ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՎԱՐՏՎԵՑ ԱՊՀ ՎԵՐԱՀՍԿԻՉ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՎԱՔԸ

ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՎԱՐՏՎԵՑ ԱՊՀ ՎԵՐԱՀՍԿԻՉ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՎԱՔԸ
01.10.2010 | 00:00

Այն, որ ՀՀ Վերահսկիչ պալատի բացահայտումները վերջին շրջանում «շլյագերների» են վերածվում, մեծ նորություն չէ, սակայն նախորդ օրը Երևանում մեկնարկած ԱՊՀ բարձրագույն վերահսկիչ մարմինների խորհրդի 10-րդ նստաշրջանն ինքնին դիտարժան էր: Նախ և առաջ` քաղաքական տեսանկյունից:
ՈՉ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՄԱՍ
Չնայած այն հանգամանքին, որ վերահսկիչ պալատները բոլոր երկրներում ունեն մեկ նշանաբան` երբեք չզբաղվել «պոլիտիկա», այնուհանդերձ, գերքաղաքականացված աշխարհում, այն էլ այնպիսի զգայուն տարածաշրջանում, ինչպիսին ԱՊՀ-ն կամ, առավել ստույգ, հետխորհրդային երկրներն են, ուղղակի անհնար է:
Այսպիսով, Հայաստան էին ժամանել ԱՊՀ կազմում երբեք չեղած, ինչպես նաև վերջին տարիներին այնտեղից դուրս եկած երկրների վերահսկողական ծառայության ղեկավարները:
Այն, որ մերձբալթյան երկրներում վերահսկող առաջին դեմքերը (ընդ որում` բոլորը կանայք) կարող էին գալ և մասնակցել նման միջոցառման, գուցե «մի կերպ» կարելի էր «հասկանալ»: Սակայն երբ ԱՊՀ-ական միջոցառմանն է մասնակցում Վրաստանի երիտասարդ նախագահի նույնքան երիտասարդ զինակիցը` վերահսկողական ծառայության ղեկավար Լևան Բեժաշվիլին, դա արդեն անհնարինի ոլորտից է: Ընդ որում, ՌԴ Հաշվիչ պալատի նախագահ Սերգեյ Ստեպաշինը ոչ մի կերպ չէր անտեսում ու չէր «մոռանում» իր երիտասարդ գործընկերոջն ու նրա երկիր Վրաստանը: Երբ Տաջիկստանի ներկայացուցիչը Խորհրդի խորհրդանիշը փոխանցում էր ՀՀ ՎՊ-ի նախագահ Իշխան Զաքարյանին, Ստեպաշինը հարկ համարեց բոլորի և հատկապես վրաց երիտասարդ «կոլեգայի» համար ուսուցչորեն արձանագրել. արձանը ձուլվել է առաջին համագումարի առթիվ` Վրաստանում:
Մի խոսքով, երևանյան 10-րդը դարձավ ուրույն երկխոսություն թե՛ այդ երկրների, թե՛ այդ կառույցների միջև, որը կարող է հետագայում շարունակվել ոչ միայն ՈՒկրաինայում (ուր տեղի է ունենալու հաջորդ համաժողովը), այլև մնացած ոլորտների համար կարող է «ուսուցողական և դիդակտիկ» լինել, որովհետև աշխարհում և ԱՊՀ-ում անչափ շատ բան է փոփոխվում, «վերաբեռնվում»: Նախակարապետը եղավ Երևանը: Չմոռանանք նշել, որ այդ ուղղությամբ ՀՀ ՎՊ-ն ևս շատ ջանք է թափել. ըստ մեր ունեցած տեղեկությունների` քանի ամիս ՎՊ-ն նախապատրաստվում էր այդ համաժողովին, բանակցում «կողմերի» հետ` նման արդյունք ստանալու համար:
Ստացվեց:
Հետաքրքիր մի «զուգադիպություն» էլ տեղի ունեցավ նստաշրջանի օրերին: ՌԴ Հաշվիչ պալատի նախագահ Ստեպաշինը, ինքնաթիռից իջնելուն պես, այցելեց Գյումրիի Հուշաբլուր (այն վերջերս վերաբացվեց երկու երկրների նախագահների կողմից)` ռուս-թուրքական պատերազմի ժամանակ զոհված մարտիկների հիշատակը հարգելու։
