Արաբական երկրներից ոչ մեկում, բացի Եգիպտոսից, սոցիալական հեղափոխությունը չի կարող արմատական աշխարհաքաղաքական հետևանքների հանգեցնել։ Նույնիսկ Իրաքի իրադարձությունները, որոնք այդ երկիրը կանգնեցրին պետական աղետի փաստի առջև, արաբական աշխարհում համապարփակ փոփոխությունների պատճառ չդարձան։ Միայն Եգիպտոսն է (թերևս, նաև Սաուդյան Արաբիան) ընդունակ ազդեցություն գործելու տարածաշրջանի վրա, թեպետ մյուս արաբական պետությունները ևս հետզհետե ավելի մեծ նշանակություն են ձեռք բերում տարածաշրջանում և ազդում «մեծ քաղաքականության» վրա։ Արաբներն ասում են, թե «առանց Եգիպտոսի չկա պատերազմ, առանց Սիրիայի չկա խաղաղություն»։ Սա շատ համարժեք և համապարփակ արտահայտություն է այն իմաստով, որ Եգիպտոսը, անշուշտ, արաբական աշխարհի կենտրոնն է, բայց մյուս պետություններն էլ որոշակի դերակատարություն ունեն։ Ըստ էության, տվյալ դեպքում տեղի է ունենում բնավ էլ ո՛չ եգիպտական, ո՛չ թունիսյան և ո՛չ էլ եմենյան, այլ համաարաբական հեղափոխություն, քանի որ արաբական աշխարհի բոլոր անկյուններում են առկա այդ նույն՝ սոցիալական ու քաղաքական գործոնները։ Արևմտյան հանրակցությունը միշտ էլ թերագնահատել է արաբական վերնախավին, մինչդեռ արաբները բոլոր հնարավորություններն ունեին պատրաստելու քաղաքական ու պրոֆեսիոնալ փայլուն վերնախավ, որը, անշուշտ, որոշ չափով եվրոպականացած էր։ Հասկանալու համար, թե ինչ է տեղի ունենում Եգիպտոսում, պետք է պատկերացում ունենալ այդ երկրի մասին։
Եգիպտոսը մի մեծ գետ է, Նեղոսը նույնքան ջուր է դուրս հանում, որքան Դնեպրը կամ Նևան, այսինքն՝ տարեկան մոտ 50-60 մլրդ խորանարդ մետր։ Նեղոսի երկայնքով ձգվում է 20-50- կիլոմետրանոց կենսական տարածք։ Կենսագործունեության մյուս գոտիներն են միջերկրածովյան ծովեզերքը և Սուեզի ջրանցքը, ինչպես նաև ոչ մեծաթիվ օազիսները` կյանքի համար անհրաժեշտ պայմաններ ունեցող նեղ հողաշերտերը։ Մնացածն անապատ ու անկենդան հողաշերտեր են Կարմիր ծովի երկայնքով։ Ներկայումս Նեղոսը, փաստորեն, չի հասնում մինչև ծով, և ջրի խնդիրը մոտ ապագայում ազգային վերահաս աղետի կարող է փոխարկվել։ Եգիպտոսում 80 մլն մարդ է ապրում, որից 18 միլիոնը՝ Կահիրեում։ Երկրի ներքին համախառն արտադրանքը 500 միլիարդ դոլար է, ինչը քիչ չէ, բայց Եգիպտոսի տնտեսության որակն այնքան էլ բարձր չէ, դա հիմնականում գյուղատնտեսական, արդյունաբերական հատվածն է և զբոսաշրջությունը, ընդերքը պարունակում է նավթ ու գազ, հույս կա, որ կավելանան դրանց արդյունահանումն ու արտահանությունը, բայց առայժմ դրանք սոսկ հույսեր են։
Երկար տարիներ Եգիպտոսի գլուխ է կանգնած արաբական աշխարհի առավել քիչ կաշառասուն կառավարող վարչակարգը. նախագահ Հոսնի Մուբարաքին կարելի է մեղադրել շատ բացթողումների մեջ, բայց ոչ կաշառասունության և անօրինականության։ Նա բոլոր առումներով արժանավոր քաղաքական գործիչ է, որը կայուն վիճակում է պահում ոչ միայն Եգիպտոսը, այլև, ըստ էության, համայն արաբական աշխարհը։ Բայց ի՞նչ կարող է հուսալ այսչափ համեստ բնապաշարներով երկիրը, ընդ որում՝ աներևակայելի ժողովրդագրական ներուժով։ Հարկ է նշել, որ վաթսունական թվականների