«Երկբևեռ» աշխարհի գոյությունն ավարտվելուց և ՆԱՏՕ-ի ճգնաժամն սկսվելուց հետո տարբեր տարածաշրջանների պետությունները չեն շտապում ստեղծել պաշտոնական ռազմաքաղաքական դաշինքներ։ Դա ունի մի քանի պատճառ, այն է` ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի անդամ առաջատար պետությունների սկզբունքային դիմադրությունը, համաշխարհային և տարածաշրջանային աշխարհաքաղաքական խաղերի` պատմության մեջ աննախադեպ փոխադարձ կապն ու բարդությունը, սպառազինությունների վրա կատարվող նյութական ծախսերի աճը, իրենց անվտանգության խնդիրներն ինքնուրույն կամ խնամակալ տերությունների օգնությամբ լուծելու պետությունների մեծամասնության ընդունակությունը, արտաքին քաղաքականության նպատակների ու խնդիրների փոփոխությունը, աշխարհատնտեսական նպատակների ու խնդիրների առաջնայնությունները։ Սակայն պայմանագրային դաշինքներ ստեղծելու ձգտման բացակայության հիմնական պատճառն առճակատման քաղաքականության վտանգն է։ Առկա աշխարհակարգն առայժմ հնարավորություն տալիս է (շատ դեպքերում` միանգամայն հաջողությամբ) լուծելու պետությունների միջև եղած վիճելի հարցերը։ Բայց այդ հարցերն ու խնդիրները չեն անհետացել, դրանք շատ վայրերում ժամանակավորապես սառեցվել են և սպասում են իրենց լուծմանը։ ՈՒրիշների հետ հակամարտություններ ունեցող պետությունների մեծ մասը զգալի տնտեսական դժվարություններ է կրում, ինչը մշտապես սպառնում է վերաճելու սոցիալ-քաղաքական անկայունության։ Պետությունները ձգտում են կամ առհասարակ մոռացության մատնել իրենց միջազգային խնդիրները, կամ այդ խնդիրները լուծել տնտեսականին զուգընթաց, ինչից կախված է խաղաղության և հարաբերական կայունության պահպանումը։
Այն ընդարձակ տարածությունը, որ Զբիգնև Բժեզինսկին անվանել է «Եվրոպական Բալկաններ», ավելի անկայուն է և աշխարհակարգի պահպանման առումով ավելի վտանգավոր, քան Արևմտյան Աֆրիկան, Մերձավոր Արևելքն ու Հարավային Ասիան։ Այդ տարածաշրջանում բախվում են ոչ միայն տնտեսական ու քաղաքական շահեր, այլև ամբողջ քաղաքակրթություններ։ Իսկ որո՞նք են առավել ընդգրկուն հակասությունները «Եվրոպական Բալկանների» տարածաշրջանում, այդ թվում` Հարավային Կովկասում, և որո՞նք են այդ հակասությունների շարժառիթները։
Հետազոտողների շրջանում միշտ առաջացող հարցը, թե ինչն է ԱՄՆ-ի համար առաջնայինն այդ շրջանում` տնտեսությո՞ւնը, թե՞ քաղաքականությունը, ոչ թե քաղաքական ռեբուս է, այլ հենց ամերիկացիների համար այդ հարցը լիովին լուծված չլինելու նշան։ Ամենատարօրինակը, որ կարող է տեղի ունենալ այդ խնդրի առնչությամբ, այն է, եթե պարզվի, որ ԱՄՆ-ի պաշտոնական դոկտրինով ամերիկյան նպատակներն ու խնդիրները նորանկախ պետությունների վերաբերմամբ սպառված են։ ԱՄՆ-ի պաշտոնական դոկտրինի նպատակն այդ պետությունների անկախության և անվտանգության պահպանությունն է։ Քաղաքական գրականության մեջ գոյության իրավունք է ստացել այն գերիշխող գաղափարը, որ նորանկախ պետությունների առնչությամբ ամերիկյան քաղաքականությունն առաջին հերթին ուղղված է Ռուսաստանի դեմ, որպեսզի ռուսական եվրասիական կայսրությունը չվերականգնվի։ Կասկած չկա, որ ԱՄՆ-ն իր առջև հենց այդ առաջնային աշխարհաքաղաքական խնդիրն է դնում։ Դա չեն թաքցնում անգամ իրենք` ամերիկացիները։ Սակայն ռուս քաղաքագետները, հատկապես եվրասիական և «մերձեվրասիական» ուղղվածության, հակված են ամերիկա-ռուսական աշխարհաքաղաքական հակամարտությունը, այնուամենայնիվ, ներկայացնելու որպես պայքար Ծովապետական ուժերի (Ծովի ուժերի) և Ցամաքապետական ուժերի (Ցամաքի ուժերի) միջև, ինչը լիովին համահունչ է ռուսական հոգևոր-քաղաքական ավանդույթներին, սակայն միանգամայն կատակերգա-ծաղրանկարային է ԱՄՆ-ի համար։ Սակայն ծովային տերությունների պայքարը մայրցամաքայինների դեմ պատմական փաստ է և, ըստ երևույթին, ունի իր սրբազան էությունը, թեև պատմության մեջ խոր հակամարտություն է տեղի ունենում ոչ միայն ծովային և մայրցամաքային տերությունների միջև։
Հնարավոր է, որ ապագայում, երբ համաշխարհային հակամարտության սխեման ու տրամաբանությունը փոքր-ինչ փոխվեն, առաջարկվի ամերիկա-ռուսական հակամարտության հետևյալ տրամաբանությունը.