Ոչ, շատ հեռուն չենք գնում վերահսկողական գործառույթներից, որպեսզի նույնքան հեռուն գնացող եզրակացություններ չանենք (ի դեպ, ամռան սկզբին, երբ Հայաստան էր ժամանել ՌԴ Պետդումայի խոսնակ Բորիս Գրիզլովը, նա չէր ցանկացել այցելել Հուշաբլուր, ըստ լավատեղյակների` թուրքերի հետ իրենց հարաբերությունների նկատառումներից ելնելով):
Նույնքան մարդամոտ ու սրտացավ էր Սերգեյ Ստեպաշինի այցը Ծիծեռնակաբերդ։ Պատասխանելով լրագրողների հարցերին, նա ասել էր. «Ծիծեռնակաբերդը հայ ժողովրդի նյարդն է, սիրտն ու հոգին, և, կարծում եմ, որ ցանկացած մարդու, է՛լ առավել ռուս մարդու, ում համար Հայաստանը հարազատ երկիր է, այստեղ գալը պատվի խնդիր է: Շնորհակալություն, որ չեք մոռանում ձեր հիշողությունը, և կարծում եմ, որ հիմա Արարատը մեզ հետ նույնպես համաձայն է»։ Այցը դեպ հիշողության «բլուրներ» նույնպես հետաքրքիր քաղաքական մեսիջ էր, թերևս, շատերին ուղղված, և նույնքան փոփոխվող մոտեցումների մասին էր արձանագրում։
Եվ եթե այս ամենին էլ ավելացնենք, որ Ստեպաշինը Հայաստան էր ժամանել այն օրը, երբ Մոսկվայի քաղաքապետ Լուժկովն ազատվել էր աշխատանքից, և ահա մերձկրեմլյան միջավայրերում խոսվում է Ստեպաշինի, երբեմնի Ռուսիո վարչապետի, պաշտոնական շարժի (դրական առումով) մասին, ինքնին հետաքրքիր են դառնում ոչ միայն նրա նկատառումները վերահսկողության առումով, որը կներկայացնենք ներքևում (ի դեպ, Ստեպաշինն աչքի էր ընկնում դեմոկրատիկ մաներայով, հումորի բարձր զգացումով. ՀՀ ՎՊ և ՌԴ Հաշվիչ պալատի համատեղ արձանագրության ստորագրության ժամանակ նա աչք նետեց Իշխան Զաքարյանի ստորագրությանն ու թե` «Պուտինի պես է ստորագրում Իշխան Զաքարյանը»), նույնքան հետաքրքրական է դարձնում ԱՊՀ ՎՊ-ի բարձրագույն մարմինների` Հայաստանում անցկացված համաժողովը, որը մեկնարկեց կառավարությունների ընդունելությունների տանը` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ողջույնի ուղերձով:
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՄԱՍ
Եվ այսպես. ԱՊՀ բարձրագույն վերահսկիչ մարմինների խորհրդի հոբելյանական 10-րդ նստաշրջանը նախորդների համեմատ ապահովում էր բարձր ներկայացուցչական կազմ։ Եկել էին Ռուսաստանի Դաշնության, ՈՒկրաինայի, Բելառուսի, Մոլդովայի, Ղազախստանի, Տաջիկստանի, Ղրղզստանի վերահսկիչ պալատների նախագահները։ Հյուրի կարգավիճակով ներկա էին բարձրագույն վերահսկիչ մարմինների եվրոպական կազմակերպության (ԵՎՐՈՍԱԼ), միաժամանակ Լեհաստանի ՎՊ-ի նախագահ Յացեկ Եզիերսկին, ինչպես նաև Էստոնիան, Լատվիան, Լիտվան և դեռևս այդ կառույցին չանդամակցող Վրաստանը։ Տեղը տեղին հրավեր էր ուղարկվել նաև Ադրբեջանին, սակայն այդ երկրի վերահսկիչները Երևան չէին ժամանել (հավանաբար մեր ու մյուսների փորձը նրանց համար կիրառելի չէ)։
