ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

ԱՄԵՐԻԿԱ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՈՒՐՋ

ԱՄԵՐԻԿԱ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՈՒՐՋ
08.06.2010 | 00:00

2006-ի գարնանն ամերիկա-թուրքական հարաբերություններում երկու կարևոր իրադարձություն տեղի ունեցավ. պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսի նշանավոր այցը (ապրիլ) Թուրքիա և ամերիկա-թուրքական խորհրդի նիստը (մարտ)։ Ռայսի այցի ընթացքում որոշում ընդունվեց փաստաթուղթ նախապատրաստել «ռազմավարության ընդհանուր հայեցողության մասին»։ 2010-ի ապրիլի սկզբին նորընտիր նախագահ Բարաք Օբաման այցելեց Թուրքիա, հայտարարելով, որ ԱՄՆ-ը մտադիր է պաշտպանել Թուրքիայի անդամակցությունը Եվրամիությանը և պատրաստ է շարունակելու ռազմավարական համագործակցությունը նրա հետ։ Այդ քաղաքական իրադարձություններն ունեին ներկայացուցչական բարձրագույն մակարդակ, իսկ դրանց բովանդակությունն ամերիկա-թուրքական հարաբերությունների արմատական խնդիրների քննարկումն էր։ Տարբեր գնահատումների համաձայն, առերևույթ ԱՄՆ-ին ու Թուրքիային հաջողվեց կարևոր պայմանավորվածություններ ձեռք բերել հարաբերությունների զարգացման հեռանկարների առնչությամբ, բայց իրականում այդ իրադարձություններով սոսկ սկսվեցին հակասությունները, ի հայտ բերեցին հարաբերությունների խոցելի տեղերը և առաջադրեցին մի ամբողջ շարք հարցեր։ Թուրքիան շարունակում է արտաքին քաղաքական ինքնուրույնության ընդլայնման կուրսը, ինչը շարունակ հանդիպում է խոչընդոտների, որ հարուցում է ԱՄՆ-ը որպես տարածաշրջանում իր հետապնդած կոնկրետ խնդիրներից մեկի։ Այս իրավիճակը բավական հակասական է, քանի որ թե՛ ԱՄՆ-ը, թե՛ Թուրքիան ձգտում են հաղթահարել իրենց հարաբերություններում ծագող խնդիրները, բայց անգամ տվյալ իրավիճակում մշտապես առաջանում են նոր դժվարություններ, որոնք ավելի ու ավելի են համակարգային բնույթ կրում։ Այսինքն, այդ դժվարությունները ծագում են ԱՄՆ-ի ու Թուրքիայի քաղաքականության համակարգային պայմաններից։
ԱՄՆ-ի կողմից Թուրքիայի և թուրքական տարբեր խնդիրների ուսումնասիրությունը վաղեմի ավանդույթներ ունի, տարբեր ժամանակներ դրանցով զբաղվել են ամերիկացի նշանավոր հետազոտողներ ու վերլուծաբաններ։ Երկրի առաջատար հետազոտական կենտրոններում, ինչպես նաև մի շարք համալսարաններում, կան կա՛մ թուրքական հետազոտությունների ծրագրեր, կա՛մ Թուրքիային նվիրված առանձին թեմաներ։ Թուրքական թեման կանոնավորապես, տարբեր տեսանկյուններից, քննարկվում է լրատվամիջոցներում, ներկայացուցչական խորհրդաժողովներում, բարձրաշխարհիկ ակումբներում, հրատարակվում են մեծ թվով գրքեր։ Թուրքական ուղղությունն առաջնայիններից և բարդերից մեկն է հետախուզական գործունեության մեջ։ Տասնամյակներ շարունակ Թուրքիան, լինելով ԱՄՆ-ի հուսալի գործընկեր, խնդիրներ չէր հարուցում տեղեկատվության ստացման հարցում, բայց