ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

ԴԱՐՁԵԼ ԵՆ ԳՈՐԾԻՔ ԻՐԵՆՑ ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ՝ ՈՒԺԻ ԱՌԱՎԵԼ ԱԶԴԵՑԻԿ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ՁԵՌՔՈՒՄ

ԴԱՐՁԵԼ ԵՆ ԳՈՐԾԻՔ ԻՐԵՆՑ ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ՝ ՈՒԺԻ ԱՌԱՎԵԼ ԱԶԴԵՑԻԿ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ՁԵՌՔՈՒՄ
30.11.2010 | 00:00

Անցած 22 տարում ԼՂ-ում հայերի զանգվածային ելույթների պահից ի վեր հայկական սփյուռքը քիչ բան չի արել և, ամբողջությամբ վերցրած, կարևոր խնդիրներ է իրականացրել ինչպես ՀՀ-ի, այնպես էլ ԼՂՀ-ի շահերի պաշտպանության ուղղությամբ։ Սփյուռքի աշխատանքը, չնայած բազմաթիվ հակասություններին, մոլորություններին ու սխալներին, բավականաչափ բարձր է գնահատվում, այդ թվում՝ միջազգային հասարակայնության կողմից։ Դրա հետ մեկտեղ վերջին տարիներին նկատվում է սփյուռքի հասարակական ու քաղաքական կազմակերպությունների գործունեության պասիվություն ինչպես Հայաստանի, այնպես էլ ԼՂՀ-ի սոցիալական ու քաղաքական կյանքում։ Դա տեղի է ունենում նախ և առաջ պատմական հայրենիքի հրատապ խնդիրների հարցադրման, օրախնդիր հարցերի իրականացման գործում սփյուռքի տեղի ու դերի անհրաժեշտ ըմբռնման բացակայության պատճառով։ Ակներև է նաև, որ Հայաստանի քաղաքական ղեկավարությունը շահագրգռված չէ սփյուռքի և հայրենիքի բուն քաղաքական, հասարակական ու տնտեսական միասնացմամբ։ Սփյուռքի՝ Հայաստանից իրեն հեռու պահելու հիմնական գործոններն էին համակարգային կաշառասունությունը, տնտեսական գործունեության կլանային կացութաձևը, իսկական մրցակցության բացակայությունը, բոլոր մակարդակների ոչ ժողովրդավարական ընտրությունների ծայրահեղ ձևերը, հասարակության վրա զանգվածային լրատվամիջոցների ազդեցության սահմանափակվածությունը։ Հայաստանում շատ հնատիպ հասարակական հարաբերություններ են ձևավորվել, և ձևականորեն ժամանակակից քաղաքական համակարգի պայմաններում բացակայում են ժողովրդավարական քաղաքական ավանդույթները։ Մինչև օրս այդպես էլ ժամանակակից քաղաքացիական հասարակություն չի գոյացել, երկրում նկատվում են ուղղահայաց կառավարման ինչ-որ ավանդույթներ, վարչարարության կիսաքրեական եղանակներ։ Սփյուռքի նոր սերունդը, որը մեծապես ներկայացված է իրավական հասարակության ու ժողովրդավարության պայմաններում ժամանակակից կրթություն ստացած մարդկանցով, սոցիալացված է, ինչ խոսք, չի կարող ընկալել հայաստանյան կյանքի պայմանները։ Սակայն սփյուռքի նման պասիվ դիրքորոշումը չի կարող արդարացվել Հայաստանի պայմաններով։ Սփյուռքի հասարակական ակտիվ խմբերը պետք է հասկանան, որ նոր ժամանակներ են եկել և նոր մարտահրավերներ են առաջացել։ Դրանք ոչ միայն աշխարհականացման մարտահրավերներ են, այլև աշխարհում ուժերի նոր դասավորության, ուժերի նոր հաշվեկշռի հետ կապված խնդիրներ։ Հենց ինքնիշխան Հայաստանի գոյության շնորհիվ սփյուռքը հնարավորություն ունի նոր նշանակալիություն ձեռք բերելու և նոր դեր խաղալու միջազգային քաղաքականության մեջ, սոցիալական ու մշակութային կյանքում։ Սփյուռքի առջև ծառացել է