Իշխան Զաքարյանի ուղեկցությամբ նստաշրջանի մասնակիցները նախ այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (հետաքրքիր է` Ադրբեջանի ներկայացուցիչը կգնա՞ր), իսկ բացումը, ինչպես նշեցինք, «արժևորվեց» երկրի ղեկավարի ուղերձով։ «Պետական ռեսուրսների օգտագործման նկատմամբ վերահսկողությունն իշխանության ինստիտուտից արդյունավետության բարձրացման կարևորագույն մեխանիզմ է և, հետևաբար, այն նպաստում է հասարակության բավարարվածությանը, նրա հարգանքի և վստահության բարձրացմանը պետության նկատմամբ։ Հայաստանի Վերահսկիչ պալատի գործունեությունն ամուր հիմքերի վրա է դրված, նրա արդյունավետությունը նկատելի է բոլորի համար, և պատահական չէ, որ մեր Վերահսկիչ պալատը ձգտում է նաև իր ներդրումն ունենալու ֆինանսական վերահսկողության բարձրագույն մարմինների միջազգային համագործակցության ամրապնդման գործում»,- ասված էր նախագահի ողջյունի խոսքում։
Վարչապետ Տիգրան Սարգսյանն անձամբ ելույթ ունեցավ։ Կարևորելով վերահսկիչ պալատների գործունեության արդյունավետության բարձրացումը` վարչապետն ընդգծեց. «Ճգնաժամը ենթադրում է, որ մենք պետք է օպերատիվորեն արձագանքենք իրավիճակին։ Հակաճգնաժամային միջոցառումների տրամաբանությունը պետք է հայտնի լինի նաև Վերահսկիչ պալատին։ Որոշումների բոլոր նախագծերը պետք է հասանելի լինեն ՎՊ-ին, և այդ կառույցի մասնակցությունն այս բոլոր գործընթացներին, իհարկե, թույլ է տալիս որոշ առումով նվազեցնել ռիսկերը։ Մեզ համար հետաքրքիր կլիներ իմանալ, թե ինչպես են աշխատում և համագործակցում վերահսկիչ պալատներն այլ երկրներում, ինչպես են լուծում այդ դժվարին խնդիրը` ճգնաժամի պայմաններում աշխատանքի հետ կապված, երբ երկրի կառավարությունն ընդունում է ոչ ստանդարտ որոշումներ, մեծաքանակ միջոցներ է դուրս գրում բյուջետային և արտաբյուջետային ֆոնդերից` սոցիալական նախագծերի, խոշոր կապիտալ ներդրումների համար»։ Այնուհետև Տիգրան Սարգսյանը ներկայացրեց կառավարության ակնկալիքները ՎՊ-ի «էֆեկտիվ գործունեությունից»։ «Միասնական, հասկանալի մեթոդաբանության ստեղծում և հնարավոր ռիսկերի համեմատական վերլուծություն... Եթե մենք ունենանք պետական կառավարման բոլոր մակարդակներում ֆինանսական պրոցեսների հստակ նկարագրություն, դա նշանակում է, որ Վերահսկիչ պալատը նույնպես պետք է պատրաստ լինի վերահսկելու, թե որքանով է պահպանվում ֆինանսական կարգապահությունն այդ գործընթացներում։ Եվ դրանով է թելադրված այն պարտավորությունը, որ մենք կատարելագործենք մեր գործունեությունը համատեղ. մի կողմից դա կառավարության ղեկավարման արդյունավետության բարձրացումն է, մյուս կողմից` Վերահսկիչ պալատը պետք է ունենա համապատասխան գործիքներ` բոլոր ռիսկերը ժամանակին հայտնաբերելու համար»,- նկատեց գործադիր մարմնի ղեկավարը` գոհունակություն հայտնելով ՎՊ-ի վերջին երկու տարվա կատարած աշխատանքներից։
