ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

ԴԺԳՈՒՅՆ ՈՒՂԵ՞ՐՁ, ԹԵ՞ ՍԱՌԸ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀՐԱՎԵՐ

ԴԺԳՈՒՅՆ ՈՒՂԵ՞ՐՁ, ԹԵ՞ ՍԱՌԸ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀՐԱՎԵՐ
03.12.2010 | 00:00

Երկրի վերնախավին ու բնակչությանն ուղղված նախագահ Մեդվեդևի երրորդ հեռուստատեսային ուղերձը, որը նախապատրաստվել էր խիստ գաղտնի և ազդարարվել իբրև «նոր ճեղքում», դատելով Ռուսաստանում հնչող արձագանքներից, սենսացիաներ չհարուցեց։ Դեռ ավելին, հուրախություն իր հակառակորդների և ի դառնություն կողմնակիցների` նախագահը սոսկ կրկնեց այն, ինչի մասին խոսել էր վերջին մեկ տարում։
Գլխավորն այն է, որ նա խուսափեց սուր թեմաներից, իսկ ակնկալվող շատ բաներ ընդհանրապես անտեսվեցին։ Մի շատ հետաքրքիր հանգամանք. Մեդվեդևն իր բլոգում նշել է, թե նյութի վրա աշխատել է մինչև ուշ գիշեր և «նույնիսկ չի կարողացել ընթրել», իսկ լրագրողները պարզել են, որ ելույթից մեկ օր առաջ շարադրանքից ջնջել էին ամենահետաքրքիր նախաձեռնությունները։ Այդ պատճառով 72-րոպեանոց ելույթում չէին հնչել կոնկրետ պատասխաններ այն գլխավոր հարցերին, որոնք հիմնականում հուզում են ռուսաստանցիներին, այն է` աշխատատեղերի ստեղծում, եկամուտներ, կրթություն, բնակարան, առողջապահություն, ինչպես նաև առողջապահական մարմինների և դատարանների վիճակ (Կրասնոդարի երկրամասի գլխավոր միլիցիոներին հրապարակավ հեռացնելն արդյունավետ էր, բայց ոչ ամենասպասված ձեռնարկումը)։ Չկար նաև ավելի վաղ հայտարարված սպասվող խոսակցությունը քաղաքական համակարգի լճացման, իշխանության և նրա գլխավոր կուսակցության դժգոհության մասին։ Չկար ո՛չ Կովկաս, որտեղ, փաստորեն, քաղաքացիական պատերազմ է տեղի ունենում, չկար ո՛չ հետխորհրդային տարածություն, ո՛չ Աֆղանստան, Իրան, Հյուսիսային Կորեա, նույնիսկ Բելառուսի հետ կապված սկանդալները շրջանցվեցին։ Մեդվեդևի ճառի մեկ երրորդը, որի մեջ սովորաբար շարադրվում են հաջորդ տարվա անելիքները, նվիրված էր երեխաների նկատմամբ հոգատարությանը` «հողամասեր հատկացնել բազմազավակ ընտանիքներին», «մեր երկրում ոչ մի լքյալ երեխա չպետք է լինի» և գլխավոր թեզիսը` «երեխաները մեր ապագան են»։ Եվ այստեղ ես հիշում եմ իմ առաջին դասերը հեռուստատեսությունում, որտեղ մեզ` «մատղաշներիս», հեղինակավոր կերպով ներշնչվում էր. «Եթե ցույց տալու ոչինչ չկա, նկարահանիր երեխաների ու ձիերի»։
Ինչպես և պետք էր սպասել, «Միասնական Ռուսաստանի» ներկայացուցիչները աճապարանոք հայտարարեցին, թե նախագահի գաղափարները «համահունչ են Սոլժենիցինի գաղափարներին», և դրանցից գլխավորը «ժողովրդին խնայելն է»։ Սակայն փորձագետների գերիշխող և բավականաչափ համախմբված կարծիքը բացասական էր` կոռեկտ դիտողություններից` «կոնկրետ շատ քիչ բան կար», «խամրած ուղերձ», «ինչպես հաշվետու զեկուցումները կուսակցական համագումարներում ու կենտկոմի պլենումներում», մինչև պարզապես վիրավորական համեմատություններ` «Տասներկու աթոռից» երեխաների մասին Օստապ Բենդերի ճառի հետ։