ավանդական և համեմատաբար նոր կառույցների նշանակության ու գործունեության եղանակների վերաիմաստավորման խնդիրը, որոնք կարող էին հաղթահարել քաղաքական խմբերի նեղ շրջանակներն ու միասնացնել հասարակության տարբեր խավերը։ Եթե սփյուռքը ցանկանում է հաջողությամբ կատարել մեր ազգի նպատակների ու խնդիրների իրականացմանը միտված իր գործունեությունը, ապա պետք է կազմակերպված լինի որպես ցանցային կառույց, որը բնութագրվեր անհրաժեշտ բազմազանությամբ ու մանևրայնությամբ։ Ցավոք, մի շարք երկրներում սովորույթ է դարձել սփյուռքի ինչ-որ այլընտրանքային կազմակերպություններ ստեղծելու գործելակերպը, որոնք հնչեղ անվանումներ ունեն, ներկայացած են բավականաչափ հանրահայտ մարդկանցով, բայց իրականում սահմանափակ խմբավորումներ են, որոնք կազմավորվել են հարուստ ընտանիքների շուրջ։ Դրա պատճառով այդ խմբավորումները դարձել են ոչ թե սփյուռքի հասարակական կազմակերպություններ, այլ սոսկ գործիք իրենց բնակության երկրներում՝ ուժի առավել ազդեցիկ կենտրոնների ձեռքում։ Սփյուռքին հարկավոր են ոչ միայն կազմակերպական նոր կառույցներ, այլև որոշակի սոցիալական ու քաղաքական իմաստասիրություն, առաջնայնությունների որոշում և հասարակության տարբեր խավերի ու խմբերի շահերի զուգակցում, ինչը թույլ կտար էլ ավելի հաջողությամբ ընկալել ու մասնակցել Հայաստանում և իրենց բնակության երկրներում ընթացող սոցիալական ու քաղաքական գործընթացներին։ Տվյալ խնդիրները սերտորեն կապված են Հայաստանի և ԼՂՀ-ի հիմնախնդիրների հետ։ Սփյուռքը պետք է դադարեցնի կողմնակի դիտորդի դիրք բռնելը և հասկանա այն գործընթացները, որոնք տեղի են ունենում հայրենիքում և հատկապես ԼՂՀ-ում։
Ղարաբաղում հաշտության կնքման պահից 16 տարի է անցել, բայց արդյոք շա՞տ բանի է հաջողվել հասնել Ղարաբաղի հայ ժողովրդի իրավունքների ճանաչման, աշխարհում այդ ժողովրդի անվտանգության կոնկրետ խնդիրների ըմբռնման տեսակետից։ Հայաստանի երեք նախագահների և նրանց շրջապատի գործունեության, անձնական ու խմբային շահագրգռվածության պատճառով ԼՂՀ-ն հայտնվել է գոյություն ունեցող խնդիրների առնչությամբ տեղի ունեցող գործընթացներից միանգամայն և վերջնականապես կտրված վիճակում։ Հայաստանի ղեկավարության նման քաղաքականության պատճառներն էին զուտ եսասիրական, անձնական շահերը՝ կապված իրենց քաղաքական, իսկ ավելի ճիշտ՝ ներկայացուցչական հավակնությունների, ինչպես նաև բուն Ղարաբաղում ոչ մի անակնկալի չհանդիպելու ցանկության հետ։ Հայաստանի քաղաքական ղեկավարությանը պետք է հնազանդ, կանխատեսելի, անծպտուն Ղարաբաղ, որը պատրաստ լինի կատարելու ցանկացած որոշում՝ ընդունված որևէ մեկի կամքով, բայց ոչ ԼՂՀ ժողովրդի և հասարակության։ Ղարաբաղյան հիմնախնդրի, այսպես կոչված, կարգավորման գործընթացում տեսադաշտից լիովին դուրս են մնացել այնպիսի գործոններ, ինչպիսիք են արտաքին նախահարձակման պատճառով կորսված տարածքները, հայ գաղթականների ճակատագիրը, Ադրբեջանում գտնվող հայկական պատմաճարտարապետական հուշարձանների վիճակը։ Երևանի հովանու ներքո աշխատող տեղական վարչակազմի գործունեության պատճառով ազատագրված տարածքներում, նախ և առաջ Լաչինի և մյուս շրջաններում, վերաբնակների թիվը, փաստորեն, կրկնակի կրճատվել է։ Ընդհանուր առմամբ չի իրականացվել Դաշտային Ղարաբաղի ազատագրված հողերի յուրացման, այստեղ բնակչության զգալի թվակազմի տեղավորման խնդիրը։ Այդ խնդիրը տարրական էր ու միանգամայն իրագործելի։ Եվ միայն անտարբերությունն ու այդ խնդրի նկատմամբ հանցավոր վերաբերմունքը ԼՂՀ-ին զրկեցին քաղաքական երկխոսության կարևորագույն փաստարկից։ Սակայն ղարաբաղյան հիմնա-խնդրի քննարկման գլխավոր հարցը բուն բանակցություններն են, որոնք ընդունված է անվանել կարգավորում։ Այդ կարգավորման հիմքում դրված են, այսպես կոչված, մադրիդյան սկզբունքները, որոնք մշակվել են՝ ելնելով տարածաշրջանի անվտանգության, տևականորեն խաղաղ գոյակցություն ապահովելու հնարավորության մասին ինչ-որ ձևական պատկերացումներից։ Չարժե ասել, որ ինքնըստինքյան ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը ուժի համաշխարհային կենտրոնների շահերի արգասիք է, որոնք շահագրգռված են տարածաշրջանում աշխարհաքաղաքական նոր դիրքեր ձեռք բերելով։ Բայց մադրիդյան սկզբունքներն ինքնին ենթադրում են ԼՂՀ իրական գոյության՝ որպես ինքնորոշման արդյունքի կտրական անտեսում, Խորհրդային Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի մարզի սահմանների մատնանշում, որը վաղուց գոյություն չունի, ինչպես նաև ազատագրված տարածքների բռնագրավում։ Քաղաքական բանավեճում շարունակ բերվում է մի այնպիսի տարածքային անվանում, ինչպիսին է «յոթ շրջաններ», ինչն ավելի շուտ ոչ թե իրական, այլ երևակայական հասկացություն է։ Իրականում Ղարաբաղի լեռնային մասի շուրջը կա մի նեղ հողաշերտ, առանց որի կասկածի տակ է դրվում ոչ միայն Ղարաբաղի հայերի գոյությունը, այլև Հայաստանի Հանրապետության իրական ինքնիշխանությունը։ Վերջին ժամանակներս Հայաստանի քաղաքական ղեկավարությունը բախվել է հայկական Ղարաբաղին սպառնացող աղետի իրողությանը, փորձում է այդ բոլոր փաստարկները ներկայացնել միջազգային քաղաքական բանավեճում։ Բայց պատմականորեն արժեքավոր ժամանակը ձեռքից բաց է թողնված, միջազգային հարաբերություններում որոշակի դրոշմատիպեր են ձևավորվել, այսպես կոչված, սկզբունքներ և քաղաքական բառապաշար, և այդ ամենը բավականին դժվար է հաղթահարել այժմ, երբ Հայաստանի ղեկավարությունն ինքը բազմիցս, տարբեր հանգամանքներում համաձայնում էր կարգավորման այդ տրամաբանական սխեմային։
Այն պետական կազմավորումը, որը ձգտում է իր ինքնիշխանության միջազգային ճանաչման, պետք է նախ և առաջ ցուցադրի քաղաքացիական հասարակություն կառուցելու, ժողովրդավարական ընտրություններ և տարրական ժողովրդավարական այլ նորմեր ապահովելու իր ընդունակությունը։ Չճանաչված կամ մասամբ ճանաչված պետությունների թվում ԼՂՀ-ն ընտրությունների անկախության, իրավակարգի մակարդակով հետնապահ է հանդիսանում, թեև դեռ տակավին վերջերս ղարաբաղյան հասարակությունը միանգամայն հաջողությամբ ցուցադրել էր իրավակարգի և ժողովրդավարության ոչ վատ օրինակներ։
