ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

«Էներգապաշարների հարաճուն բազմազանեցումը Պեկինին թույլ է տալիս իրեն դրության տեր զգալ «Գազպրոմի» հետ բանակցություններում

«Էներգապաշարների հարաճուն բազմազանեցումը Պեկինին թույլ է տալիս իրեն դրության տեր զգալ «Գազպրոմի» հետ բանակցություններում
03.03.2015 | 12:07

Չինաստանը՝ իր տնտեսական բարձր ցուցանիշներով, ոչ միայն էներգակիրների գլխավոր սպառողներից է, այլև ինչպես նավթի ու գազի գների, այնպես էլ էներգետիկ շուկաների զարգացման հեռանկարների գլխավոր կարգավորողներից մեկը։ Բայց եթե վերջերս նավթի գների անկումը շատերը կապում էին չինական արդյունաբերության ինչ-որ արգելակման հետ, ապա այս տարվա սկզբից ՉԺՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները, անկախ երկրի տնտեսության զարգացման տեմպերից, անխուսափելիորեն կնպաստեն համաշխարհային ածխաջրածնային հումքի գների անկմանը։ Այսպես, ինչպես հաղորդում է չինական գործարար շրջանակներից «Մեյժի ցզինցզի սինվեն» հանդեսը, Չինաստանը մինչև 2020 թ. թերթաքարային գազի արդյունահանումը կավելացնի 23 անգամ` հասցնելով 30 մլրդ խ. մետրի, և դրանով իսկ այդ գազի բաժինը ՉԺՀ-ում արդյունահանվող բնական գազի ծավալում կկազմի 15 %։ Այնուհետև, եթե առաջ, գնահատումների համաձայն, Չինաստանում թերթաքարային նավթի պաշարները կազմում էին 20 մլրդ տակառ, ապա հիմա, երկրաբանահետախուզական վերջին տեղեկությունների համաձայն, այդ թիվը կարող է հասնել 32 մլրդ-ի։ Եվ այսպիսով, այդ հանածոյի պաշարներով Չինաստանն աշխարհում կմտնի առաջին եռյակի մեջ ¥մոլորակն ընդամենն ունի 345 միլիարդ տակառ թերթաքարային նավթի պաշար¤։ Բացի այդ, չինական պետական «Sinopec» ընկերությունը ¥«Fortune» հանդեսի վարկածով, աշխարհի 500 խոշորագույն ընկերությունների ցուցակում երրորդ տեղն զբաղեցնող նավթաքիմիական կորպորացիա, որի բաժնետոմսերը զետեղված են Նյու Յորքի, Լոնդոնի, Հոնկոնգի ու Շանհայի միջազգային առևտրական հրապարակներում¤ կգլխավորի Չինաստանի ազգային էներգետիկ վարչության որոշմամբ ստեղծված՝ թերթաքարային նավթի ոլորտի հետազոտական նոր կենտրոնը։ Եվ, որ ամենահետաքրքրականն է, «China Matters» վերլուծական ֆիրմայի տվյալներով, այս տարվա հունվարից Չինաստանը նավթի ներմուծումը նվազեցրել է 7,9 %-ով, ինչը կարող է կապված լինել ոչ միայն սպառման նվազման և համաշխարհային գների անկման, այլև ռազմավարական պաշարների համալրման հետ։ Ավելին, կանխատեսվում է, որ, «ռազմավարական պաշարների համալրմանը զուգընթաց, ներմուծումը, հավանաբար, կնվազի և ավելի ճշգրիտ կարտացոլի իրական պահանջարկը»։ Իսկ այն փաստը, որ ՉԺՀ-ն ոչ միայն դարձել է «թերթաքարային ակումբի» անդամ, այլև հետևողականորեն զարգացնում է թերթաքարային էներգակիրների արդյունահանման տեխնոլոգիաները, դառնում է համաշխարհային «էներգետիկ հեղափոխության» ծայրաստիճան լուրջ գործոն։
ՈՒ եթե թերթաքարային նավթի արդյունահանումը Չինաստանում նոր բան է, ապա գազի հարցում արդեն կան թե՛ փորձ, թե՛ հաջողություններ։ Հիշեցնենք, 2015 թ. ՉԺՀ-ն պետք է ավարտի թերթաքարային գազի արդյունահանման առաջին ծրագիրը, որի շնորհիվ տարեկան արդյունահանման ծավալը կհասցվի 6,5 մլրդ խ. մետրի։ Ենթադրվում է, որ մինչև 2030 թ. արդյունահանման մակարդակով Չինաստանը կմոտենա ԱՄՆ-ին։ Այդ հավակնոտ պլանների իրականացմանը շատ ջանք ու միջոցներ են տրամադրվել, և արդյունքը երկար սպասել չտվեց։ «Bloomberg» գործակալության հաղորդման համաձայն, «Sinopec» և «Petro China» ընկերություններն արդեն գործարկել են 600 մլն խմ թերթաքարային «երկնագույն վառելիքի» կորզման համար նախատեսված արդյունահանման կարողություններ։ Պեկինի լուրջ մտադրությունների նոր վկայություն դարձավ նաև «Sinopec»-ի վերջին հայտնագործությունը։ Նրա երկրաբանները երկրի հարավ-արևմուտքում հայտնաբերել են թերթաքարային գազի ևս մեկ շատ խոշոր հանքավայր։ ՉԺՀ-ի հողային և բնական պաշարների նախարարությունը հպարտությամբ հայտարարել է, որ այդ հանքավայրն էլ անգործության չի մատնվի, և դրա յուրացումը հայտարարվել է «Չինաստանի հերթական տեխնոլոգիական հաղթարշավ»։ Ճիշտ է, հանքաշերտը գտնվում է ավելի քան 4400 մետր խորության վրա, և չինացիները դեռ երբեք այդքան խոր չեն հորատել։ Հարկ է նկատել, որ, ռուս փորձագետների գնահատմամբ, չինական թերթաքարային հումքի ինքնարժեքը շատ ավելի բարձր կլինի, քան ԱՄՆ-ինը։ Այստեղ հեռանկարային հանքաշերտերը գտնվում են ոչ թե հարթավայրերում, ինչպես Ամերիկայում է, այլ Սիչուանի թույլ յուրացված լեռնոտ տեղանքում։ Իրենք չինացիները չեն ժխտում նաև, որ անհնար է համեմատել ԱՄՆ-ի և ՉԺՀ-ի արդյունահանման տեխնոլոգիաները։ Այսպես, ամերիկյան հանքավայրերում արդյունահանումը կատարվում է հարթավայրային տեղանքում՝ երեք կիլոմետր խորությունից, իսկ չինական տեղամասերում՝ լեռնային տեղանքում՝ մինչև վեց կիլոմետր խորությունից։ ՉԺՀ-ում մեկ հորանցքի փորման ծախսերը կազմում են 11,25 մլն դոլար։ Այդուամենայնիվ, ինչպես ասում է ոլորտի առաջատար վերլուծաբան Չեն Վեյդունան, «անցած տարի Չինաստանի տարածքում փորվել է 200 հորանցք։ Այսպիսով, այդ վառելիքատեսակն արդեն կորզվում է 400 հորանցքից»։ Դրանց թվում կան նաև անչափ բարդ պայմաններում փորվածներ, և չնայած դրան, մոտ ապագայում հորանցքերի թիվը տարեկան մի քանի հարյուրով կավելանա։
Եվ էլի մեկ բան։ Աշխարհն արդեն բազմիցս համոզվել է, որ եթե Պեկինը որոշել է ինչ-որ բան զարգացնել, առավել ևս այն ներառել է հնգամյա պլանի մեջ, ապա անպայման իրականություն կդարձնի։ Մանավանդ որ ֆինանսական և կազմակերպական հնարավորությունները թույլ են տալիս հաջողությամբ լուծել գլոբալ խնդիրները։ Այսպես, չինական Գույչժոուի նահանգում փորվել էր թերթաքարային գազի արդյունահանման՝ երկրի ամենախոր հորիզոնական հորանցքը։ Հորանցքի ընդհանուր երկարությունը 5,45 կմ է, ընդ որում՝ ուղղաձիգը՝ 4,42 կմ, հորիզոնականը՝ 1,03 կմ։ Հորատման ընթացքում «Sinopec» ընկերությունը սահմանել է տասը նոր տեխնիկական ռեկորդ, այդ թվում՝ շերտերի ջրատրոհման արդյունավետության բարձրացման և հորանցքի ամրակման ասպարեզում։ Հորանցքի նախագծային կարողությունը օրական մինչև 105 հազար խորանարդ մետր գազ է։
Պետք է նաև ասել, որ ամերիկացիները հերթական անգամ պատրաստակամություն են հայտնել Չինաստանին էական աջակցություն ցուցաբերելու թերթաքարային գազի հանքավայրերի յուրացման գործում։ Նկատենք, այդ կարգի համագործակցության մասին վաղուց են խոսակցություններ ընթանում։ Մենք, օրինակ, քանիցս գրել ենք, որ դեռ ԱՄՆ-ի նախագահ Օբամայի ՉԺՀ կատարած առաջին այցի ժամանակ դռնփակ բանակցությունների գլխավոր թեմաներից մեկը եղել է հենց թերթաքարային գազը։ Սակայն հիմա Չինաստանի ներկայացուցիչներն ընդգծում են, որ ԱՄՆ-ն ընդլայնում է արդյունահանման տեխնոլոգիական օգնությունը, իսկ ամերիկյան բիզնեսն արդեն սկսել է կապիտալներ ներդնել Չինաստանում թերթաքարային գազի արդյունահանման գործում։
Իրենք՝ չին գործարարներն են ներդրումներ կատարում ամերիկյան էներգետիկ ոլորտում։ Նրանք ԱՄՆ-ում գազի արդյունահանման ասպարեզում արդեն ներդրել են մոտ 5,5 մլրդ դոլար։ Ընդ որում՝ չեն թաքցնում, որ գլխավոր նպատակը տեխնոլոգիաներ ստանալն ու մասնագետներ պատրաստելն է։ Թեև ապագայում չեն բացառվում նաև արտահանական մատակարարումները ՉԺՀ։ Աշխարհի խոշորագույն խորհրդատվական ընկերություններից մեկը՝ «AT Kearney»-ը, վերջերս կանխատեսել է, որ արդեն 5-10 տարի հետո Չինաստանը թերթաքարային գազով կապահովի սեփական արտադրողներին ու կփորձի նույնիսկ պայքարել օտարերկրյա շուկաների համար։ Այնպես որ, էներգապաշարների հարաճուն բազմազանեցումը Պեկինին արդեն թույլ է տալիս իրեն դրության տեր զգալ ավանդական գազ մատակարարողների, այդ թվում՝ «Գազպրոմի» հետ բանակցություններում։


Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ

Շանհայում մեր հատուկ թղթակից

Դիտվել է՝ 17854

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