Հայաստանի Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը, հավաքի նշանակությունն ու դերակատարությունը կարևորելով, ասաց. «Կան բազմաթիվ ընդհանուր խնդիրներ, որոնք կփորձենք ընդհանուր ջանքերով լուծել։ Խորհուրդը գնալով ավելի ու ավելի ազդեցիկ կառույց է դառնում, սակայն մեզ համար մեծ նշանակություն ունի համագործակցությունը նաև խորհրդարանական կառույցների հետ, քանզի հաճախ անորակ օրենքներն առաջացնում են կոռուպցիոն ռիսկեր։ Մեր երկրների արտաքին վերահսկողական մարմիններն առավելագույնս պետք է համապատասխանեն իրենց կառավարություններին` խնդիրները լուծելու համար»։ Բավականին ներկայացուցչական կազմը, ըստ ՎՊ-ի նախագահի, վկայում է հավաքի արդիականության մասին։
Ելույթների հիմնական մեխը արդյունավետ համագործակցության շնորհիվ հետճգնաժամային դժվարությունների հաղթահարումն էր, պետական միջոցառումների արդյունավետ իրականացումը, հակակոռուպցիոն ծրագրերի կյանքի կոչումը։ Ռուսաստանի Հաշվիչ պալատի ղեկավար Սերգեյ Ստեպաշինը, վկայակոչելով Հայաստանի և Ռուսաստանի միջև արդեն առկա համագործակցությունը, ասաց. «Բազմիցս եղել եմ Հայաստանում, քննարկել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ծրագրեր։ Մինչ 2012-ն արդեն ծրագրված է երկկողմ համատեղ աշխատանքների փաթեթ, որն արդյունավետորեն իրականացնելու բոլոր նախադրյալները կան։ Դրանք վերաբերում են Ռուսաստանի և Հայաստանի առևտրատնտեսական կապերին, Հայաստանում գործող ռուսական ռազմակայանին, էներգետիկ ոլորտին»։ Ի դեպ, Ստեպաշինին ևս անհանգստացնում է կոռուպցիան։ «Կոռուպցիոն երևույթներ տարածված են և՛ Հայաստանում, և՛ Ռուսաստանում։ Հարկավոր է բռնել ու նստեցնել, առավել ևս, որ հայ կոռուպցիոներներ Մոսկվայում էլ շատ կան»,- ասաց Ռուսաստանի Հաշվիչ պալատի նախագահը։ Եվ ինչո՞ւ են միայն հայերը երևում Ստեպաշինի աչքին։ Դե, քանի որ շատ են ուզում բռնել-նստեցնել, ուրեմն դրա համար հարմար առիթ հավանաբար կլինի 2011-12-ին, երբ համատեղ ստուգելու են «ՎՏԲ» բանկի հայաստանյան մասնաճյուղի, «Գազպրոմբանկի» գործունեությունը, ռուսական ռազմաբազաների հողային պաշարների և գույքի օգտագործման օրինականությունն ու տնօրինումը։ «Համատեղ վերահսկողական միջոցառումների փորձ մենք ունենք։ Նախկինում ստուգել ենք հայ-ռուսական համալսարանը, և այն ժամանակ կային որոշակի խնդիրներ, որոնք ներկայումս արդեն լուծված են։ Լուրջ ստուգում անցկացրինք երկրորդ ռազմաբազայում` Գյումրիում։ Ռուսաստանը լուրջ ներդրումներ է կատարում հայկական տնտեսությունում, արդյունաբերության մեջ, և աշխատելու, գործակցելու թեմաներ շատ ունենք։ Աշխատում ենք միասնական ստանդարտներով»,- հավելեց Սերգեյ Ստեպաշինը։
Աշխատանքների ավարտին Հայաստանի Վերահսկիչ պալատը համագործակցության համաձայնագրեր ստորագրեց Ռուսաստանի, Լատվիայի և Ղրղզստանի հետ։ Ի միջի այլոց, մեր հարևան Վրաստանը Հայաստանի հետ դեռևս համագործակցության համաձայնագիր չունի։ Վրաստանի ՎՊ-ի նախագահ Լևան Բեժաշվիլին վստահեցրեց, որ այս խնդիրը կշտկվի, ու առաջիկայում նման փաստաթղթեր կստորագրվեն։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1264

Մեկնաբանություններ