Բավականաչափ սրությամբ է ծառացած Ջավախքի խնդիրը, մի տարածաշրջանի, որը բնակեցված է առավելապես հայերով, որտեղ Վրաստանի իշխանությունները փորձում են հայերին դուրս մղելու, նրանց մշակույթն ու սոցիալական շահերն անտեսելու և խտրականություն իրականացնելու քաղաքականություն վարել։ Հայաստանի քաղաքականությունը, որը փորձում է առավելագույնս կարգավորել հարաբերությունները Վրաստանի հետ, վերջին ժամանակներս սուր բնույթ ստացած հանգամանքների ազդեցությամբ ավելի սկզբունքային է դարձել։ Հայաստանը հասկացել է, որ Ջավախքում ոչ մի ազդեցություն չվայելող զանազան խմբավորումներին ապավինելը, որոնց գործունեությունը միայն նպաստում է Վրաստանի վարած քաղաքականությանը, փորձում է այդ վիճակը շտկել Վրաստանի հետ անմիջական բանակցությունների միջոցով։ Այդուհանդերձ, սփյուռքի կազմակերպությունները կարող էին միջազգային ասպարեզում ջավախքահայության շահերի պաշտպանության համար աշխատանքի ավելի որոշակի պլան մշակել։ Պետք է ուշադրության առնել այն հանգամանքը, որ Հարավային Կովկասում իրավիճակը նկատելիորեն փոխվել է, և արևմտյան հանրակցությունն այժմ այլ կերպ և շատ ավելի քննադատաբար է քննարկում Վրաստանի իշխանությունների քաղաքականությունը ներքին և արտաքին քաղաքականության տարբեր ուղղություններում։ ՈՒժի համաշխարհային կենտրոնները մի դեպքում համերաշխ դիրք են բռնում Վրաստանի նկատմամբ, իսկ այլ դեպքերում էլ՝ բավականաչափ տարբեր դիրքորոշում։ Հայաստանի ղեկավարությունը փորձում էր Ջավախքում ապավինել քրեական շրջանակներին՝ ջանալով ճնշել հասարակական կազմակերպությունները, բացառել ցանկացած ազատախոհություն և քաղաքացիական հասարակություն ծավալելու փորձերը, թեև միանգամայն հասկանալի էր, որ վրացական իշխանությունների ճնշման ներկայիս պայմաններում միայն հասարակական կազմակերպությունները կարող են պաշտպանել հայ բնակչության իրավունքները։ Դրա պատճառով հասարակական շատ կազմակերպություններ թուլացան, կրճատվեց դրանց ազդեցությունը, իսկ նրանց մի մասն էլ պարզապես վերացվեց Վրաստանի իշխանությունների ջանքերով։ Այդ քաղաքականության միջոցով Հայաստանի իշխանությունները փորձում էին պայմանավորվածությունների գալ Վրաստանի հետ, ինչը ոչ միայն միամտություն էր, այլև վտանգավոր էր տվյալ պայմաններում։ Այդուհանդերձ, Ջավախքի հայ բնակչությունը բավականաչափ ուժեղ է և ընդունակ ընդդիմանալու, և իր մեջ ուժ գտավ ոչ միայն հակազդելու Վրաստանի այդ խտրական, բռնացման քաղաքականությանը, այլև, փաստորեն, չեզոքացնելու այն խմբավորումները, որոնց զորավիգ էին Հայաստանի իշխանությունները։
Հայաստանում և ԼՂՀ-ում, ինչպես նաև Ջավախքի տարածաշրջանում բարդ իրավիճակ է ստեղծվել, ինչը հարուցված է ներքին և արտաքին պայմաններով։ Այդ պայմաններում սփյուռքի կառույցները պետք է հասկանան, որ պատմական հայրենիքի հետ հարաբերությունները չպետք է սահմանափակվեն իշխանությունների հետ կապերով, այլ հասարակական, քաղաքական և մտավորական լայն շրջանակների հետ գործակցելով։ Սփյուռքի կառույցների վարքագծի նախկին մոդելներն ու շարժառիթները դարձել են հնաոճ և իրենց չարդարացնող։ Առաջացել են նոր պայմաններ ու մարտահրավերներ, ուստի և պետք է կարողանալ պատասխանել դրանց։ Ղարաբաղի հայերը կանգնել են ներկայիս ներքին