թուրք հանրությունն ու քաղաքական խավը միշտ ԱՄՆ-ին անակնկալներ են մատուցել, ԱՄՆ-ի հետախուզական ու վերլուծական ծառայությունները միշտ չէ, որ կարողանում էին համարժեք կանխատեսել, թե ինչ է տեղի ունենում Թուրքիայի հասարակական-քաղաքական կյանքում։ Թուրքիան ոչ միշտ է հարմար գործընկեր եղել ԱՄՆ-ի համար, ուշադրության առնելով քրդական խնդիրը, թուրք-հունական հարաբերությունները, Կիպրոսի խնդիրը, Թուրքիայի հավակնությունները Մերձավոր Արևելքի մի շարք երկրների հանդեպ, ինչպիսիք են Սիրիան, Իրաքը, Իրանը, հայկական հարցը և այլն։ ԱՄՆ-ի համար առավել բարդն ու անհարմարը Թուրքիայի ու Եվրամիության հարաբերություններն են։ Բայց այդ բոլոր խնդիրներն ԱՄՆ-ը համարել է միանգամայն տանելի, մինչև որ 80-ականների վերջին և 90-ականների սկզբին ի հայտ եկան նոր, անհաճո միտումներ Թուրքիայի քաղաքականության մեջ, հատկապես ԱՄՆ-ի հանդեպ հասարակական տրամադրություններում։ Չնայած 2003 թ. իրաքյան պատերազմի ժամանակ Թուրքիայի գործընկերության առումով այնքան էլ լավ ակնկալիքներ չկային, բայց այն, որ Թուրքիան հրաժարվեց թույլ տալ իր տարածքով չորս դիվիզիա անցկացնել դեպի Իրաքի սահման, ինչն իսկական շոկ էր ամերիկյան ղեկավարության համար և հանգեցրեց Թուրքիայի հետ հարաբերությունների սկզբունքային վերանայման։
Ամերիկացի հետազոտողներն ու վերլուծաբաններն առանձին ցանկություն չունեն խոսելու ամերիկա-թուրքական խնդրի մասին։ Ամերիկացիները նախընտրում են չխոսել իրենց ռազմավարական քաղաքականության բլոկներից մեկի մասին, հատկապես ուշադրության առնելով այնքան խնդրառատ տարածաշրջանում աշխարհառազմավարական գործընկերների հետ երկարամյա սերտ համագործակցությունը։ Ամերիկացի առաջատար քաղաքագետներից մեկի` Կորդեսմանի խոսքերով` «Թուրքիայի մասին ամերիկացի փորձագետների ասածներից շատ բան, անկասկած, ճիշտ է, բայց դա ճշմարտության մի մասն է միայն և ոչ թե ամբողջ ճշմարտությունը»։ Այս ձևակերպումը մեծապես արտացոլում է իրադրությունն ամերիկյան քաղաքականության և վերլուծաբանության մեջ, քանի որ ամերիկացի շատ հետազոտողներ տարիներ ի վեր սերտորեն կապված են Թուրքիայի հետ, նախ և առաջ թուրքական կառավարության հետ, անգամ եթե այդ համագործակցությունն անցյալում է մնացել։ Ամերիկացի հետազոտողները պատասխանատվություն են զգում ոչ միայն նախկին պարտավորությունների համար, այլև Թուրքիայում տեղի ունեցած գործընթացներն ու իրադարձությունները ճիշտ կանխատեսելու անկարողության պատճառով։
Ամերիկացի (նաև բրիտանացի) փորձագետների մեծ մասը համամիտ է իրենց առաջարկված հետևյալ ձևակերպման հետ. «Ամերիկա-թուրքական և թուրք-ամերիկյան հարաբերություններում խոր ճգնաժամ չկա, այդ հարաբերությունները շարունակում են մնալ կանխատեսելի ու հարթ, բայց առկա խնդիրները խորանալու միտում ունեն, դրանց արագ լուծման հույսեր չկան, ինչը չի կարող ԱՄՆ-ին թույլ տալ այսուհետ ևս Թուրքիան համարել հուսալի գործընկեր»։ Դրա հետ մեկտեղ, այդ ձևակերպումն այնքան էլ համարժեք չէ և բավականաչափ ճշգրիտ չէ, ինչը պահանջում է վերծանել այն և զարգացնել այդ գործընթացների վերլուծությունը։