վերջերին, այսինքն` արաբա-իսրայելական պատերազմի պահին երկրում 27 միլիոն մարդ էր ապրում, իսկ ներկայումս, քառասուն տարի անց, բնակչությունն աճել է երկուսուկես անգամ։ Դրա հետ մեկտեղ նա, ով եղել է ոչ միայն եգիպտական բուրգերի մոտ, այլև ծանոթացել է եգիպտական քաղաքական վերնախավին, կարող է հասկանալ, որ Եգիպտոսը նախ և առաջ համալսարանների և կրթության, գրականության, քաղաքական վերլուծության և քաղաքական հետազոտությունների, ընդհանրապես համաշխարհային մշակույթի ընկալման և կրոնադավանանքային հանդուրժողականության խոր ավանդույթներով երկիր է։ Եգիպտոսը դաշնակցային սերտ հարաբերությունների մեջ է ԱՄՆ-ի, բայց բարեկամական հարաբերություններ է պահպանում ուժի համաշխարհային բոլոր կենտրոնների հետ, հասկանալով, որ գոյության նման ռեժիմով միայն երկիրը կկարողանա կայուն մնալ և ավելի հաջող զարգացման հույսեր տածել։ Զարմանալի չէ, որ երկրում կային առնվազն 1-2 միլիոն բավականաչափ ուսյալ և սոցիալապես պատասխանատու անձինք, որոնք գերադասեցին դիմել այդչափ համընդգրկուն ու անզիջում խռովության։ Այդ հեղափոխությունը միանգամայն զուրկ է իսլամիստական, հակաամերիկյան, հակաեվրոպական կարգախոսներից։ Եգիպտական մտավորականությունը և մասամբ միջին դասակարգը այլևս չեն ցանկանում ներկայիս կայունությունը հանդուրժել պատշաճ ազատությունների և ժողովրդավարության բացակայության գնով։ Երբեմն այն տպավորությունն է ստեղծվում, թե այդ ամենը շատ նման է Ջ. Բուշի վարչակազմի պլանների իրականացմանը, որը հայտարարել էր «Մեծ Մերձավոր Արևելքում» ժողովրդավարության անցնելու մասին, բայց, այնուամենայնիվ, տվյալ դեպքում պատճառաբանությունն այլ է, և այլ են դրդիչ ուժերը։
Տվյալ հեղափոխությունը, անշուշտ, չէր կարող տեղի ունենալ առանց խոշոր ձեռնարկատերերի, քաղաքական ու զինվորական վերնախավի աջակցության։ Այդ ամենն ավելի քան պարզորոշ նկատելի է։ ԱՄՆ-ին և եվրոպական պետություններին, որոնք այս պահին զբաղված են իրենց բարդ խնդիրների լուծմամբ, ոչ մի սցենարով պետք չէր այդ հեղափոխությունը, բայց թե՛ առաջինը, թե՛ մյուսները ստիպված էին պաշտպանել այն, այլապես հարցականի տակ կդրվեր համաշխարհային ժողովրդավարության ողջ համակարգը։ Այդ գործընթացները կարող են հանգեցնել նոր իրավիճակի, երբ լիբերալ շրջանները կբաժանվեն աջերի ու ձախերի, և այն երկրներում, որտեղ գոյություն ունի «ձախ նախագիծ», հասարակությունը «կձախանա»։ Սա իր հերթին նույնպես հեղափոխության վերջնական արդյունքը չէ, քանի որ ձախերը որոշակի պահի կարող էին աջակցել իսլամականներին։ Ներկայումս քաղաքական դիտորդները փորձում են որոշ հետևություններ անել, և միանգամայն հասկանալի է, որ ամերիկացի քաղաքագետները նկատելիորեն շփոթահար են և հազիվ թե ընդունակ բավականաչափ ճշգրիտ կանխատեսումներ անելու։ Դա մեկ անգամ ևս ասում է այն մասին, որ ԱՄՆ-ը չի ցանկացել և ոչ էլ մշակել է տվյալ սցենարը։
Իսրայելը և ԱՄՆ-ի, Ռուսաստանի ու Եվրոպայի նրա բարեկամներն ընտրեցին այն, ինչը կոչվում է «մնացորդային քաղաքականություն», ասինքն՝ ԱՄՆ-ից համառորեն պահանջում էին զորավիգ լինել Մուբարաքին՝ որպես Մերձավոր Արևելքում կայունության պահպանման երաշխավորի։ Բայց Իսրայելը պետք է հասկանար, որ Մուբարաքը հավերժ չէ, և փորձեր փոխըմբռնման հարաբերություններ հաստատել եգիպտական լիբերալ հեղափոխության նոր առաջնորդների հետ։