Արձանագրվում էր, որ այդ ելույթը կտրված էր ռուսաստանյան իրականությունից և, որ գլխավորն է` ներկայիս ուղերձը էապես և բացասաբար տարբերվում է անցյալ տարվա ելույթից և Մեդվեդևի ավելի վաղ աղմուկ հանած «Ռուսաստան, առա՜ջ» աղմկահարույց հոդվածից։ «Ըստ երևույթին, ռեսուրսներն ու կամքը չբավականացրին»,- ասում են փորձագետները և նշում, որ դա դրսևորվեց նաև Կրեմլի պալատում «բազմած» ռուսաստանյան վերնախավի հարգալից, բայց անտարբեր ծափահարություններում և «մրցակից զինակցի»` Ռուսաստանի վարչապետի կեցվածքում, որը մռայլ տեսքով նստած էր պերճաշուք դահլիճի առաջին շարքում։ Ընդհանրապես, նշվում է, որ նախագահ Դմիտրի Մեդվեդևի Դաշնային ժողովին ուղղած ուղերձը նրա նախընտրական քարոզչական ծրագրի սոսկ յուրօրինակ համառոտագիրն էր, ընդ որում` ոչ լավագույն որակի։
Ի դեպ, այդ ճառի թեմաներից մեկը քչերին անտարբեր թողեց ինչպես Ռուսաստանում, այնպես էլ աշխարհում։ Շատ անսպասելիորեն, մանավանդ ԱՄՆ-ի հետ «գերբեռնվածության» խնդրում հայտարարված հաջողություններից և Ռուսաստան-ՆԱՏՕ հարաբերություններում «պատմական ճեղքումների» մասին արված հայտարարություններից հետո նախագահ Մեդվեդևը հայտարարեց, որ «մենք կամ համաձայնության կհասնենք հակահրթիռային պաշտպանության բնագավառում և կստեղծենք համագործակցության լիարժեք համատեղ մեխանիզմ, կամ էլ, եթե մեզ չհաջողվի հասնել կոնստրուկտիվ պայմանավորվածության, սպառազինությունների մրցավազքի նոր փուլ կսկսվի»։ Իսկ դրան խստիվ և վճռականորեն ավելացրեց. «Ստիպված կլինենք որոշում ընդունել նոր հարվածող միջոցներ տեղաբաշխելու մասին»։ Խիստ հատկանշական է, որ հաջորդ օրն իսկ նախագահի ելույթին համահունչ արտահայտվեց նաև Պուտինը։ CNN-ի հեռուստավարող Լարի Քինգի հետ զրույցի ժամանակ վարչապետն ասաց. «Ռուսաստանը հարկադրված կլինի մեծացնել իր միջուկային զինված ուժերը, եթե ԱՄՆ-ը չվավերացնի ռազմավարական հարձակողական սպառազինությունների վերաբերյալ պայմանագիրը»։ Ասենք, Ռուսաստանի երկու ղեկավարները փորձեցին մեղմացնել տպավորությունն այսօրինակ արտահայտություններով. «դա մեր ընտրությունը չէ», «մենք չենք ցանկանում, որ դա տեղի ունենա»։ Սակայն Ամերիկայի որոշ ռուսատյացներ անմիջապես էլ խելամիտ տեսքով այդ հայտարարությունները համարեցին նմանօրինակն այն ճառի, որը 1946-ի փետրվարի 9-ին արտասանել էր Ստալինը, թե «համաշխարհային կապիտալիզմի զարգացումը տեղի է ունենում ճգնաժամերի և ռազմական աղետների միջոցով»։ Հենց դա էլ սառը պատերազմի մեկնարկ հանդիսացավ։ Իսկ ռուսաստանցի տերունականները ոչ պակաս կարևորությամբ ու հեղինակավոր կերպով նկատեցին, թե «դրան պետք է նախապատրաստվել, բայց այդ մասին ամբողջ աշխարհով մեկ բարձրաձայն