Էնթոնի Կորդեսմանի գնահատմամբ, Կովկասի, Մերձավոր Արևելքի, Բալկանների, Ռուսաստանի նման տարածաշրջաններ ներկայացնող փորձագետներին բնորոշ է գերագնահատել Թուրքիայի դերն ամերիկյան քաղաքականության մեջ։ Թուրքիան, իրոք, կարևոր երկիր է ԱՄՆ-ի համար և շարունակում է մնալ որպես ԱՄՆ-ի առաջատար գործընկեր Մերձավոր Արևելքի տարածաշրջանում։ Թուրքիայի հետ ԱՄՆ-ին կապում են Սև և Կասպից ծովերի շրջակա տարածաշրջաններում, Մերձավոր Արևելքում եղած մի շարք խնդիրներ, բայց Թուրքիայի առնչությամբ ծագող խնդիրներն առաջնային չեն ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության մեջ։ Փորձագետների կարծիքով, Թուրքիան տարբեր ծրագրերով լավ ներկայացված է առաջատար ինստիտուտներում ու վերլուծական կենտրոններում, Թուրքիան բավական հաճախ է հիշատակվում մի շարք տարածաշրջանների ու նախագծերի հետ կապված բազմաթիվ խնդիրներին առնչվող հրապարակումներում։ Այս ամենը տպավորություն է ստեղծում, թե ԱՄՆ-ի համար Թուրքիան առանցքային խնդիր է։ Կորդեսմանի կարծիքով, Թուրքիայում ԱՄՆ-ի տնտեսական կապերն ու տնտեսական հարաբերություններն աննշան են։ Էներգահաղորդակցական պատկերը տարածաշրջանում, ԱՄՆ-ի պլաններին համապատասխան, ըստ էության, ավարտված է։ Թուրքիայի հետ կապված նախագծերն ունեն քաղաքական բացարձակ ապահովություն։ ԱՄՆ-ի կողմից պլանավորվող միջտարածաշրջանային նշանակության այլ նախագծեր միջնաժամկետ հեռանկարում չեն նախատեսվում։ Հարաբերությունների առկա մակարդակը լիովին բավարարում է ԱՄՆ-ին, բայց ոչ Թուրքիային։ ՈՒստի Թուրքիայից ստացվում են տարբեր առաջարկություններ ու դժգոհություններ, որոնք ոչ միշտ կարող են ընդունելի լինել ԱՄՆ-ի համար։
Սրան համակարծիք են մի քանի այլ ամերիկացի փորձագետներ։ Դրա հետ մեկտեղ, հարկ է ուշադրության առնել, որ կան առաջատար փորձագետների` ամերիկա-թուրքական հարաբերություններին առնչվող տարբեր գնահատականներ։ Մի շարք փորձագետներ կարծում են, որ դրանք, անշուշտ, կրում են համակարգային բնույթ։ Նրանց գնահատումներով, խնդիրներն ավելացել են վերջին տասնամյակներում, և ԱՄՆ-ը չի կարողացել ժամանակին իմաստավորել տեղի ունեցող իրադարձությունները, հույս դնելով իր ավանդական գործընկերոջ` թուրքական գեներալակազմի վրա, որն ինքն է ենթարկվել քաղաքական նոր հովերի։ Թուրքիայում նկատվող նոր միտումների անտեսումը բերել է այդ երկրի նկատմամբ ամերիկյան քաղաքականության ձախողման, ինչն էլ հանգեցրել է ոչ թե մարտավարական պլաններում ինչ-որ ճշգրտումների, այլ տարածաշրջանում մի շարք «հենակետային» գործընկերների վերանայման անհրաժեշտության։ Փորձագետների տվյալ խումբը կարծում է, որ եթե անգամ Թուրքիան պահպաներ բարեհաճությունն ԱՄՆ-ի նկատմամբ, մասնավորապես, Իրաքում