ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԱՂԱՆԴԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՈՒՄՆ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ

ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԱՂԱՆԴԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՈՒՄՆ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ
01.06.2010 | 00:00

Եկեղեցիների համաշխարհային խորհրդի փաստաթղթերից մեկում նշված է աշխարհում հավատափոխության այս կամ այն ձևի տարածման մասին։ Այդ գործընթացներն առավելապես տարածված են Արևմտյան, Կենտրոնական և Հարավային Աֆրիկայի երկրներում, ինչպես նաև Չինաստանում, Հնդկաչինի երկրներում, Հնդկաստանում և Լատինական Ամերիկայում։ Հավատափոխությունը տարածված է նաև Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում, ինչպես նաև հետխորհրդային տարածաշրջանում։ Քրիստոնյաներն իսլամ են ընդունում, իսկ Չինաստանը, Հնդկաստանը և մուսուլմանները` քրիստոնեություն, ընդ որում, ինչպես կաթոլիկություն, այնպես էլ բողոքականություն։ Այդ գործընթացը շարունակվում է դարեր ի վեր և մեծապես պայմանավորված է սոցիալական և տնտեսական կացութակարգերի փոփոխմամբ, հասարակական-քաղաքական բարդ իրադարձություններով։ Եվրոպայում մտավոր զարգացածների մի մասը նախընտրել է իսլամը, իսկ Մերձավոր և Միջին Արևելքի երկրներում այդ կարգի մարդկանց մի մասն ընդունում է քրիստոնեությունը։ Իսլամի հիմնախնդիրները հետազոտող ամերիկացի փորձագետ Շիրին Հանթերը կարծում է, որ տարբեր վայրերում հավատափոխության գործոնները միանգամայն տարբեր են, կապված են հասարակական արժեքների վերաիմաստավորման հետ, և աշխարհի կրոնական քարտեզի ապագան միանգամայն այլ է, քան այժմ կարելի է ենթադրել։ Անհնար է բացառել, որ հետխորհրդային տարածքում հավատափոխությունը մեծապես պայմանավորված է բազմամյա լայն աթեիստական քարոզչությամբ։ Աթեիզմը հսկայական դեր է խաղացել գիտատեխնիկական և տեղեկատվական քաղաքակրթության ձևավորման գործում և, ի վերջո, հաղթել է, եթե նկատի ունենանք, որ ներկա Եվրասիայի տարածքում ավանդական կրոններն այդպես էլ չեն կարողացել պատշաճ տեղ գրավել հասարակության մեջ։ Եվրասիայի ժողովուրդների առջև այժմ հարց է ծառացել` կա՛մ նրանք վերածնում են իրենց կրոնական ավանդույթները, կա՛մ ընդունում հասարակական և քաղաքական կազմակերպության արդիական ձևերը։ Այդ ազգերն ի վիճակի չեն մոտակա տասնամյակներում համատեղելու այդ երկու ռազմավարական խնդիրները։ Հավատափոխության հարցերը լուծվում են երկու մակարդակում` հանրային և անհատական։ Մարդիկ որոշակիորեն ձգտում են լինել իրենց համար ավելի հարմարավետ պայմաններում, այն պայմաններում, երբ ավանդական պաշտամունքների հետևորդներն ու հոգևորականներն ի վիճակի չեն պատասխան տալու արդի աշխարհի հարցերին ու մարտահրավերներին։ Մարդիկ իրենց ուղին որոնում են սոցիալական այլ միջավայրում և հաճախ իրենց տեղն ու հոգեկան հանգստությունը գտնում նոր հասարակության մեջ։ Ընդ որում, հավասարապես ժխտվում են թե՛ ավանդական քրիստոնեությունը, թե՛ իսլամը։