հայտարարելը միանգամայն անխելամիտ է»։ Շատ հատկանշական է, որ հենց նախագահական ուղերձի հրապարակման օրը Wall Street Journal-ը գրեց, որ, ԱՄՆ-ի իշխանությունների ունեցած տվյալներով, 2010-ի գարնանը Ռուսաստանը «դեպի ՆԱՏՕ-ի սահմանն» էր տեղափոխել գործողության մոտիկ շառավղով հրթիռներ, որ դրանք ԱՄՆ-ին «ավելի լուրջ երկյուղներ են պատճառում, քան մեծ հեռահարության սպառազինության տեղաբաշխումը»։ Նկատենք, որ եթե այդ տվյալները ճիշտ են, ապա դրանք հակասում են սահմանամերձ շրջաններից տակտիկական միջուկային սպառազինությունները դուրս բերելու և դրանց քանակը կրճատելու խոստումներին, որոնք Մոսկվան տվել էր 1991-ին։ ՌԴ գլխավոր շտաբի պետ Նիկոլայ Մակարովն անմիջապես հերքել է այդ հաղորդումը, հայտարարելով, որ այս գարնանը Ռուսաստանի զինված ուժերը ոչ մի հրթիռ չեն տեղաբաշխել Կալինինգրադի մարզում, բայց անմիջապես էլ վերհիշել է այնտեղ «Իսկանդերներ» տեղաբաշխելու սպառնալիքները։ Նկատենք ևս մի զուգադիպություն. այս շաբաթ Wikileaks-ի «արտահոսքերը» կասկածների տեղիք են տվել, թե Հյուսիսային Կորեան միջին հեռահարության 19 բալիստիկ հրթիռ է հանձնելու Թեհրանին, որոնք ընդունակ են հասնելու Արևմտյան Եվրոպա և Մոսկվա։ Բայց, այդուհանդերձ, առանց որևէ հակազդեցության այդ տվյալներին, կամ «արտահոսքերի» գոնե քիչ թե շատ խելամիտ հերքման կամ վերլուծության, ռուսաստանյան իշխանությունները եռանդագին շարունակում են զարգացնել «խաչակրաց արշավանքը» եվրոպական հակահրթիռային պաշտպանության ծրագրի դեմ։ Օրինակ, ՆԱՏՕ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Ռոգոզինը վերջերս Եվրախորհրդարանում վերստին հայտարարել է. «Եթե ԱՄՆ-ն Իրանի հրթիռներից պաշտպանվելու պատրվակով ռազմական ենթակառուցվածք ծավալի մեր սահմանների մոտ, կասկածի տակ դնելով մեր ռազմավարական միջուկային ներուժը, ապա կոոպերացում չի ստացվի, և մենք կտանք մեր ռազմատեխնիկական պատասխանը»։
Ինչևէ, հերթական անգամ հնչեցին «սպառազինությունների մրցավազք» և «սառը պատերազմ» կոդային արտահայտությունները, և վերստին պատկերվեց անցյալ դարի հին պատմությունը։ ԽՍՀՄ` «հասնել և անցնել Ամերիկային», «աստղային պատերազմներ», պատասխան գործողությունների համար գործադրված ճիգեր և երկրի փլուզում։ Պատահական չէ, որ մի շարք փորձագետներ, այդ թվում` Ռուսաստանում, արդեն զուգահեռներ են անցկացնում անցյալի հետ։ Նրանք նշում են, որ սպառազինությունների մրցավազքը կարող է խարխլել «Ռուսաստանի առանց այդ էլ ոչ այնքան արդյունավետ տնտեսությունը, ինչպես այն խարխլեց Խորհրդային Միության տնտեսությունը», որ սպառնալիքները վանելու համար բավական է ունենալ նվազագույն, բայց շատ արդյունավետ սպառազինություններ, որ երկրի առջև ծառացած են ինչպես ներքին, այնպես էլ արտաքին կարևոր խնդիրներ։ Եվ նույնիսկ այն կարծիքն են հայտնում, որ չնայած Ռուսաստանի սահմանների մոտ ամերիկյան նոր համակարգերի ծավալմանը, անհրաժեշտ է հանգստություն ու զսպվածություն պահպանել, և անհրաժեշտ է պայմանավորվել Արևմուտքի հետ։