Տարածությունը, որ զբաղեցնում է Ռուսաստանը, ունի պետության ցամաքապետական, եվրասիական կարգ` անկախ ազգերից և կրոններից։ Միանգամայն պարզ է, որ դասական ծովապետական տերություն Թուրքիան պակաս լուրջ խնդիրներ չունի եվրասիական թուրքական ցեղերի քաղաքական առաջնայնությունների ըմբռնման առումով։ Ռուսաստանը, որպես եվրոպական մշակույթի մաս, պահպանում է իր եվրասիական էությունը, մինչդեռ իսլամական շատ երկրներ առավելագույնս արևելականացվել են և իրենցից ներկայացնում են «Նոր Կարթագեններ»։ Ցանկացած պայքար Ռուսաստանի դեմ ունի հակամայրցամաքային ուղղվածություն։ Այսինքն, Ռուսաստանի բոլոր «գործող» հակառակորդներն ունեն հակաեվրասիական էություն, և այդպիսին է նրանց քաղաքական ու աշխարհաքաղաքական տրամաբանությունը։
ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը, ըստ էության, երբեք չի ունեցել և չունի որևէ քաղաքակրթական բովանդակություն։ Դա կհակասեր ԱՄՆ-ի առավել եվրոպական և այլ ավանդական գնահատականներին` որպես վերազգային կայսրության, և առավել ևս որպես «Նոր Հռոմի», ինչպես նրան ձգտում են ներկայացնել իսլամական ավանդապաշտները։ Դրա հետ մեկտեղ, ամերիկյան քաղաքականության հետ էլ են տարօրինակ բաներ կատարվում։ ԱՄՆ-ի քաղաքականությունը ձեռք է բերում նվիրական, քաղաքակիրթ իմաստ, երբ նրա հակառակորդը Ռուսաստանն է կամ մեկ այլ մայրցամաքային տերություն, որն ավանդապաշտական քաղաքական գաղափարախոսության կրող է։
Ամերիկացիների համար նման հակառակորդները չափազանց անհարմար են, այդ երկրների վերնախավերն անկանխատեսելի են. նրանց ընդունած որոշումները համարվում են անիրատեսական և դրանով իսկ առանձնապես վտանգավոր։ Պայքարը գաղափարախոսությունների և գաղափարականացված վարչակազմերի դեմ ԱՄՆ-ի համար առավել բարդն է։ (Վերջին ժամանակներս ԱՄՆ-ում առաջարկություններ են ի հայտ եկել, օրինակ, գնելու Հյուսիսային Կորեայի և անցանկալի վարչակազմեր ունեցող այլ երկրների զանգվածային ոչնչացման միջոցները)։
Ռուսաստանն ընդունվել է տնտեսապես առավել զարգացած պետությունների բարձրաշխարհիկ ակումբ։ Ռուսաստանի ղեկավարները մասնակցում են ռազմավարական առումով առավել կարևոր միջազգային որոշումների ընդունմանը։ Բոլորը, ամերիկացիներն էլ այդ թվում, չնայած Ռուսաստանի քաղաքական-տնտեսական աննախադեպ թուլացմանը, ուշադրությամբ լսում են նրա կարծիքը, հատկապես հակամարտությունների պարագայում։ Ռուսաստանում տեղի ունեցած ներքաղաքական իրադարձությունները հանգեցրին օրախնդիր ասպարեզից ԱՄՆ-ի ու Արևմուտքի համար անընդունելի երեք հիմնական քաղաքական ուԺերի` ձախ նացիոնալ-հայրենասերների, կոմունիստական կուսակցության, ինչպես նաև էթնո-ազգայնականների դուրսմղմանը։ Չնայած արմատական լիբերալ ուժերը ջախջախիչ պատմական պարտություն կրեցին, ինչը ԱՄՆ-ի դեմոկրատական կուսակցության ձախողումն է, Ռուսաստանում հաստատվեցին աջ հայրենասերների կողմից իշխանությունը տնօրինելու հեռանկարներ։ Ամերիկացիները չեն կարող չհասկանալ, որ ամերիկա-ռուսական հակամարտության մեջ գաղափարախոսական տարրերը բացառվում են։ Ռուսաստանում ձևավորվում է աջ հայրենասիրություն, այսինքն` Ռուսաստանի քաղաքական ասպարեզը շուտով քիչ բանով կտարբերվի ավանդական եվրոպականից, ուր ձախերը միշտ էլ ծանրակշիռ դիրք են ունեցել։