պատերազմական գործողության հարցում, միևնույն է, փոփոխություններ տեղի կունենային ամերիկա-թուրքական հարաբերություններում, քանի որ դա պայմանավորված է մերձավորարևելյան այդ տերության` որպես տարածաշրջանային գործընկերոջ նկատմամբ ԱՄՆ-ի հետաքրքրության նվազմամբ։ 90-ականներին Թուրքիան սկսեց զգալ ԱՄՆ-ի հետաքրքրության նվազումը, ինչը զուգադիպել էր Անկարայի հարաճուն հավակնություններին։ Փորձագետների մեկ ուրիշ խումբ` Սվենթ Կոռնելը, Փիթեր Ռոզենբլատը, Փոլ Սանդերսը, Ջուդիթ Կիպերը, Զենո Բարանը, Պատրիկ Կլաուսոնը, որոնք ներկայացնում են ոչ միայն նշանավոր հետազոտական ինստիտուտներ ու կենտրոններ, այլև ամերիկյան ազդեցիկ քաղաքական խմբավորումներ, ավելի լավատեսորեն են նայում ամերիկա-թուրքական հարաբերությունների հեռանկարին։ Նրանց կարծիքով, չնայած այդ հարաբերություններում տեղ գտած ձախողմանը, երկու կողմն էլ ձգտում է կայունացնել փոխհարաբերությունները, դրանց տալ նոր բովանդակություն և գլխավորը` որոշակի պայմանավորվածության գալ արտաքին քաղաքականության հարցերում խորհրդակցելու և համաձայնություն կայացնելու կանոնների առնչությամբ։ ԱՄՆ-ը և Թուրքիան հասկանում են, որ նախկին հարաբերություններին վերադարձ չի լինի, և անհրաժեշտ է նոր հարաբերություններ կառուցել։ Այդ նոր հարաբերությունները պետք է ներառեն այնպիսի հարցեր, ինչպիսիք են քաղաքականության տարածաշրջանային ուղղությունները, զինված ուժերի սպառազինումն ու արդիականացումը, այլ գործընկերների` ՆԱՏՕ-ի ու Եվրամիության հետ համագործակցությունը Թուրքիայի ներքին խնդիրների և անվտանգության ընդհանուր խնդիրների շուրջ։ Առանձին փորձագետների կարծիքով, Թուրքիայի հետ հարաբերությունների զարգացմամբ առավել շահագրգիռ է ԱՄՆ-ի պաշտպանական գերատեսչությունը, որին անհրաժեշտ է տարածաշրջանում մի շարք առաջադրանքներ կատարել, ինչը ենթադրում է համագործակցություն Թուրքիայի հետ։
Կոնգրեսում Թուրքիան ոչ մի ժողովրդականություն չունի, իսկ, այսպես կոչված, թուրքական լոբբին, ըստ էության, փլուզվել է։ Ընդ որում, Թուրքիայի շահերի նախկին առավել կրքոտ պաշտպանները բացահայտորեն հակաթուրքական դիրք են բռնել։ Հայկական և հունական լոբբիստների խոստովանությամբ, այժմ ավելի հեշտ է արգելափակել Կոնգրեսի որոշումները Թուրքիային սպառազինություն մատակարարելու մասին։ Ինչ վերաբերում է կիպրական ծրագրին, ապա ԱՄՆ-ն առանց մեծ առարկությունների ընդունեց ՄԱԿ-ի ու Եվրամիության նախաձեռնությունների հանդեպ Կիպրոսի Հանրապետության ղեկավարության դիրքորոշումը։ Սովորաբար Կոնգրեսում զգալի իներցիոն վերաբերմունք կա հակաամերիկյան որոշումների նկատմամբ, որ ընդունվում են այլ երկրներում ու միջազգային կազմակերպություններում։