Ընդսմին, պետք է նկատել, որ 2011-ի Ռուսաստանի բյուջեում ծախսերի մինչև 20 տոկոս աճ է նախատեսված «Ազգային պաշտպանություն» բաժնի գծով (մինչև 1 տրլն 517 մլրդ 91 մլն ռուբլի)։ Մեդվեդևն ուղերձում խոստացավ 20 տրլն ռուբլու լրացուցիչ հատկացումներ տասը տարում։ Սակայն միևնույն է, ԱՄՆ-ի ռազմական բյուջեն գրեթե քսան անգամ գերազանցում է Ռուսաստանի պաշտպանական ծախսերը։ Եվ բոլոր լրացուցիչ ծախսերը կարող են սոսկ կրկնակի կրճատել այդ հետ մնալը, բայց չվերացնել այն։ Միևնույն ժամանակ, ներկայիս իրավիճակում Կրեմլի համար տնտեսապես խիստ ծանր բեռ է նույնիսկ պայմանագրերով սահմանված 700 միավոր ծավալված կրիչների առավելագույն նշագծի տարրական պահպանումը։ Դեռ ավելին, նախագահի ուղերձից անմիջապես հետո ՌԴ ֆինանսների նախարարը ստիպված էր նշել, որ լրացուցիչ 20 տրլն ռուբլին «պահանջում է լրացուցիչ վերամշակում ֆինանսավորման աղբյուրների մասով», և «դա լրացուցիչ բեռ կլինի տնտեսության համար»։ Չեն ուրախացնում նաև վիճակագրական տվյալները. օրերս զանգվածային լրատվամիջոցներում հաղորդումներ են երևացել Ռուսաստանում չնախատեսված զգալի արժեզրկման և մթերքների գների համատարած բարձրացման մասին։ Այսինքն, իրականում «սպառազինությունների մրցավազքը», ինչպես թվում է, Ռուսաստանի բյուջեի «ուժերից վեր է»։ Ավելին, պետությունն արդեն բազում տարիներ նույնիսկ ի վիճակի չէ լուրջ քայլեր կատարելու արհեստավարժ բանակի անցնելու և որակյալ վերազինում իրականացնելու ուղղությամբ։ Իսկ այստեղ նաև այնպիսի առաջնայնություններ կան, ինչպիսիք են սոցիալական ոլորտը, կենսաթոշակները, հայտարարված արդիականացումը, մեդվեդևյան ուղերձի այդ նույն «երեխաները» և այլն։ Դրանց համար արդեն միջոցները չեն բավականացնում։ Եվ ամենամռայլեցնողը. ապագայում պակասուրդը նվազեցնելու խնդրում լուրջ ճեղքումների առանձնակի հույսեր չկան։ Առավել ևս, որ հաջորդ տարում այնպիսի նվեր, ինչպիսին նավթի գների աճն էր, Ռուսաստանի բյուջեն, բոլոր կանխատեսումների համաձայն, չի ունենա։ Նկատենք, որ շատ տվյալների համաձայն, Արևմուտքը, այնուամենայնիվ, իր մեջ ուժ և իրական հնարավորություններ գտավ եթե ոչ ամբողջությամբ ազատվելու էներգետիկ բեռից, ապա գոնե զգալիորեն նվազեցնելու իր կախվածությունը Ռուսաստանից։ Եվ այդ կանխատեսումը հատկապես ռուսների համար անմխիթարական է, եթե այն դիտենք Եվրոպայում Ռուսաստանի «էներգախուժման» ձախողման առնչությամբ վերջերս Գերմանիայում Պուտինի դրսևորած նկատելի նյարդայնության հետ նույն համատեքստում։