Եգիպտական հեղափոխությունը հազիվ թե հանգեցնի շուտափույթ, իրական ու շոշափելի բարենորոգումների, երկրի առջև ծառացած խնդիրների կարգավորման, ավելի շուտ Եգիպտոսին վիճակված է մի քանի տարի բավականին լուրջ քաղաքացիական դիմակայություն ապրել։ Գլխավորը, որի կարիքը Եգիպտոսը կունենա «հանգուցալուծումից» և նոր վարչակարգի հաստատվելուց հետո, կայունությունն է, հանուն դրա հեղափոխության շատ իրատեսներ ու իդեալիստներ ստիպված կլինեն դիմել զիջումների, այսպես կոչված, «նոր պատմական փոխզիջման»։ Իսկ ինչպե՞ս կանդրադառնան այդ իրադարձությունները Մերձավոր Արևելքի և ավելի ընդարձակ տարածաշրջանի աշխարհաքաղաքական կացության վրա։
Նախ և առաջ` Թուրքիայի և Իրանի դիրքորոշումների մասին։ Թուրքիան աճապարեց պաշտպանել եգիպտական հեղափոխությունը՝ շարունակելով իր ամբոխահաճո արտաքին քաղաքականությունը, փորձելով դառնալ արաբական աշխարհի առաջատարը` ինչ-ինչ բարենորոգումների և սոցիալ-քաղաքական նորամուծությունների ճանապարհին։ Թուրքիան, չնայած արաբ ժողովուրդներին և արաբական պետություններին իր կողմը գրավելու բոլոր փորձերին, այնուամենայնիվ, չկարողացավ համոզել արաբներին անկեղծության մեջ։ Արաբական ոչ մի պետություն չի երազում հայտնվել «օսմանյան նոր կայսրության» «հմայքի» ճիրաններում և մտնել անչափ պարտավորեցնող հարաբերությունների մեջ՝ կապված ինստիտուցիոնալ տնտեսական դաշինքներին մասնակցելու հետ, հատկապես՝ դրանք քաղաքական դաշինքների վերափոխելու թուրքական հավակնությունների պարագայում։ Միանգամայն պարզ է, որ Թուրքիան փորձում է արաբական լիբերալ հեղափոխությունից օգտվել իր ազդեցությունն ուժեղացնելու համար։ Մինչդեռ Եգիպտոսը «Թուրքիայի հռչակած նոր արտաքին քաղաքական ուղեգծի» մասին հայտարարելուց հետո անմիջապես էլ փորձեց կասեցնել թուրքական քաղաքական ու տնտեսական ազդեցության ուժեղացումը և Սաուդյան Արաբիայի հետ համատեղ Թուրքիային հակազդելու քաղաքականություն ծավալեց։ Դա միանգամայն համապատասխանում է արաբական աշխարհում իրենց երկրի տեղի ու դերի և Թուրքիայի մտադրությունների մասին եգիպտական վերնախավի պատկերացումներին։ Անկարայում շատ լավ էին հասկանում Մուբարաքի դիրքորոշումը և գոհունակությամբ ընկալեցին Կահիրեում բռնկած հեղափոխությունը։
Եգիպտական վերնախավն աչքի է ընկնում ոչ միայն ընտանեկան դինաստիական ավանդույթների բացակայությամբ, արտաքին քաղաքականության հաջորդայնությամբ, այլև ռազմավարության առկայությամբ։ Ենթադրել, թե եգիպտացիները կշտապեն վերանայել բազմամյա ռազմավարությունը, հազիվ թե արդարացված լինի։ Իշխանության են ձգտում ազատական, արևմտամետ մտավորականությունն ու հասարակության այլ խմբեր, որոնք հասկանում են, որ ԱՄՆ-ից և Եվրոպայից հեռավորության վրա մնալը նշանակում է տնտեսական ու սոցիալական աղետ, հայտնի պայմանագրերի ու համաձայնագրերի վրա հիմնված անվտանգության տարածաշրջանային համակարգի կազմալուծում։ Այս հանգամանքները համարժեք