ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԸ ՉՊԵՏՔ Է ԶԳԱ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆԵՐԿԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆԸ

ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԸ ՉՊԵՏՔ Է ԶԳԱ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆԵՐԿԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆԸ
14.12.2010 | 00:00

Թուրքիայի արտաքին քաղաքականությունը բնութագրվում է այն ռազմավարական խնդիրների առկայությամբ ու տրամաբանությամբ, որոնք լոկ մասամբ են «շաղկապված» կարճաժամկետ և միջնաժամկետ նպատակների հետ։ Թուրքիան միշտ ձգտել է իր արտաքին քաղաքականությունը կառուցել կայուն հիմքի վրա՝ կողմնորոշվելով դեպի հեռավոր ապագա, թեև միշտ էլ ընդունակ է եղել արտակարգ եռանդուն օրախնդիր որոշումներ կայացնելու։ Թուրքական վերնախավը փորձում է պահպանել այն «ծայրագույն գիծը», որը բաժանում է չափանիշներն ու նորմատիվները, որոնք անհրաժեշտ են ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի և Եվրամիության հետ համագործակցելիս, և առաջնորդվում է ազգային անվտանգության խնդիրներով, որոնք պարտադիր են արտաքին քաղաքականության մեջ։ Սկսած 1945-ից Թուրքիան համոզչորեն ցույց է տվել, որ ընդունակ է միանգամայն անկախ որոշումներ կայացնելու (Կիպրոսի մի մասի օկուպացում, Հյուսիսային Իրաք զորքեր մտցնելը, Հունաստանի, Սիրիայի, Բուլղարիայի, Իրանի և Հայաստանի նկատմամբ սպառնալիքներ)։ Եվ հակառակը, Թուրքիան ընդունակ է անտեսելու ԱՄՆ-ի ազդեցությունը, ինչպես դա տեղի է ունենում Վրաստանին և ՈՒկրաինային քաղաքական աջակցություն ցույց տալու, «Համասին» մեկուսացնելու, Իրանը շրջափակելու հարցերում, խնդիրներ, որոնք Թուրքիան փայլուն կերպով շրջանցեց ԱՄՆ-ի «հանձնարարականներին» հակառակ։ Ներկայումս Թուրքիան, փորձելով ապահովել արտաքին քաղաքականության նույնականությունը, հատկապես ռազմավարական ուղղություններում, դրա հետ մեկտեղ պետք է վերաիմաստավորի որոշ հանգամանքներ, մոտեցումներ և ոճ` իր տարածաշրջանային քաղաքականությունն իրականացնելիս, որից կախված են երկրի անվտանգությունն ու տնտեսական զարգացումը։ Կովկասյան տարածաշրջանը մնում է առաջնային ուղղություն, որտեղ Թուրքիան ձգտում է առավելագույնս հետևել եվրոպական վարքագծի չափորոշիչներին և միաժամանակ ամրապնդել իր դիրքերը։ Սակայն Կովկասում Թուրքիայի առջև ծառացել է իր հավակնությունները ԱՄՆ-ի շահերի հետ զուգակցելու խնդիրը, ինչը միաժամանակ թե՛ ուժեղացնում է նրա դիրքերը, թե՛ սահմանափակում նպատակները։ Այդ առնչությամբ հետաքրքրություն է ներկայացնում Կովկասում Թուրքիայի և ԱՄՆ-ի վարած քաղաքականության փոխկապակցված քննարկումը։
Ամերիկացի փորձագետների գնահատումներով` ԽՍՀՄ-ում «վերակառուցման» տարիներից ի վեր Թուրքիան նախապատրաստական ընդարձակ ու լուրջ աշխատանք իրականացրեց Հարավային և Հյուսիսային Կովկասի, ինչպես նաև այլ տարածաշրջաններում՝ Կենտրոնական Ասիայում, Ղրիմում, Պովոլժիեում և Բեսարաբիայում՝ իր քաղաքական և տնտեսական ներկայությունը հաստատելու նպատակով։ 1986 թվականի ապրիլին Թուրքիայի նախագահը որոշակի ցուցումներ էր տվել` Խորհրդային Միության ներքին դրությունը վերլուծող հետախուզական գործունեությունն ուժեղացնելու նպատակով։ Թուրքիայի տեղեկատվության նախարարությունը մեղսակից է ՈՒզբեկստանում և Մոսկվայում ղրիմցի թաթարների քաղաքական ելույթներին առնչված իրադարձություններին, Ֆերգանայում մեսխեթցի թուրքերին վերաբերող խոշորածավալ սադրանքին, չեչենների շրջանում բողոքների հրահրմանն ու խորացմանը, զանազան ազգայնամոլ խմբերի ստեղծմանը Թաթարստանում։ 1988 թվականի մարտի սկզբներին Թուրքիան քայլեր ձեռնարկեց, որոնցով բողոք էր ներկայացվում խորհրդային ղեկավարությանը` ղարաբաղյան շարժման կապակցությամբ։ Արդեն 1986-89 թվականներին Թուրքիան ձեռնամուխ էր եղել քաղաքական խմբերի ստեղծմանը Հյուսիսային Կովկասի, ըստ էության, բոլոր ժողովուրդների շրջանում։ Այն ուղղակի առնչություն ուներ Ադրբեջանում Ժողովրդական ճակատի և «Մուսավաթ» կուսակցության ստեղծման հետ։ 1989 թվականի մայիսին Թուրքիայի նախագահը ստորագրել էր Խորհրդային Միության վերաբերյալ հրահանգ, որը մշակել էր Ազգային անվտանգության խորհուրդը։ Այդ փաստաթղթով, որը բավականին արմատական բնույթ ուներ, նախատեսվում էր Թուրքիայի քաղաքական, մշակութային և տնտեսական ազդեցության ոլորտի մեջ ներգրավել ԽՍՀՄ-ի որոշակի տարածաշրջաններ, հանրապետություններ։ Գլխավոր շտաբը, այդ հրահանգին համապատասխան, մշակել էր Հարավային Կովկասի տարածաշրջանում հնարավոր ռազմական միջամտություն իրականացնելու պլաններ՝ ուշադրության առնելով արդեն իսկ առկա զինված հակամարտությունները։ Դրա հետ մեկտեղ 1991-ի շեմին այդ հրահանգը վերանայվել էր և ընդունվել նվազ հավակնոտ փաստաթուղթ, որն ավելի որոշակի և համարժեք նպատակներ ու խնդիրներ էր պարունակում։ Անմիջականորեն Հարավային Կովկասի տարածաշրջանով զբաղվող ամերիկացի փորձագետների գնահատմամբ` 1991 թվականին Թուրքիան զգալիորեն չափավորել էր իր մտադրություններն այդ տարածաշրջանի նկատմամբ։ 1993 թվականի շեմին Թուրքիան արդեն շատ ավելի չափավոր քաղաքականություն էր իրականացնում։ Գտնվելով բավականաչափ ուժեղ մրցակցության պայմաններում, Ռուսաստանը և ԱՄՆ-ը մեծապես ապահովեցին միևնույն վեկտորը Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի պետությունների քաղաքական զարգացման մեջ, այն է՝ թույլ չտալ ուրիշ պետությունների, նախ և առաջ Թուրքիայի, Իրանի, Չինաստանի, Գերմանիայի, Ֆրանսիայի, ինչ-որ չափով նաև արաբական ազդեցիկ պետությունների ազդեցությունը տվյալ տարածաշրջաններում։ ԱՄՆ-ը բավականին արագ հաղթահարեց տարածաշրջանում իր քաղաքականության ծավալման «պարզունակ» ժամանակահատվածը, երբ նրան թվում էր, թե Թուրքիան, որպես իր ենթակայության ներքո գտնվող գործիք, կարելի է օգտագործել Ռուսաստանի, իսկ այնուհետև նաև Իրանի ազդեցությունը հնարավորինս սահմանափակելու պայքարում։ Ամերիկացի փորձագետների խոստովանությամբ` ԱՄՆ-ին չհաջողվեց իր տարածաշրջանային քաղաքականության մեջ Թուրքիան պահել միանգամայն ենթակա գործիքի «կարգավիճակում»։ Դրա հետ մեկտեղ ԱՄՆ-ը չդրսևորեց իր երկյուղները Թուրքիայի նպատակադրումների հանդեպ և գերադասեց վարել սեփական քաղաքականությունը՝ հաշվի չառնելով տարածաշրջանում իր կարևորագույն դաշնակցի շահերը։