Ամերիկյան ու բրիտանական քաղաքական գրականության մեջ Թուրքիայի խնդիրներն սկսել են դիտարկվել որպես բավական սկզբունքային, և որոշակի իմաստով Թուրքիան ԱՄՆ-ի շահերի ու քաղաքականության առումով դարձել է Արևելքի «Ֆրանսիա», այսինքն` լինելով ԱՄՆ-ի դաշնակիցը, նա, միաժամանակ, անընդհատ պատրաստ է խոչընդոտներ հարուցելու նրա ճանապարհին։ Այդ հրապարակումների մեծ մասը որոշակի շտամպ, համակարգորեն կրկնվող մտքեր ու հետևություններ է բովանդակում, ընդ որում, ամենից հաճախ բացակայում են բովանդակալի հանձնարարականներն ու առաջարկությունները։ Փորձագետների մեծ մասն ափսոսանք է արտահայտում տեղի ունեցող իրադարձությունների ու այդ հարաբերությունների կարգավորման փորձերում անհաջողությունների առթիվ։ Տպավորություն է ստեղծվում, որ ԱՄՆ-ն, ընդհանուր առմամբ, հաշտվել է այս դրության հետ և չի ձգտում կիրառել յուրատիպ, նոր լուծումներ և, առավել ևս, սկզբունքորեն նոր նախաձեռնություններ` Մերձավոր Արևելքում և Եվրասիայում քաղաքականություն ծավալելու գործում, որի շրջանակներում ԱՄՆ-ը կհայտնաբերեր իր «պատվավոր» տեղը։
ԱՄՆ-ը, որը տասնամյակներ ի վեր համաթուրքականությունն է սնուցել որպես աշխարհաքաղաքական և քաղաքական-գաղափարախոսական դոկտրին, 90-ականների սկզբին զգալիորեն վերանայեց այդ դոկտրինը, ձգտելով այն ներկայացնել որպես մշակութային հայեցակարգ։ Թուրքական մի շարք ծրագրերում, որոնք ներառված են ԱՄՆ-ի առաջատար վերլուծական ինստիտուտների ու կենտրոնների պլանների մեջ, համաթուրքականությունը ներկայանում է որպես միջոցառումների շարք, որի նպատակն է լուծել թուրքական երկրների ու ժողովուրդների մշակութային, լեզվական և սոցիալական խնդիրները։ Ամերիկացի փորձագետները կարծում են, որ համաթուրքականությունը կարող է արդիականացվել և մաքրվել քաղաքական, գաղափարախոսական և, առավել ևս, ռասիստական տարրերից, սակայն այդ փաստարկները ոչ միշտ են համոզիչ հնչում։ Եթե Կենտրոնական Ասիայում համաթուրքականությունը որպես Թուրքիայի աշխարհաքաղաքական ու գաղափարախոսական դոկտրին լիակատար ձախողում է կրել, քանի որ այդ տարածաշրջանի ժողովուրդներն էապես տարբերվում են անատոլիական մշակութային պատմական տիպից, ապա Ադրբեջանում համաթուրքականության դոկտրինը ծաղկում է ապրում, թեև դրան խնամառուական են վերաբերվում, իսկ ադրբեջանական հասարակության քաղաքական մտածելակերպը մեծ մասամբ ընդօրինակում է անատոլիական սոցիալ-մշակութային և քաղաքական տիպը։ Ամերիկացիներն իրենց քարոզչության մեջ ամեն կերպ ձգտում են խույս տալ այդ հասկացության քննարկումից, անգամ հիշատակումից։ Ադրբեջանի արտաքին քաղաքական կողմնորոշման առնչությամբ ամերիկացի փորձագետների շրջանում կա երկու կարծիք։ Ոմանք կարծում են, թե կա երկու սպառնալիք կամ, ինչպես ընդունված է ասել, տհաճ հեռանկար, որը կապված է իսլամական ազդեցության և համաթուրքականության գաղափարների հետ։ Մյուս փորձագետները կարծում են, որ իսլամականությունն ու համաթուրքականությունը մտացածին սպառնալիքներ են, և ադրբեջանական հանրությունն արդեն միանգամայն որոշակի ընտրություն է կատարել` ամենաարմատական եվրոպականացում, ընդ որում, հրաժարում բոլոր տիպական, ասիական տարրերից ու գծերից, երբ դեն կնետվեն ազգային-մշակութային-կրոնական շատ ավանդույթներ։ Երկու կարծիքն էլ, անտարակույս, ծայրահեղ են, բայց ադրբեջանցիները, իրոք, աշխարհը կզարմացնեն ամենաարմատական եվրոպականացման փորձերով, երբ իսլամական ու համաթուրքականության գաղափարները միշտ լուսանցքային վիճակում կլինեն։ Թուրքիան էական խնդիրներ չունի Ադրբեջանում և կարիք չի զգում կիրառելու համաթուրքականության շինծու քարոզչություն։ Միաժամանակ, Թուրքիան, զգալով, որ համաթուրքականության գաղափարներն ԱՄՆ-ը չի ընդունում, կարող է դրանք օգտագործել որպես հակափաստարկ։ Այսպիսով, համաթուրքականությունը «սառեցված» դոկտրին է, սակայն կարող է հաջողությամբ կենդանացվել, ինչը կարող է պայքարի միասնական նպատակակետ դառնալ ԱՄՆ-ի և Ռուսաստանի համար։ Վերջիններս շահագրգռված են Թուրքիայի հետ Ադրբեջանի քաղաքական և ռազմական հարաբերությունների թուլացմամբ, թեև, որոշակի հանգամանքներում, ԱՄՆ-ը կփորձի թուրքական ազդեցությունը որպես փաստարկ բերել Ռուսաստանի հետ երկխոսության ժամանակ։ Ռուս-թուրքական մերձեցումը, որը շատ է անհանգստացնում ԱՄՆ-ին, կարող է հանգեցնել Ադրբեջանում Թուրքիայի ռազմական ջանքերի ժամանակավոր պաշտպանության։ Դրա հետ մեկտեղ, Թուրքիան Ռուսաստանի ազդեցությունից զերծ պահելու ԱՄՆ-ի ամեն ջանք ոչ թե բացառում, այլ, ընդհակառակը, հաստատում է ԱՄՆ-ի մտադրությունը վարելու թուրքական հավակնությունների զսպման քաղաքականություն` հատկապես տարածաշրջաններում։
Հ. Գ. -Վաշինգտոնում բավական լայն բանավեճ է ծավալվել թուրքական թեմայով, որի նախաձեռնողը ոչ թե ԱՄՆ-ի վարչակազմն է կամ փորձագիտական ընկերակցությունը, այլ ինքը` Թուրքիան, նրա կառավարությունը` ամերիկյան մի շարք թուրքազգի փորձագետների օգնությամբ։ ԱՄՆ-ում Թուրքիայի գծով առաջատար մասնագետ Յան Լեզերը` Հերման Մարշալի հիմնադրամից, պնդում է, որ թուրքերը շատ են ուզում այդ բանավեճը ներկայացնել որպես ամերիկյան նախաձեռնություն, բայց դա այդպես չէ, և վարչակազմը ոչ մի միտք չունի Թուրքիային տալու ավելի մեծ նշանակություն, քան նա ունի։ ԱՄՆ-ի վարչակազմը որդեգրել է Թուրքիայի հետ հարաբերություններին գերկարևոր նշանակություն չտալու մարտավարություն և հուսով է, որ այդ երկրում ներքին իրադրությունը կփոխվի։ Միաժամանակ, ԱՄՆ-ը չի փորձում ջանքեր գործադրել դեպի տարածաշրջաններ Թուրքիայի ձգտումը զսպելու ուղղությամբ, բայց միայն մարտավարական ձևաչափով։ ԱՄՆ-ը, անկասկած, հույս ունի, որ Թուրքիան կհանդիպի հարևանների ու տարածաշրջանային մրցակիցների հակազդեցությանը, ինչն ավելի նպաստավոր պայմաններ կստեղծի ամերիկյան քաղաքականության ծավալման համար։ Կասկած չկա, որ ԱՄՆ-ն արդեն Թուրքիայի արմատական գործողությունները հակակշռող նախագծեր ունի։ Բայց սա արդեն այլ հոդվածի թեմա է։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 1468

Մեկնաբանություններ