T-72 տանկերը, որոնք հանդերձավորված են կատարելագործված կրակահամակարգերով։ Եթե նկատի ունենանք, որ Ադրբեջանի նավթարդյունաբերական մեքենաշինության ձեռնարկություններում ստեղծվել են տանկերի նորոգման արտադրամասեր, ապա հազիվ թե Ադրբեջանի ԶՈՒ հրամանատարությունը որոշում ընդուներ դուրս գրել ունեցած տանկերի մի մասը։ ՈՒստի պետք է ենթադրել, որ 2003 թ. տանկերի թվաքանակն Ադրբեջանում հասել էր 450-ի։
1998 թ. ապրիլին Անկարայում Ս. Դեմիրելի և Հ. Ալիևի բազմափուլ բանակցությունների ընթացքում սահմանվեցին տևական հեռանկարով Թուրքիայի և Ադրբեջանի միջև հարաբերությունների զարգացման սկզբունքները, շրջանակներն ու կանոնները։ Այդ համաձայնագիրը ստորագրված է որպես երկու նախագահների մտադրությունների մասին արձանագրություն։ Փաստաթուղթը չհասցվեց պայմանագրի կարգավիճակի, բայց ուշադրության է առնվել բոլոր արմատական գերատեսչությունների կողմից, այդ թվում` Թուրքիայի և Ադրբեջանի հետախուզական ծառայությունների։ Արձանագրությունը նախատեսում է փոխօգնություն արտաքին ագրեսիայի դեպքում, բայց այն պարագայում, եթե Թուրքիային և Ադրբեջանին կսպառնա շոշափելի վնաս կամ զգալի տարածքների, անկախության կորստյան վտանգ և այլն։ Ս. Դեմիրելն աշխատում էր վտանգից զերծ պահել Թուրքիան և բացառել նրա մասնակցությունը պատերազմի։ Դրա հետ մեկտեղ Ս. Դեմիրելը Հ. Ալիևին համոզեց, որ պատերազմական գործողությունները չվերսկսվեն առանց Թուրքիայի հետ խորհրդակցության և գործողությունների համակարգման։ Թուրքիան պատասխանատվություն ստանձնեց կատարելու ռազմական մատակարարումներ, պատրաստելու կադրեր, ռազմական շինարարություն իրականացնելու Ադրբեջանում` անկախ ՆԱՏՕ-ի քաղաքականությունից ու կանոններից և ԱՄՆ-ի քաղաքականությունից։ ԱՄՆ-ը լիարժեքորեն իրազեկված է այդ մասին, և կան ամերիկացիների գնահատականներն այդ արձանագրության վերաբերյալ. ԱՄՆ-ը Թուրքիային նախազգուշացրել է, որ անցանկալի է պաշտոնականացնել այդ պայմանավորվածությունը։ Դրա հետ մեկտեղ Թուրքիայի գլխավոր շտաբն ունի ռազմական միջամտության մշակված պլան, որը նախատեսված է իրագործել Ադրբեջանի ջախջախիչ ռազմական պարտության, տարածքի կորստյան և հայկական կամ իրանական զորքերի կողմից Նախիջևանի մարզի գրավման դեպքում։ Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարներ Սաֆար Աբիևի և Սաբահադդիին Չաքմակօղլուի` վերջերս կայացած հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների ռազմական համագործակցության ընդլայնման, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցերը, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրներ։ Աբիևը, մասնավորապես, նշել է, որ հայկական կողմը գրավյալ տարածքներն օգտագործում է թմրամիջոցների պատրաստման ու տարանցման և ահաբեկիչների պատրաստման համար, այդ թվում` Քրդական աշխատավորական կուսակցության գրոհայիններին զենք-զինամթերք մատակարարելու համար։ Միաժամանակ նախարարը նշել է, որ Ադրբեջանի զինված ուժերը «պատրաստ են ոչնչացնելու գրավյալ տարածքներում ստեղծված ահաբեկչության կենտրոնները և ազատագրելու իրենց տարածքները»։ Աբիևի ասելով, Տրապիզոնի գագաթաժողովում ստորագրված փաստաթղթերը պայմաններ կստեղծեն տարածաշրջանում ռազմական համագործակցության ընդլայնման համար, իսկ Բաքու-Ջեյհան և Բաքու-Էրզրում խողովակամուղների նախագծերի իրականացումը տարածաշրջանի երկրների ռազմական համագործակցությունը կդարձնի անհրաժեշտ։
Հայաստանի պաշտպանական դոկտրինի հիմքում ընկած է հետևյալ ենթադրությունը. Ադրբեջանի և Հայաստանի միջև պատերազմական գործողությունների վերսկսման դեպքում Թուրքիան համակողմանիորեն օգնելու է Ադրբեջանին, ձգտելով ինքը ներգրավված չլինել պատերազմական գործողությունների մեջ, քանի դեռ Ադրբեջանը շոշափելի պարտություն չի կրել։ Այս ենթադրությանը հաղորդակից են ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի առաջատար պետությունների զինվորական շրջանակները։ Այս կարծիքը տարածված է ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի առաջատար քաղաքագետների շրջանում։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 1604

Մեկնաբանություններ