90-ականների երկրորդ կեսին ԱՄՆ-ը վերջնականապես մշակեց Հարավային Կովկասի ապագայի իր տեսլականը՝ տվյալ տարածաշրջանը դիտարկելով որպես եվրոպական քաղաքական տարածքի, բայց ո՛չ որպես Մերձավոր Արևելքի մաս։ Հարավային Կովկասի երկրների որոշ քաղաքագետների` տարածաշրջանը որպես մեծ Մերձավոր Արևելքի կամ Եվրասիայի մաս պատկերացնելու փորձերն ամերիկացիներն ընկալում էին իբրև տարաշխարհիկ երևույթ, մի տեսակ ոչ հասուն մտածողության արգասիք, որը ոչ մի լուրջ հիմք չուներ։ Շատ կարևոր է թվում, որ ԱՄՆ-ը և արևմտյան հանրությունը թույլ չեն տալիս Հարավային Կովկասը մասնատել ըստ աշխարհատնտեսական և աշխարհաքաղաքական վեկտորների՝ գերադասելով տարածաշրջանը դիտարկել որպես միասնական ամբողջություն, ինչն առայժմ օբյեկտիվորեն բացակայում է։ Տվյալ համադրույթը հանգում է տարածաշրջանի դերին ԱՄՆ-ի և Եվրամիության համապարփակ նախագծերում, որոնք հայացքների որոշ տարբերությամբ հանդերձ Հարավային Կովկասին բացառապես ենթակառուցվածքային գործառույթներ են վերագրում՝ էներգետիկա, տրանսպորտ, տարանցում, սպասարկում։ Այդ գործառույթները ենթադրում են սերտակցում Եվրոպայի հետ։ Սակայն Թուրքիան վաղուց է սահմանել իր գլխավոր խնդիրը՝ միասնացում Եվրամիության հետ, իսկ ԱՄՆ-ը Թուրքիայի շահերի հիմնական պաշտպանն է այդ հարցում։ Թուրքիան Եվրամիության մեջ ընդգրկելու ԱՄՆ-ի ձգտումը հետապնդում է մի շարք նպատակներ, այդ թվում՝ թեթևացնել այս երկրի տնտեսական վիճակը եվրոպական հանրակցության օգնությամբ և դրանով իսկ ազատվել նրան օգնություն ցույց տալու խնդրից. ապահովել այս երկրի ներքաղաքական կայունությունը՝ ավելի շատ եվրոպական բնույթ հաղորդելով նրան, դրանով իսկ բացառելով վերջինիս մերձեցումը իսլամական աշխարհի հետ. բարդացնել Եվրոպայի տնտեսական ու սոցիալական վիճակը` սոցիալական անկայունության իրավիճակ ստեղծելով Թուրքիայի միլիոնավոր քաղաքացիների ներհոսքի հետևանքով։ Սակայն ԱՄՆ-ի պլաններում Թուրքիայի աշխարհաքաղաքական դերը չի սահմանափակվում նրան եվրոպական հանրակցության մեջ ընդունելով։ Դա սոսկ մի վեկտորն է աշխարհաքաղաքական գործառույթի, որը պետք է իրականացնի Թուրքիան։ ԱՄՆ-ը երկար ժամանակ Թուրքիան դիտարկում էր որպես տիպային օրինակ իսլամական երկրների համար, հատկապես՝ Մերձավոր Արևելքի երկրների, ինչը ենթադրում է Թուրքիայի ակտիվ քաղաքականություն տվյալ տարածաշրջանում, ներառյալ քաղաքական ու սոցիալական մշակույթի և ավանդույթների «արտահանում», հանրապետականության և կրոնի նկատմամբ նոր վերաբերմունք։ Սակայն քաղաքական նոր հանգամանքների պարագայում ԱՄՆ-ը անչափ երկյուղով է նայում Մերձավոր Արևելքի պետությունների հետ մերձենալու Թուրքիայի ցանկացած քայլին, քանի որ այս երկրի խնդիրները դարձել են միանգամայն այլ, նրա քաղաքականությունն ուղղված է իսլամական պետությունների հետ գործընկերության ձևավորմանը, որոնց մի մասը թշնամաբար է տրամադրված ԱՄՆ-ի և Իսրայելի նկատմամբ։ Այս նոր հանգամանքներում ԱՄՆ-ը ինչ-որ չափով այնքան էլ համառորեն չի պնդում, որ Թուրքիան ընդգրկվի Եվրամիություն՝ հավանաբար գերադասելով ձեռնարկել Թուրքիայի աշխարհաքաղաքական շրջափակման կազմակերպումը։ Դրա հետ մեկտեղ Եվրամիության մեջ Թուրքիայի լիարժեք անդամակցելու հեռանկարը եղել և մնում է կասկածելի, ինչը չի կարող ուշադրության չառնվել ԱՄՆ-ի կողմից։ Եվրոպական հանրակցության ներկայիս քաղաքական ճգնաժամը, որը հարուցվել է տվյալ պետությունների քաղաքական շահերի և տնտեսական մակարդակի տարբերություններով, էլ ավելի է բարդացրել Թուրքիայի