Տարբեր տեղեկությունների համաձայն, Ադրբեջանում շուրջ 130 հազար ադրբեջանցի ընդունել է կաթոլիկություն, մոտ 240 հազար ադրբեջանցի հաղորդակցվում է բողոքական եկեղեցական կազմակերպությունների հետ, հիմնականում` մեթոդական, բապտիստական, լյութերական, մորմոնական, եհովական և քվակերական։ Կան նաև այլ գնահատականներ, որոնք լրացուցիչ իմաստավորում և պարզաբանում են պահանջում։ Համաձայն այդ գնահատականների, ներկայումս Ադրբեջանում բնակվում է մոտ 500-600 հազար դավանափոխ, որոնք այս կամ այն ձևով անցել են կաթոլիկության և բողոքականության։ Այն առկա բնակչության շուրջ 15 տոկոսն է։ Եթե հաշվի առնենք, որ հավատափոխ են դառնում առաջին հերթին առավել կրթված, քաղաքաբնակ մարդիկ, ապա կարելի է դա գնահատել որպես ամբողջ բարձրակիրթ բնակչության զանգվածային անցում քրիստոնեության։ Այս երևույթն այնքան էլ միարժեք չէ, որքան թվում է։ Այլ պաշտամունքի անցումն ամենևին չի նշանակում կրոնական և սոցիալ-մշակութային պատկանելության, ավելի ճիշտ կլինի ասել` դավանահամակարգի, լիակատար փոփոխություն։ Ճնշող մեծամասնությամբ մարդիկ շարունակում են իրենց համարել այն կրոնների հետևորդներ, որոնց ավանդաբար պատկանում են իրենց ժողովուրդները, և հավատարիմ են մնում այս կամ այն ավանդույթին, այդ թվում` ադաթին։ Տեղի է ունենում արժեքների փոխներթափանցում, և վաղ թե ուշ մարդը գիտակցում է, որ ինքը պատկանում է այլ կրոնի ու մշակույթի։ Ադրբեջանը, երևում է, շատ հարմար է եղել այլ պաշտամունքների ներդրման համար։
Այդ երևույթը նկատվում է հիմնականում երիտասարդության շրջանում, ընդ որում, ոչ միայն Բաքվում, այլև Ադրբեջանի փոքր քաղաքներում։ Հարկ է նշել, որ առավելապես մուսուլմանական երկրի համար սովորական այդ երևույթը չի դատապարտվում մուսուլմանական բնակչության լայն զանգվածների շրջանում։ Տեղեկություններ կան, որ Ադրբեջանը լքած և Ռուսաստանում, Գերմանիայում բնակվող շատ ադրբեջանցիներ նույնպես ներգրավված են այդ եկեղեցիների դավանաշրջանում։ Այս երևույթը կարելի է բացատրել ադրբեջանական բնակչության շատ խմբերի էթնիկ ինքնագիտակցության ցածր մակարդակով, ազգային և կրոնական նույնականության հետ կապված խնդիրներով։ Ադրբեջանական բնակչության քրիստոնեացման կարևոր գործոնն այն է, որ ադրբեջանցիների մինչև 40 տոկոսը ծագումով թալիշ, դաղստանցի, քուրդ է, ինչպես նաև խառն ամուսնություններից ծնված, որոնք լուրջ խնդիրներ ունեն` կապված ազգային ինքնագիտակցության հետ։ Բնակչության այդ խմբերի համար իսլամական կրոնին պատկանելությունը ոչ մի արժեք չի ներկայացնում, թեև իսլամում հավատից հրաժարվելը մեղք է համարվում, որին անպայման պետք է հետևի մահապատիժը։ Ադրբեջանում իսլամի առավել նախանձախնդիր հետևորդն իրանալեզու բնակչությունն է, նախ և առաջ թալիշները, որոնք ապրում են ադրբեջանա-իրանական սահմանի երկայնքով` 100 կմ շառավղով։ Այդ տարածաշրջանի բնակչությունն իր իսկական հայրենիքը համարում է Իրանը։
Հելսինկիի միջազգային դաշնությունն Ադրբեջանին նվիրված հաշվետվության մեջ խստիվ քննադատել է նրան` դավանանքի ազատ ընտրության ասպարեզում քաղաքացիների իրավունքների սահմանափակման համար։ Դաշնությունը դժգոհ է արդարադատության նախարարության կողմից որոշ կրոնական աղանդների գրանցումը մերժելու և անձնագրի համար ծածկած գլխով մուսուլմանուհիների լուսանկարվելն արգելելու` աղմուկ հանած կոնֆլիկտում պաշտոնական կառույցների բռնած դիրքի առթիվ։ Կրոնական հետազոտությունների կենտրոնի (ԿՀԿ) տնօրեն Հաջի Էլչին Ասկերովն այս հաշվետվությանը երկակի է մոտենում։ Մի կողմից, նա բարձր է գնահատում դաշնության հաշվետվության մեջ հավատացյալ կանանց իրավունքների խախտման փաստի արտացոլումը։ Ասկերովը հույս է հայտնել, որ մուսուլմանուհիներին միջազգային իրավապաշտպանների օգնությամբ կհաջողվի լուծել խնդիրը։ Մյուս կողմից, ԿՀԿ-ի տնօրենը դժգոհ է հաշվետվության` կրոնական աղանդների գրանցմանն առնչվող մասից։ «Այդ աղանդների մեծ մասը եվրոպական շատ երկրներում