Ինքնին պարզ էր, որ Աստանայից հետո Սերժ Սարգսյանը ձեռնամուխ էր լինելու ներքին կարգ ու կանոնի հաստատմանը: Սակայն շաբաթն ուրբաթից շուտ եկավ:
“НЕ БЫЛО СЧАСТЬЯ, ДА НЕСЧАСТЬЕ ПОМОГЛО!”
Այն, որ օրեցօր առավել խառնակ դարձող ներիշխանական, ներկոալիցիոն կյանքում ինչ-որ բան պայթելու էր, որից հետո էլ սկսվելու էր «իրերն» իրենց տեղը դնելու ժամանակը, հասկանալի էր վաղուց, պարզապես «բարակած թելն» անչափ հետաքրքիր ու ոչ այնտեղ կտրվեց, որտեղ հունցվում էին բուն գործընթացներն ու «անհնազանդությունները»:
Բայց դե, մյուս կողմից էլ, լինում է այն, ինչ լինում է: ՈՒ «հատուցման» բուն կետին հասնելու համար, ըստ ամենայնի, այս փուլը ևս պետք էր: Մինչ կանցնենք «փուլին» ու «կոնկրետիկային», երկու նշագրում ևս.
ա) ոչ մի նաքարակիտ երբեք չի կորչում, բնությունը տալիս է ամեն ինչի, յուրաքանչյուր արարքի պատասխանը. մեկինը` ուշ, մեկինը` շուտ: Այնպես որ, Գագիկ Բեգլարյանի (Գևորգ Դանիելյանին առանձին կանդրադառնանք) վրա ցուցանված «առակն» առաջին հերթին ոչ այնքան Բեգլարյանին, որքան նրա կողքին եղողներին էր պետք:
բ) Լավ է, որ «հատուցումը» լինում է մարդու, և ոչ Վերին ձեռքով: Էս առումով նույնպես «առակն» ուսանելի էր, որովհետև, ինչպես ասացինք, տիեզերքում ոչինչ չի կորչում, պարզապես մի էներգիան փոխարինվում է մեկ այլ էներգիայով, և եթե մարդը չի հակազդում իր ներսում և շուրջը եղող աններդաշնակությանն ու քաոսին, քաոսն ու աններդաշնակությունն են սկսում «զբաղվել» նրանով:
ՈՒ հիմա անչափ մեծ ուշացումով Սերժ Սարգսյանն սկսել է անել այն, ինչի սպասումը հասարակությունն ուներ նրանից ընտրությունների հենց հաջորդ օրը, ինչի ինստիտուցիոնալությունն էլ պետք է ապահովվի նույն «ոճի» շարունակականությամբ: Այլապես բումերանգի էֆեկտով այն հետ կդառնա ու կխփի այսօր այդ քայլով իմիջի բարձրացում գրանցած Սերժ Սարգսյանին:
Դատելով նախորդ օրը ՀՀԿ-ում դրսևորած նրա պահվածքից, ինչպես նաև շարունակություն համարված արդարադատության նախարարի հրաժարականից, կարծես թե հույսերն իզուր չեն, և քաղաքապետարանից սկսած «բարեփոխումների» տեմպը պետք է որ անդրադառնա կառավարման ողջ, այդ թվում և` լայն հասարակական սպեկտրի վրա` ծառայելով ամենակարևորին` հանրապետությունում մթնոլորտի փոփոխությանը:
Այլապես եզակի այդ քայլերը կծառայեն այն մտայնությանը, որ Գագիկ Բեգլարյանի նկատմամբ պարզապես սովորական արքայական «լինչ» իրականացվեց:
Անցանք առաջ. գործկոմի նիստի մասին` ներքևում, այժմ` «քաղաքապետարանում» դրան նախորդող իրադարձությունների մասին:
Այդ մասին այնքան գրվեց, որ նույնիսկ հասցրինք հոգնել: Պարզապես ուշադրություն հրավիրենք «չլուսաբանված» մի քանի մանրամասների վրա:
Այսպիսով. շաբաթ առավոտյան նախագահականում Սերժ Սարգսյանն ու Գագիկ Բեգլարյանը հանդիպել են: Քաղաքապետը ոչինչ չի ասել իր «նեղացածության» մասին: Հետո նախագահականից դուրս գալով, նա իր հետ քաղաքապետարան է տարել նախագահականի արարողակարգի բաժնի աշխատակցին:
Կիրակի օրը Գագիկ Բեգլարյանը նույնպես եղել է Արտաշատում «ճաշողների» թվում: Հիշեցնենք, որ կիրակի առավոտյան Սերժ Սարգսյանը, Գագիկ Ծառուկյանը, Հովիկ Աբրահամյանը, Կարեն Կարապետյանը, Գագիկ Բեգլարյանը միասին նախաճաշել են (մեղմ ասած): Գագիկ Բեգլարյանը դարձյալ ոչինչ չի ասել «ինցիդենտի» մասին, ինչն այս ամենում, թերևս, ամենից շատն է զայրացրել Սերժ Սարգսյանին: Իսկ որ նա զայրացած է, պետք է դատել ոչ միայն այն կտրուկությունից ու ձիու քայլերից, որ հետևեցին «ինցիդենտին»` ՀՀԿ գործկոմում արտահայտվելու կոշտ դիրքորոշմամբ, այլև նեղ շրջապատում տարակուսանքով արտաբերածից, ըստ որի` «Գագոյի համար ես իմ հարաբերությունները վատացրի ում հետ ասես (անուններ), բայց նա...»:
Հիշենք, որ նույն Գագիկ Բեգլարյանն այն քչերից էր, որ նախագահական ել ու մուտ էր անում ցանկացած պահի, ցանկացած եղանակի, մի խոսքով` այն եզակիներից էր, որին իր «մոտ» էր թողնում Սերժ Սարգսյանը և այնքան, որ շատերի մեջ տեսակետ կար, թե քաղաքապետը կարող է գլխավորել ՀՀԿ համամասնական ցուցակը` հեռուն գնացող «հետևանքներով» հանդերձ:
«Հետևանքներն» էլ չուշացան: Ոնց տեսաք:
Մեկ ուրիշ հետաքրքիր հանգամանք էլ. բանն այն է, որ չորեքշաբթի առավոտյան, երբ արդեն հերքվել էր, որ Կարեն Կարապետյանը հրաժարական է տվել, լուրջ խոսակցություն էր շրջանառվում (ըստ ամենայնի հենց այդպես էլ էր), որ «բարիշում» են, և Գագիկ Բեգլարյանը գնում է նախագահական` «պրի վսեխ» ներողություն խնդրելու:
Մինչ այս պահը հայտնի չէ, թե ինչ փոխվեց այդ «կոնֆիգուրացիայում». մնում է լոկ ենթադրություններ անել:
Սակայն հետկեսօրին, նախագահի խոսնակի հայտարարությունից հետո, քաղաքապետին այլ բան չէր մնում, քան հրաժարական տալը:
Հրաժարականից հետո ժամը 20.00-ին նշանակված էր ՀՀԿ գործկոմի նիստ: Նա նույնպես կանչված էր նիստին: Գ. Բեգլարյանը գնացել է ՀՀԿ գրասենյակ: Բարև-բարլուս արել իր ընկերների հետ: Մթնոլորտի լարվածությունից հասկացել է, որ մի քանիսին բարևելուց հետո պետք է գնա, ու չի մասնակցել նիստին:
ՆԻՍՏՈՒՄ ԲՈԼՈՐԸ «ՆՍՏԵՑՎԵԼ» ԵՆ ԻՐԵՆՑ ՏԵՂԵՐՈՒՄ
Ասացինք` նիստն սկսվել է ժամը 20.00-ին, ավարտվել` 21.00-ին, մինչ «Հայլուրը»: Ընդ որում, նիստ, որպես այդպիսին, չի եղել: Եթե լիներ, ապա պետք է նաև գործկոմի որոշում կայացվեր: Ասենք` կուսակցական կարգապահական տույժ, նկատողություն, կամ մեկ այլ բան: Չի եղել: Ասում են` եղել է գործկոմի անդամների հանդիպում Սերժ Սարգսյանի հետ, ուր լսվել է Սերժ Սարգսյանի հաղորդումը վերջին իրադարձությունների մասին:
Սերժ Սարգսյանը խոսել է զուսպ, հանգիստ, Գագիկ Բեգլարյանի արարքը որակել որպես անընդունելի ու անհանդուրժելի: Ասել, որ երեք օրվա ընթացքում Երևանի ավագանին կընդունի այդ հրաժարականը, տասն օրվա ընթացքում` մինչև դեկտեմբերի 20-ը, ավագանու ՀՀԿ ֆրակցիան թեկնածու կառաջարկի. «Թեկնածուին ես կորոշեմ` Մոսկվայից վերադառնալուց հետո»:
Այո, դրանով կանխելով բոլորին: Ոչինչ չասելով իր նախընտրության մասին, չտալով որևէ անուն, այդ թվում` և Տարոն Մարգարյանի, որը նախորդ օրը կանչվել էր նախագահական և, ֆորսմաժորի դեպքում, որպես երկրորդ դեմք, պետք է այս պահին ղեկավարի քաղաքապետարանը:
Ըստ ՀՀԿ ծերակույտի` «ես կորոշեմ` ով» ասելով Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ական «թևերին» հասկացրել է` իրար չխառնվել, խաղեր չտալ, չմտածել իր մոտ մարդիկ ուղարկել կամ «բոչկաներ» գլորել միմյանց վրա:
Տառապանքը փորձ ուներ: Եվ եթե նա ժամանակին մերժել էր Ռուբեն Հայրապետյանին, որը 2009-ին քաղաքապետի թեկնածուներից մեկի օգտին փորձել էր լոբբինգ անել, իսկ Սերժ Սարգսյանն ասել էր` «ես իմ ընտրությունն արդեն կատարել եմ», էլ առավել հիմա, երբ խնդիր է դրված ցույց տալ բոլորին` «չՊպ ջՌՎց՚Ց ՐՈՍՌ», երբ որոշվել է` կարգ ու կանոն հաստատել, երբ արտաքին քաղաքական, և մանավանդ ղարաբաղյան «ֆրոնտում» հարաբերական դադար է, և ստեղծված պատուհանը եզակի առիթ է` այդ կարգուկանոնը հնարավորինս արագ, արդյունավետ ու անցավ իրականացնելու համար, որպեսզի նախընտրական տարում կազմ ու պատրաստ, առանց մեծ գլխացավանքների առաջ գնան (ԲՀԿ-ն էլ շատ չուրախանա իր տոկոսադրույքներով):
ԵՎ ԱՅՆՈՒՀԱՆԴԵՐՁ, Ո՞Վ Է ՆԱ
Այսպիսով, որքան էլ «ցուցում» է տրված` «չտառապել» թեկնածուներին «հաշվելով», ՀՀԿ-ն երեկ գիշերվանից չի քնում. հաշվում է ու հաշվում: Թեկնածուներին: Որոնք իրականում երկուսն են: Չէ, երկուսն են ՀՀԿ-ի թևերի մտքում: Իսկ Սերժ Սարգսյանի մտքում նա մեկն է: Երրորդի` Դերենիկ Դումանյանի անունը հենց այնպես են տալիս, շատ լավ իմանալով, որ նա անցունակ չէ: Հիշենք` Դերենիկ Դումանյանը քաղաքապետարանի ՀՀԿ ֆրակցիայի ղեկավարն է, դրա համար են նրա անունը դրել շրջանառության մեջ:
Այո, թեկնածուները երկուսն են` Տարոն Մարգարյան և Կարեն Կարապետյան: «ՀայՌուսգազարդի»:
Տարոն Մարգարյան: Բոլոր հարցումների և «հաշվարկների» արդյունքում նրա օգտին Սերժ Սարգսյանի որոշման արգումենտները բավականին բարձր են:
Նա ՀՀԿ արմատներից է, և նրա վրա է հոր խարիզման: Երիտասարդ է: Համեստ: Չցցվող: Հոր նման տիրապետում է բուֆերային արվեստին` բոլորի կողմից ընդունված է, հարգված: Քաղաքապետի ընտրությունների ժամանակ հասարակությունն անչափ ջերմ էր վերաբերվում նրան, անգամ չճանաչողները. նա ժողովրդին վերադարձնում էր պաշտոնյայի` յուրային լինելու կորսված կարոտը: Նա «կորդոն» է գողականության և «չինովնիչայի» մեջ` դեպ ժողովուրդ միտված, որն էլ հաշվի առնելու արդյունքում էր, որ հայտնվել էր ավագանու ընտրությունների երկրորդ հորիզոնականում: Խաղեր տվող չէ: Իր նախասիրությունում միագիծ է` միտված դեպ Սերժ Սարգսյան: Տեղական ինքնակառավարման մարմիններում աշխատելու մեծ փորձ ունի. ասում են` լավ կազմակերպիչ է, և մինչ այսօր Ավանը սիրով է հիշում նրան: Կոնֆլիկտային չէ: Գեոպոլիտիկայով «չզբաղվել»: «Ռեսպոնդենտների» մեծ մասը, որոնց հետ զրուցում էինք, ենթադրում էր, որ հենց նա կլինի Սերժ Սարգսյանի թեկնածուն: Ընդ որում, այդ կարծիքին էր նաև Սերժ Սարգսյանին լավ ճանաչող, նրան մտերիմ «ռեսպոնդենտներից» մեկը:
Սակայն, ի ցավ Անդրանիկ Մարգարյանի, ՀՀԿ-ում (շատ քիչ` մեկ-երկու հոգի, բայց առանցքային նշանակության) այնքան էլ համաձայն չեն, որ Տարոնը դառնա Երևանի քաղաքապետ: Վկայաբանում են նրա երիտասարդությունը: Եվ «իբր» առաջ քաշում Դերենիկ Դումանյանի թեկնածությունը (դե` չէ, հա), իսկ իրականում կարծես այլ բան են անում: ՀՀԿ ԱԺ մի շերտում ևս Տարոնի նկատմամբ վերաբերմունքը միանշանակ չէ: Սրանց սիրտն էլ «սամալյոտի միս» է ուզում:
Հաջորդ թեկնածուն. Կարեն Կարապետյան: Հիշենք, նա 2008-ին վարչապետի, 2009-ին քաղաքապետի պոտենցիալ թեկնածուների շարքում էր: Եվ ընդհանրապես, ցանկացած նման պաշտոնի դեպքում նրա անունը շոշափվում է որպես ջոկեր: Պատճառը գեոքաղաքական է, ինչպես նաև իր ոլորտում որպես թոփ-մենեջեր հայտնի լինելը: Թե որքանով է նա «հարմար» քաղաքապետի աթոռին, փոքր-ինչ դժվար է ասել, ընդ որում, այդ աթոռը նման «գորշ կարդինալի» դեպքում ահագին էլ վտանգ է պարունակում այն առումով, որ խիստ ներկայացուցչական և քաղաքական է, իսկ ինքը նման «ռակուրսով» դեռ չի ներկայացել «ընթերցողին»:
Ահա և ԱԺ-ում ոմանք, ըստ ամենայնի, ցանկանում են նրան տեսնել քաղաքապետի աթոռին (իսկ ինչ կորոշի պաշտոնական Մոսկվան, փաստորեն, հայտնի կդառնա մոտ օրերս): Ասենք նաև, որ համաշխարհային մահակ «Գազպրոմի» նման ներկայացուցչին այդ աթոռին «նստեցումը» (հիշենք, որ Հայաստանում կա երկու ռեալ աթոռ` ապագա ունենալու համար. ո՛չ, դա ԱԺ աթոռը չէ, այլ վարչապետինն ու քաղաքապետինն է. հա դե, որ կալի վրա ենք, մի արձանագրում էլ կատարենք Կարեն Կարապետյանի առումով. Երևանը Հայաստանն է, և Սերժ Սարգսյանին այդ աթոռին պետք է նաև ընտրական թոփ-մենեջեր: Հա, ի դեպ, նա մյուս` աշխատակազմի Կ. Կարապետյանի հետ քավոր-սանիկ է, և ուրեմն քանի կալի վրա ենք, սա էլ ասենք, որ «Ռեգնումի» թեզը, թե Բեգլարյանով Հայաստանում «խժռում» են Լուժկովի «դինաստիան», խոր մոլորություն է), հա, «Գազպրոմի» ներկայացուցչի քաղաքապետացումը նշանակում է պոտենցիալ ու անչափ լուրջ մրցակից թե՛ գեոքաղաքական, թե՛ ներքաղաքական առումներով... Ո՜չ, ո՜չ Սերժ Սարգսյանի, այլ ռուսական հայտնի և պոտենցիալ ֆավորիտների համար:
Այնպես որ, Կարեն Կարապետյանի թեկնածությունը բավականին նրբություններ ունի, և «ռեսպոնդենտները» այդ թեկնածությունը նույնպես ռեալ են համարում:
Ի դեպ, Կ. Կարապետյանն ինքը, ինչպես կարելի է հասկանալ, այդ հեռանկարով առանձնապես շատ ոգևորված չէ: Հա էլի, հիշո՞ւմ եք, թե ինչպես 2004-ին հայ լրագրողուհիների շրջանում անցկացված հարցման ժամանակ` «Ո՞վ է Հայաստանի ամենահմայիչ տղամարդ-քաղաքական գործիչը», բոլորը միաձայն Կարեն Կարապետյանին ասել էին` հա՜, ինքն է (ասա, էդքանից հետո, քաղաքապե՞տն ինչիդ է պետք):
Բոլոր դեպքերում, վերջին խոսքը Սերժ Սարգսյանինն է:
Ահա կգա նա Մոսկովից, ու բոլորիս կասի «свое мужское слово»:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