ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ` ԸՍՏ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ` ԸՍՏ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ
23.04.2010 | 00:00

Երեկ «Իրավունք de facto» ակումբի հյուրը ՀՀ մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) ԱՐՄԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆ էր: Նախքան լրագրողների հարցերին պատասխանելը` պարոն Հարությունյանը ներկայացրեց ցեղասպանության վերաբերյալ իր դիտարկումները: Միանգամայն իրավացիորեն` ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը պնդում է, որ ժամանակն է` գիտնականները հստակեցնեն տարեթվերը. տարբեր հրապարակումներում հանդիպում են 1909, 1915, 1916, 1917, 1861-1923 և այլ թվականներ։ «Իրավական տեսակետից կարևոր է, որ հայերին բնաջնջելու նախապես ծրագրված քաղաքականություն է իրականացվել»,- ասաց պարոն Հարությունյանը` թվականների հարցում ևս գիտական հիմնավորված տեսակետ ակնկալելով: Նա ճիշտ չի համարում ցեղասպանության հարցերով միջազգային քրեական դատարանին դիմելը, որովհետև այդ դատարանը զբաղվում է իր կանոնադրությունը հաստատելուց հետո ծագած հարցերի քննությամբ։ Ճիշտ է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների դատարանին դիմելը, առավել ևս, որ նախադեպեր էլ կան:
Այս օրերին նա անհրաժեշտ է համարում «Հանրային հեռուստաընկերությամբ Տիգրան Խզմալյանի «Արմին Վեգներ. ցեղասպանության լուսանկարիչը» գերմանական արխիվների հիման վրա նկարահանված փաստավավերագրական ֆիլմի ցուցադրումը»:
Անդրադառնալով մարդու իրավունքների պաշտպանության տեսակետից հնչողություն ունեցող դեպքերին` պարոն Հարությունյանը փաստեց Չարենցավանում կատարվածը. «Առաջին դեպքը չէ, երբ մարդիկ հայտնվում են ոստիկանությունում ու չեն վերադառնում: Ոստիկանության համապատասխան բաժինների վրա պետք է ցուցանակ փակցնել` «Վնասակար է առողջության համար» մակագրությամբ: Պետք չէ համոզել, որ ինքնասպանություն է եղել, միևնույն է, ոստիկանությունում գտնվող մարդու ինքնասպանության համար էլ պատասխանատվություն են կրում»:
Մարդու իրավունքների պաշտպանն անդրադարձավ այն դեպքերին, երբ օրենքի տառը չխախտելով` սահմանափակվում են մարդու իրավունքները (Տիգրան Պասկևիչյանի ֆիլմի ցուցադրության արգելումը, ԴՀԱԿ-ի կողմից 11-միլիոնանոց բնակարանը 1 միլիոնով վաճառելը):
ՄԻՊ-ը դժգոհ է նաև աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի աշխատանքից. մեկ երիկամը հեռացրած մարդուն մի դեպքում հաշմանդամություն տրվում է, մեկ այլ դեպքում չի տրվում, և պատճառաբանվում է բժշկի տեսակետով` չներկայացնելով որևէ հիմնավորում:
Լրագրողի խնդրանքով պարոն Հարությունյանն անդրադարձավ նաև ՀՀ ոստիկանապետի վերջին հայտարարություններին ոստիկանության դերի վերաբերյալ: Ի տարբերություն ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի, Արմեն Հարությունյանը կարծում է, որ ոստիկանությունը պետք է քաղաքացու կողքին լինի, իշխանությունն էլ պետք է քաղաքացու կողքին լինի, այլ ոչ թե իշխանությունն ու ոստիկանությունն իրար կողքի, իսկ քաղաքացին` անհայտ մի տեղ:
Պարոն Հարությունյանն անհասկանալի է համարում ժողովրդին ներքին ու արտաքին թշնամիների բաժանելը, առավել ևս, որ մարտի 1-ից հետո քանիցս ասվել է, որ հաղթողներ ու պարտվողներ չպետք է լինեն, և հասարակության կոնսոլիդացիայի անհրաժեշտություն կա: «Ես ցավում եմ, որ մեր բարձրաստիճան պաշտոնյաները նմանատիպ արտահայտություններ են անում: Մեր հասարակության մեջ խոսքի նկատմամբ նվազել է հարգանքը, մոռանում են, որ լեզվամտածողությունն է որոշում մարդու ու ժողովրդի ինքնությունը: Նմանատիպ արտահայտությունները ժողովրդավարական հասարակություն չեն բնորոշում, այլ ավտորիտար, և պետք է զգույշ լինել դրանց գործածումից»,- համոզված է Արմեն Հարությունյանը:
ԱՆԱՀԻՏ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ. -ՀՀ մարդու իրավունքների պաշտպանության վիճակի և խնդիրների վերաբերյալ Արմեն Հարությունյանի հետ հարցազրույցը` «Իրավունքը de facto»-ի առաջիկա համարներից մեկում։

Դիտվել է՝ 1372

Մեկնաբանություններ