իրադրությունը արմատապես վերանայելու և արտաքին քաղաքականությանն իրենց իրական մասնակցությունն ապահովելու անհրաժեշտության առջև։ Այսպես թե այնպես, Հայաստանի ղեկավարությունը սկսել է հասկանալ, որ միջազգային հարաբերություններից ԼՂՀ մեկուսացումը հանգեցրեց Հայաստանի արտաքին քաղաքականության մանևրելու և արդյունավետության կորստին։ Բայց խնդիրների լուծման բանալին այժմ արդեն ուղղահայաց սխեմայի մեջ չէ, երբ որոշումներն իջեցվում են վերևից ներքև, այլ ժողովրդի հեղափոխական դիրքորոշման մեջ, որին պետք է զորակցեն Հայաստանի հասարակությունն ու սփյուռքը։
Ցավալի է, որ վերջին տարիներին սփյուռքի կազմակերպություններն այդպես էլ չեն որոշարկել իրենց դիրքորոշումը Ղարաբաղի և Ջավախքի խնդիրների առնչությամբ։ Ինչպես Հայաստանի քաղաքական շատ կուսակցություններ և կազմակերպություններ, սփյուռքի կառույցները ձևացնում են, թե Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման համար հռչակված մադրիդյան սկզբունքները թեպետև փոխզիջողական են, բայց և դրական են, և դրանց հիման վրա հնարավոր է կարգավորել Ղարաբաղի հիմնախնդիրը, տարածաշրջանի կացությունը հանգեցնել երկարաժամկետ խաղաղության ու համագործակցության։ Մինչդեռ իրականում մադրիդյան սկզբունքները շատ կասկածելի են և կհանգեցնեն ղարաբաղյան նահանգի կորստին հայ ժողովրդի համար։ Ոչ միայն Ղարաբաղի ճակատագիրը, այլև Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության ճակատագիրը կախված է Դաշտային Ղարաբաղից և որն անվանում են «յոթ կամ հինգ» շրջան, որն այդպիսին չէ միայն երևութականորեն, իսկ իրականում իրենից ներկայացնում է մի նեղ հողաշերտ։ Ոչ սփյուռքի կազմակերպությունները, ոչ էլ սփյուռքի ավանդական քաղաքական կուսակցությունները, որոնք ներկայացված են Հայաստանում, այդպես էլ չեն նշել իրենց վերաբերմունքը մադրիդյան սկզբունքների նկատմամբ։
Միջազգային հանրակցությունը հասկացել է, որ Հայաստանի և սփյուռքի շահերը միշտ չէ, որ համընկնում են, իսկ երբեմն էլ գտնվում են բացահայտ հակասության մեջ։ Այդ առնչությամբ հարց է ծագում, թե սփյուռքի կազմակերպությունները պե՞տք է արդյոք ամեն ինչում ընթանան Հայաստանի իշխանությունների հետևից, թե՞ պետք է ապահովեն սփյուռքի իրական քաղաքական սուբյեկտ լինելը։ Համենայն դեպս, հասկանալի է դարձել, որ 2009 թվականի իրադարձությունները, երբ ներհակություններ ի հայտ եկան Հայաստանի քաղաքական ղեկավարության և սփյուռքի կազմակերպությունների միջև, դաս եղան շատերի համար, ովքեր հույս էին կապել իշխանության վրա ազդեցություն գործելու ընդունակության հետ, երբ համահաշտեցումը (կոնֆորմիզմը) բազային դիրքորոշում էր հանդիսացել։ Սփյուռքի կառույցները պետք է ավելի քննադատաբար վերաբերվեն Հայաստանի քաղաքականությանը և Ղարաբաղում ստեղծված կացությանը, փորձեն մասնակցել Հայաստանի քաղաքական գործընթացներին, ազդեցություն գործեն ԼՂՀ-ի իրավիճակի վրա։ Անցել է իրադարձությունները սոսկ դիտարկելու և համաձայնողական դիրքորոշման ժամանակը։ Դա անցած փուլ է և չկա վերադարձ։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 1051

Մեկնաբանություններ