ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Իսրայելը հարվածել է Իրանին. ինչ է հայտնի, ինչ սպասել

Իսրայելը հարվածել է Իրանին. ինչ է հայտնի, ինչ սպասել
20.04.2024 | 16:02

Չարդարացան այն կանխատեսումները, թե Իսրայելը, ի պատասխան Իրանի հարվածների, չի հարվածի Իրանին կամ կբավարարվի ընդամենը կիբերհարձակմամբ կամ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) դեմ պատժամիջոցներով:

ԱԹՍ- ների, ըստ ամերիկյան ABC հեռուստաալիքի, նաև հրթիռների օգտագործմամբ հարվածը հասցվել է գիշերը: Թիրախը եղել են ռազմական օբյեկտները: Իրանական մասնավոր «Tasnim News» տեղեկատվական գործակալությունը, իր հերթին, հայտնել է, որ Իրանի տարածքում հրթիռային հարվածներ չեն գրանցվել:
Իրանի կենտրոնում գտնվող Սպահան նահանգի հյուսիս-արևելքում գտնվող ավիաբազայից ոչ հեռու երեք պայթյուն է որոտացել: Իրանական «Fars» գործակալության հաղորդման համաձայն, հակաօդային պաշտպանության ուժերն արձագանքել են ենթադրաբար ոչ մեծ անօդաչու թռչող սարքերի (դրոնների) ոչնչացման համար: Ըստ «Fars»- ի, հնարավոր թիրախը կարող էր լինել ռադիոտեղորոշիչ կայանը: Գործակալությունը նշել է, որ շրջանի մի քանի գրասենյակային շենքերում կոտրվել են պատուհանները։
«The New York Times»- ը, վկայակոչելով իրանցի երեք պաշտոնյաների, հայտնել է, որ հարվածի է ենթարկվել ու տուժել Սպահան քաղաքից ոչ հեռու գտնվող ավիաբազան: Այս պահին դժվար է հաստատել ինչպես այս տեղեկատվության, այնպես էլ իրանցի պաշտոնյաների հայտարարությունների հավաստիությունը, թե հարձակման հետևանքով ավիաբազան չի տուժել: X սոցցանցի օգտատերերից մեկի գրառման համաձայն, նշված ավիաբազայում են գտնվում «F-14 Tomcat» կործանիչները, որոնք ԱՄՆ- ը 1970-ականներին փոխանցել է շահի վարչակարգին:
Եթե վերոնշյալ տեղեկությունը ճիշտ է, այն պետք է համարել հիպերձայնային հրթիռով կամ հրթիռներով Իսրայելի հարավում գտնվող «Նևատիմ» ավիաբազային ապրիլի 13- ի, լույս 14- ի գիշերն Իրանի հասցրած հարվածի պատասխանը: Նշված ավիաբազայում են գտնվում Իսրայելի F- 35 նորագույն ու բազմանպատակային կործանիչ- ռմբակոծիչները՝ ամերիկյան արտադրության:
Ավելի վաղ «Fars» գործակալությունը, հղում անելով տեղի աղբյուրներին, հայտնել էր, որ պայթյունի ձայնը լսվել է Սպահան նահանգի Քեհջավարիստան քաղաքում, որը գտնվում է նահանգի վարչական կենտրոնի օդանավակայանից և Շահիդ Բաբայիի անվան 8-րդ մարտավարական ավիաբազայից ոչ հեռու: Իրանական հեռուստատեսությունը հաղորդել է Սպահանի երկնքում խոցված երեք անօդաչու թռչող սարքերի մասին: ԻՐՆԱ գործակալությունը հայտնել է, որ ՀՕՊ-ը գործի է դրվել մի քանի նահանգներում:
ՀՕՊ համակարգերը գործել են Իրանի մի քանի նահանգներում, այդ թվում՝ Թավրիզի վրա։ «Tasnim News»- ը, վկայակոչելով իր աղբյուրները, հայտնել է, որ Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող Թավրիզ նահանգում նավթային օբյեկտները չեն տուժել: Գործակալությունը հայտնել է նաև, որ հարձակման ենթարկված նահանգներում միջուկային օբյեկտներին հարված չի հասցվել: Ամերիկյան CNN հեռուստաալիքը, վկայակոչելով ամերիկացի պաշտոնյային, ավելի վաղ հայտնել էր, որ Իսրայելը մտադիր չէր հարձակվել միջուկային օբյեկտների վրա: ՄԱԳԱՏԷ-ն նույնպես վնաս չի արձանագրել իրանական միջուկային օբյեկտներում:
Իրանը դադարեցրել է թռիչքները մի քանի քաղաքների, մասնավորապես՝ Թեհրանի, Սպահանի և Շիրազի վրայով թռիչքները: Առնվազն 8 չվերթ Իրանի երկնքում շեղվել է ընթացքից։ Թեհրանի օդանավակայանում չեղյալ են հայտարարվել միջազգային չվերթները մինչև Մոսկվայի ժամանակով ժամը 10:00-ը: «Flydubai» ավիաընկերությունը չեղարկել էր դեպի Իրան չվերթները:
Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն ապրիլի 14- ին Իսրայելին ուղղված Իրանի հարվածներից հետո զգուշացրել էր, որ եթե Իսրայելը կրկին հարված հասցնի, զուսպ արձագանք չի լինի:
«Մեր կողմից հաջորդ պատասխանը կլինի անհապաղ և առավելագույն մակարդակով»,- սպառնացել էր Իրանի արտգործնախարարը:- Մեր պատասխանը կլինի վճռական, վերջնական և ցավալի նրանց համար»:
Աբդոլլահիանը պարզաբանել էր, որ իրանական հրթիռակոծությունը նպատակ ուներ Իսրայելին հասկացնել, որ Թեհրանը կարող է ի պատասխան հարվածել:
«Reuters» գործակալության տեղեկացմամբ, անցած գիշեր իր վրա Իսրայելի հարձակումից հետո «Իրանն անմիջապես չի արձագանքի»: Իրանը չի ծրագրում «անհապաղ պատասխան հարված» հասցնել իրանական օբյեկտների վրա հարձակումից հետո. այս մասին, ըստ գործակալության, իրեն հայտնել Է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան՝ իր անունը չհրապարակելու պայմանով: Նա ասել է նաև, որ հարձակմանն Իսրայելի անմիջական ներգրավվածությունը չի հաստատվել: «Միջադեպի օտարերկրյա աղբյուրը չի հաստատվել,- ասել է «Reuters»- ի աղբյուրը::- Մենք արտաքին հարձակման որևէ հաստատում չենք ստացել»:

Իրանի Արձագանքը
Իրանի կիբերտարածության ազգային կենտրոնի ներկայացուցիչ Հոսեյն Դալիրիանը հայտարարել է, որ Սպահանի վրա ՀՕՊ- ի միջոցներով խոցված ԱԹՍ- ներն արձակվել են Իսլամական Հանրապետության տարածքից:
Մեկնաբանելով ԶԼՄ-ներում հայտնված տեղեկությունը, թե Իսրայելը հարվածել է իրանական տարածքին, նա նշել է, որ ամերիկյան լրատվամիջոցները «երազում էին, որ Իսրայելը հարձակվել Է Իրանի վրա»: Նրա խոսքով՝ «մի քանի կվադրոկոպտերների օգնությամբ ձախողված հարձակումը, որոնք խոցվել են, աշխարհում ոչ մի տեղ չի կարող իրական հարձակում համարվել»:
Իրանի տիեզերական գործակալության ներկայացուցիչ Հոսեյն Դալիրիանը X ցոցցանցում ավելի վաղ գրել էր, որ իրանական ՀՕՊ-ը մի քանի անօդաչու թռչող սարք է խոցել, «հրթիռային հարձակման մասին դեռ տեղեկություն չկա»: Դալիրիանը չի նշել, թե ԱԹՍ- ները որտեղ են խոցվել:
Ըստ «Tasnim News»- ի, Սպահան նահանգի Արևելքում համեմատաբար բարձր ձայն լսելուց հետո, նահանգում բանակի երկրորդ բրիգադային գեներալն ասել է. «Այս ձայնը կապված էր Սպահանի ՀՕՊ-ի կողմից կասկածելի օբյեկտներին հարվածների հետ, և մենք որևէ վնաս կամ միջադեպ չունենք»:

Ըստ ԶԼՄ-ների գնահատականների և տեղեկությունների
«Fox News»- ը, վկայակոչելով իր աղբյուրը, հարձակումը անվանել է «սահմանափակ» հարված՝ ի պատասխան ապրիլի 13-ին Իրանի հարձակման: «Bloomberg»- ի տվյալներով՝ Իսրայելն ապրիլի 18-ին տեղեկացրել է ԱՄՆ-ին առաջիկա 24- 48 ժամվա ընթացքում հարվածելու մտադրության մասին:
NBC-ն հայտնել է, որ ԱՄՆ-ը տեղյակ է եղել հարձակման մասին, բայց չի մասնակցել դրան: Հեռուստաալիքը մեջբերել Է ամերիկացի պաշտոնյայի խոսքերն այն մասին, որ Վաշինգտոնում չեն աջակցել հրեական պետության գործողություններին: NBC-ն նշել է նաև, որ հարվածը հասցվել Է Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Համենեիի ծննդյան օրը:
Իսրայելական «Jerusalem Post»- ը հայտնել է, որ Իսրայելը պաշտոնապես պատասխանատվություն չի ստանձնի հարձակման համար ռազմավարական պատճառներով: Ըստ «Bild» թերթի, Իսրայելը համակարգել է Իրանի վրա հարձակումը Եգիպտոսի, Հորդանանի, ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի հետ: Գործընթացին առնվազն Եգիպտոսի մասնակցությանը դժվար է հավատալ:
«The New York Times»- ի աղբյուրներն ավելի վաղ չեն բացառել, որ ԱԹՍ- ները, որոնցով հարձակման է ենթարկվել Սպահան քաղաքից ոչ հեռու գտնվող ավիաբազան, արձակվել են Իրանի տարածքից:
Իսրայելը, ըստ ամերիկյան NBC հեռուստաալիքի, գնահատում է Իրանում օբյեկտին հարվածելու արդյունավետությունը և դրա հետևանքները:

Ռուսաստանցիներն Իրանում
Իրանում ՌԴ դեսպանատունը նշել է երկրում տիրող հանգիստ իրավիճակը ԱԹՍ- ների հարձակումից հետո: Ռուսական բոլոր կազմակերպություններն աշխատում են բնականոն ռեժիմով, ՌԴ քաղաքացիների տուժելու մասին տեղեկություններ չկան:

Պաշտոնական միջազգային արձագանքը
Պենտագոնը չի մեկնաբանել հարվածի մասին տվյալները: Իսրայելում ամերիկյան դեսպանատունը սահմանափակել է աշխատակիցների տեղաշարժը հարվածի մասին հաղորդագրություններից հետո՝ զգուշանալով Իրանի պատասխան հարվածից:
G7-ի երկրներն այսօր Իտալիայում կայանալիք ԱԳ նախարարների հանդիպմանը քննարկելու էին Իսրայելի «ենթադրյալ» հարվածի շուրջ ստեղծված իրավիճակը: Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը ԵՄ-ին կոչ է արել օգնել խուսափել Մերձավոր Արևելքում էսկալացիայից: Իտալիայի արտգործնախարար և փոխվարչապետ Անտոնիո Տայանիի կարծիքով, Իրանի հարվածին Իսրայելի պատասխան գործողությունները սպառված են: Մերձավոր Արևելքում հետագա էսկալացիան կանխելու կոչ են արել նաև Նիդեռլանդները, Ֆրանսիան, Ճապոնիան, Օմանը:
Ուշագրավ է, որ Իսրայելի հարձակումից հետո օդային տագնապի ազդանշաններ են միացվել նաև Իսրայելի հյուսիսում: Հավանաբար, Իրանի վրա Իսրայելի հարձակման առաջին պատասխանը Լիբանանից տվել է իրանամետ «Հըզբոլահ» խմբավորումը: Բացառված չէ, բայց, դատելով ամենից, քիչ հավանական է, որ Իրանն առաջիկայում պատասխանի Իսրայելի նոր հարձակմանը:

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 8468

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