կընկալվեն ցանկացած քաղաքական խմբավորման կողմից, որը կհասնի իշխանության։ Տվյալ դեպքում եթե «մահմեդական եղբայրները» պայքար ծավալեն նոր կառավարող լիբերալ վարչակարգի դեմ, ապա ամերիկացիներն ու եվրոպացիները կօգնեն վերջինիս։ Ամերիկացիները եգիպտական հեղափոխությանն արձագանքեցին շատ արդյունավետ ու համարժեք, ավելի լավ հնարավոր չէր մտածել։ Վստահություն կա, որ եգիպտական հեղափոխության առաջնորդներն արդեն հասցրել են որոշ համաձայնություններ ձեռք բերել ամերիկացիների, հնարավոր է նաև՝ ֆրանսիացիների և բրիտանացիների հետ։ Հետագայում դա կանվանվի «ամերիկյան ազդեցություն» կամ «ամերիկյան ձեռք», ինչպես կուզեք։
Ինչպես ասում են որոշ արաբներ, իրենք «ավելի շատ սիրում են պարսիկներին, Իրանը, քան թուրքերին, բայց շատ էլ վախենում են»։ Իրանն ավելի խելամիտ քաղաքականություն է վարում, քանի որ իր համար ոչ մի լավ բան չի սպասում Եգիպտոսում և մյուս արաբական երկրներում կառավարող վարչակարգերի փոփոխվելուց։ Իրանը շատ լավ հասկացել է, որ արաբական հասարակության մեջ ոմանք իրադարձություններից առաջ անցան և կանխեցին իսլամական շարժումները` իշխանության հասնելու ճանապարհին։ Ըստ էության արաբական երկրներում լիբերալ հեղափոխությունները վիթխարի հարված հասցրին իսլամական կուսակցությունների և առաջնորդների հեղինակությանը՝ ստեղծելով միանգամայն նոր հասարակական-քաղաքական կացություն։ Այս իմաստով ԱՄՆ-ի, այսպես կոչված, նոր պահպանողականները իրավացի դուրս եկան, և արաբական պետությունները հայտնվեցին պատմական նոր հեռանկարի առջև։ Բայց դա չի նշանակում, թե դիրիժորներն ամերիկացիներն էին։ Իրանը, որ միշտ էլ շատ հարմարավետ չի զգացել իրեն սուննի աշխարհում, ներկա պայմաններում նույնպես կարող է զրկվել արաբական աշխարհում «հեղափոխական առաջնորդի» իր դերից։ Արդյոք կարո՞ղ է արաբական իսլամական հասարակության ազատականացման պայմաններում աճել շիա համայնքների դերը, նախ և առաջ Լիբանանում, Իրաքում, Բահրեյնում և Սաուդյան Արաբիայում, շիաների կուսակցությունների ու շարժումների սոցիալական կարգախոսները որքանո՞վ են գերադասելի։ Դա միանգամայն հնարավոր է, բայց Իրանն արդյոք պատրա՞ստ է տարածաշրջանում նման շրջադարձային իրադարձությունների։
Երբ տեղի ունեցավ Թունիսի հեղափոխությունը, նույնիսկ որոշ ֆրանսիացի մեկնաբաններ ակնարկում էին, որ դա ամերիկացիների կազմակերպած հակաֆրանսիական հեղափոխություն է։ Այնուհետև զարմանալիորեն պարզվեց, որ «մաղրիբյան հեղափոխությունն» Ալժիրում ու Թունիսում ֆրանսամետ ուղղություն ունի։ Բանն այն է, որ արաբական լիբերալ հեղափոխություններն զգալիորեն առնչվում են Եվրոպային և ունեն եթե ոչ ակնհայտ, ապա որոշ հակաանգլոսաքսոնական ենթատեքստ։ Եթե այս վարկածը, որը մենք (խոստովանում ենք) առաջարկում ենք առանց պատշաճ նախնական իմաստավորման, ինչ-որ չափով ճիշտ է, ապա արաբական աշխարհին սպասում է արմատական շրջադարձ դեպի Եվրոպա։ Հարցն այն է, թե Եվրոպան որքանո՞վ է ընդունակ այս իրադարձություններն ընկալելու որպես «ուժի կենտրոն», դեպի որը կողմնորոշվում են ազատական ուժերը։ Եվրոպացիները, նախ և առաջ ֆրանսիացիները, արդյոք շահագրգռվա՞ծ էին այդ հեղափոխական իրադարձություններով։ Մեր կարծիքով, Ֆրանսիան, օրինակ, ակնհայտորեն հեռու էր նմանօրինակ իրադարձություններ կազմակերպելուց, առավել ևս, որ Սիրիայում նա փորձում է ամրապնդել ներկայիս կառավարող վարչակարգը, և հետո Ֆրանսիան որոշ ազդեցություն ունի միայն Մաղրիբում և Միջերկրականի արևելյան ծովեզերքին, բայց ոչ ավելի։ Ամերիկացիներն ու բրիտանացիներն առանձնակի գոհունակությամբ չեն ընկալում «Միջերկրածովյան համագործակցություն» ստեղծելու ֆրանսամետ նախագիծը, որը չի ողջունում նաև Գերմանիան, և որի մեջ ընդգրկված են Մաղրիբի, Մերձավոր Արևելքի երկրներն ու Թուրքիան (Անկարան անտեսում է այդ նախագիծը, որը նրան առաջարկում են որպես Եվրամիությանն անդամակցելու այլընտրանք)։
Միջերկրականում տակավին ուժերի հավասարակշռություն չի ստեղծվել, և աշխարհաքաղաքական իրավիճակը շարունակում է մնալ «սպասողական»։ Այդ ընդարձակ տարածաշրջանը պահանջում է շտկումներ, ինչը շատերին ձեռնտու չէ։ ՈՒստի արտաքին ուժերը պետք է նախաձեռնություն հանդես բերեն տարածաշրջանի երկրների արտաքին կողմնորոշումները պարզելու համար։ Միանգամայն հնարավոր է, որ ամերիկացիներն ու եվրոպացիները կգերադասեն միավորել ջանքերը, որպեսզի իրավիճակը չբարդանա, իսկ այնուհետև յուրաքանչյուրն ավելի կկարևորի հենց իր շահը։
Բայց, այսպես թե այնպես, Եգիպտոսը կմնա ԱՄՆ-ի ազդեցության ներքո. աշխարհում ոչ մի այլ պետություն ի վիճակի չէ իր օգնությունն ու գործընկերությունն առաջարկելու արաբական աշխարհի այդչափ խոշոր, խնդրահարույց և հանգուցային երկրին։ Տվյալ իրադարձությունների հետևանքով արաբական աշխարհում կուժեղանա արևմտյան հանրակցության ազդեցությունը, քանի որ այստեղ հասունացել են Արևմուտքի ազդեցիկ գործընկեր համարվող միջին դասակարգն ու մտավորականությունը՝ աջ ազատական հայացքներով։
Թուրքիան և Իրանը հավասարապես մեկուսացված վիճակում կհայտնվեն արաբական աշխարհում, Ռուսաստանը կդառնա պարզապես հետաքրքիր տնտեսական գործընկեր, Չինաստանը կկանգնի մեծ արգելքների առջև։
Հեղափոխությունների այդ փուլի ավարտից հետո Արևմուտքի հիմնական գլխացավանքը կդառնա Սաուդյան Արաբիան, որն ինչ-որ չափով կզրկվի արաբական աշխարհի վրա ազդելու նախկին լծակներից։ Եմենն ու Սուդանը լուրջ խնդիրներ չեն հարուցի, այդ երկրներում բոլոր արմատական տարրերը կվերացվեն այժմ արդեն արաբական պետությունների մեծամասնության համաձայնությամբ ու աջակցությամբ։ Արաբական աշխարհն առավել ըմբռնումով կընկալի Իրաքի ժողովրդավարացումը և հնարավոր մասնատումը բաղկացուցիչ մասերի, նոր պետությունների ստեղծումը Միջագետքում։ Սիրիայի և Հորդանանի կառավարող վարչակարգերը կգերադասեն արագ բարենորոգումը, ժողովրդավարության և ազատությունների զարգացումը։ Պաղեստինում և Լիբանանում խնդիրները կմնան նույնը, այդ երկրներն առաջվա պես կլինեն արտաքին ուժերի պայքարի ասպարեզ։ Այսպիսով, կայունության առումով տարածաշրջանը շահում է և բնավ չի կորցնում։ Բայց այս ամենը կարող է այլ սցենարով զարգանալ, եթե Եգիպտոսում ինչ-որ մեկը ցանկանա հեռանալիս ուժգին շրխկացնել դուռը։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