Միջազգային քաղաքական միտումներն այնպիսին են, որ Ռուսաստանի առնչությամբ ԱՄՆ-ի քաղաքականությունը քիչ է տարբերվելու Եվրոպայի կամ Ճապոնիայի առնչությամբ նրա քաղաքականությունից։ Կիրառվել են քաղաքական ինքնուրույնություն, դոլարի դուրսմղում թույլ չտալու նույն մեթոդները, պայքար է մղվելու ամերիկյան ընկերությունների շահերի, տեխնոլոգիական ու հետազոտական առաջնայնությունների պաշտպանության համար։ Այս կապակցությամբ կարելի է ենթադրել, որ ամերիկացիները նախկին խորհրդային տարածքները տարբերակում են երկու մասի։ Ամերիկացիները Ռուսաստանն ամենևին էլ չեն պատկերացնում որպես Արևմուտքի հումքային կցորդ, ինչպես շարունակում են պնդել ռուս քաղաքագետները և ձախ թևի լրատվամիջոցները, այլ որպես նոր տարանցասպասարկման աշխարհաքաղաքակրթություն, որ բնութագրվում է որպես բարձրտեխնոլոգիական և մեծապես բարձրաշխարհիկ, բայց բարձրտեխնոլոգիական և էներգահումքային գործառույթների առումով ԱՄՆ-ին և Արևմուտքին ենթակա։ ԱՄՆ-ը չի կարող հուսալ, թե Ռուսաստանը ենթարկվելու է սոցիալական ու տնտեսական բարոյախեղման և վերածվելու է Երրորդ աշխարհի երկրի։ ԱՄՆ-ն իր առջև իրատեսական նպատակներ է դնում։ Բայց հենց այդ ամերիկյան կեղծ լավատեսության մեջ է թաքնված այն իրոք նվիրական խնդիրը, որ հարկադրվում են լուծելու ամերիկացիները, կենսագործելով «նոր աշխարհակարգը»։ Ռուսական ուղղափառ եվրասիական քաղաքակրթությունը պետք է ենթարկվի քաղաքակրթական տարանցման, այսինքն` պետք է տեղի ունենա «քաղաքակրթական դաշտի» շրջափոխում։
ՈՒ նորից հարկ է նշել, որ Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի այդ պայքարը սկզբունքորեն առանձնակի բնույթ չի կրում։ Նմանատիպ հնարքներ, փոփոխակի հաջողություններով, ամերիկացիները գործադրել են Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Եվրոպայում, Ճապոնիայում, ինչպես նաև Լատինական Ամերիկայի և անգամ արաբական աշխարհի նկատմամբ։ Ամերիկացիները հասկանում են իրենց քաղաքակրթության մատերիալիստական առավելությունները և ձգտում են այդ առավելություններն օգտագործել իրենց արտաքին քաղաքականության մեջ։
Ռուսաստանից բացի, Հարավային Կովկասի ու Կենտրոնական Ասիայի առնչությամբ էլ է որոշ քաղաքակրթական տարանցում, այսինքն` տարանցասպասարկման աշխարհաքաղաքակրթության ստեղծում ենթադրվում, բայց ոչ թե տեխնոլոգիական, այլ հումքային տիպի։ Այդ տարածաշրջանների երկրները հիմքեր չունեն հավակնելու բարձրտեխնոլոգիական տարանցասպասարկման աշխարհաքաղաքականության։ Բացառված չէ, որ այդ տարածաշրջանները տարանցասպասարկման գործառույթներ կատարեն ոչ միայն Արևմուտքի, այլև Ռուսաստանի համար։