անդամակցության հարցը։ Տվյալ պարագայում Թուրքիան է՛լ ավելի շահագրգռված կլինի իր ներկայությամբ Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում, ինչը կարող է սպառնալիքի տակ դնել արդեն ԱՄՆ-ի քաղաքականությունը, քանի որ թուրքական ուժեղ ներկայությունը կարող է հանգեցնել Հարավային Կովկասի իրադրության ապակայունացման։ ՈՒստի, անկախ Եվրոպայում և Մերձավոր Արևելքում Թուրքիայի հետապնդած աշխարհաքաղաքական հեռահար շահերից, ԱՄՆ-ը հասկացել է, որ Հարավային Կովկասը որոշակիորեն չպետք է զգա թուրքական քաղաքական ներկայության առավելությունը։ Դա կլիներ ամերիկյան քաղաքականության տրամաբանական զարգացումը, որն ԱՄՆ-ը իրականացնում է 15 տարուց ավելի։
Թուրքիայի նկատմամբ ԱՄՆ-ի այդ գերիշխող դիրքի հետ մեկտեղ չեն բացառվում այնպիսի իրավիճակ ստեղծելու Վաշինգտոնի նախաձեռնությունները, երբ կուժեղանա թուրք-ռուսական առճակատումը Կովկասում՝ որպես ամերիկյան քաղաքականության հաջողության կարևոր պայման։ Ռուսաստանի և Թուրքիայի միջև առճակատումն ուժեղացնելու քաղաքականության ծավալումը պահանջում է որոշ պայմաններ ու գործոններ, որոնց հրահրումը բարդացել է, քանի որ վերջին երեք-չորս տարում երկու պետությունների միջև բազմակողմանի աշխարհաքաղաքական հաջող համագործակցություն է զարգանում։
Կենտրոնական Ասիայում Թուրքիայի ազդեցության հաստատման նկատմամբ ցածր գնահատականները շատ հարաբերական բնույթ են կրում, եթե ուշադրության առնվի այն հանգամանքը, որ Թուրքիան մտնում է այդ տարածաշրջանում տնտեսական ու քաղաքական առաջատար դիրքեր զբաղեցնող պետությունների տասնյակի մեջ։ Մշակութային և գաղափարախոսական ազդեցության ոլորտում Թուրքիան առջատար է և տարածաշրջանում առաջին-երկրորդ տեղն է զբաղեցնում Ռուսաստանի հետ մեկտեղ։ Թուրքիան մասնակցում է մի քանի հարյուր տնտեսական նախագծերի, կարևոր ներդրող է, առաջատար արտահանող և ներմուծող։ Կենտրոնական Ասիայի երկրների կառավարություններն ու քաղաքական կուսակցությունները սերտ հարաբերությունների մեջ են Թուրքիայի, նրա քաղաքական և հասարակական կազմակերպությունների հետ։ Թուրքիան կարևոր դեր է խաղում տվյալ երկրների երիտասարդության վերնախավային մասի կրթության, ուսուցման գործում։ Դրա հետ մեկտեղ, ԱՄՆ-ի և Եվրոպայի փորձագետների գերակշիռ մեծամասնության կարծիքով` քաղաքականապես տնտեսապես Կենտրոնական Ասիա ներթափանցելու թուրքական նախագիծը ձախողվել է։ Այդ գնահատականները սկզբում ծագել էին նախ` Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների, այնուհետև Ռուսաստանի փորձագետների, և միայն վերջերս տարածվեցին ԱՄՆ-ի և Եվրոպայի փորձագիտական հանրության շրջանում։ Կասկած չկա, որ Կենտրոնական Ասիայում Թուրքիայի այդչափ նշանակալից ներկայության դեպքում այդ ցածր գնահատականները հարաբերական նշանակություն ունեն այն ծայրահեղ հավակնոտ նպատակների ու խնդիրների համեմատությամբ, որոնք իր առջև դնում էր Թուրքիան։ Թուրքիան 60 միլիոնանոց բնակչությամբ այդ տարածաշրջանը դիտում էր որպես հումքի և ապրանքների կարևոր շուկա. իր ներքին ներդրումային և կառուցվածքային քաղաքականությունը կազմակերպում էր՝ ելնելով Կենտրոնական Ասիայում առկա սպասելիքներից։ Թուրք վերնախավը հասկանում էր, որ երկրի տնտեսությունն ի վիճակի չէ էական դիրքեր զբաղեցնելու Կենտրոնական Ասիայում շուկայական ազատ հարաբերությունների պայմաններում՝ Չինաստանի, Իրանի, արաբական պետությունների, և, որ գլխավորն է, եվրոպական երկրների համանման շահերի առկայության դեպքում, որոնք տեխնոլոգիաների, մեքենաների ու սարքավորումների հիմնական մատակարարներն են։ Թուրքիան հույսը դնում էր տարածաշրջանում իր տնտեսական ներկայության ինստիտուցիոնալացման վրա, ինչը հաստատում էր նրա արտոնությունները։ 90-ականների վերջերին Թուրքիայում ծագած տնտեսական խոր ճգնաժամը մեծապես պայմանավորված էր նրանով, որ Կենտրոնական Ասիայի շուկաները լիովին բարենպաստ չեղան թուրքական արդյունաբերության համար, որը վարկեր էր ներառում՝ նկատի ունենալով հենց այդ շուկաները։ Այսինքն, Թուրքիայի տնտեսական ճգնաժամը աշխարհատնտեսական բնույթ էր կրում։ Բայց 90-ական թվականների վերջերի տնտեսական իրադարձությունները Կենտրոնական Ասիա թուրքական ներթափանցման ձախողման սոսկ սկիզբն էին։ Տեղի քաղաքական, տնտեսական, պետական վերնախավերը շատ արագ իրենց համար պարզեցին, որ Թուրքիան չունի ոչ ներդրումային, ոչ տեխնոլոգիական այնպիսի ներուժ, որ վերականգնի քայքայված տնտեսությունը և սոցիալական օգնություն ցույց տա բնակչությանը։ Թուրքական գործարարությունը գերադասում էր զբաղվել գյուղատնտեսական հումքի նախնական մշակմամբ։ Թուրքիան հետաքրքրություն չէր դրսևորում խոշոր հիդրոէներգետիկ, ջրատնտեսական, հանքահումքային նախագծերի, ինչպես նաև ածխաջրերի արդյունահանման ու փոխադրման նկատմամբ, քանզի ի վիճակի չէր մրցակցելու Արևմուտքի առաջատար արդյունաբերական տերությունների և Չինաստանի հետ։ Նույնիսկ Իրանն ավելի էական նախագծեր էր ձեռնարկում Կենտրոնական Ասիայի պետությունների համար։
Բացի տնտեսական թուլությունից, պարզվեց, որ Թուրքիան ընդունակ չէ քաղաքական օժանդակություն ցույց տալու այդ պետություններին` նրանց ներքին ու արտաքին բնույթի խնդիրների լուծման հարցում` ցանկություն չունենալով ազդեցություն գործելու քաղաքական կուսակցությունների ու խմբավորումների վրա։ Թուրքիայի մշակութային քարոզչությունը նույնպես չհասավ իր նպատակին, քանի որ լիարժեք բնույթ չէր կրում, փորձում էր համադրել արևմտյան և արևելյան արժեքները։ Չի կարելի ասել, թե Թուրքիան չէր փորձում առաջատարի և «քարշակի» դեր խաղալ Կենտրոնական Ասիայում, ընդհակառակը, նա հենց այդ նպատակն էր հետապնդում հատկապես 90-ականների առաջին կեսին։ Բայց առաջատարը պետք է որոշակի քաղաքական ռեսուրսներ ունենա, նախ և առաջ հնարավորություն ընձեռի լուծելու Արևմուտքում, արևմտյան քաղաքական ասպարեզում Կենտրոնական Ասիայի երկրների խնդիրների գոնե մի մասը, քանի որ այնտեղ էին լուծվում հիմնական տնտեսական ու քաղաքական հարցերը։ Բայց Թուրքիան, լինելով զարգացող երկիր, չուներ այդ ներուժը և ԱՄՆ-ի ու Եվրոպայի հետ հարաբերություններում դժվարանում էր լուծել նույնիսկ սեփական քաղաքական խնդիրները։ Բացի այդ,Կենտրոնական Ասիայի պետությունները գերադասում են գործնական, բազմաճյուղ քաղաքականություն վարել, ինքնուրույն կառուցել իրենց հարաբերությունները Ռուսաստանի, Չինաստանի, ԱՄՆ-ի, Իրանի, Եվրոպայի առաջատար պետությունների, ինչպես նաև համաշխարհային նոր «խաղացողի»՝ Հնդկաստանի հետ։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 1051

Մեկնաբանություններ