Հաշվի առնելով այս ամենը, օրինաչափ հարցեր են ծագում։ Մի՞թե Մեդվեդևն ու Պուտինն իրոք մտածում են, թե արժե, որ Ռուսաստանը մխրճվի Ամերիկայի հետ նոր մրցակցության մեջ։ Մի՞թե նրանց թվում է, թե նմանօրինակ շանտաժը կվախեցնի ԱՄՆ-ին։ Թե այդ սպառնալիքները կտարհամոզեն ստրատեգիական սպառազինությունների պայմանագրի վավերացումը շրջափակող սենատորներին, այլ ոչ թե «գիշանգղներին» հիանալի առիթ կտան սոսկ ուրախանալու ի տես նոր հնարավորությունների։ Մի՞թե Կրեմլում չեն հասկանում, որ ԱՄՆ-ի ռազմական ծախսերի հնարավոր ավելացումը միայն լրացուցիչ կխթանի նրանց տնտեսությունը, որ նոր «սառը պատերազմից» հետո պետք է մոռանալ բաղձալի արևմտյան տեխնոլոգիաների մասին, իսկ հաջորդաբար ընկնող «Բուլավա» հրթիռներով շատ հեռու չես գնա։ Չէ՞ որ ընդսմին ակներև է, որ մեծ հաշվով ՆԱՏՕ-ն և ԱՄՆ-ը սոսկ հարգալից կանտեսեն ևս մի «վերջին նախազգուշացում», այն կգնահատեն որպես «չարաճճիություն», և կշարունակեն ընթանալ նախատեսված ուղեգծով։ Առավել ևս, որ աշխարհում նոր մարտահրավերների և սպառնալիքների համապատկերի վրա ֆինանսական և տեխնոլոգիական հզորությամբ չամրապնդված «ռուսաստանյան ահարկիչները», անշուշտ, չեն վախեցնի։
Այնպես որ, Ռուսաստանի իշխանության նոր կեցվածքը չի թվում իրական սպառնալիք Արևմուտքին, և նույնիսկ ոչ էլ ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի հետ պայմանավորվածության գալու իրենց անընդունակության խոստովանություն, այլ նախընտրական ձեռնարկումներ, որոնք կոչված են ցուցադրելու կոշտություն ու կամք։ Դա հատկապես կարևոր է Մեդվեդևի համար, որին արդեն վերջնականապես մեղադրում են արևմտամետության մեջ, և որի համար եվրոպական հակահրթիռային պաշտպանության համակարգին մասնակցելու Ռուսաստանի ստացած հրավերը (ընդ որում իրավահավասար պայմաններով) անչափ կարևոր, եթե ոչ հիմնական նվաճումն է։
Եվ այսպես, այնուամենայնիվ, այդ ամենն ինչո՞վ կվերջանա։ Անշուշտ, Ռուսաստանը մի երկիր է, որը, երբ պետք է, կարողանում է ձգել գոտիները և համախմբել ուժերը, և նա սկզբունքորեն կարող է դիմանալ սպառազինությունների նոր մրցավազքին։ Իսկ ինչքան նպատակահարմար կլինի այդ որոշումը, ա՛յ սա է հարցը։ Ռուսաստանի ներկայիս հասարակությունը որքան է պատրաստ վերստին գնալու զոհողությունների, առավել ևս, որ հարկ կլինի վերադառնալ նույնիսկ անցյալ դարի ոչ թե միջնամաս, այլ նրա առաջին կես։ Սակայն այսօր Արևմուտքին էլ ակնհայտորեն ձեռնտու չէ «պոզահարվել» Ռուսաստանի հետ։ Ի դեպ, այս ամենի առնչությամբ, հիշենք մի հին առակ։ Կարիճն ուզում է անցնել գետի մյուս ափը, սակայն լողալ չգիտի, և կրիային խնդրում է իրեն անցկացնել։ «Ես վախենում եմ, դու ինձ կխայթես»,- ասում է կրիան։ «Ի՜նչ ես ասում, չէ՞ որ այդ դեպքում ես էլ կխեղդվեմ», հավաստիացնում է կարիճը։ Լողում են։ Գետի մեջտեղում կարիճը խայթում է կրիային, և երկուսն էլ խեղդվում են։ Այդպիսին է կարիճի բնույթը։ Իսկ թե հիմա ով է կարիճը, ով` կրիան, այս անգամ թողնում ենք, որ ինքներդ որոշեք։
Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 1235

Մեկնաբանություններ