Այդքան հակասական ամերիկյան արտաքին քաղաքականությունը չէր կարող չազդել նախկին խորհրդային տարածքում, այդ թվում` Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում, ԱՄՆ-ի նպատակների ու խնդիրների ոչ բավարար որոշակիության վրա։ Այդ տարածաշրջաններում ԱՄՆ-ի քաղաքականության անորոշակիությունն ու անհետևողականությունը դարձել են ոչ այնքան կարևոր, բայց, այնուամենայնիվ, օգտագործվող փաստարկներ ԱՄՆ-ի քաղաքական ընդդիմախոսների համար։ Իհարկե, այդ փաստարկները համազոր չեն Բալկանների իրադարձություններին և մեծ մասամբ օգտագործվում են հետազոտական-վերլուծական գործունեության ոլորտում։ Բայց, ըստ երևույթին, բարձր քաղաքական ոլորտներում Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ԱՄՆ-ի քաղաքականության անորոշակիության օրինակները բերվում են որպես ծանրակշիռ փաստարկներ։ Դա չի կարող հաշվի չառնվել ԱՄՆ-ի բոլոր հետագա կառավարությունների կողմից։
Հարավային Կովկասում հակամարտությունների կարգավորման գործընթացների առնչությամբ ԱՄՆ-ի քաղաքականությունը դարձել է ավելի զուսպ ու զգուշավոր։ ԱՄՆ-ի քաղաքականության մեջ ավելի ու ավելի նկատելի է դառնում տարածաշրջանում Ռուսաստանի և Իրանի հետ համագործակցելու պատրաստակամությունը։ Միաժամանակ, ԱՄՆ-ը գերիշխող դիրքերի է հասել կարգավորման գործընթացում և իր այդ դիրքերը չի կորցնի։ ԱՄՆ-ի քաղաքականության մեջ, անտարակույս, կմեծանա աշխարհատնտեսական նախագծերի, ամերիկյան ընկերությունների շահերի պաշտպանության, ներդրումների արդյունավետության ապահովման նշանակությունը։ Այդ նպատակներն ու խնդիրները լիովին զուգորդվում են Ռուսաստանի հետ որոշակի պայմանավորվածություններով, որ կարող են ձեռք բերվել տեսանելի ապագայում։ Անհիմն կլիներ պնդել, թե ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև համընդգրկում պայմանավորվածություններ կարելի է սպասել Եվրասիայում և տվյալ տարածաշրջաններում համագործակցության շուրջ։ Դա կնշանակեր ոչ միայն ամերիկյան քաղաքականության արմատական շրջադարձ, այլև ամերիկացիների կողմից իրենց քաղաքական դիրքերի հանձնում։ Հարկ է հաշվի առնել, որ այդ տարածաշրջաններում ակտիվորեն աշխատում են ԱՄՆ-ի ոչ միայն քաղաքական, այլև ռազմական ծրագրերը։ Սակայն հնարավոր են մասնավոր պայմանավորվածություններ էներգետիկ և այլ հաղորդուղիների պաշտպանության ոլորտում։
Եթե տվյալ տարածաշրջաններում ԱՄՆ-ի քաղաքականությունը սկսի ավելի շատ արտացոլել նրա աշխարհատնտեսական շահերը, ապա դրա շնորհիվ կնվազի առճակատման մակարդակը ԱՄՆ-ի ու Ռուսաստանի և ԱՄՆ-ի ու Իրանի միջև։ Կարելի է նաև ենթադրել, որ Հարավային Կովկասում ԱՄՆ-ի քաղաքականության մեջ աշխարհատնտեսական գործոնների աճը կփոխի նրա արմատականությունը ռազմաքաղաքական հակամարտությունների կարգավորման գործում։ Դա, անկասկած, կնպաստի տարածաշրջանի պետությունների քաղաքականության մեջ հանդուրժողականության և կառուցողականության մթնոլորտի ստեղծմանը։ Թեև ամեն ինչ կարող է նաև այլ ընթացք ունենալ։ ԱՄՆ-ի քաղաքականությունն այնքան պարզ չէ, որքան երբեմն փորձում են ներկայացնել եվրոպացի քաղաքագետները` ամերիկյան վերնախավը` պարզունակ, իսկ նրա քաղաքականությունը` կոպիտ ներկայացնելու իրենց մոլի ձգտմամբ։ Աշխարհաքաղաքականությունը աշխարհատնտեսությամբ փոխարինելու փորձը կհանգեցնի ոչ միայն հավակնությունների, այլև ամերիկյան երազանքի փլուզման, բայց դրա համար չեն ներում։ Երազանքն ավելի կարևոր է, քան ոսկու քսակը։ Երազանքը ազգի ոգին է։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