համարվում է ամբողջակլան և վտանգավոր»,- զայրույթով ասում է Ասկերովը։ Որպես օրինակ, Հաջի Էլչին թվարկում է մի շարք աղանդներ. Դավթի ճյուղերը` Միացյալ Նահանգներում, Եհովայի վկաները և Սպիտակամորթ եղբայրները` ՈՒկրաինայում։ Գերմանիայում դաշնային կառավարությունը մոտ 20 վերականգնողական կենտրոն է ստեղծել Եհովայի վկաների շարքերը լքած մարդկանց համար։ Ստեղծված իրավիճակում գլխավոր մեղավորը Հաջին համարում է ադրբեջանական իշխանություններին, որոնք չունեն պետական հայեցակարգ կրոնի մասին և հստակ քաղաքականություն կրոնական ոլորտում։ Ադրբեջանում աղանդներն արգելող պետական մարմինները պետք է միջազգային կազմակերպություններին մանրամասն հաշվետվություն ներկայացնեն դրանց գրանցումը մերժելու պատճառների մասին, կարծում է Ասկերովը։ Նրան համակարծիք են նաև ընդդիմադիրները։ Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակցության նախագահի խորհրդական Հուդրաթ Հասանղուլիևը նույնպես հանդես է եկել արդարադատության նախարարությունում տոտալիտար աղանդների գրանցման դեմ և դժգոհություն հայտնել դաշնության հաշվետվության այդ մասից։
Ադրբեջանական Հանրապետությունն իր կազմավորման հենց սկզբից ազգային պետական խոր ճգնաժամ է ապրում` կապված, նախ և առաջ, ամբողջական ազգային ինքնագիտակցության բացակայության, արտաքին սահմանների արհեստականության հետ։ Տարբեր պետությունների ապագային նվիրված` ԱՄՆ ԿՀՎ-ի ֆուտուրիստական զեկույցում Ադրբեջանը համարվում է ժամանակավորապես գոյություն ունեցող պետություն, որին սպասում է շատ տարածքների կորուստ և, հնարավոր է, ճշգրտում` պետականակազմ էթնոսների դերի առումով։ Ադրբեջանի, որպես պետական կազմավորման, այդ արմատական խոցելիությունը խորանում է համակարգային սոցիալական ու տնտեսական ճգնաժամի պատճառով` կապված խորհրդային հասարակարգի փլուզման, բնակչության տարացրման, այդ երկրում ապրող բնակչության մինչև 35-40 տոկոսը կազմող իրանական և դաղստանյան ժողովուրդների ազգային ինքնագիտակցության վերածնման հետ։ Ադրբեջանը, որպես պետություն և հասարակություն, քրոնիկ անկայունություն է ապրում, որտեղ զարգացած են ավտորիտարիզմի ծայրահեղ ձևերը։ Նավթարդյունաբերության զարգացումը, նավթադոլարների հոսքը լուրջ հնարավորություն են թվում այդ պետության գոյատևման համար, բայց Ադրբեջանի գոյության հարցում կարևոր գործոն են արտաքին աջակցությունն ու գործընկերությունը Արևմուտքի խոշոր պետությունների և Թուրքիայի հետ։ Սակայն թե՛ նավթի, թե՛ արևմտյան հասարակության հետ միասնացման գործոնների պատճառով երկրի և հասարակության ճգնաժամը կարող է սրվել։ Ադրբեջանի պետականության և հասարակության համար հավասարապես վտանգավոր են արտաքին դրական ու բացասական մարտահրավերները։ Ադրբեջանական պետականությունը հեռանկարում կարող է գոյատևել միայն հասարակության մեջ իսլամական մեծ ազդեցության կամ նույնիսկ Արևելյան Կովկասում իսլամական պետության կազմավորման պայմանով։ Այդ ճգնաժամը կապված է Կովկասի ազերիների էթնոսի այն խոր խնդիրների հետ, որոնք դեռևս հեռու են ազգային համախմբվածության պատշաճ մակարդակից։ Դա էական քայքայում է առաջացնում հանրային գիտակցության մեջ, ինչը հանգեցնում է հոգևորի որոնման ընթացքում խնդրի լուծման փորձերի։ Ընդ որում, հավատափոխության խնդիրներն առաջանում են ոչ միայն մարդկանց քրիստոնեության անցնելու դեպքում, այլև շիականությունից իսլամի ավելի անիմացական ձևերի անցնելու փորձերում։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 1303

Մեկնաբանություններ